Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ասաց, թե «1991թ. բնակչության 60%-ը, ինչպես նաեւ ՀՀՇ-ի պատգամավորների 45%-ը դեմ էր ԽՍՀՄ-ից դուրս գալուն, քանի որ մեր արդյունաբերության 90%-ը հանվում էր միութենական շուկա, եւ դուրս գալ նշանակում էր, որ 1000-ից ավելի գործարան պետք է փակվեր, որոնցիցի 200-ը գիտահետազոտական ինստիտուտներ»:
Անդրադառնալով անկախության հանրաքվեին՝ սոցիոլոգը նշեց, որ դրան մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 40 տոկոսը. «Եթե հավատանք ՀՀՇ-ի ղեկավարներից մեկի հայտարարությանը, թե հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 800 հազ. մարդ, ապա ընտրատարածքներում պետք է լինեին կիլոմետրանոց հերթեր»:
Դրանից հետո Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերին զայրացրեց Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը, որով նա, փաստորեն, կասկածի տակ դրեց 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը քաղաքավարությանը զոհ չգնաց եւ ավելի հստակ արտահայտվեց. «Հետույքաբնակների ցուցակը
կամաց բացում եմ, ինքը նրանցից մեկն է»: Մեկնաբանելով Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե անկախության հանրաքվեին դեմ է եղել բնակչության 60 տոկոսը, զայրույթը չէր թաքցրել Ա. Մանուկյանը:
«Ահարոն Ադիբեկյանը պարզապես անբարոյականի որդի է, որ նման բան է հայտարարում: Թող գոնե միջազգային դիտորդների գնահատականներն ուսումնասիրեր»,- շարունակել էր Արամ Մանուկյանը:
ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույն խնդրի վերաբերյալ հայտնեց. «Շատ ուրախալի է, որ Ահարոն Ադիբեկյանը նման բան է ասել, որովհետեւ հիմա պարզ է դառնում, որ նրա բոլոր մնացած թվերն էլ այդ ճշգրտությունն ունեն, ինչպես այս վերջին սուտը, որովհետեւ մենք գիտենք, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը: Այլ հարց, թե հետո ինչ է ստացել այդ անկախությունից, բայց այն ժամանակ թվերը բոլորովին այլ պատկեր էին ներկայացնում: Թե որտեղից է վերցրել Ահարոն Ադիբեկյանը այդ թվերը, ինձ ճիշտն ասած հայտնի չէ»:
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 56 հազար 792 մարդ, կամ ընտրողների մոտ 97 տոկոսը: Նրանցից անկախությանն «Այո» է ասել 2 մլն 42 հազար 617-ը կամ 94, 99 տոկոսը, «Ոչ»՝ 10 հազար մարդ:
…Նաեւ՝ եզրագծից այն կողմ
Ահարոն Ադիբեկյանի մասին Արամ Մանուկյանի գնահատականը հենց լսեցի, մի դեպք հիշեցի:
«Լուսանցք»-ի խմբագրություն էր եկել մի տիկին եւ պատմում էր, որ Ահարարոն Ադիբեկյանն ու նրա աղջիկը մեր երկրում միջազգային տարատեսակ կազմակերպությունների հետ «գործ են անում», այլ կերպ՝ մեր «մենթերին» գործ են տալիս:
Հարցրեցի՝ «Ինչու՞ եք ասում «մենթեր», մի՞թե ձեզ վրա «Եզրագծից այն կողմ» սերիալը չի ազդել»:
Տիկինը հանգամանալից բացատրեց, թե ինչու մեր երկրում դեռ մենթեր են, այլ ոչ թե ոստիկաններ, թե ինչու KGB-իշնիկներ են, այլ ոչ թե ազգային անվտանգության աշխատակիցներ, նաեւ՝ թե ինչ գործեր են անում հայր ու աղջիկ:
Քանի որ տիկինը բավականին լուրջ էր երեւում, նրա տված մի տեղեկատվություն ստուգեցինք:
Օ՜ զարմանք, դեռ մի բան էլ քիչ էր պատմել…
Ի դեպ, պարզվում է, որ հայր ու աղջկա մի սարքած գործի արդյունքում միջազգային սկանդալ էր բարձրանալու. համ տեղական մենթերն էին խայտառակ լինելու, համ՝ մեր երկիրը:
Բարեբախտաբար, բանը դրան չի հասել՝ բարձրաստիճան մի պաշտոնյայի խելամտության շնորհիվ…
