Հստակեցումներն ու միջամտությունները երեւակված են
Կրկին աշխուժանում են ՀՀ 3 նախագահների թիմերը եւ կարծես միաժամանակ են փորձում ցուցադրել իրենց կարողություններն ու հնարավորությունները: Կամ էլ մեկի աշխուժացումը նախանձախնդիր է դարձնում նաեւ մյուսներին:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ ի պաշտոնե առավել է երեւակվում, քան մյուս 2-ը, սակայն դա միակ պատճառը չէ: Գործող նախագահը ավելի քան 1 տարի հայոց պատմության, գաղափարների ու նպատակների ինքնատիպ դասեր է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներին, ինչպեսեւ՝ եվրա-ամերիկյան իշխանություններին ու տարաբնույթ կառույցներին, իսկ վերջերս էլ ՄԱԿ-ում ազդեցիկ ելույթ ունեցավ՝ հանդես գալով հայկական շահերի պաշտպանությամբ:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետզհետե է ավելացնում իր ներկայությունը քաղաքական դաշտում՝ գիտակցելով, որ դեռ բարդույթներ կան իր անձի հետ կապված, հատկապես մարտիմեկյան դեպքերին առնչվող:
Շատերն են դեռ կարծում, որ Ս. Սարգսյան – Ռ. Քոչարյան հակադրություն չկա, եւ դա այլ քաղաքական ենթատեքստ ունի՝ թերեւս ՀՀ 2-րդ նախագահի վարչապետ դառնալու հարցում (պուտինյան տարբերակով), ինչը ձախողվեց մարտիմեկյան ողբերգությունից հետո: Իսկ այժմ Ս. Սարգսյանին ձեռք չի տալիս Ռ. Քոչարյանի ներկայությունը իշխանության բուրգում եւ նա փորձում է աներեւույթ խոչընդոտել ՀՀ 2-րդ նախագահի նախաձեռնությունները այդ ուղղությամբ: Համարում են, որ այդ պատճառով է նաեւ (Արեւմուտքի ճնշումն էլ կար), որ կայացավ Ս. Սարգսյան – Լ. Տեր-Պետրոսյան բանակցությունները՝ իշխանության եւ ընդդիմության տիրույթները ծածկելու համար:
Եվ հիմա Ռ. Քոչարյանը փորձում է ընդդիմության ընտրազանգվածի աչքում վարկաբեկված Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն հանդես գալով կամ իր տեղն ապահովել ՀՀ վարչապետի պաշտոնում կամ ընդդիմադիր ուժերի եւ զանգվածների օժանդակությամբ հիմնավորել Ս. Սարգսյանին, որ իր իշխանության գալն ավելի նպատակահարմար է: Այս դեպքում ՀՀ գործող նախագահի վարչապետ դառնալու հեռանկարը չի կարող ձախողվել…
Այս հարցը հնչեղություն է ձեռք բերել, եւ այլեւս պատասխան պիտի տրվի: Սա առավել արդիական է դարձել այն բանից հետո, երբ ռուսական զլմ-ները լուրեր տարածեցին, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ գուցե այլեւս չառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում եւ իրեն արժանի փոխարինող է տեսնում նախկին նախագահ եւ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինին: Սա այն տարբերակն էր, որ պետք է (քննարկվում էր) լիներ նաեւ ՀՀ-ում, ինչը սակայն ձախողվեց…
Իսկ լրագրողների հարցին, թե «Սերժ Սարգսյանն իր տեղը կզիջի՞ Ռոբերտ Քոչարյանին», ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ինչքան ինձ հայտնի է՝ ոչ հեռու ապագայում երկրագնդի հետ կարող են բախվել տիեզերական մարմիններ եւ չեն բացառում, որ կլինեն գործիչներ, որոնք այդ երեւույթը կհարմարեցնեն իրենց քաղաքական հավակնություններին»: Լրագրողների ճշտող հարցին էլ թե՝ «այսինքն Սերժ Սարգսյանն իր տեղը չի՞ զիջի Ռոբերտ Քոչարյանին» ՀՀԿ մամլո խոսնակն ընդամենն ընդգծեց. «Ես հումորով արդեն պատասխանեցի այդ հարցին»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը առաջարկեց վարչապետ Վ. Պուտինին թեկնածությունն առաջադրել սպասվող նախագահական ընտրություններում, եւ այս իրադարձությունը ՀՀ քաղաքական ոլորտում արդեն արձագանք է գտել, թե հնարավոր է՝ մոդելը կիրառելի լինի նաեւ Հայաստանում: Է.Շարմազանովը այս առումով էլ շեշտեց, որ կա կոալիցիոն հուշագիր, որում կոալիցիոն ուժերը պաշտպանել են նախագահ Ս. Սարգսյանի թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում, իսկ ՀՀԿ-ն վճռական է, միակամ ու համախմբված իրականացնելու երկրի բարեփոխումները նախագահ Սարգսյանի գլխավորությամբ:
Այսպես հստակեցվում է, որ ՀՀ 3 նախագահների ձգտումներն էլ իրական են եւ նախագահական:
Ուրեմն՝ չի կարող լինել ՀՀ 3-րդ եւ 2-րդ նախագահների համատեղ խաղ, ինչը կարող է վերսկսվել միայն ՀՀ նախագահի նախընտրական փուլի վերջում, երբ որեւէ մեկը համոզվի որեւէ մեկի վստահ հաղթանակի մեջ: Կամ էլ՝ այս թոհուբոհը պարզապես ուղղված է գալիք ՀՀ ԱԺ-ում առավել տեղեր ունենալուն:
Նաեւ չի կարող այլեւս լինել ՀՀ 3-րդ եւ ՀՀ 1-ին նախագահների համատեղ խաղ, քանի որ դա նախ իջեցրեց Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը, ապա չխանգարեց ՀՀ 2-րդ նախագահին շարունակել իր քայլերը մեծ քաղաքականություն վերադառնալուն ուղղված:
Եթե դիտարկենք նաեւ օտար ուժերի միջամտությունները եւս, ապա այստեղ էլ թեթեւ հստակություն է նկատվում: Ս. Սարգսյանը իրապես կարողանում է խաղալ 2 լարերի վրա եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի «կոնսենսուսի» պայմաններում կարող է դառնալ հավանական միասնական թեկնածու: Նույնը չի կարելի ասել Ռ. Քոչարյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի մասով, քանզի առաջինը վստահաբար ռուսաստանյան կողմնորոշում ունի, երկրորդը՝ արեւմտյան, եւ միջազգային հակազդեցություններն ակնհայտ են:
Վերջերս աշխուժացել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մասնակցել է «Միացյալ Ռուսաստան»-ի համագումարին ու հանդիպել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին: Ի դեպ, ռուսսատանյան զլմ-ների փոխանցմամբ՝ համագումարին մասնակցել են շուրջ 50 օտարերկրյա պատվիրակներ, սակայն նրանց նախապես զգուշացվել է, որ ՌԴ ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներն անհնար են վերջիններիս խիստ հագեցած օրակարգի պատճառով: Բացառություն է արվել միայն ԲՀԿ նախագահի համար:
Ռ. Քոչարյանն էլ է եղել Ռուսաստանում, աշխատանքային այցով, որպես «Սիստեմա» կորպորացիայի տնօրեններից մեկը եւ վստահաբար կհանդիպի ՌԴ վարչապետ Պուտինին:
Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը, չնայած ԱՄՆ-ի կողմից «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն օժանդակելուն (կազմված ՀԱԿ-ից եւ ՀՀՇ-ից հեռացածներից), նորից եվրա-ամերիկյան մերձեցումների փորձեր է անում, ինչը կարող է եւ հաջողվել:
Իսկ այն պնդումները, թե «Հայաստանում ապստամբություն է հասունանում», այլեւս իրատեսական չէ, քանզի գործող նախագահին առ այսօր հաջողվում է նախորդ նախագահներին եւ նրանց հարող թիմերին քաղաքականապես չեզոքացնել, իսկ միջազգային ազդեցիկ ուժերին համագործակցելու գործուն եզրեր առաջարկել:
Ամեն բան առավել հստակ կլինի ՀՀ ԱԺ ընտրություններից հետո, երբ տարանջատվեն կամ տարամիտվեն գործող ուժերը՝ ըստ ԱԺ-ում ձեռք բերած տեղերի ու հնարավորությունների:
Արամ Ավետյան
«Վիկիլիքս»-յան կտեր
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը օրերս անդրադառնալով վերջին օրերին մի շարք պաշտոնյաների հրաժարականներին, ինչպես նաեւ պաշտոնից հեռացնելուն, նշեց, որ դրանք ավելի շատ երկրորդական նպատակներ կարող են լինել, «այնուամենայնիվ՝ հասկանալի չեն ազատվելու կամ ազատելու դրդապատճառները եւ չեմ ցանկանում տարբեր տեսությունների, վարկածների մեջ ընկնել ու ներկայացնել, թե իրական պատճառները որոնք են»:
Հիշատակելով «Wikileaks»-յան հրապարակումները՝ նա ասել է. «Այս կապակցությամբ, որոշ օլիգարխների դեմ վարույթներ հարուցելու, ոմանց պաշտոններից ազատելու փաստերը փորձ են՝ հավաստիացնելու, որ համակարգը խելքի է բերվում»:
Իսկ անդրադառանալով Հայաստանի 3 նախագահների մասին «Wikileaks»-ի մերկացնող հրապարակումներին, տարաբնույթ վերլուծություններին եւ այս կամ այն հղումներին՝ նա ասել է. «Կարծում եմ՝ «Wikileaks»-ը թոշակի է ուղարկում Հայաստանի բոլոր 3 նախագահներին»:
Անի Մարության
«Թեժ աշնան» շեմին –
Կգա քաղաքական դաշինքների ժամանակը
Քաղաքական զարգացումներն անցնում են «աշնանային թեժացումների»: Արդեն կակտիվանան քաղաքական նկրտումներ ունեցող բոլոր ուժերը՝ անկախ հնարավորություններից եւ նպատակակետի բարձրությունից:
