Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց մեր երկրի 2012թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որ սահմանված կարգով կուղարկվի ԱԺ:
Ըստ այդ փաստաթղթի, հաջորդ տարվա պետական բյուջեն հետեւյալ ցուցանիշներով է հաստատվել՝ եկամուտների գծով՝ 910.5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,042.5 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132.5 մլրդ դրամ: Ի դեպ, պակասուրդի գումարը 2011թ. պետբյուջեով հաստատված եւ 2010թ. պետբյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձեւավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար՝ 16.1 մլրդ դրամ եւ 41.8 մլրդ դրամ նվազեցումով: 2012թ.պետբյուջեի նախագծի պակասուրդի եւ 2012թ. ծրագրվող ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 3.1 %-ի չափով, 2011թ. համար ծրագրված եւ 2010թ. փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի եւ 4.98%-ի դիմաց: Իսկ այս պակասուրդը լրացվելու է շուրջ 335.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկերով, որոնց զգալի մասը տրամադրելու է Համաշխարհային բանկը: 2012թ. պետական բյուջեի պակասուրդը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 3.1 %-ի չափով եւ կազմում է 132.5 մլրդ դրամ: Բյուջետային պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներքին աղբյուրների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ կկազմի մոտ 72.6%: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրների հիմնական մասը կազմում են պետական արժեթղթերի իրացումից ստացվելիք մուտքերը՝ 30.2 մլրդ դրամ, ինչպես նաեւ 2012թ. տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների եւ կայունացման դեպոզիտային հաշվի միջոցների՝ բյուջետային ելքերի ֆինանսավորմանն ուղղվող մասը՝ համապատասխանաբար՝ 37.3 մլրդ դրամ եւ 4.8 մլրդ դրամ:
Ծախսերի մասով. դրանց ծավալը ծրագրվել է 1,042.56 մլրդ դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: 2012թ. պետբյուջեի նախագծի ծախսային մասը 2011թ. պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով:
Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձեւավորմանը՝ 2.0%:
Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի շրջանակներում ֆիննախը տարանջետել է ռիսկերի հետեւյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից բացասական շեղումների՝ ներքին ռեսուրսների գծով եւ արտաքին օժանդակության գծով:
Ներքին ռեսուրսների մասով. ըստ երկրի գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանի, 2011թ. սպասողական ցուցանիշի նկատմամբ 2012թ. բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել հիմնականում հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների աճի հաշվին, որոնք կկազմեն ընդհանուր եկամուտների ավելի քան 96%-ը: Վերջիններիս հավաքագրումը մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող եւ արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, իսկ մյուս կողմից՝ ակնկալվող հարկային օրենսդրության փոփոխությունների, հարկերի հավաքագրման բնագավառում կառավարության վարչարարական միջոցառումների իրականացման արդյունավետությունից:
Այս վարչարարական ասվածի էությանը մենք դեռ կանդրադառնանք առաջիկայում:
Արտաքին օժանդակության մասով 2012թ. բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:
Պաշտոնական դրամաշնորհների մասով. այդ միջոցների հատկացման հարցը կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու կառավարության կողմից տնտեսության բարեփոխումների բնագավառում որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով:
Վարկերի մասով ռիսկերը հիմնականում պայմանավորված են ինչպես պաշտոնական դրամաշն
