Եռացող կաթսա Հայաստանի շուրջ. Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են…

Եռացող կաթսա Հայաստանի շուրջ

Տարածաշրջանի հակամարտությունները թեժանում են

Տարաբնույթ հիմնահարցեր կան մեր տարածաշրջանում եւ սրանք դարերի պատմություն ունեն: Հատկապես Մերձավոր Արեւելքը աշխարհաքաղաքական վայրիվերումների, համաշխարհային վերաձեւումների թատերաբեմ է եւ այդպիսին եղել է միշտ: Մերթ ընդ մերթ սառեցվում եւ տաքացվում են տարածաշրջանային հակամարտությունները, անգամ թեժ պատերազմների են վերածվում՝ կախված տվյալ ժամանակների գերտերությունների եւ տարածաշրջանի պետությունների նկրտումներից:

Սակայն վերջին ժամանակներս, թերեւս ամենասրվածը Անկարա-Թել Ավիվ կիսաթաքնված հակամատությունն է:

Թուրքիայի եւ Իսրայելի հակազդեցությունը հետզհետե փուլային եւ հետեւողական ընթացք է ստանում՝ սրվելու-կարգավորվելու անկանոն անցումներով: Այս հակազդեցության մեջ կարող են տուժել այլ երկրներ եւս, հատկապես՝ Ադրբեջանը, քանզի հակամարտությունը զուտ թուրք-իսրայելական չէ եւ ներառում է մասնավորապես արաբական խաղաքար:

Վաշինգտոնը եւս չի կողմնորոշվում հակամարտ իր երկու գործընկեր պետություններից որ մեկին սատարել, աշխատում է դեռ հեռու մնալ ստեղծված իրավիճակին խառնվելուց: Այս խնդրին կամա, թե ակամա խառնվում է մեր մեկ այլ հարեւան Ադրբեջանը, որովհետեւ այս պահին միակ պետությունն է տարածաշրջանում, որ բարիդրացիական հարաբերություններ է պահապանում Թուրքիայի եւ Իսրայելի հետ: ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, կփորձի Թուրքիա-Իսրայել խնդրի վրա հենց Բաքվի միջոցով ներազդել: Ուստի այս հարցում Արցախի խնդիրը նորից լուրջ գործոն է դառնում, եւ Հայաստանը կարող է հստակ եւ ազդեցիկ խաղացող դառնալ: Այսպես Ադրբեջանը ներքաշվում է աշխարհաքաղաքական շահերի բախման մեջ, իսկ շահարկումների միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացներից դժվար են անվնաս դուրս գալիս խաղաքարերը: Ի վերջո Ադրբեջանը ստիպված է լինելու կողմնորոշվել, թե ում կողքին է ինքը՝ Իսրայելի՞, թե՞ Թուրքիայի, ինչը Հայաստանին հակամարտ որեւէ կողմի հետ նպատակայնորեն գործակցելու հնարավորություններ է տալու:

Արաբական աշխարհի վերաձեւումները նույնպես ալեկոծեցին տարածաշրջանը: Եվ այստեղ էլ բախվեցին Թուրքիայի ու Իսրայելի շահերը: Այս անգամ Թեհրանը լուռ չմնաց եւ հանդես եկավ Թուրքիային ուղղված կոշտ հայտարարությամբ: ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Սիրիայի խնդրի հետ կապված քննադատեց Թուրքիային՝ նշելով, որ չնայած հարեւան ու դաշնակից լինելուն, այդուհանդերձ թուրքական կողմը պետք է սիրիական խնդրում պատասխանատվություն ստանձնի եւ երբեք չգնա սադրանքների:

Թեհրանի այս ահը Արեւմուտքի սրտովը չէր, եւ ահա, իհարկե պատվերով, իրաքցի խորհրդարանականները երկրի ԱԳՆ-ից պահանջեցին արտաքսել Իրանի դեսպանին: Պատճառն այն էր, որ իբր Իրանի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական գործողություններ են իրականացրել Իրաքի Քուրդիստանի սահմանային շրջաններում: Իսկ Թուրքիայի նմանօրինակ ներխուժումներն Իրաքի տարածք որեւէ դիվանագիտական լուրջ արձագանքի չհանգեցրեց…

