Շատ զբոսաշրջիկներ գնում-գալիս են ու հորթի հրճվանք ապրում. «Սիրուն էր, լավ էր, տեսանք, թե որտեղ են ապրել մեր պապերը», եւ՝ ուրիշ ոչինչ:
Ու քանի որ հիմա Թուրքիան ողորմում է, որ գնանք ու մեր իսկ տանը մոմ վառենք, արդեն բավարարված ենք զգում…
Որովհետեւ չենք ուզում, որ պապերից հետո թոռներն էլ ապրեն:
Որովհետեւ բավարարվում ենք պապերի ապրածով ու ներկայիս վառած մոմերով:
Որ վառում ենք, մեզ հարց չե՞նք տալիս, թե Հայի Աստծուն պե՞տք է էդ մոմը, երբ հայի տանն ուրիշն է ապրում:
Չե՜նք հարցնում:
Որովհետեւ դա մեզ պետք չէ՝ ո՛չ հարցը, ո՛չ՝ պատասխանը:
Որովհետեւ էդ մոմը որ վառում ենք, մեր սրտերում ոչինչ չի վառվում:
Չէ, վառվու՜մ է՝ տարատեսակ մոմաչափ ցանկություններ միայն, որ սահմանափակվում է… լափելով ու թրքելով: Մեկ էլ՝ մի քանի լուսանկար է ավելանում ֆոտոալբոմում… պապերի էրգրից:
Որովհետեւ էդ մոմը որ վառում ենք, տեղ չի հասնում. եթե հայի տանը հայ չի ապրում, Հայի Աստվածն էլ անտեր է:
Էդ մոմն ենք վառում, որովհետեւ մոմավառ ենք: Մեջներս կրա՛կ չկա:
Վրե՛ժ չկա:
Պայքա՛ր չկա:
Նպատա՛կ չկա:
Արդարությունը վերականգնելու ջի՛ղ չկա:
Սեփական տանը տանտեր զգալու կա՛մք չկա:
Մոտներս գոնե դանա՛կ չկա՞…
Դանակ բռնելու համար մկաններում ու՛ժ է պետք:
Մոմ վառողի մկաններին ու՜ժն ինչի՞ է պետք…
Անուժ հային Հայրենի՜քն ինչի՞ է պետք:
…Պե՛տք է: Մկաններում՝ ու՛ժ, ձեռքերում՝ դանակ դնելու համար:
Մեջները վրե՛ժ դնելու համար:
Ներսները հոգի՛ դնելու համար:
Մատներին կա՛յծ տալու համար:
Որ մոմի փոխարեն կրա՜կ վառեն: Որ էդ կրակից վերքը բորբոքվի՝ լափի քեզ, սպի չդառնա: Հայրենիքը կորցնելու վերքը:
Հենց սպի դարձավ, երբեմնի վերքի տեղն էլ կմոռանանք: Հայրենիքի տեղը կմոռանանք:
(… Զբոսաշրջիկների համար ամեն տեղ էլ սիրուն է…)
Վերքը պիտի բորբոքվի, որ բուժենք: Ճիշտ բուժման համար պատճա՛ռը պիտի վերացնենք:
Որ վերադա՛րձ լինի:
Վերքը պիտի մրմռա, որ Վերադարձը լինի Հայի:
Վերքը պիտի ցավեցնի, որ հայի տունը լցվի: Էն ժամանակ մոմ վառել էլ պետք չի լինի.-Հայի Աստվածը Հայի տանը կլինի:
Ա՛յ էն ժամանակ վերքը սպի կդառնա: Ու թո՛ղ դառնա:
Իսկ առայժմ… ա՛ղ ցանենք մեր վերքերին…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Հ.Գ. – Զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավարը իմ վաղեմի ընկերներից է: Այս ամռանը հրավիրեց (իր միջոցներով) այժմյան Թուրքիա գնալ:
Կոպտորեն մերժեցի: Զարմացավ: Մեր ընկերությունն էլ խափանվեց:
Ո՜նց բացատրեի, որ անաղ մարդկանց է՛լ չեմ հանդուրժելու: Թերթի այս համարից կուղարկեմ նրան՝ իբրեւ բացատրություն: Հուսով եմ՝ կհասկանա ինձ:
* * *
Թող վերքը սպի չդառնա
1989թ. հունվարի 28-ին 46 նախիջեւանցիներ վերադարձան հայրենի Ցղնա
(Տպագրվում է ի լրումն խմբագրականի, որ արխիվից է՝ հրապարակված դեռ 2000թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Տեքստը ներկայացնում ենք առանց որեւիցե կրճատման)
Լեռը կոչվում է «Գալիս եմ, գալիս եմ»: Ըստ ավանդույթի՝ լեռան ստորոտում գյուղ է եղել՝ վատ բարքի տեր բնակիչներով: Լեռը նրանց կարգի հրավիրելու համար ձայնել է՝ գալի՜ս եմ: Գյուղացիներն, իբր ուշադրություն չեն դարձրել, եւ քարաժայռը փլվել-ավերել է գյուղը:
Բոլու լեռը հաճախ Օձասարի հետ են շփոթել: Շրջակա գյուղերը Բոլուին «Հարս ու փեսի» սար են ասել:
Օձասարի կողքի լեռանն էլ Սրբերի քարանձավ անունն են տվել. լեռնալանջի բնական քարանձավներից մեկում կաթոցներով աղբյուր կա:
…Ընկուզաձոր, Կորեկաձոր… Աղասարի դաշտ, Ճահճուկի դաշտ……Կապույտ լճակ, Սալվարդի լճակ, Մեսրոպավան գետ, Կամրջաթաղ գետակ… Գժի աղբյուր, Խաչի աղբյուր…
Տեղ լիներ, բոլորը կթվեի, հերթով՝ լեռներով, ծաղիկներով, կենդանիներով: Որ ցավը շա՛տ լինի: Որ վերքը լա՜վ մրմռա: Որ վերքը սպի չդառնա, սպի դարձավ՝ կհարմարվենք, վերքի պատճառատիրոջը կմոռանանք, ու մեր ճակատագիրն էլի լամուկը կտնօրինի: Ճակատագիր տվողն էլ կասի «Խե՛ղճ ես, մեջդ վրեժ չկա»:
Ու անվրեժ, հող տալու «սովորույթից» չազատված՝ Նախիջեւանն էլ… Ընկուզաձորն էլ… Կորեկաձորն էլ…
Թիկունքում «ժողճակատն» էր
1988թ. նոյեմբերի 23-ին հայրենի գյուղից վտարվեցին ցղնեցիները: 1989թ. հունվարի 28-ին 46 ցղնեցիներ գյուղ վերադարձան: Բաքվի «Կոմունիստ» թերթում տպագրված «Մեր ճակատագիրն ու հողը ընդհանուր են» հրապարակման մեջ Ազերինֆորմի թղթակիցը նշում է. «Արդեն 35 ընտանիք վերադարձել են տուն… Կուսակցության Օրդուբադի շրջանի 1-ին քարտուղար Շ. Ալեսկերովն ասում է. «Մեր շրջանի աշխատավորները խորապես համոզված են, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բոլոր վիրավորանքները կմոռացվեն… Եթե ոմանք կասկածում են՝ վերադառնալ թե ոչ՝ կպատախանեմ՝ իհարկե, վերադարձեք: Ձեզ այստեղ հիշում են եւ սպասում»»:
Թե իրականում ինչպես էին սպասում, թողենք վերջին:
Մինչ այդ.
-1988թ-ի նոյեմբերի 23-24-ին Օրդուբադի շրջանի կուսկոմիտեի առաջին քարտուղարը եւ գլխավոր դատախազը ոստիկանների ուղեկցությամբ սկսեցին շրջել հայկական գյուղերում՝ հայերին համոզելով հեռանալ՝ պատճառաբանելով՝ իբր իրենց երիտասարդները «շատ գազազած են», վերեւից էլ «ժողճակատն» է իշխում,- պատմում է Ցղնա վերադարձի կազմակերպիչներից Համլետ Գրիգորյանը (բնակվում է Երեւանում – Ա.Մ.): Մեզ հավատացրին՝ «Հենց դրությունը կարգավորվի, ձեզ հետ կբերենք»… Բոլոր գյուղերը, այդ թվում՝ Ցղնան, լցվեցին մեքենաներն ու… Շատերը մնացին Մեղրիում, շատերն էլ Երեւան եկան:
Ցղնեցիները, սակայն վերադառնալ ուզեցին: 71 ստորագրությամբ դիմումներ հղեցին ԽՍՀՄ Գերագույն խորհդի նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին, ԽՍՀՄ գլխավոր դատախազին եւ ղեկավար այլ անձանց. «Նոյեմբերի 22-ին Օրդուբադի շրջանի ղեկավարությունը իրավապահ մարմինների հետ մեզ գյուղից դուրս հանեց… Հուսով ենք՝ կվերականգնվեն մեր սահմանադրական իրավունքները… (ստորագրված է՝ 18 դեկտեմբեր, 1988թ., Երեւան):
-Դիմումները հասան Նախիջեւանի քաղկոմի 2-րդ քարտուղար Բոլոտինին,- շարունակում է Համլետ Գրիգորյանը: – Նա այդ ժամանակ ազգությունների խնդիրներով էր զբաղվում: Հեռախոսեցի Բոլոտինին: Սիրալիր էր, ասաց որ, իրենք ոչ միայն պատրաստ են ընդունել մեզ, այլեւ խնդրում են վերադառնալ… Դեկտեմբերի 24-ին ես, Վոլոդյա Գասպարյանը, Ցոլակ Գաբրիելյանը, Մարտին Օհանյանը, Ռոստոմ Շիկանյանը, Նավասարդ Հովհաննիսյանը հանդիպեցինք Օրդուբադի շրջկոմի քարտուղարին: Նրա աշխատասենյակում մեզ էին սպասում շրջանի դատախազը, շրջխորհրդի