Արցախի անկախության միակ այլընտրանքը՝ վերամիավորումն է Հայաստանի հետ… Բաքուն երազախաբության հերոս-մ

Բաքուն՝ երազախաբության հերոս-մայրաքաղաք

«Ղարաբաղի ազատագրում» ճռճռան անունով ադրբեջանական կազմակերպությունը հերթական անգամ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի դեմ 2-րդ պատերազմի սկսման կոչով: Հայտարարությունը հերոսաբար տարածվել է ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներով: Մասնավորապես ասվում է, որ միջազգային հանդիպումներում «Ադրբեջանը ոչ մի զիջման չպետք է գնա եւ Հայաստանի դեմ գործողությունների պահանջ պետք է ներկայացնի: Մադրիդյան սկզբունքներ կոչվող անարդար լուծումը համանախագահների կողմից համառորեն պնդելը Ադրբեջանի արտաքին քաղաքականություն վարողների մեղքով է»: Այնուհետ կազմակերպությունը պնդում է, որ եթե միջնորդ պետությունները Հայաստանի դեմ պատժամիջովներ չկիրառեն, ապա անհրաժեշտ է ռազմական գործողություններ սկսել հայերի դեմ: Այս կազմակերպության անդամների մեծամասնությունը հաստատ պատերազմին չի մասնակցել կամ էլ «ասֆալտի ֆիդայի» է աշխատել Ադրբեջանում… Քանի որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է եղել իրականում Արցախյան 1-ին պատերազմում եւ 2-րդն են ուզում սկսել:

Սրանց անգամ կարիք չկա հիշեցնելու մեր ազատամարտիկների փառահեղ հաղթանակները, պարզապես Նժդեհի խոսքերով կպատասխանենք, որը նա ասել է բոլշեւիկներին, երբ արդեն իսկ 2 ճակատով պատերազմում էր թուրքերի ու ադրբեջանցիների դեմ. «Շա՜տ եկեք ու շու՛տ եկեք»… (արագ ավարտենք բոլորիդ հետ – ժամանակ չկա)…
Նարե Մշեցյան
 

Արցախի փաստացի անկախությունը այլընտրանք չի՛ կարող ունենալ

Իլհամ Ալիեւը «The Business Year» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ այն անվանելով Ադրբեջանի ամենամեծ խնդիրը: Ալիեւը հերթական անիմաստ մեկնաբանություններով հայկական կողմին մեղադրել է ապակառուցողական դիրքորոշման մեջ. «Ամեն անգամ, երբ թվում է, թե մենք մոտեցել ենք հակամարտության լուծմանը, Հայաստանում մի բան տեղի է ունենում՝ նախագահի հրաժարականը, վարչապետի…» եւ էլի նման բաներ: Այսպես Ալիեւը կարող է դառնալ «Գինեսի ռեկորդներ»-ի թեկնածու՝ «Ամենաշատ անիմաստ խոսացող պետության ղեկավար» ձեւակերպմամբ անվանակարգում: Այս հաջողությունը գուցե մխիթարի ադրբեջանցիներին, որ 2-3 անգամ խայտառակ ձախողեցին աշխարհում ամենաբարձր կախված պետական դրոշն ունենալու փորձերում: Հիմա դա դժվար նորից փորձարկեն, քանզի Տաջիկստանն արդեն «Գինեսի ռեկորդներ»-ի այդ անվանակարգի դրոշակակիրն է…

Հակառակ այս ամենին, Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներս հայկական շահերի եւ պատմության միջազգայնացման լուրջ հաջողություններ է արձանագրում: Ավելին՝ նա բարձրաձայնել է, որ մեծ հաշվով արցախյան խնդիրը լուծված է: Հայաստանի նախագահի ներկայացմամբ, տասնյակ տարիների ընթացքում Ադրբեջանի ժողովրդին ներշնչել են, որ «Ղարաբաղը ադրբեջանական հող է, եւ հիմա Ադրբեջանի ղեկավարները շատ մեծ բարդության առաջ են կանգնած, որովհետեւ երբեք չեն փորձել ու հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ անկեղծ լինել, բաց խոսել եւ ասել, որ գիտե՞ք, ժողովուրդ, այս հողը հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրել եւ լավ կլինի, որ այս մարդկանց ազատություն տանք, որպեսզի իրենք էլ երջանիկ լինեն, մենք էլ»: Ինչքան էլ դժվար լինի, ըստ նախագահի, եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը, եւ՛ Ադրբեջանը պարտավոր են գտնել խնդրի խաղաղ լուծման բանալին, եւ ներկա սերունդը պետք է հիշի 90-ական թվականների սկզբները, երբ «Ադրբեջանի նախագահները՝ Մութալիբովն ու Էլչիբեյը այս նույն երգն էին երգում ու նույն պատմությունն էին պատմում, թե ինչքան հզոր է Ադրբեջանը, թե ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները, ինչքան քիչ են հայերը… Նույն պատմությունն է. Արբեջանի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ինչքան փող ունի ու տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մնացել են 1,5 միլիոն: Ես եւ իմ հասակակիցներն արդեն 20 տարի է, այս պատմությունը լսում ենք: Բոլորս էլ համոզվեցինք, թե ինչի կարող են բերել այս մեծախոսությունները՝ Ադրբեջանի համար ողբերգական արդյունքների»:

ՀՀ իշխանությունները համոզված են, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են, եւ Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալու մեր նկատմամբ ու վախեցնելն անօգուտ է: «Նրանք, ովքեր փորձում են իմ ու իմ գործընկերների ելույթներում վախի ու ավանտյուրայի նշույլ գտնել, նրանք ուղղակի սխալ մարդիկ են, ճիշտ մարդիկ չեն: Պատմությունն ապացուցել է, թե մեզնից ով է վախենում, ով է ավանտյուրիստ, ով կարող է գրոհել, ով կարող է պատրաստ լինել հայրենիքի համար զոհվելու: Մնացածը քաղաքականություն է»,- հայտնել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է ու տնօրինում է իր ճակատագիրը, հետեւաբար խնդիրը ինքնըստինքյան լուծված է:

Ադրբեջանում չէին կարող չքննադատել Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ-ն աղմկել է, թե
«նախագահ Սարգսյանը ուզում է ձախողել բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները»: Նրանց վրդովեցրել էր ՀՀ ղեկավարի այն միտքը, թե՝ «Մեր նպատակը մեկն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի կազմում»:

Անբավարարվածություն զգաց Ադրբեջանի նախագահը նաեւ վերջին եռակողմ հանդիպումից հետո, ուստի Սոչիում կայացավ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ Ալիեւը կրկին աղաղակեց, թե «Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված այդ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի բոլոր տեղահանվածները վերադառնան մշտական բնակության վայրեր, որպեսզի իշխի խաղաղությունը եւ անդորրը»: Ահա թե ինչ է մնացել պատերազմական կոչերով քնող եւ արթնացող Ալիեւից… Զլմ-ները հիշեցին, որ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե 2008թ. Վրաստանի պատերազմից հետո Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը մեկնել են Սոչի դաս քաղած, եւ հետաքրքրություն կար՝ թե այս անգամ ո՞րն է հերթական «դասի» պատճառը…

ԵԱՀԿ ՄԽ  միջնորդական ջանքերին ԵՄ ենթահանձնաժողովային ջանքերի թուրք-ադրբեջանական հակակշռումը հաջողություն չունեցավ՝ Հայաստանը հրաժարվեց մասնակցել դրա աշխատանքներին, եւ Ադրբեջանում փորձեցին միջազգային նոր խառնակչություններ մոգոնել: «Ենի Մուսավաթ»-ը հայտարարեց՝ իբր «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է Իրաքի ռազմական ինքնաթիռները: Ռազմաճակատում օգտագործվել են Սադամ Հուսեյնի՝ վերանորոգման համար Բաքու ուղարկած ռազմական ինքնաթիռները, ինչը Բաղդադն այժմ հետ է պահանջում: Դեռեւս ԽՍՀՄ օրոք արդիականացման եւ վերանորոգման համար Բաքու բերված ռազմական ինքնաթիռների հարցում Ադրբեջանի ու Իրաքի միջեւ անհամաձայնություն է առաջացել: Իրաքը Ադրբեջանից պահանջում է  վերադարձնել 22 տարի առաջ՝ 1989թ. ԽՍՀՄ զինված ուժերի՝ Նասոսնի (այժմ Զեյնալաբդին Թաղիեւ) ավանում գտնվող Ավիացիոն վերանորոգման գործարան ուղարկված ռազմական ինքնաթիռները»: Նշվում է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում արտադրված եւ Մերձավոր Արեւելքի երկրներին վաճառված ՄԻԳ-23, Սու Ու, ՏՈւ-16, ՄԻԳ-21 մարտական ինքնաթիռների վերանորոգումն ու արդիականացումն արվում էր միայն Նասոսնիում: Այդ ինքնաթիռների մեծ մասը Իրաքի այն ժամանակվա նախագահի համաձայնությամբ ադրբեջանական կողմը վերանորոգել եւ օգտագործել է Ղարաբաղի դեմ մարտերում: Դրանցից մի քանիսը հայերի կողմից ոչնչացվել է: Իրաքյան կողմը հերքեց այս մեղադրանքները՝ այն համարելով իրականությանը չհամապատասխանող:

ԼՂՀ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներին անդրադարձել են նաեւ վրացիները: Վրաստանում հանկարծակի մեծ հետաքրքություն են առաջացրել Արցախի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում կողմերին ներկայացվող Մադրիդյան հին եւ նորացված սկզբունքները: Բայց իրականում այս հետաքրքրությունն ամենեւին կապ չունի ԼՂ խնդրի հետ եւ առնչվում է վերջին շրջանում քննարկվող՝ Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեի եւ Աբխազիայի անկախության ճանաչման խնդիրներին: Փորձագետների խումբը պետք է մշակի սկզբունքներ՝ հատկապես Հարավային Օսիայի խնդրի կարգավորման համար, այն պարագայում, եթե իրապես օսերի ղեկավարությունը որոշի անցկացնել հանրաքվե Ռուսաստանի կամ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միավորվելու համար: Թբիլիսին այնքան է խառնվել, որ վերջերս անգամ Վրաստանի ԱԳՆ-ն Հայաստանի փոխարեն հայտարարել է, որ Երեւանը չի ճանաչի Աբխազիայի նախագահի ընտրությունները: Գուցե այս շփոթը առաջացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ աբխազական ընտրությունները ողջունելու ուղերձից հետո…

Արցախում միանշանակ վստահ են, որ ԼՂՀ փաստացի անկախությունը չի կարող այլընտրանք ունենալ, թերեւս միայն Հայաստանին վերամիավորվելու դեպքում այդ փաստը կդադարի գործել: Արցախի նախագահը վերջերս ընդունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը՝ վարչապետի գլխավորությամբ, եւ քննարկվել են 2 հայկական հանրապետությունների այլեւս շաղկապված տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նման այցերը անհանգստացնում են Ադրբեջանին, եւ կրկին արծարծվում է պատերազմի թեման: Այս առումով՝ «The Moscow Times»-ը հրապարակել է «Պատերազմական ամպեր են կուտակվում Կովկասի գլխին» խորագրով Փիթր Ռութլանդի հոդվածը՝ անդրադառնալով արցախյան բորբոքվող խնդրին: Եթե հանկարծ պատերազմ սկսվի, նշված է հոդվածում, ապա «Ռուսաստանն աջակցելու է Հայաստանին: Միայն ռուսական միջամտության սպառնալիքն է ծառայում այն հանգամանքին, որ Թուրքիան չի աջակցում Ադրբեջանին այս հարցում»: Փորձագետներն էլ են նշում, որ սա զսպիչ հանգամանք է ոչ միայն Բաքվի, այլեւ՝ Անկարայի համար, իսկ պատերազմը կանխելու հիմնական գործոնը հենց այն է, որ գերտերություններից եւ ոչ մեկը չի ցանկանում, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 2011թ. լուրջ տարաձայնություն է առաջացել: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի վարչա
պետին՝ չխանգարել Կիպրոսի միավորման բանակցություններին եւ ընդգծել, որ Մոսկվան հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները բոլոր պետությունների կողմից անվերապահորեն կատարելու պահանջի դիրքերից: Կիպրական խնդիրը կարող է զուգահեռներ ունենալ արցախյան խնդրի հետ, եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն թուրք-իսրայելականի նման: ՌԴ-ն ամեն գնով փորձում է վերահաստատել իր աշխարհաքաղաքական դերը, եւ Հարավային Կովկասում Արեւմուտքի հետ մրցակցության լուրջ խթան կա:

Կարծում ենք՝ զիջումների կամ զիջումների տանող մի նոր փուլ է սկսվելու, եւ մեր տարածաշրջանը այդ զարգացումների առանցք կդառնա: Անգամ Իսրայելը համաձայնել է Պաղեստինի հետ քննարկել 1967թ. սահմանին վերադառնալու հարցը: Այսպես Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի խնդիրները նորից միջազգային ասպարեզի առաջատարներն են, եւ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել ոչ միայն համահայկական խնդիրներում կամ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումներում, այլեւ՝ հայ-թուրք-ադրբեջանական, իսրայելա-արաբական, ամերիկա-իրանական, իսլամական ու սիոնիստական հարցերում:

