Իմ անկախությունը… Դառնամ արմատներիս Արիական… – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Իմ  անկախությունը
 

Իմ անկախությունը շատերին քաղաքական ռոմանտիզմ կթվա, բայց այն ռոմանտիզմ չէ: Նպատակ է, որին հասնելու կամքը սերունդիս եմ ներարկելու, սերունդս էլ՝ իր սերունդին ու՝ այդպես շարունակ…

Մինչեւ Արարչից ի վերուստ ինձ տրված իմ բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհը, զգամ արագության մեջ՝ նժույգիս վարգի՛ արագության:

Զգամ լեռ առ լեռ, ձոր առ ձոր, վիհ առ վիհ ու վիհից վիհ: Հետո, երբ նժույգից իջնեմ, դադրեմ սարերում բոլոր՝ քարքարոտ, ծաղկոտ, հեռու ու մոտ, լող տամ բոլոր ջրերում՝ շրխկան, հանդարտ, նամռոտ ու պարզ:

Մինչեւ Գառնո տաճարի խորքով գնամ, վերհանեմ բոլոր տաճարներս հայոց, որ ոգուս կեսը վերագտնեմ ու դառնամ արմատներիս արիական:

Մինչեւ տաճարներում Հայ Աստվածներիս փառաբանեմ ու քրմուհու ձոներգ հղեմ նրանց:

Մինչեւ ամբողջացնեմ-մեկտեղեմ թռիչքը ոգուս ու անձիս:

Իմ անկախությունը վերադա՛րձն է՝ դեպի ապագա՝ հայահավաքով ու հողահավաքով:

Ու այս ճանապարհին իմ անկախությունը հզորությա՛ն ու ապահովության զգացողությունն է, որ կարո՛ղ է ու պարտավո՛ր է տալ հայ զինվորը:

Իմ անկախությունը այն հայ մա՛յրն է, որ տղամարդ է մեծացնում, ոչ թե տղեկ:

Այն ուսուցի՛չն է, որ աշակերտի մեջ հայի թշնամու հանդեպ հանդուրժողականություն չի՛ սերմանում:

Այն աշակե՛րտն է, որ վրիժառության ծիլն արդեն ի՛նքն է փայփայում:

Իմ անկախությունը այն հայ մարդն է, որ հիշողությանը սոսկ իբրեւ անցյալի՛ չի վերաբերում:

Իմ անկախությունը արթնացու՛մն է հայ գենիս:

Իմ անկախությունը հայի՛ անկախություն է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր  խմբագիր

*  *  *

Հ.Գ. – Հրանտ Մաթեւոսյան շատ եմ սիրում, անասելի՛ շատ, այնքան, որ մեկ անգամ կարդացածս ու սրտումս մեխվածը երբեք չեմ մոռանում: Ցավոք, հնարավոր է, որ որոշ բառեր տարիներ անց չհիշեմ, բայց ամբողջը դաջվում է: Շունչը դաջվում է, եւ այլեւս ապահովագրված ես՝ թթվածինդ միշտ կա…

«Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենժամյա ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»:   

* * *

«Ճանապարհը, որ տանում է դեպի Անկախության տաճար, հարթ եւ ուղիղ չէ, ինչպես մտածում են ոմանք: Դա լեռ բարձրանալ է՝ վայրէջքներով ու կեռմաններով: … Միայն բարոյական հաղթանակներին ապավինելը, ինչ-որ միֆական «իմիջի» մասին մտածելը՝ մեր ժողովրդին իրական անկախության չի հասցնի» (Վարդգես Պետրոսյան):

* * *

«Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն» (Համո Սահյան):

* * *

«Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այո-ն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգացման: Օրհնութիւն եւ փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ՝ արմենական մեր ազգին» (Վազգեն Ա):

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.