նախագահը, ոստիկանապետը: Բոլոտինը կարգադրել էր, որ մեզ տանեն ու տեղավորեն մեր տներում… Օրդուբադի շրջկոմի 1-ին քարտուղար Մամեդովն առաջարկեց Նոր տարին հանգիստ անցկացնելուց հետո գնալ Ցղնա: Խոստացավ ապահովել մեր ճանապարհային անվտանգությունը: Եվ այսպես, 1989թ. հունվարի 28-ին 46 հոգով մեկնեցինք մեր պայմանավորված խաչմերուկը՝ շրջանի ղեկավարությանը հանդիպելու: 15 րոպե ուշացել էինք: Մամեդովը չկար: Ավելին՝ նա շրջանի դատախազին պատվիրել էր թույլ տալ հայրենի գյուղ վերադառնալ այնտեղ մշտական գրանցում ունեցողներին միայն: Ես փորձեցի բացատրել, որ նախորդ բանակցություններում նման պայմանավորվածություն չի եղել: Ապարդյուն: Գնացինք Բոլոտինի մոտ: Ներկայացրի կատարվածը: «Ի՞նչ, ի՛մ կարգադրությունը չե՞ն կատարել»,- զարմացավ…(՞): Կանչեց դատախազին, ՆԳ նախարարին եւ էլի հինգ-վեց հոգու: Մի խոսքով, Նախիջեւանի ԻԽՍՀ ՆԳ նախարարին ուղեկցող չորս-հինգ ղեկավարների հետ ուղեւորվեցինք Ցղնա: Մեզ մեկ ժամ ժամանակ տվեցին՝ գույքագրում անելու եւ մեր տներում ջարդած-փշրածի մասին իրենց զեկուցելու համար: Գնացել էինք մեր հողու՜մ ապրելու, ի՞նչ գույքագրման մասին էր խոսքը… Իսկ մեր տանն արդեն ադրբեջանցի Թումարի յոթ հոգանոց ընտանիքն էր: Թումարը, որն ինձ անուն ազգանունով արդեն գիտեր, ասաց. «Եթե տունը ծախելու եք, կառնեմ»… Տունը լա՜վ թալանել էին, բայց ղեկավարներին ասացի, որ ընդամենը մի քանի ապակի են կոտրել եւ գյուղատնտեսական գործիքներ տարել: ՆԳ նախարարը գյուղի 13 ադրբեջանցի ընտանիքներին պատվիրեց 3 օրում ազատել մեր տները: Տեղավորեցինք մեր ծնողներին ու եկանք Երեւան՝ ամեն շաբաթ Ցղնա գնալու պայմանով: Մինչեւ հունիս այդպես էլ անում էինք: Բայց օդում ինչ-որ չարագուշակ բան կար. 25-30 ցղնեցիներ կամաց-կամաց հեռացան գյուղից: Հունիսի 13-ին Ցղնայում արդեն 7-ն էին մնացել՝ 6 կին եւ 1 տղամարդ՝ Հրաչիկ Հակոբյանը: 1 օր առաջ դիմակավորված մի խումբ ներխուժել էր Հրաչիկենց տուն՝ պահանջելով հեռանալ: Ու վերջին 7 հոգին էլ դուրս եկան… Հիմա անհամբեր սպասում ենք վերադարձին, թեկուզ մեկ օրով, թեկուզ որպես զբասաշրջիկ…
Վերադառնում են ընդմիշտ
Մեկ օրով վերադարձ չի լինում: Զբոսաշրջիկը չի՛ վերադառնում: Գնում է – այցելում է – ուղեւորվում է: Բայց չի՛ վերադառնում: Մեր պարագայում՝ որպես զբոսաշրջիկ անգամ այլեւս չպիտի գնանք: Հայրենիքում զբոսաշրջի՞կ կլինի: Բառից կառչել չեմ սիրում: Բայց էս դեպքում բառը հոգեբանություն է: Միս ու արյուն է: Էստեղից է «սովորույթը»՝ անվրեժի, «որտեղ հաց՝ էնտեղ կաց»-ի: Հարմարվելու: Հաշտվելու: Փաստորեն, Նախիջեւանի պատմությունը 2-րդ անգամ կրկնվեց: Քթներիս տակ: (Մեր պատմությունները կրկնվողներից են): «Ադրբեջանի ժողճակատն ասում էր՝ ինչի՞, մինչեւ հիմա Նախիջեւանում հայ կա՞»,- կպատմի Համլետ Գրիգորյանը: – Կողքի գյուղերը մեզ չհետեւեցին: Մենակ մնացինք: Մենք էլ, մարդ էինք, վախենում էինք, Սումգայիթի նախադեպը կար: Մեզ պաշտպանող չունեինք»…
Լեռը կոչվում է «Գալիս եմ, գալիս եմ»: Ո՞վ գիտի, հիմա ի՞նչ է կոչվում: Չէ՛, վերքը պիտի լա՜վ մրմռա: Վերքը պիտի սպի չդառնա: Ժառանգաբանական առումով: Թե չէ զբոսաշրջելու արդեն իսկ արմատավորվող ախտը կփակի ապագա տանող մեր ուղին:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
