ԱՍԱԼԱ-մ կա՞, թե՞ վերակենդանանում է… Բայց ԱՍԱԼԱ-ն զգուշացնում է… Իսկ Հայաստանը ոմանց բկին է…

ԱՍԱԼԱ-ն  կա՞, թե՞ վերակենդանանում  է

Թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է, որ ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (ՀԱՀԳԲ – Հայաստանի ազատագրության հայ գաղնի բանակ) եւ այդ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգիոն», որի անդամներն անցնում են զինվորական եւ մարտական պատրաստություն:

Նշվում է, թե ԱՄՆ-ում  ստեղծված «Ամերիկահայերի լեգիոն» անվամբ ձեւավորված կազմակերպությունը վաղուց աշխույժ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես՝ «Facebook» սոցիալական ցանցում: Մեր տվյալներով, իսկապես «Facebook»-ում մեծաթիվ ԱՍԱԼԱ-ական էջեր են գործում, անգամ հայտարարություններ եւ քննարկումներ են լինում-ծավալվում: Նույնն է նաեւ «Odnoklasniki.ru»-ում (գուցե այլ ցանցերում եւս), սակայն այստեղ գերակշռում են հայ մասնակիցների էջերը՝ ՌԴ-ից եւ ՀՀ-ից (նաեւ՝ Արցախից ու Ջավախքից)…

Ինչեւէ, թուրքական  զլմ-ները ահազանգում են, թե ամերիկահայերի կազմակերպությունն իր նպատակն է հռչակել պայքարել «Հայաստանի բոլոր թշնամի երկրների ու կազմակերպությունների դեմ», որ կազմակերպության նպատակներից է նաեւ «պաշտպանել Միացյալ Նահանգները ներքին եւ արտաքին թշնամիներից»:

…Վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները՝ «Սաբահ»-ը գրում է, որ հայթայթել է լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «կազմակերպության անդամներն անցնում են հատուկ զինվորական պատրաստություն, մոտ 1000 անդամ ունեցող այդ կազմակերպությունում տիրում է ռազմական կարգուկանոն»: Իբր կազմակերպության անդամները Կալիֆորնիայի տարբեր շրջաններում սովորում են կրակել ատրճանակից, հրացանից, դիպուկահար զենքից եւ ծանր զինատեսակներից, «բացի այդ, գործում են հատուկ նշանակության թիմեր, որոնք բաղկացած են 2-5 մարդուց, եւ մարզվում են հատուկ գործողություններ, այդ թվում՝ մահափորձեր իրականացնելու համար»,- շարունակում է թուրքական պարբերականը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում Անկարան պատրաստվում է հակաքայլեր իրականացնել:

«Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող այդ կազմակերպության գործունեությունը կանխելու համար Անկարան անցել է հետախուզական եւ դիվանագիտական գրոհի: Ազգային հետախուզական կազմակերպությունը սկսել է տեղեկություններ հավաքել այդ կազմակերպության գործունեության մասին: Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամերիկացի պաշտոնյաներին զգուշացրել է այդ անօրինական զինված կազմակերպության մասին: Եվ եթե որեւէ քայլ չձեռնարկվի «Ամերիկահայերի լեգիոնի» գործունեության կասեցման դեմ, Անկարան բողոքի նոտա կհղի Վաշինգտոնին»:

Նշվել է, որ այդ  թեման ԱՄՆ-ում կբարձրացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայի Էրդողանը, ով Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին.- գրում է «Սաբահ»-ը:

Նեո-ԱՍԱԼԱ-ական նմանտիպ կազմակերպություններ, ըստ թուրքական զլմ-ների, գործում են նաեւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Լիբանանում. «Վերջին շրջանում հատկապես թուրք-իսրայելական ճգնաժամի ֆոնին Իսրայելն սկսել է աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպություններին»:

Այսպես, Անկարան  փորձում է ահաբեկվածի կեցվածք ընդունել եւ անցել է հակահայկական նոր հարձակումների:

…Հետաքրքիր մի  նամակ էլ է հայտնվել «Facebook»-ում՝ «Պահանջում ենք դադարեցնել ԱՍԱԼԱ-ի գործունեությունը» վերնագրով: Այս գրությունն ուղղվել է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում հանդես են գալիս իբրեւ ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ), հատկապես՝ «Ուխտ Արարատի» կազմակերպության բոլոր ներկայացուցիչներին:

«Մենք՝ Հայաստանի Ազատագրության «Ադանա» գաղտնի բանակի ներկայացուցիչներս, զգուշացնում եւ պահանջում ենք այլեւս չօգտագործել ու չշահարկել ՀԱՀԳԲ անունը: «Ուխտ Արարատի» կազմակերպությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրենց գործունեությունը, դուրս գալ ասպարեզից եւ ցրել ամբողջ խումբը: Մենք անում ենք այս հայտարարությունն այն պարզ պատճառով, որ վերջին 20 տարիների ընթացքում դուք բոլորդ զբաղվեցիք միայն ավազակությամբ, թալանով, ոչ հայեցի ապրելակերպով եւ դավաճանությամբ… մենք շատ լավ տեղեկացված ենք այն մասին, թե ինչպե՛ս եւ որքա՛ն գումարներ եք յուրացրել, գումարներ, որոնք նախատեսված են եղել որոշակի կոնկրետ գործունեություն ծավալելու եւ հայրենիքը կործանումից փրկելու համար: Հիմա դանակը հասել է ոսկորին՝ ու թեեւ չենք մանրամասնում, սակայն մենք տեղյակ ենք ձեր վարած բոլոր գործերից: Դիմում ենք նաեւ բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի դրանք եւս դադարեցնեն իրենց հայադավ գործունեությունը: Դիմում ենք բոլոր այլազգիներին, հատկապես թրքախոս եւ մուսուլմանական տարրերին, ովքեր մշտական կամ ժամանակավոր բնակությամբ գտնվում են ՀՀ-ում, եւ պահանջում նրանցից վերջնական հեռանալ ՀՀ տարածքից:

Վերոգրյալ պայմ
անները կատարելու համար մենք ձեզ տալիս ենք 30 օր ժամանակ, որի ընթացքում դուք կկատարեք մեր բոլոր պահանջները, այլապես, հակառակ դեպքում, մենք կդիմենք կոշտ միջոցների, ավելին՝ կանենք այն, ինչ կգտնենք ճիշտ»…

Արման Դավթյան

*  *  *

Հայաստանը ոմանց բկին է…

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի նախօրեին, Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը Մոսկվայում հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է ոչնչացման»: ՌԴ զլմ-ները անգամ վերնագրել էին. «Հայաստանը լիկվիդացման եզրի՞ն է»:

Մեզ թշնամի պետությունները միշտ էլ հայտարարում են Հայաստանի ու հայության ոչնչացման կամ մեզ պատժելու մասին: Սա գաղտնիք չէ, եւ հայությունը արժանի պատասխանում է նաեւ գործով…

Բայց մտահոգիչն այն է, որ բարեկամ եւ ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանում են թույլ տալիս այսպես հոխորտալ Հայաստանի հասցեին: Այսօրինակ հոխորտանքներ լինում են նաեւ քաղաքական ասպարեզում, ինչը նույնպես մտահոգության տեղիք է տալիս:

Գուցե հենց դա է պատճառը, որ քաղաքական թողտվությանը հետեւում է կրոնական ամենաթողությունը: Պաշտոնական Մոսկվայի բարիդրացիական մոտեցումները՝ մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրում հավասարազոր են դիտարկվում, եւ ահա, Ռուսաստանի ոչ ռուսական զանգվածը (որը զգալիորեն գերակշռում է ռուսական հատվածին) իրեն թույլ է տալիս կռռալ Հայաստանի վրա… Երբ Ադրբեջանի իսլամական առաջնորդը կռռում է Արցախի վրա, նույնիսկ հետաքրքիր է լինում լսելը, բայց Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավարի արտահայտությունները պետք է լուրջ արձագանքի արժանանան ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ՝ ՌԴ ղեկավարության կողմից: Անգամ իսլամական աշխարհը պետք է արձագանքի հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հակամարտությունները կրոնականացնելու դեմ…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.