Անկախությունը ստրուկների համար չէ՛ – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Դեպի Միացյալ Հայաստան…

Անկախությունը ստրուկների համար չէ՛

Սողալու համար ծնվածը թռչել չի՛ կարող

Անկախությունը բնախոսական արժեք է՝ բնական կարգ՝ գոյատեւելու, զարգանալու եւ հարատեւելու համար: Այն բնական-բնատուր կարգ է ոչ միայն մարդ տեսակի, այլեւ՝ բոլոր բնական արարածների ու էակների համար:

Անկախությունը ազատության նախահիմքն է՝ առանց անկախ պետության (հայրենիքի) չի լինում ազատ ազգ, ուրեմնեւ՝ ազատ մարդ-անհատ: Ուստի՝ անհասկանալի է ոմանց անտեղի ցասումը, թե արդյո՞ք պետք էր մեզ անկախություն: Նմանին մեկ հարց պետք է տալ՝ ուզու՞մ ես ստրուկ լինել: Եթե այո՛, ապա պետք է ստրկացնել, եթե ո՛չ, ապա պետք է հասկացնել, որ անկախությունը սեփական եսի գիտակցումն է՝ ինքնահարգանքը, որից հրաժարումը, վաղ թե ուշ, հանգեցնում է ստրկության…

Կամ անկախ ես, կամ՝ կախված…

Մեզանում ոմանք դեռ բարձրաձայնում են՝ լավ չէ՞ր ԽՍՀՄ կազմում: Բայց անարդարության դեմ խոսելը, պայքարելը չի կարելի նույնացնել եւ կապել անկախ կարգավիճակի հետ: Հիշողության մի հատվածն անտեսելը չի կարող օգնել ճիշտ կողմնորոշվելուն: Ովքեր ապրել են խորհրդային պետությունում, լավ գիտեն, թե ինչ անարդարությունների կարելի էր հանդիպել, որոնք առավել անհաղթահարելի էին (քաղաքական համակարգի առումով եւս) ու բիրտ, քան՝ հիմա: Բայց չէ, խորհրդային տարիների սին փառաբանմամբ իբր հոգու հանգստություն են ստեղծում…

Մի անգամ մեկին, ով եւս փառաբանում էր ԽՍՀՄ-ը, հարցրեցի՝ արդյո՞ք կարողացել է իր աշխատանքով ապրել, ընտանիք պահել ու երբեք որեւէ դժվարության կամ անազնվության չի հանդիպել այդ «փառապանծ» տարիներին:

Նա փորձեց նույն ոգեւորությամբ շարունակել, բայց ընթացքում, ինքնաբերաբար, անցավ մեկ այլ հարթություն. հիշեց, որ հարեւաններով ու ընկերներով օգնում էին միմյանց, ամսական պարտքացուցակ էր ստեղծվում, աշխատավարձը չէր բավականացնում, որովհետեւ պահումներն էին շատ, իսկ աշխատավայրում «լատարեյ» էին խաղում, որ հերթով՝ 10 կամ 20 ռուբլի ներդրում անելով, ամիսը մեկ կլորիկ գումարներ կարողանան ձեռք բերել մասնակցող բանվորները, որպեսզի կահույք կամ մեկ այլ իր գնելու հնարավորություն լիներ, «նաչալնիկին» ու «մաստերին» մի լավ հիշեց՝ հիշոցներով, խանութների հերթերից ու «դիֆիցիտ» ապրանքների մասը չուզելով պատմեց՝ փրփրեց, քաղսովետի ու շրջսովետի նախագահների ու տարբեր հիմնարկների, «ժեկ»-երի աշխատողների կաշառակեր լինելը չմոռացավ, անգամ հիշեց, որ դպրոցական տարիներին երեխաները Կորեայի, Վիետնամի կամ Կուբայի որբերի համար պարբերաբար փողեր էին հավաքում՝ երկրում առկա որբերին ու անապահովներին հաճախ անտեսելով, հետո միակուսակցական համակարգը հիշեց ու ձեւական, ոչինչ չորոշող «պարտժողովները»… Էլի բաներ հիշեց, որ հիմա չեմ էլ հիշում:

Ու այսքանն ասելուց հետո լիաթոք ծիծաղեց, թե իսկապես, հիմա հաստատ այդպես չէ, պարզապես զայրացած է, մեր անկախությունը ավելի լավ է ուզում վայելել, Հայաստանը առավելապես հայի համար տեսնել: Հետո թե, հիմա շատերն ասում են՝ միեւնույնն է, մեծ վանդակում ենք, թեկուզ անկախ երկիր ունենք: Բայց գուցե այսպես արտահայտվելուց հետո նրանց համար էլ հստակ երեւակվի, որ այժմ վանդակն այնքան էլ վանդակ չէ, իսկ այն «փառաբանված» տարիներին ավելի մեծ՝ աշխարհի շուրջ 1/6-րդ մասը հանդիսացող ժողովուրդների ձուլարանի վանդակը հերիք չէ, նաեւ վանդակի մեջ կային բազում այլ վանդակներ… Ապազգային դրսեւորումների մասին էլ չխոսենք, իսկ ազգային «ինտերնացիոնալը» այսօր էլ է ծիծաղելիորեն շարունակվում:

Ինչեւէ, թողնենք այս հիշողությունները: Իսկ անկախությունը ոչ միայն կարգավիճակ է, այլեւ՝ հոգեվիճակ եւ կեցակարգ:

Անկախությունը քվեարկության դնելն անգամ անմիտ գործ է, անկախության հանրաքվեն մերօրյա հասկացողության մեջ է, բայց հիվանդ, թերի ու տհաս հանրության զբաղմունք է: Ուրեմն ոչ թե պետք է անկախ լինել-չլինելը որոշենք, այլ հիվանդ ու տկար հանրությանը բուժզննման ենթարկենք… Անկախության հանրաքվեն թույլերի զբաղմունք է, որի հաջող քվեարկությունից ուրախացողներին անգամ հասկանալը դժվար է: Պարզապես գիտակցում կա, որ տխուր իրականության մեջ լույսի հույս նկատվելուց են ուրախանում:

Ինչպես հայրենիք ունենալ-չունենալը չի կարելի քվեարկությամբ որոշել, հայրենիքը տրվում է՝ աստվածատուր-արարչատուր է, այնպես էլ անկախությունն է տրվել ի վերուստ: Եվ եթե կլինի հանրություն, որ կքվեարկի անկախ ապրելու դեմ, ապա այդ հանրությունը այլեւս անդեմ մի զանգված է, ինչպես մեր օրերում են բնորոշում՝ հասարակություն է՝ հասարակ-ություն, որի նկատմամբ հասարակ վերաբերմունքը միանշանակ տեղին է, ուստի հատուկ-ության (բնականորեն ապրողների) կարգավիճակ չպետք է պահանջի այդօրինակ զանգվածը:

Հայ արիականը չի կարող ապրել հասարակ-ության մտածողությամբ ու պահանջներով, օրենքներով ու նպատակներով, կարեւոր չէ՝ այդ հասարակ-ությունը ազգային կհորջորջվի, թե միջազգային, նույն ախտի վարակակիրներն են: Եվ Հայ Արիական Միաբանությունը արիական-հեթանոսական քրմական ծիսակարգով երեկ փառաբանեց անկախության եւ ազատության հայ մարտիկներին, նահատակներին, արժեւորվեց նորօրյա անկախ պետականությունը, որը միասնական Հայաստանի նախահիմքն է: Փառաբանվեցին մեր նախնիք՝ մինչեւ ազգադիրները, նաեւ Հայ Աստվածները, քանի որ այդ օրը հայ արիները նշում են նաեւ Նախնյաց տոնը:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ. – Իրապես անկախությունը բացարձակ արժեք է միայն Արարչի՝ Տիեզերքն ու ամենայն բանն Արարողի համար: Այնպես ինչպես Արեգակը չի կարող որոշել ու հեռանալ Արեգակնային համակարգից կամ մոլորակները ինքնակամ չեն կարող չպտտվել, այդպես էլ ազգերը չեն կարող ինքնատիպությունից հրաժարվել (բնածին ազգերի մասին է), իսկ անհատները՝ ազգային եւ մարդկային որակներից: Դրա համար կա Տիեզերակարգ, որն ունի պահանջներ՝ մեկը մյուսի անկախությունն ու ազատությունը չոտնահարելու եւ ընդհանուր Արարչակարգից չշեղվելու համար…

Սակայն սա այլ էախոսական նյութ է:

Մեզանում էլ են գործածում՝ մեկի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսի ազատությունը… Բայց միայն գործածում են, ուրիշ ոչինչ… Առհասարակ սանձարձակությունն է իշխում:

* * *

Դեպի Միացյալ Հայաստան. Այսօր նաեւ Նախնյաց օրն է

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք են:

20-րդ դարում հայությունը երեք հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիւեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ՝ մաղթելով Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ:

Սեպտեմբերի 21-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման նախաձեռնությամբ Հայաստանում եւ Սփյուռքում նշվեց Նախնյաց օրը եւս:

Հայ արիներն ու ազգայնականները այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար, եղան մայրաքաղաք Երեւանի հնավայրերում եւս, քրմական ծես կատարեցին Հայաստանի անկախության, հայության զորացման եւ նախնյաց սրբազան հիշատակի համար: Այնուհետեւ ՀԱՄ գրասենյակում տոնական արարողությամբ նշեցին սեպտեմբերյան տոները՝ փառաբանվեցին Հայոց Հայրենիքն ու Նախնիք, Հայ Աստվածները…


Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ – 21.09.2011թ.

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.