ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի արձագանքները… Հայկական շահերի նպատակային եւ պահանջվող կարծրաց

Հետահայաց –

Հայկական շահեր. կարծրացումներ՝ ըստ պահանջի եւ նպատակահարմարության
Իսկ ամրագրելու համար շաղկապ է պետք
 

ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթը, շատերի կարծիքով, լիարժեք արտացոլում էր հայկական քաղաքականության հետեւողական ու ընկալելի շահերը: Սերժ Սարգսյանն ընդգծեց ՀՀ կողմից վարվող քաղաքականության առաջնահերթություններն ու դրանց շուրջ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները: Նախագահի ելույթում արծարծվող խնդիրներն ամբողջությամբ համահունչ էին խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում ժամանակակից աշխարհի համագործակցության սկզբունքներին, ինչը հաստատ առավել ընկալելի դարձրեց զեկույցը:

Որում, ի դեպ, ներառվել էր կարեւոր՝ արցախյան խնդիրը: «Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաեւ հստակորեն ձեւակերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Կցանկանայի մատնանշել եւս մի կարեւոր գործոն՝ հակամարտությունների սրացման եւ ռազմական գործողությունների վերսկսման կտրվածքով միջնորդական առաքելությունների կանխարգելիչ գործունեությունը: Միջնորդական գործունեության այս կողմը երբեմն անտեսվում է, բայց միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարեւորություն, քան միայն վիճահարույց խնդիրը լուծման հանգեցնելը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տասնամյակ առաջ իր ընտրությունը կատարել է նաեւ ԼՂ ժողովուրդը՝ իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ արյան գնով նվաճել իր ազատ ապրելու իրավունքը. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել: Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում… Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաեւ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ՝ վտանգելով նաեւ խաղաղ գոյակցության ապագան»:

Ս. Սարգսյանը նաեւ շեշտել է, որ մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը՝ Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով եւ ամենուր, այդ թվում եւ այստեղ՝ ՄԱԿ-ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայերի մասին, «Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային եւ սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում եւ տարածվում են շատ պարզունակ եւ, միեւնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետեւյալն է՝ հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սեւ «PR»-ի խայծը, եւ դա արդեն իսկ օգտակար է»:

Չնայած ՄԽ եռանախագահ երկրների ջանքերով եւ մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձեւակերպվել է կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը եւ նշված փաստաթղթերում առկա է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, միեւնույնն է՝ Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները: Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:

Ս. Սարգսյանը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին. «Որպես ռասիզմի եւ այլատյացության ծայրահեղ դրսեւորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում… Անպատժելիությունը, պատասխանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել եւ դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել եւս ծայրահեղ դրսե
ւորում: Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդարանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագործության ժխտման քաղաքականություն»: ՀՀ նախագահը հստակեցրել է, որ առանց ճանաչման եւ դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ամբողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, Ս. Սարգսյանն ընդգծել է. «2008թ. այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը եւ որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի եւ անորոշության մթնոլորտը: Եվ թեեւ մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009թ. ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից»: Այնուհետեւ հավելել է, որ կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները՝ Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար: ՀՀ նախագահը վտանգավոր է համարել նաեւ սպառազինությունների մրցավազքի հրահրումը, որը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի ժողովուրդների համար:

ՀՀ նախագահի ծավալուն ելույթից այս մեջբերումները առավել կարեւոր համարեցինք՝ հայկական շահերի՝ ամենաբարձր մակարդակով արծարծման առումով: Այլապես պակաս կարեւոր չէին նաեւ միջազգային քաղաքականության եւ դրանցում ՀՀ դիրքորոշումների արծարծումները:

Արցախի, Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայ-թուրքական հորջորջվող հարաբերությունների միջազգային նշանակության խնդիրները հնարավորինս մատչելի ներկայացվեցին ՄԱԿ-ում, ինչը գուցե հետագայում կարող է ավելի կարծրանալ՝ ըստ պահանջի եւ նպատակահարմարության: Հաշվի առնելով Ս. Սարգսյանի վերջին ժամանակների հայտարարությունները հայոց պատմության եւ համահայկական նպատակներին առնչվող, հուսով ենք՝ այդպես էլ կլինի:

Մնում է, որ այդ  «հուսանք»-ը փոխվի «վստահ ենք»-ի, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ պաշտոնական Երեւանը շարունակի ամրագրել այդ հայտարարությունները՝ ապահովելով դրանց միջազգային առաջընթացը:

Մի բան էլ, որ առաջին հայացքից գուցե չի շաղկապվում, բայց անվիճելի է. արտաքին հաջողությունները հե՛նց ամրագրելու համար երկրին պետք է են նաեւ ներքին հաջողություններ, իսկ դա առանց հզոր ու կայուն տնտեսության անհնար է: Խոստովանենք՝ կառավարումն այս ոլորտում շա՜տ է թերանում: Շա՜տ մեղմ ասած:
Նարե Մշեցյան
 

Բանավեճ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի ելույթից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Մամեդյարովի ելույթում ՀՀ ու ԼՂՀ մասին հղումները նրա երեւակայության արդյունք են, ով դեռեւս կարծում է, թե սառը պատերազմի շրջանի քարոզչությունն ու ՄԱԿ-ում հակահայկական հայտարարությունները կարող են արդյունավետ գործիք հանդիսանալ իր երկրի դիրքերը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ամրապնդելու համար. բանակցություններ, որոնք նպատակաուղղված են ԼՂ հիմնահարցի համապարփակ, այլ ոչ թե քայլ առ քայլ կարգավորմանը, ինչպես որ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

ՀՀ ներկայացուցիչը հերքելով ՄԱԿ-ի բանաձեւերում Հայաստանի «ագրեսիայի», ՀՀ զինված ուժերի դուրս բերման պահանջների, ինչպես նաեւ 20% տարածքների զավթման հետեւանքով 1 մլն. փախստականների մասին ձեւակերպումների առկայությունը, ընդգծել է, որ նախարարի ելույթում հնչած մեղադրանքներն ու փաստերի նմանօրինակ աղավաղումներն անհիմն են, անարդյունավետ ու վնասում են բանակցությունների ընթացքին, միջազգային կազմակերպությունների աշխատանքին՝ արհեստականորեն ձգձգելով կառուցողական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ ժողովրդի պահանջները բավարարելու համար:

Նշվել է նաեւ, որ Ադրբեջանն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները ԼՂ նկատմամբ՝ ի պատասխան վերջինիս ժողովրդի կողմից ինքնորոշման իր իրավունքի կիրառման:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ եթե Ադրբեջանն աղավաղված փաստերի միջոցով մոլորության
մեջ է գցում իր ժողովրդին, ապա դա դեռեւս չի նշանակում, որ նույն բանը կարող է անել նաեւ միջազգային հանրության հետ:

Եզրափակելով հիմնական քննարկումները՝ ԳԱ նախագահը (երկիրը Կաթար) դրանք որակել է պատմական՝ նշելով, որ այս տարի համաշխարհային ղեկավարները եկան Նյու Յորք «ներկայացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու կարիքները»…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.