Այս մասին, սակայն, մեկ այլ առիթով, քանզի Ահարոն Ադիբեկյանը մեր էջերում այսքան՝ նույնիսկ հակագովազդի չարժե:
Իսկ Արամ Մանուկյանը ճիշտ է արել, որ քաղաքավարությանը զոհ չի դարձել:
Երեւի ինձ պես Պարոնյան շատ է սիրում…
Նարե Մշեցյան
* * *
Այնուամենայնիվ, ինչո՜վ է զբաղված ԱԱԾ-ն –
Աղվանցի մոջահեդների մասնակցությունը Արցախյան պատեր
ազմին
Վերջերս հանրային հեռուստատեսությամբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հաստատել է, որ ԱԱԾ արխիվներում պահպանվել են փաստաթղթեր ու լուսանկարներ, որոնք ապացուցում են իսլամական որոշ երկրների աջակցությունը Ադրբեջանին՝ Արցախի պատերազմում «աղվանական մոջահեդներ գործուղելու ճանապարհով»……
ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը, 1990-ականներին մասնակցելով Արցախի տարածքում տեղի ունեցող թեժ մարտերին, միաժամանակ զբաղվել է նաեւ Ադրբեջանի կողմից մոջահեդների մասնակցության փաստերի ուսումնասիրությամբ եւ նրանց Ադրբեջան ներթափանցման ուղիներին բացահայտմամբ:
ՀՀ ԱԱԾ-ի պետի հայտարարությունը նաեւ մտահոգվելու տեղիք է տալիս, եթե Ադրբեջանում առկա են եղել զինված մոջահեդների ներթափանցման ուղիներ, ապա չի բացառվում, որ այդ ուղիները մինչ օրս կարող են օգտագործվել Աֆղանստանից կամ Պակիստանից զենքեր ու թմրանյութեր Ադրբեջան ներմուծելու եւ հետագայում այլ երկրներ արտահանելու նպատակով:
Թուրքիան ձեւավորեց 5-րդ շարասյունը ՀՀ-ում
Թուրքական մամուլը միտումնավոր չհրապարակեց այն 5 հայկական հասարակական կազմակերպությունների անունները, որոնք հանդիպել էին ԱԳ նախարարի հետ: Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին նախ ընդունել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ֆերիդուն Սինիրօղլին, որից հետո տեղի է ունեցել հանդիպումը նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններն ու Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
Եթե ամեն ինչ մաքուր է, նշում է «Armweeklynews.am»-ը, ապա թող թուրքական որեւէ աղբյուր նշեր այդ կազմակերպությունների անունները: Այս առիթով սոցիալական ցանցերում «շնորհավորել» են ՀՀ ԱԱԾ-ին, քանի որ Թուրքիային հաջողվում է մեր երկրում ձեւավորել լիարժեք 5-րդ շարասյուն: Այդ ուղղությամբ մեծ գումարներ են հատկացվում եւ շուտով ականատես կլինենք բազում հայ-թուրքական միջոցառումների, փառատոննների, դպրոցականների եւ ուսանողների փոխանակման ծրագրերի: Սպասվում են նաեւ հայ ու թուրք բիզնեսմենների ֆորումներ, որտեղ հիմնական քննարկման նյութը կլինի՝ «Հայաստանի տնտեսության փրկությունը հայ-թուրքական սահմանի բացումն է»: Հայաստանը տափաստանի են վերածել եւ սկսել են հերկը թուրքական խոփով, – նշել է կայքէջը:
Իսկ լրտեսը բռնվեց
Ամեն դեպքում ԱԱԾ-ն նաեւ հաջողություններ է արձանագրում: Վերջերս 31-ամյա տղամարդու են ձերբակալել, ով ՀՀ քաղաքացի է, Երեւանի բնակիչ եւ կասկածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Նա հայ-վրացական սահմանը հատելիս է ձերբակալվել: ԱԱԾ տեսադաշտում նա գտնվել է երկարատեւ ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող՝ ԼՂՀ ռազմական ուժի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման եւ փոխանցման փաստերը:
Առկա է հակաիրավական գործունեության՝ Թուրքիայի հանրապետության տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու եւ հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր: Լրտեսը հավաքման գործընթացում փորձել է ներգրավել ԼՂՀ բնակիչների եւ ՀՀ ՊՆ զինծառայողների:
Գոհար Վանեսյան
* * *
«Լուսանցք»-ի փոստից – Անկախությունը՝ բացարձա՛կ արժեք
Զորահանդեսից հետո. Արարողակարգային հարց, որ հռետորական չէ
Հարգելի խմբագրություն: Գրում եմ ձեզ մեր անկախության օրը զորահանդեսից անմիջապես հետո: Շատ տպավորված եմ, հուզված: Ասեմ, որ դեռ թոշակառու չեմ, թե չէ եթե այս փոքրիկ նամակս տպագրեք, ընթերցողները կմտածեն, որ երեւի թոշակառու եմ, սիրտս արդեն նվաղած է ու ամեն ինչից աչքերս արցունքոտում են: Ես մի փոքրիկ սեփական գործ ունեմ հիմա, տղաս էլ բանակում ծառայում է, հարուստ չեմ, բայց աղքատ էլ չեմ: Տարիներ շարունակ վատ եմ ապրել, բայց եղբորս մոտ Մոսկվա այդպես էլ չգնացի: Եղբայրս էլ մի օր նեղացավ թե՝ դե որ էդքան շատ ես սիրում երկիրդ, մնա, էլ փող չեմ ուղարկելու……
Թոշակառու չեմ, բայց տեսնում եք, մտքերս է՜հ, ուր հասան:
Ինչ որ է: Չգնացի ու չեմ ափսոսում: Ճիշտ է, ամեն օր սպանված զինվորների մասին լսելով, վախով եմ ապրում, բայց տղաս հանգստացնում է, ասում է՝ լավ եմ: Ծառայել սիրում է: Ինձ է քաշել, ես էլ էի սիրում, թեեւ խորհրդային բանակում եմ ծառայել……
Գամ զորահանդեսին: Մի հարց եմ ուզում տալ, որ հռետորական չէ: Եթե կարող եք, խնդրում եմ՝ պատասխանեք: Հնարավոր չէ՞, որ այս կարգի միջոցառումներում արարողակարգային որոշ փոփոխություններ արվեն հետագա տարիների համար: Ավելի մանրամասնեմ: Զորահանդեսի ժամանակ պաշտոնական հարթակին կանգնած էին այնպիսի պաշտոնյաներ, ովքեր բան
ակում չեն ծառայել, չգիտեն, թե ինչ է բանակը: Իրավունք ունե՞ն նրանք զորահանդեսին մասնակցելու պաշտոնական հարթակից:
Կամ՝ բարձրաստիճան այնպիսի մի պաշտոնյա է մասնակցում, որ մի անգամ երբ էդպես պաշտոնական շքերթով զորամաս էին գնացել, ավտոմատը վերցրել էր ու… ցավեցրել էր մեջքը: Ամոթով չմնալու համար ատրճանակ էր ձեռքն առել: Հիմա ինչու՞ է արարողակարգը տանջում այդ պաշտոնյային: Չէ՞ որ երբ նա նայում էր, թե ինչպես էին զինվորները զենքերով հնարքներ ու տարբեր վարժանքներ անում, կարող է ամաչել: Իսկ որ մեջքը ցավեցրել է ավտոմատի ծանրությունից, այս մասին հաստատ գիտեմ, որովհետեւ այդ օրվա ներկաներից մեկը եղբորս տղայի ընկերոջ հորեղբոր խնամին է՝ աղջկա սկեսրայրը: Տեսնու՞մ եք, Հայաստանը ինչ փոքր է:
Մեկ օրինակ բերեցի, բայց կարծում եմ ասածս տեղ հասավ: Ավելի ճիշտ չի՞ լինի, որ զորահանդեսին մասնակցեն (հասկանալ՝ դիտել) այն պաշտոնյաները, ովքեր բանակում ծառայել են: Խորհրդային տարիներին չծառայածների հանդեպ ուրիշ վերաբերմունք էր: Ու դա ճիշտ էր: Ուրիշը չի նշանակում վատ: Այ որ հիմա ուրիշ լիներ, այդ պաշտոնյաները զորահանդեսին չէին մասնակցի: Համ էլ բանակում չծառայածների համար զորահանդեսին մասնակցելու ժամանակը պարապ վախտի խաղալիք է, այդ ընթացքում նրանք թող թղթեր նայեն պաշտոնական, կնքեն եւ ի վերջո, քաղաքացիական հանդեսների մասնակցեն:
Հարգելի խմբագրություն, խնդրում եմ նամակս տպագրելու դեպքում չտպագրել այն տողերը, որոնք ասում են, թե որտեղ եւ ինչ գործով եմ զբաղվում, որտեղ եմ ապրում:
Զգուշավոր եմ, որովհետեւ խորհրդային տարիներին աքսորվածի ժառանգ եմ: Համ էլ ասում են, որ չծառայած տղամարդիկ քինոտ են լինում:
Ճիշտ է, չեն աքսորի, բայց հանկարծ տարածքս հանրային շահ կհայտարարեն ու ձեռքիցս կվերցնեն… Ազգանունս էլ չգրեք: Հին երեւանցի եմ, ու մեր տոհմը հայտնի է:
Ռոստոմ Թ. – Երեւան, 21.09.2011թ.