* * *
Իսկ ո՞ւր են Բաքվում… Սումգայիթում ապրած հայերը
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարությունները փոխարինել է նեղացածի կեցվածքով: Նա նեղացել է միջազգային հանրությունից եւ երեւի մի քիչ էլ մեզանից… Ալիեւ կրտսերը անգամ չմասնակցեց ԱՊՀ 20-ամյակի գագաթաժողովին:
«Ադրբեջանի նախագահի դեմարշը կարող է մեկ բացատրություն ունենալ. վերջին շրջանում ադրբեջանական կողմի դրսեւորած ապակառուցողական մոտեցումները խիստ զայրացրել են միջնորդ երկրներին, ինչի պաճառով Ալիեւը ամեն կերպ խուսափում է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հետ հանդիպումից: Մեկ անգամ չէ, որ նկատվել է, թե ինչպես է Ադրբեջանը անտեսում միջազգային հանրության հորդորները եւ հավատարիմ չի լինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Կազանում տեղի ունեցած հանդիպումը այս ամենի ամենավառ դրսեւորումն էր»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովին չմասնակցելու փաստին՝ «Panorama.am»-ին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ակնհայտ է, խուսափելուց խնդիրը չի լուծվում, հակառակը, այն առավելի է խորանում: ՀՀԿ պատգամավորն անդրադառնալով նաեւ Ադրբեջանի վարչապետի՝ ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում հնչեցրած այն մտքին, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի է դիմել, նշել է. «Չէի ցանկանա կոռեկտության սահմաններն անցել, պարզապես ասեմ, որ տպավորություն կա, թե ադրբեջանցի պաշտոնյաների մի մասը ուղղակի անգրագետ է եւ նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո չեն ծանոթանում կոնֆլիկտի պատմությանը կամ էլ հետեւողականորեն շարժվում են Օսմանյան Թուրքիայի կամ Նացիստական Գերմանիայի Գեբելսյան պրոպագանդայի սկզբունքներով: Ինչ վերաբերվում է ագրեսիային, ապա ադրբեջանի իրականացրած ագրեսիան տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ու դժվար թե 2 տասնամյակի ընթացքում այդ ամենը մոռացված լինի: Ագրեսիա, որն իրականացվեց իր բնական իրավունքները պահանջող Արցախի ժողովրդի նկատմամբ: Եթե հայկական կողմն էր դիմել ագրեսիայի, ապա ու՞ր են հիմա Բաքվում, Սումգայիթում ու մյուս ադրբեջանական քաղաքներում ապրող հայերը, ո՞ւր են»…
Կարեն Բալյան
Հ.Գ. – Կիսելով նյութում արծարծված մտահոգությունները, այնուամենայնիվ, մի հարցադրում էլ մենք հնչեցնենք. «Ու՞ր է հիմա Բաքվում, Սումգայիթում ու մյուս ադրբեջանական քաղաքներում ապրած հայերի…» մի զգալի մասը, ովքեր գաղթականներ ու փախստականներ դարձած եկան Հայաստան: Նրանց մեծ մասը մեկնեց հայրենիքից՝ կա՛մ չհարմարվելով հայկական կեցակարգին, կա՛մ՝ չհամակերպվելով սեփական կարգավիճակին: Բայց պետք էր պահել նրանց, պետք էր վերաբնակեցնել ազատագրված տարածքները, ինչի մասին խոսվեց տարիներ շարունակ: Եվ դա պետք է արվեր առանց այլեւայլության, առանց անհարկի եւ ցուցադրական բազմակարծության: Այն ժամանակ դա հնարավոր էր, եւ հիմա մենք այլ ժողովրդագրական տվյալներ կունենայինք եւ՛ ՀՀ-ում եւ՛ ԼՂՀ-ում եւ՛ ազատագրված տարածքներում…
«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.