որհների դեպքում նշված գործոնով, այնպես էլ ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով:
Եթե ներքին ռեսուրսների մասով մուտքերի՝ ծրագրվածից ցածր մակարդակ լինի, ապա ենթադրվում է, որ ծախսերը կվերանայվեն:
Եթե արտաքին օժանդակության գծով մուտքերը պակաս ստացվեն, ապա ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր՝ կախված արտաքին օժանդակության բնույթից:
Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը (70.5%):
Վերջում մնում է հավելել, որ ֆիննախը կանխատեսում է, որ հաջորդ տարի էլ կշարունակեն աճել նաեւ արտերկրից եկող դրամական փոխանցումները՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ի տնտեսության ակնկալվող դրական զարգացումներով: Նաեւ՝ 2012թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է փոքր ինչ ցածր՝ 2011թ. համեմատությամբ, 4.2 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերի աճերը:
Եթե մենք դարձյալ ավելի շատ զարկ տանք ոչ թե արդյունաբերությանը, այլ՝ ծառայությունների աճին, ապա կայուն տնտեսության մասին խոսելն այլեւս անիմաստ կլինի:
Աստղինե Քարամյան
Շինծու աղմուկի հետքերով –
Ձուն լիարժե՛ք սննդամթերք է
Վերջին շրջանում լրատվության որոշ աղբյուրներ, մասնավորապես, ամսագրեր, նաեւ՝ որոշ խորհրդատուներ հավի ձվի շուրջ աղմուկ են բարձրացրել: Նույնիսկ ձուն համարել են վտանգավոր՝ խոլեստերինի աղբյուր: Անգամ առաջարկ է եղել շաբաթական ընդամենը 2-3 ձու օգտագործել:
Մինչդեռ աշխարհի երկրները պայքարում են, որ իրենց բնակչությանը ապահովեն գոնե օրական մեկ ձվով: Նախկին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն, տարեկան յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի 300 ձվից ոչ պակաս: Իսկ Ճապոնիայում ընդունված է 360-ի ցուցանիշը:
Որպես մասնագետ ասեմ, թե, որպես մթերք, ինչ կարեւորություն ունի ձուն եւ, մասնավորապես, հավի ձուն: Սա կենսաբանորեն լիարժեք, բարձր մարսելիության մթերք է: Պարունակում է սպիտակուցներ (լիարժեք ամինաթթուներով), ճարպեր, ածխաջրեր, հանքային տարրեր, վիտամիններ եւ ջուր: Ասել կուզի, որ ձուն պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, վիտամինները, հանքային տարրերը, եւ մարսելիությունը հասնում է 98 տոկոսի: Ձվի 100 գ զանգվածը 158 կկալ էներգիա է պարունակում: Հավի ձուն իր կազմում ունի 75 % ջուր, 12.8 % սպիտակուցներ, 11.5 % ճարպեր, 0.7 % աշխաջրեր, Ա, Բ, Դ վիտամիններ, 0.8 % հանքային տարրեր՝ կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, քլոր, արծաթ, երկաթ:
Իսկ երկաթը թոքերից թթվածինը «շալակած» հասցնում է օրգանիզմի բոլոր բջիջներին եւ այնտեղից ածխաթթուն վերադարձնում թոքեր: Ասենք նաեւ, որ ձվի դեղնուցում եղած երկաթը չափազանց կարեւոր է սակավարյունությամբ տառապող երեխաների համար: Ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակի լեցիտին նյութ, որը եւ ապահովում է այնտեղ գտնվող խոլեստերինի չեզոքացումը, նպաստում է օրգանիզմում խոլեստերինի լիարժեք մարսմանը, այլ ոչ՝ կուտակմանը: Լինելով բազմաթիվ վիտամինների եւ, հատկապես Դ վիտամինի աղբյուր, ձուն չափազանց կարեւոր նշանակություն ունի աճող օրգանիզմների, նաեւ՝ հղի կանանց հաշվեկշռված սննդի ճիշտ կազմակերպման համար:
Իսկ անհիմն «աղմուկին» տուրք տալ պետք չէ:
Գիտության մեջ չխորանալով՝ յուրաքանչյուր մարդ ինքը կարող է վանել ձվի մեջ եղած խոլեստերինի սարսափը: Ձուն թռչունների բազմացման իգական բջիջ է: Եվ եթե այդ բջջի պարունակությունում գտնվեր մի ինչ-որ թեկուզ եւ չափազանց աննշան նյութ, որը կարող էր խանգարել դրանում գտնվող սաղմից կենդանի օրգանիզմի առաջացմանը, ապա ձվից ճուտ չէր առաջանա:
Սերգեյ Ավագյան
«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.