Քրդական խնդիրը միակը չէ թուրքական, իսրայելական, արաբական ու իրանական խայտաբղետ հակամարտության մեջ: Պաղեստինի հարցը նորից օրակարգային է այս երկրներում: Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ կարող է հրաժարվել Օսլոյի համաձայնագրերից, եթե այս պաղեստինցիները շարունակեն պահանջել ՄԱԿ-ի ԳԱ-ից միակողմանիորեն ճանաչել Պաղեստին պետությունը:

Այս քառակողմ հակամարտության մեջ Հայաստանը հնարավորինս չեզոք է մնում, սակայն քրդական խնդիրը ոչ միայն Սիրիայի, Իրաքի, Իրանի ու Թուրքիայի տարածքային հարցերն է շոշափում, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի, իսկ Պաղեստինի անկախության խնդիրը կամա, թե ակամա առնչվում է Արցախի անկախության ճանաչմանը: Ադրբեջանի տարածքային նկրտումներն Իրանի հանդեպ նույնպես կառնչվեն հայկական գործոնի հետ:

Թուրքիան մեզ թշնամի երկիր եղել է ու կմնա, անգամ եթե հոգեվարքի մեջ հայտնված հայ-թուրքական արձանագրություններին նոր շնչառություն տրվի: Իսկ Ադրբեջանը ոչ միայն թշնամի, այլեւ պատերազմող (այժմ միայն զինադադար է) կողմ է մեզ հետ: Իսրայելի համար, ըստ հրեական զլմ-ների, Հայաստանը դեռեւս վտանգավոր չէ, քանի որ այդ երկրի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի օպերատիվ գործողությունների բաժինը հրապարակել է այն երկրների եւ երկրամասերի անունները, որտեղ արգելվում է մուտք գործել բանակի սպաներին, եւ ցանկում Հայաստանն ընդգրկված չէ: Ընդգրկված 36 երկրների թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Չեչնիան, Թաիլանդի հարավային շրջանները, Քաշմիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Թունիսը, Քենիայի որոշ շրջաններ եւ այլն: Բայց, միեւնույնն է, իսրայելական տեռորիզմի դեմ պայքարի ազգային շտաբը Հայաստանն ընդգրկել էր «այցելությունների համար անբարենպաստ» երկրների ցուցակում: Մեր միակ հարեւան ու բարեկամ երկիրը Իրանն է հակամարտող կողմերի մեջ: Իսկ արաբական աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ միանշանակ չէ:

Մեզ անհանգստացնող մեկ այլ երկիր՝ Վրաստանը, դեռեւս դուրս է այս առճակատումներից, ըստ ամենայնի՝ Արեւմուտքը Թբիլիսիին պահել է զուտ ռուսաստանյան ճակատում գործելու համար: Թերեւս միայն վրաց-ադրբեջանական համակարգող խորհրդի եւ այս երկրների իշխանությունների համատեղ հակահայ հայտարարությունները կարելի է մեջբերել որպես վտանգավոր նախադեպ, որտեղ հատկապես դատապարտվել են Հայաստանի ու Ռուսաստանի գործողությունները: Վրացիներն, իհարկե, փորձում են Արցախի անկախությանը հակադրվելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատումները կանխել, բայց……

Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում առկա հակամարտությունները առնչվում են նաեւ Միջին Ասիայի եւ հարակից տարածքների երկրների հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը վաղուց ներգրավված են Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանների հակամարտություններում, չեն էլ կարող հրաժարվել, քանզի եւ՛ համաթուրանական եւ՛ ԱՊՀ-ական եւ՛ արեւմտյան լծակները դա թույլ չեն տա: Իսլամական գործոնն էլ տարածաշրջանից հեռու չի թողնում հատկապես Աֆղանստանին ու Պակիստանին:

Վերջերս, Պենտագոնի նոր ղեկավարը հրապարակել է ԱՄՆ-ին սպառնացող հիմնական մարտահրավերները, որոնք նույնպես առնչվում են մեր տարածաշրջանին: Դրանցից են ահաբեկչությունները, Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում տիրող իրավիճակը ու կիբերհարձակումները: Ահաբեկչության սպառնալիքը շարունակում է արդիական մնալ Պակիստանում, Յեմենում, Սոմալիում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ դեռեւս գործում են «Ալ Քաիդա»-ի միավորումները: Ուստի՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը դեռ վտանգավոր է համարվում: Իսկ սա ներազդում է տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա եւս:

Մեզ համար առավել վտանգավոր է, որ Թուրքիան է փորձում տարածաշրջանում թելադրել խաղի կանոնները:

Հայ-թուրքական կոչված հարաբերությունների եւ արցախյան հակամարտության հարցերը Անկարան փորձում է ներկայացնել մեկ ամբողջական փաթեթով, ինչը նպատակ ունի Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում թուլացնել Հայաստանի դիրքերը, միաժամանակ կարեւորել ադրբեջանական գործոնը: Արտաքին քաղաքական ասպարեզում թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ձեռք բերել ավելի լայն հնարավորություններ, ինչը կարող է որոշակի խոչընդոտել Հայաստանի նախաձեռնությունները: Ուստի՝ Երեւանը պետք է հաստատապես նպաստի Անկարա-Թել Ավիվ հակասությունների ծավալմանը:

Այս առումով Հայ Դատի խնդիրները կարող են տարածաշրջանային հնչեղություն ստանալ, ի դեմս նաեւ Իսրայելի ներգրավման: Դրանք են Հայոց ցեղասպանության եւ տարածքային պահանջատիրական հարցերը նախեւառաջ: Իսրայելը ցավագին է ընդունել նաեւ թուրքական սադրանքը, երբ Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը ճեղքելու փորձ արվեց եւ միջազգային հնչեղություն ստացավ, ինչը նույնպես կարող է հաշվի առնել Երեւանը՝ արտաքին քաղաքական ոլորտում:

Անհանգստացնող է նաեւ, որ Թուրքիան ամեն վայրկյան կարող է ցամաքային հարձակում գործել Իրաքի կամ Սիրիայի վրա, չնայած Իրանի, Լիբանանի եւ արաբական մի շարք ռազմականացված կազմակերպությունների սպառնալիքներին: Սա կտրուկ կփոխի տարածաշրջանային մթնոլորտը, գուցե նոր հայ-ադրբեջանական պատերազմի հանգեցնի…

Չի բացառվում նաեւ արաբական աշխարհով անցնող հեղափոխական ալիքի վերսկսումը, որը կարող է Կովկաս եւ դեպի Ասիա «արշավել»:

Ավելին՝ քննարկվում է անգամ Իսրայել-Իրան հակամարտության հնարավորությունը: Սրան կառնչվի նաեւ Ադրբեջանը, որի տարածքի գործածումը նախատեսվում է նման դեպքում: Այս հակամարտությունը նույնպես կշոշափի հայկական շահերը:

Իսրայելը Պաղեստինի հարցում առավել վտանգավոր է համարում Իրանի գործողությունները եւ քայլերը, քան՝ արաբական երկրների: Սա գիտակցելով Անկարան դիտարկում է Իսրայելից «բաժանվելու» հնարավորությունը՝ իհարկե նշելով, թե պատճառն այն է, իբր Իսրայելը չի պատրաստվում ներողություն խնդրել 2010թ. մայիսին Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինծառայողների կողմից ազգությամբ թուրք «խաղաղարարների» սպանության համար: Իսկ Պաղեստինի փաստացի ղեկավար Մահմուդ Աբբասը ներկայացրել է Իսրայելի հետ երկխոսություն սկսելու նախապայմանները, որը Թել Ավիվը անպատասխան է թողել…

Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար այլեւս մեկ կամ մի քանի երկրների ցանկությունն անգամ բավարար չէ… Եվ Երեւանում կայացած Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված երեկվա զորահանդեսը տեղին էր, որը նաեւ նշում է, թե Հայաստանը դեռ ասելիք ու անելիք ունի. «Սա նոր Հայաստանն է, որը տեսել է շատ բան, բայց հայացքն ուղղել է ապագային»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շեշտելով, որ 20-ամյա մեր անկախությունը հայ հինավուրց պատմության հազարամյակների փորձն ունի, եւ ՀՀ-ն պարզապես 20-ամյա անփորձ երիտասարդ չէ…

Իսկ ապագան մենք կապում ենք մեր անցյալին, որն անքակտելի է, որը փառահեղ է ու հերոսական, որը պարտավորեցնում է վերականգնել հայկական միասնական պետականությունը հայկական լեռնաշխարհում…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.