Պանթուրքիզմը սողոսկում է… Հայի հողերը թուրքերն ու քրդերը չե՛ն վայելելու… Վատ հարեւանը լավ բարեկա

Պանթուրքիզմը սողոսկում է –

Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է

Ադրբեջանական զլմ-ները գրում են, որ երկրի իշխանությունը հակաժողովրդավարական գաղափարները երկրում իրականացնում է՝ դրանք Նախիջեւանում փորձարկելուց հետո: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հասցեին միջազգային կառույցներից հնչող քննադատությունները վերջին շրջանում ավելացել են եւ բացասական երանգավորմամբ հատկապես հաճախ հիշատակվում է Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի անունը:

Իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով՝ Նախիջեւանը վերածվել է հակաժողովրդավարության փորձադաշտի, ավելին՝ Նախիջեւանը Ադրբեջանի Թուրքմենստանն է: «Մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը լրջորեն սահմանափակվեց նախ Նախիջևանում: Հետո դա տարածվեց ամբողջ Ադրբեջանով մեկ»,- հավելել է իրավապաշտպանը:

Համացանցում փաստեր են հայտնվել, որ Թուրքիայի ռազմական ուժերի սպաներն ընտանիքներով տեղափոխվում են Նախիջան՝ զինվորական ծառայության:

Այսպես՝ մեր պատմական տարածքը ոչ միայն հակամարդկային երկրամասի է վերածվել Ադրբեջանում, այլեւ վերածվում է հակահայկական գործողությունների վտանգավոր տարածքի:

Թուրքերը Աջարիան առանձնացրել են Վրաստանից

Վերջերս Թուրքիայում ընթացող համաշխարհային մշակութային փառատոնի գովազդային պաստառի վրա Աջարիան ներկայացված էր որպես առանձին երկիր: Սոցիալական կայքերում տարածվել է նշված պաստառի պատկերը, որի վրա պարզ երեւում է, որ մասնակից երկրների ցանկում Աջարիան եւ Վրաստանը ներկայացված են իրարից առանձին:

Այդ ցուցակում, որպես փառատոնի մասնակից, նշված էր նաեւ Հայաստանը:

Եվ այստեղ էլ, ինչպես Նախիջեւանի դեպքում, հասկանալի է Անկարայի ձգտումը՝ Աջարիայի նկատմամբ:

 Ադրբեջանում Թուրքիայից արտագաղթած քուրդ ընտանիքներ են բնակեցվում

Իսկ Ադրբեջանում թուրքական թողտվությանը զուգահեռ քուրդ ընտանիքների՝ Ադրբեջանում բնակեցվելու քայլեր են իրականացնում: Լենքորանի շրջանում արդեն 38 քուրդ ընտանիք է բնակեցվել: Տեղի բնակչության դժգոհությունը չհարուցելու համար իշխանությունը նրանց ներկայացրել է որպես Նախիջեւանից եկածներ, որոնց ապահովել են հողատարածքներով եւ աշխատանքով:

Ադրբեջանի հարավում քրդերի բնակեցման գործընթացը սկսվել է դեռեւս 2 տարի առաջ: Քուրդ ընտանիքներն առաջինը բնակեցվել են Լերիքի շրջանում: Եթե սրան գումարենք այն փաստը, որ մի քանի հազար հրեա ընտանիքներ էլ Բաքվում են տեղավորվում, ապա լուրջ մտորելու հարցեր են առաջանում:

Հատկապես, որ թուրքական զլմ-ները «Տարածաշրջանային պատկերը» ներկայացնելիս գրում են հաճախ, թե «Նախիջեւանի հարցը լուծված է»: Նախիջեւանը որոշ դեպքերում Ադրբեջանի կազմում չի հիշատակվում: Քանի անգամ է թուրքական հեղինակավոր «Ջիհան» գործակալությունը Նախիջեւանը ներկայացնում որպես անկախ, ինքնիշխան պետություն: Էրզրումում տեղի ունեցած «Անատոլիայի գովազդի եւ համագործակցության միջազգային» ցուցահանդեսին մասնակից երկրները թվարկվել են հետեւյալ կերպ՝ Իրան, Նախիջեւան, Վրաստան, Հորդանան, Սուդան, Ադրբեջան եւ այլն…
Հայկ Թորգոմյան
 

