Առանց անոմալ երեւույթներից խոսելու Ադրբեջանը «դարի պայմանագրի» 17-ամյակն է նշում
Օրեր առաջ թուրքական զլմ-ները միահամուռ ամփոփեցին ադրբեջանական «դարի պայմանագիրը»: Մինչ անդրադառնալը, թե ինչ է այդ պայմանագիրը, մի ձեռնածությունից խոսենք:
«Դարի պայմանագիր» կոչվածի 17-ամյակը, որ սեպտեմբերի 24-ին այդպես մեծ շուքով հիշեցին թուրքական զլմ-ները, իրականում լրանում է ոչ թե 24-ին, այլ՝ 20-ին: Ինչու՞ են փոխել ամսաթիվը: Պատճառը հասկանալի դարձավ հրապարակումներն ուսումնասիրելուց հետո միայն: Իրականում նրանք սպասել էին, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես կտոնի անկախության 20-րդ տարեդարձը, միջազգային ինչ արձագանքներ կլինեն: Ու հատկապես հենց այդ արձագանքներից ելնելով՝ նրանք փոխեցին «դարի պայմանագրի» ամսաթիվը, նշանակությունը, ազդեցությունը:
Այսքանից հետո Թուրքիան կարո՞ղ է ասել, թե չի խառնվում Ադրբեջանի գործերին՝ Արցախի հարցում: Հաստատ՝ ոչ: Մանավանդ, որ Թուրքիան միշտ, պարզապես երբեմն իբր թաքնված է խառնվում Ադրբեջանի գործերին՝ ու հատկապես՝ Արցախի հարցում: Նկատենք, վերջերս անգամ ամերիկյան զինծառայողներ են խոսում այն մասին, որ տարածաշրջանի հարցերին Անկարան շատ է խառնվում՝ դրանով չնպաստելով խաղաղության հաստատմանը:
Ու հիմա Թուրքիան Ադրբեջանից շատ է թմբկահարում ադրբեջանական «դարի պայմանագիրը»՝ չխոսելով որոշ հարցերի շուրջ, որոնք ընդհանրապես կգան մի շարք կնճիռներ հարթեցնելու: Օրինակ, թե ինչու Բաքուն կամ Անկարան Եվրոպայի հետ պայմանավորվում են մի բան, բոլորովին այլ բան է ստացվում, թե ինչու թեկուզ այսքան չարչրկված «Նաբուկո»-ն այդպես էլ գլուխ չի գալիս, կամ թե ինչու Թուրքիան Ադրբեջանին մեկ լարի վրա խաղացնում էլ, մեկ էլ՝ լարից ցած գլորում:
Այս ամենը հասկանալու համար գրեթե չորս տարի հետ գնանք:
Անոմալիա՞, թե՞ պատասխան անոմալ թյուրքերին
Չորս տարի առաջ: Կասպյան շրջան:
Բաքուն աղաղակում է, որ (ժամանակին այս տվյալները ներկայացրել եմ «ՀՀ» օրաթերթում) «Բրիթիշ փեթրոլիում»-ը եւ «Սթեթօյլ»-ը իրեն «գցում» են, իսկ վերջիններս կամ հանգիստ են կամ՝ զարմացած: Բանն այն է, որ նավթի ու գազի համաշխարհային արդյունահանողները, ինչպիսիք են բրիտանական «Բի Փի»-ն եւ նորվեգական «Սթեթօյլ»-ը, Կասպից ծովում «տարօրինակ երեւույթի» են հանդիպել. արդեն կես տարի չեն կարողանում արդյունահանում անել առաջին հորանցքում: «Չի ստացվում, ինչ-որ անբնական բան է»,- զարմացած են երկու ընկերություններում էլ:
Ի՞նչն է անբնական: Վառելիք կամ կա, կամ՝ չկա: Դրա արդյունահանումն էլ լուրջ գործ է, որ նախապես ուսումնասիրություններ է ենթադրում: Չեմ կարծում, թե «Բի Փի»-ին կամ «Սթեթօյլ»-ին ուսումնասիրության արդյունքները չեն հետաքրքրել: Կամ՝ հետաքրքրել են, պարզապես վերջիններս նախնական հետազոտության ուղարկել են ոչ թե սեփական մասնագետներին, այլ՝ հիմնվել են տեղի՝ ադրբեջանական մասնագետների տրամադրած տվյալներին: Սա տրամաբանական է եւ աշխարհում ընդունված փորձ: Ուրեմն, ի՞նչն է պատճառը: Գուցե ադրբեջանական նավթի եւ գազի ապագան այլեւս գաղտնի՞ք է: Ո՞ր կողմն է իրականում մեղավոր՝ ադրբեջանակա՞նը, թե՞ ներդրողը:
Այս եւ այլ հարցերի ադրբեջանական զլմ-ներին փորձում են պատասխանել մասնագետները: Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, օրինակ, այն տեսակետին է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս հսկայական կորուստներ է ունենում: Ի՞նչ է իրականում կատարվում «Շահ-Դենիզի» նախագծի շուրջ: Փորձագետները մամուլում մեղմ են արտահայտվում՝ «ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց այս կարգի հսկայածավալ ծրագրերում ամիսներ ուշացումը ընդհանուր գործին չի անդրադառնում»:
Մասնագետների մեկ այլ խումբ, սակայն, այլ համոզմունքի է: Այդ ամիսների ուշացումը առանց չափազանցության միլիարդավոր դոլարներ է արժենում: Ասենք՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նախագծի ուշացումը դրա ինքնարժեքը 2.95 մլրդ դոլարից հասցրեց 4.5 մլրդ դոլարի: «Տեխնիկական նավթի արժեքն էլ, որ նախատեսված էր խողովակաշարը լցնելու համար, ավելացավ շուրջ երկու անգամ: Եվ այս ամենն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ամենեւին էլ մեղք չուներ»,-պնդում է մասնագետների այս խումբը: «Շահ-Դենիզ»-ից («դարի պայմանագրի» մաս) «սպասվելիք» կորուստներն ավելին են լինելու: Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ դառնա, փորձագետները որոշակի թվեր են մեջբերում ծրագրի ընթացքից: Դեռ 2000թ. «Բի Փի»-ն ծրագրի գործընկերների անունից ադրբեջանական գազի հնարավոր արտահանման ուրվագիծը հրապարակեց: Ասենք, Թուրքիա գազի արտահանման սկիզբը նախատեսվում էր 2002թ. վերջին եւ 2003թ. սկզբին: Որոշ օբյեկտիվ պատճառներով, սակայն, այդ ժամկետները վերաձեւվեցին (փորձագետները դրանք այդ տարիներին պայմանավորեցին Հաջիգաբուլ-Ղազախ-Թբիլիսի մայր գազատարի բարձր ճնշմամբ): 2001թ. Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանավորվեց վերջինիս գազ առաքել 2004թ. սկսած՝ 2 մլրդ խմ ծավալով: 2007թ. արդեն արտահանվող գազի ծավալները պետք է հավասարվեին միջինը 6.6 մլրդ խմ-ի մակարդակի՝ մինչեւ 2018թ.ը: Այսպես պետք է լիներ: Բայց առեւտրային օպերատորը դեռ գազի բաշխման որոշակի տվյալներ էլ չունի. ընթացիկ տարում (կրկնենք՝ 4 տարի առաջվա մասին է խոսքը)… 2.8 մլրդ խմ ծավալով գազի արդյունահանում է սպասվում:
Այս պարագայում թվում է՝ լուծումը պարզ է. Ադրբեջանը օպերատորին պատասխանատվության կենթարկի՝ վնասի փոխհատուցում պահանջելով:
Բայց արի ու տես, որ չի կարող: Որովհետեւ օպերատորի հետ պայմանագրում այս մասով դրույթները հստակեցված չեն: Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հավաստում է, որ Ադրբեջանն այս կարգի ծրագրերում ընդհանրապես վերահսկողություն չի անում: Բայց եթե փոքր-ինչ անի, ապա կարող է տնտեսել եթե ոչ միլիարդները, գոնե միլիոնները. «Բաքու-Սուփսա» խողովակաշարի ծրագիրը հիշենք, որ հումքի արտահանման տեսակետից առեւտրային ամենագրավիչ ուղին էր: Նախ, հին խողովակաշարը պիտի գնահատվեր, ինչն էլ արեց բրիտանական «Ֆլյուոր Դենիել» ընկերությունը: Բայց արդեն 1998թ. հունվարին պարզ դարձավ, որ «Ֆլյուոր Դենիել»-ը խողովակաշարի ընտրանքային հետազոտություն է արել, ասել է թե՝ «չհետազոտված մասերը կասկածելի էին մնում»: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ խողովակաշարի վերջնական արժեքը 315 մլն դոլարից վերաճեց 590 մլն դոլարի: Սրա բացատրությունն էլ դարձյալ պայմանավորվեց անբնական երեւույթներով»: Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն այն տպավորությունն է ստանում, որ շուտով «անբնական երեւույթների գծով միջազգային փորձագետները իրենց բոլոր համաժողովները Բաքվում են անցկացնելու»: Փաստորեն, Բաքուն հասկացնել է տալիս, որ ինքը ոչ մի առումով մեղք չունի, բայց տուժում է:
Անդրադառնանք մյուս կողմի՝ օպերատորի տեսակետին: Ըստ էության նույն՝ «մեղք չունենալու» համոզմունքը, բայց իրենց մասով, ունեն «Բի Փի»-ի ներկայացուցիչները: Այդ մասին նրանք ադրբեջանական կողմին հասկացրել են… մամլո ասուլիսով՝ ընդգծելով, թե, նախ, փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանզի իրենք տուժել են վառելիքի պաշարների մասին սխալ տեղեկատվություն ստանալով, իսկ այն «աշխատած մանր-մունր գումարներն» էլ ուղղվելու են վերանորոգման որոշ ծախսերի:
Ադրբեջանական կողմը փորձում է հակափաստարկներ ներկայացնել. «Շահ-Դենիզ» նախագծի շուրջ «Բի Փի»-ին ադրբեջանական «անսպառ նավթի ու գազի պաշարների մասին» տվյալներ ներկայացրել են «Քվայերներ» միջազգային ընկերությունը (տրամադրել է տեխնիկա-տնտեսական հաշվարկները) եւ «Թեչնիփ» ֆրանսիական ընկերությունը (կատարել է «Բի Փի»-ի պատվերը արդյունահանման նախագծման հետ կապված): Այս աշխատանքների հետեւանքով էլ ընդհանուր նախագծի արժեքն ավելացավ եւս 900 մլն դոլարով: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ֆինանսավորվեց այնպիսի թափով, որ ամենահուսալի ու արդիական սարքավորումներ բերվեցին: Ստացվում է, որ ամեն ինչը կար, բացառությամբ օպերատորի բարեխիղճ վերաբերմունքի: Օպերատորը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է՝ մեջբերելով իրենց վերահսկող ադրբեջանցի գործընկերներին:
Ադրբեջանական մասնագետները պնդում են, որ ժողովրդի նկատմամբ այս վերաբերմունքը այն պարզ պատճառով է, որ նավթի ու գազի արդյունահանման ոլորտը ըստ պատշաճի չի վերահսկվում: Իբրեւ ապացույց՝ ընդամենը մեկ փաստ են մեջբերում. արդեն քանի տարի է խոսվում է նավթային եկամուտների անօրինական յուրացման մասին, բայց ոչ մի պատիժ ոչ ոք չի ստանում: Ավելին, ադրբեջանական զլմ-ները պնդում են, որ օտարերկրյա նավթային ընկերություններից իրենք տվյալներ չեն կարողանում ստանալ հենց ոչ թե օտարերկրացիների, այլ տեղի պաշտոնյաների «շնորհիվ»:
Արդյունքում՝ այդ ընկերությունները միշտ բարձրաձայնում են ծախսերի, բայց ոչ եկամուտների մասին: Դե եթե տվյալներն էլ թաքցնում են Ադրբեջանի պետական այրերը, ուրեմն «գոնե մոտավորապես հասկանալի է, թե նաեւ ուր են հոսում նավթադոլարները»… Իրենց խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար, ադրբեջանական, այսպես ասենք, ընդդիմադիր փորձագետները որոշակի հաշվարկներ են մեջբերում: Միայն 2006թ. «դարի պայմանագրի» շրջանակներում (տարբեր նախագծեր) արդյունահանվել է 23.2 մլն տոննա նավթ եւ արտահանվել 20 մլն 955 հազ տոննա հումք (սա համարյա 155 մլն բարել է): Այս ամբողջ ծավալից Ադրբեջանը միայն 2.7 մլն տոննայի դիմաց է գումար ստացել՝ իբրեւ եկամուտ: Մնացյալը… Ադրբեջանինը չէ. բողոքում է վերջինս:
Փաստորեն, «դարի պայմանագրից» Ադրբեջանին բաժին հասավ արդյունահանման ամբողջ ծավալի ընդամենը 13 տոկոսը, եկամտային մասի 20 տոկոսը: Օպերատորները հանգիստ են. մնացյալն իրենցն է, դա է ներդրումային ծրագրի երկկողմ պայմանավորվածությունը: Ե՛վ բրիտանական «Բի Փի»-ն ե՛ւ նորվեգական «Սթեթօյլ»-ը բարեգործական կազմակերպություններ չեն:
Երազախաբություն
Մեր օրերում: Դարձյալ Բաքու:
Չորս տարի շարունակ զլմ-ները բողոքում են, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը այդպես էլ լավ եկամուտներ չի ստանում, եւ ժողովրդի վիճակը չի բարելավվում: Բայց այսօր 17-ամյակ են նշում ու գո՜հ են եկամուտներից: Եվ այդ գոհունակությունը չգիտես ինչու արտահայտեցին թյուրքավարի՝ ասելով, որ իրենք ավելի լավ զինամթերք ունեն, քան Հայաստանում զորահանդեսի ժամանակ ցուցադրվածը: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու «դարի պայմանագրի» տարեդարձը ուշացումով նշվեց եւ թե ինչու այդպես էլ չխոսվեց Ադրբեջանի չստացած գումարների, էներգակիրների կորցրած ծավալների եւ էներգակիրներից ստացված հասույթի գործածման ուղղությունների մասին:
Փոխարենը մենք նշենք, որ այդ հասույթը գնում է Հեյդար Ալիեւի ստեղծած նավթային հիմնադրամ, որն էլ այսօր տնօրինում է Ալիեւը: Ու թե ինչպես, հայտնի է միայն ալիեւյան դինաստիային: Վերջին բառն էլ հասկանալ չակերտներով, քանզի նույնիսկ դրանց պետությունը դինաստիական շրջան դեռ չի ապրել:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.