Վերջերս նորից աշխուժանալու միտում ցուցադրեց ԱԼՄ հեռուստաալիքը անմիջապես փակվելուց հետո քաղաքական հանրահավաքների ուղին բռնած «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը՝ «Ազգային ճակատ»-ով (ԱՃ): Հայտարարվեց, որ մարդկանց վճռական քայլերի են մղելու, հոկտեմբերից հանրահավաքների շարք են նախաձեռնելու:
ԱՃ ղեկավարը քննադատել է այսօրվա, իր խոսքերով «դիմությանն ու ընդդիմությանը»՝ կոչ անելով ժողովրդին իր ձեռքը վերցնել սեփական ճակատագրի ղեկը: Տ. Կարապետյանը նաեւ հիշեցրեց ներկաներին, որ ժամանակին լավություն է արել հարյուր հազարավոր մարդկանց, որոնք, սակայն, այժմ իր կողքին կանգնած չեն:
Ի դեպ, զլմ-ները հիշեցնում են, որ 20 տարի առաջ, 1991թ. սեպտեմբերի 23-ին այն նույն դահլիճում, որտեղ տեղի ունեցավ «Ազգային ճակատ»-ի համաժողովը, Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանը ինքնիշխան եւ անկախ պետություն: Հանրաքվեի արդյունքները ներկայացրեց այն ժամանակվա ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը:
Ժամանակին ԱՃ-ին աջակցող նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նույնպես կասկածում է, «դիմություն-ընդդիմություն» երկխոսությանը՝ նշելով, թե «երկխոսող կողմերն ի վիճակի չէին գալ որեւէ համաձայնության»: Ա. Մանուչարյանի կարծիքով՝ սեպտեմբերին կլինի ժողովրդական ցասման մեկնարկը, որն սկսելու է ՀԱԿ-ը, սակայն այն առաջ է տանելու ժողովուրդը:
Իսկ ՀԱԿ-ը վերսկսելով հանրահավաքային գործընթացը՝ նորից անցավ հին «երգին»՝ «Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթին…», ինչի մասին «մոռացել» էր, երբ բանակցում էր իշխանական կոալիցիայի հետ՝ ԱԺ-ում մանդատներ վաստակելու նպատակով: Հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար նորից առաջնային դարձան «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերի «մանրակրկիտ ուսումնասիրությունները», որոնցում, իմիջիայլոց, ոչ միայն ՀՀ իշխանություններին «մեղադրող» մասեր կան…
Սակայն ՀԱԿ-ի հանրահավաքներն այլեւս բազմամարդ չեն, իսկ ՀՀ 1-ին նախագահի ասածներն էլ այլեւս «հալած յուղի» պես չեն ընդունվում:
Վերջերս կրկին ելույթներ է ունենում ՀԺԿ նախագահը: ՀԱԿ-ի հանրահավաքներից մեկում Ստեփան Դեմիրճյանը հույսը կտրելով բանակցելու հեռանկարից, հայտարարել է. «Արդեն ակնհայտ է, որ մենք ազատ եւ արդար ընտրությունների կհասնենք ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով: Արդար ընտրությունները պետք է պարտադրվեն»:
Որոշ լրատվամիջոցներ արդեն այլ կերպ են արձագանքում ՀԱԿ-ի հանրահավաքներին՝ դրանք վերնագրելով «Հանրահավաք՝ քաղաքական դաշտի տխրահռչակ աստղերի մասնակցությամբ», որը «սուր հումորներով փորձում էր ապահովել Նիկոլ Փաշինյանը»:
Իր հանրահավաքային ելույթի ժամանակ ՀԱԿ ղեկավարը վերստին պնդեց իր դիրքորոշումները Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերում՝ հիշեցնելով, որ այս հարցերը պետք է շուտափույթ լուծել:
Ինչպես վերլուծաբաններն են ասում՝ «վաղուց է հայտնի այս հարցերում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը. Արցախի խնդիրը մեծ բեռ է մեզ բոլորիս համար, ինչն էլ խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը»: Եվ ՀԱԿ ղեկավարը համարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար», ինչպես «գուցեեւ՝ նույնքան էլ մեզ համար»…
Ակտիվացումներ կլինեն նաեւ խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կողմից, գուցե ավելի ջանքեր գործադրի նոր ատենապետով ՀՌԱԿ-ը:
Հուսանք, որ ջանքերը կծավալի նաեւ հայ ազգայնականությունը՝ ի դեմս Հայ արիական միաբանության (ՀԱՄ):
Իրենց բնույթին հարազատ՝ կաշխուժանան նաեւ ընտրությունից ընտություն երեւացող ու «գործող» քաղաքական կազմակերպությունները:
Բայց ի վերջո, ՀՀ ԱԺ ընտրությունների եզրագծին կձեւավորվեն մի քանի նախընտրական դաշինքներ (առանձին հանդես եկող ուժերին եւս որպես աջակից կմիանան այլ կազմակերպություններ)՝ ներառելով տասնյակ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, որոնք էլ կձեւավորեն հերթական Ազգային Ժողովը:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.