Չե՛ք  վայելելու

Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին 10 օրվա ընթացքում ձերբակալվել են 368 քրդեր: Քրդական «Ֆըրաթ» գործակալությունը տեղեկացնում է, որ ձերբակալվածների մեծ մասը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամ եւ կողմնակից է: Ըստ նույն գործակալության, թուրքական իշխանություններն առայժմ պաշտոնապես ոչինչ չեն ասել: Թեեւ քրդերը այդ պաշտոնական պատասխանին չեն էլ սպասում, քանզի լավ գիտեն, թե ինչ են լսելու:

Մի կողմ թողնենք, սակայն, երկկողմ մեկնաբանությունները:

Կա Ճշմարտությունը (շատերը լուրջ չեն ընդունի), իսկ դա այն է, որ հայկական հողերը ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը չեն վայելելու:

Ի դեպ, այսօր Արեւմտյան Հայաստան իբրեւ զբոսաշրջիկ այցելող շատ հայերի քրդերն ասել են այդ բանը, թե իրենք  Բարձրյալի կողմից պատժվում են այն բանի համար, որ ժամանակին թուրքերին են միացել ու ցեղասպանել հայերին: Ծանոթներիցս մեկը, ով վերջերս Մուշում փորձել էր իր պապի նկարագրածով պապական տունը գտնել, քրդերի էր հանդիպել:

Իր պապի տունը չէր գտել, բայց մի քրդի հետ երկար զրույցի էր բռնվել: Այդ քրդի պապը երբ մահանալիս է լինում, ասում է՝ էստեղ չտնավորվեք, տերերը, մեկ է, հետ են գալու: Թոռը (արդեն՝ ծանոթիս զրուցակիցը) հարցնում է՝ տերերն ովքե՞ր են: «Հայերը,- ասում է,- հայերն են: Նրանք, ովքեր մեռել են, արդեն տարիներ չեն հեռանում երկրի երեսից: Նրանք վրեժ ունեն լուծելու: Չտնավորվեք, որ վրեժին չարժանանանք»: Թոռը ծիծաղու
մ է, թե լավ էլի, այ պապ, մեռածները մեռած են, ողջերն էլ կմոռանան, կանցնի կգնա:

«Չէ՜,- պապը ձեռքը թափ է տալիս,- մեռածները մեռած չեն, ողջերն էլ հետ են գալու: Անցյալ տարի իմ ողջ հոտը (ոչխարի), հիշու՞մ եք, կոտորվեց, առողջ հոտ էր, բայց… չենք վայելելու: Չտնավորվեք»,- ասել էր ու փակել աչքերը…

Աստղինե Քարամյան   

Վատ հարեւանը նաեւ լավ բարեկամ չէ

Վրացական իշխանությունները շարունակում են հալածանքները հայաբնակ Ջավախքում, մասնավորաբար իրականացվում են ուսուցիչների ապօրինի եւ զանգվածային հեռացումներ դպրոցներից: Երիտասարդների հետ միասին, անհեթեթ պատճառաբանություններով հեռացվում են նաեւ վաստակավոր եւ բազմափորձ մանկավարժներ, որոնց տեղերն այլեւս բաց են մնում դպրոցներում:

Անվտանգության մարմինների ցուցումներով Վրաստանի ԿԳՆ-ի կողմից Ջավախքի ուսուցիչների այսպիսի մասսայական զտումը հետապնդում է մի քանի նպատակ. նախ ցանկանում են դիմազրկել եւ վրացականացնել հայկական դպրոցը, հետո՝ կրճատված ուսուցիչների աշխատավարձերի հաշվին մասամբ բարձրացնել մնացյալների աշխատավճարը՝ Եվրոպական կառույցներին դրանով խաբելով, իբր համապատասխանեցնում են եվրոպական կրթական ստանդարտներին… Չի կատարվում անգամ ՀՀ ԿԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, երբ նախատեսվում էր վերականգնել նախորդ տարի կրճատված հայոց լեզվի ժամաքանակները: Այլ չկատարված խոստումներ եւս կան, որից Ջավախքում լարված իրավիճակը չի թուլանում, իսկ հակահայկական ծրագրերի վերջը չի երեւում:

Անի Մարության  

ԱՊՀ-ն  ինքնապաշտպանվում է

«Facebook»-ը  վտա՞նգ

Ֆեյսբուքահայությունը վրդովված է ԱՊՀ 20-ամյակին նվիրված գագաթաժողովում ընդունած որոշումից: ԱՊՀ-ն մտադիր է վերահսկել սոցցանցերը, քանի որ դրանք ապակայունացնող եւ սադրիչ գործունեությամբ են զբաղվում:

Դեռ վաղուց ներփակ երկրները իրենց տարածքներում արգելել են համացանցի գոյությունը կամ վերահսկում են ամենայն մանրախնդրորեն: Հայտարարում են, որ ինտերնետն ընդհանրապես, իսկ սոցիալական ցանցերը մասնավորապես, վտանգ են ներկայացնում՝ նաեւ ապազգային ու անբարո գաղափարների տարածման առումով, հետեւաբար «քաղաքացիների ազատության շահերից ելնելով՝ դրանց նկատմամբ պետք է պետական վերահսկողություն սահմանել»:

Այսօրինակ համաձայնությանն են եկել մաեւ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած համակարգող խորհրդի նիստում, որը նախագահել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ով նշել է. «Հավանաբար հիշում եք Լոնդոնում տեղի ունեցած հուզումների ալիքը, որն սկսվեց սոցցանցերում որոշ կոչերի արդյունքում: Այդ իսկ պատճառով էլ վերահսկողություն պետք է լինի: Բայց դա պետք է կատարվի խելամտության սահմաններում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատությունը»:

Ղազախստանի գլխավոր դատախազ Ասխադ Դաուլբաեւն էլ նկատել է. «Այսօր մեզ մոտ դատախազությունը խիստ միջոցներ է կիրառում, եւ մենք կարողացանք հասնել նրան, որ տասնյակ կայքէջեր այժմ փակվել են»… Ղազախստանցի դատախազի համար սոցիալական ցանցերը չարիք են. «Սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ ինտերնետի վերահսկողությունը ապագայի հարց է, ու այդ չարիքի հակազդեցության ուղղությամբ պետք է աշխատի պետությունը»:

Մեզ դեռ հայտնի չէ, թե ինչ կարծիք է արտահայտել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Սակայն վերոնշյալ լուրը միանշանակ չի ընդունվել հայ բլոգերների ու ֆեյսբուքահայության շրջանում, բոլորն անհանգստացած են ու վրդովված:

Անգամ կարծիք կա, որ «պետական տեռորի նոր ձեւ է՝ ստալինյան ոճը ընդամենը մի քիչ է փոփոխվել»: Բողոքներ կան նաեւ, որ Ռուսաստանը հաջողացնում է իր օրենքները պարտադրել նաեւ ԱՊՀ երկրներին: Հայ բլոգերներից մեկն անգամ գրել է. «Ինտերնետը վերահսկելու մասին ցանկացած հայտարարություն ինձ մոտ ցանկություն է առաջացնում բարմենին պատվիրել պատրաստել «Մոլոտով»-ի կոկտեյլը»:

Պատմությունը զե՞նք

ԱՊՀ-ն կարծես աշխուժացնում է իր գործունեությունը ոչ միայն համացանցում: Վերջերս ԱՊՀ երիտասարդ հնագետների հավաք տեղի ունեցավ Մոսկվայում՝ կազմակերպվեց երիտասարդ հնագետների դպրոց: Միջոցառումն իրականացրել է ՌԴ գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցի շրջանակում անցկացվել է գիտա-տեսական համաժողով, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ այլ երկրներ ներկայացնող երիտասարդ գիտնականներ:

Անցկացվել են նաեւ մի շարք գործնական միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են հնագիտության ինստիտուտի հետազոտություններ անցկացնելու փորձին: Ըստ դպրոցի ամփ
ոփիչ փաստաթղթի, նման համագործակցության արդյունքը պետք է լինի մշակութային ու գիտական փոխանակման ակտիվացումը, ինչպես նաեւ նախկինում խզված կապերի վերականգնումն ու ամրապնդումը, ԱՊՀ ժողովուրդների ընդհանուր մերձեցումը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.