* * *
Գրքի տոն՝ հայերենի վրա թքելով
Հայաստանի մայրաքաղաքը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, նաեւ Հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումները այլեւս միահյուսված են:
Գրքի մայրաքաղաքի միջոցառումները մեկնարկելու են 2012թ. մայիսի 23-ին՝ Գրքի ու հեղինակային իրավունքի միջազգային օրը: Հենց այդ օրը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից այդ տիտղոսը կփոխանցվի Հայաստանին ու մինչեւ 2013թ. Երեւանը կլինի գրքի համաշխարհային մայրաքաղաք, որից հետո այդ կոչումը կփոխանցվի Բանգկոկին՝ Թաիլանդի մայրաքաղաքին:
Մեկ տարվա ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, փառատոներ, համաժողով, «Ես գիրք եմ ստեղծում» մանկական ծրագիր, որը հնարավորություն կտա երեխաներին ծանոթանալ գիրք ստեղծելու արվեստին, պոեզիային նվիրված փառատոներ, գրական թեյախմություններ: Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է ցուցահանդես՝ նվիրված հայ գրքին ու գրականությունը: Իսկ Հանրապետության հրապարակում կազմակերպվելու է հայկական տառերի շքերթ: Այդ օրը տեղի է ունենալու նաեւ միջազգային համաժողով: Ապրիլի վերջին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպվելու է «Ցեղասպանության թեման՝ արվեստի ու գրականության մեջ» խորագրով գիտաժողով: Տարվա ընթացքում Հայաստանն ավելի շատ է մասնակցելու գրքին նվիրված միջազգային փառատոների ու ցուցահանդեսների: Միջոցառումներին մասնակցելու համար հրավերներ է ուղարկված նշանավոր գրողների, նոբելյան մրցանակակիրների: Մեկ տարի Երեւանը աշխարհի մշակութային կյանքի կենտրոններից կլինի, ինչպես նաեւ առիթ կստեղծվի վերաիմաստավորել գրքի ու գիտելիքի դերը մեր կյանքում:
Նարե Մշեցյան
Հերթական որոշումը՝ հայերենի դեմ
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հայերենի իմացության պահանջը պարտադիր չի լինի շուտով: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հանվում է այն պահանջը, ըստ որի՝ քաղաքացիության համար դիմողը հայերենով քննություն պետք է հանձնի Սահմանադրությունից: Օրենքում նշվում է, որ որոշակի անձանց խմբեր (ծագումով հայերը, ՀՀ քաղաքացու ամուսինը/կինը/, ՀՀ քաղաքացի երեխայի ծնողները, անձինք, որոնց ծնողները նախկինում ՀՀ քաղաքացիներ են եղել) քաղաքացիություն կստանան պարզեցված ընթացակարգով՝ Հայաստանում բնակվելու կամ հայերենով բացատրվելու հնարավորությունից անկախ: Այս դրույթին հակասում է Սահմանդրության իմացության քննությունը, որը ենթադրում է լեզվի տիրապետում: Այդ իսկ պատճառով առաջարկվում է հանել քննության պահանջը: Իսկ 14-18 տարեկան երեխաները, որոնց ծնողներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, կարող են դառնալ քաղաքացի՝ ներկայացնելով գրավոր դիմում:
Անի Մարության
Հայաստանն ընտրեց –
«Մանկակա
ն Եվրատեսիլ-2011»-ում ընտրվեց հայ մասնակիցը: Մեր երկիրը միջազգային մրցույթում ներկայացնելու է Դալիթան իր «Welcome to Armenia» երգով: Հաղթողին որոշեց հեռուստադիտողը (sms քվեարկություն) եւ պրոֆեսիոնալ ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ: Եզրափակչում մրցեցին 16 մասնակից:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ն անցկացվելու է Հայաստանում՝ դեկտեմբերի 3-ին: Մասնակցելու է 14 պետություն: Մրցույթի տարբերանշանի վրա պատկերված է երաժշտական էքվալայզեր ՀՀ դրոշի գույներով: Սարեր հիշեցնող յուրահատուկ այս պատկերը ամբողջական է դառնում նշանաբանի հետ. «Հասի՛ր բարձունքին»:
Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ.: «Արեւիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ. Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան՝ իր «Իմ երգի հնչյունը» երգով՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Իսկ ահա «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.