Ինչ մնում է  ադրբեջանական խաղերին, ապա իշխանություններն ամեն կերպ ձգտում են ձերբազատվել Մադրիդյան սկզբունքներից՝ հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի արծարծումից: Բաքուն փորձում է հենվել միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ինչին էլ ի պատասխան հայկական կողմը եւս ապացույց ունի. Երեւանն ու Ստեփանակերտը իրավացիորեն պնդում են, որ 1990թ. ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ դեռ 1988թ., Արցախը խորհրդային օրենքների համաձայն դուրս է եկել Ադրբեջանի ԽՍՀ կազմից, եւ Ադրբեջանը մի քանի տարի անց անկախացել է՝ այլեւս իր կազմում Լեռնային Ղարաբաղ չունենալով:

Ամեն դեպքում պատերազմի պատրաստվածությունը անհրաժեշտ եւ կարեւոր խնդիր է եւ պիտի դրան միշտ պատրաստ լինել: Այսպես, ԼՂՀ նախագահին Արցախի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով, Սլովակիայի 1-ին վարչապետ Յան Չառնոգուրսկին ու Սլովակիայի Ազգային Խորհրդի 1-ին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն նշել են, որ «Արցախի Հանրապետությունը ծնվել է իր գոյությունը պահպանող ծանրագույն պատերազմի պայմաններում: ԼՂՀ բնակչությունը ցուցաբերել է իր զարմանահրաշ հպարտությունը եւ հայրենասիրությունը: Պաշտպանել են իրենց ընտանիքները՝ կանանց, երեխաներին, պաշտպանել են իրենց հողը եւ նվաճել են հաղթանակ այդ կռվում», ինչը շարունակվում է եւ այսօր: Անգամ օտարներն են ասում, որ արցախցիները գիտակցում են, որ զենքը վայր դնելը դեռ վաղ է. «Չեն կարող հրաժարվել իրենց հայրենասիրական պարտքի կատարման անհրաժեշտությունից, միաժամանակ կառուցում են իրենց երկիրն, իրենց քաղաքներն ու գյուղերը…»:

Եվրոպացի սլովակները գիտակցում են, որ Արցախի բնակչությունն անկասկած ունի բարոյական իրավունք՝ ունենալու ամբողջ աշխարհի զորակցությունը:  

Արամ Ավետյան

Ալիեւը նեղացել էր, Ռասիզադեն՝ նյարդայնացել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Հոբելյանական գագաթաժողովը նվիրված էր ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին: Մասնակցեցին ԱՊՀ անդամ 11 երկրներից 8-ի նախագահները (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Մոլդովա եւ Տաջիկստան): Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դուշանբե չայցելեց, իսկ «դեմարշի» պատճառը դժգոհությունն է ԼՂ կարգավորման գործընթացում եղած իրավիճակից: Մասնակցեց Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Բացակա մյուս ղեկավարը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն էր, ով վերջին տարիներին հազվադեպ է արտերկրյա այցելությունների մեկնում, նաեւ չի մասնակցում ԱՊՀ եւ ՀԱՊԿ գագաթաժողովներին:

Դուշանբեում անուղղակի բանավեճ է տեղի ունեցել Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի միջեւ: ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձավ Ռասիզադեն՝ ասելով, որ 20 տարի անց ԱՊՀ տարածքում մնում են չլուծված հակամարտություններ: Իսկ ՀՀ նախագահը նշեց, որ 20 տարի առաջ ԼՂ-ն արդեն հռչակել է իր անկախությունը՝ միջազգային նորմերին համապատասխան իրագործելով ինքնորոշման իր իրավունքը, եւ նկատել է, որ «ԼՂՀ-ն իր անկախ գոյության իրավունքը վաստակել է արյան գնով…»:

Ի պատասխան ադրբեջանցին նշել է, որ ստիպված է խոսել՝ լսելով ՀՀ նախագահի ելույթը. «Միգուցե հենց այս հոբելյանական գագաթաժողովում քվեարկե՞նք ԼՂ անկախության համար, այդ դեպքում ի՞նչի համար է Մինսկի խումբը, այլ նախաձեռնությունները»: Այսպես Ադրբեջանի վարչապետը երկու անգամ է ելույթ ունեցել՝ չկարողանալով կուլ տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բացահայտ հակահարվածը…
Կարեն Բալյան
 

«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.