Նոր ԽՍՀՄ, թե՞ ընդդեմ ԵՄ-ի

Ադրբեջանի հետ՝ նույն դաշինքու՞մ

Երկար ժամանակ անհաշտ պայքար էր ընթանում ԽՍՀՄ կազմաքանդումնից հետո առաջացած ԱՊՀ եւ ՎՈւԱՄ կառույցների միջեւ, որտեղ «տեղավորվել» են նախկին խորհրդային հանրապետությունները:

ՎՈւԱՄ-ը Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերով պարբերաբար անհարթություններ էր ստեղծում նաեւ Հայաստանի համար՝ ՄԱԿ-ում կամ եվրակառույցներում: Սակայն Ուկրաինայում իշխանափոխությունից հետո, երբ արեւմտամետ նախագահին փոխարինեց ռուսաստանամետ նախագահը, ՎՈւԱՄ-ի թափն ընկավ: Առանց Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի ջանքերը այդքան զորավոր չեն դիտարկվում:

Իսկ ԱՊՀ-ն հետզհետե ավելի կուռ համակարգ է փորձում դառնալ, որը սակայն անդամ երկրների շահերի պաշտպանության համակարգված մակարդակի չի հասել: Գուցե չհասնի էլ, քանզի Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Ղրղըզստանը թյուրքական եւ իսլամական պատկանելության պետություններ են եւ հաճախ Անկարայի ու Բաքվի հետ հակահայկական դրսեւորումներով են հանդես գալիս: Թերեւս Ռուսաստանը, Բելառուսն ու Տաջիկստանն են մեր ԱՊՀ-ական դաշնակիցները:

Բայց ահա, պարբերաբար արծարծվում է Եվրասիական միության գաղափարը: Շատերը սա համարում են Ռուսաստան-Բելառուս միության նման չգոյատեւող կառույց, բայց Մոսկվան հետեւողական փորձում է հասնել դրան: Մաքսային միությունը եւ միասնական տնտեսական տարածությունը կարող են Եվրասիական միության հիմք դառնալ: Այս միության ջատագովն է ՌԴ վարչապետ եւ ապագա նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը: «Իզվեստիա» թերթի հարցազրույցում նա ասել է. «2012թ. սկզբին ստեղծվելիք միասնական տնտեսական տարածությունը կարեւորագույն ինտեգրացիոն նախագիծ է»: Թվարկելով Մաքսային միության եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի առավելությունները՝ Վ. Պուտինը նշում է, որ այդ նախագծերը հիմքեր են ստեղծում Եվրասիական տնտեսական միության ձեւավորման համար: «Խոսքը այս կամ այն տեսքով ԽՍՀՄ-ը վերստեղծելու մասին չէ, բայց սերտ ինտեգրացումը նոր արժեքային, քաղաքական, տնտեսական հիմքի վրա ժամանակի պահանջն է»,- ասել է ՌԴ վարչապետը՝ հասկանալով, որ ԽՍՀՄ վերածննդի յուրաքանչյուր փորձ արժանանալու է ձախողման:

Եվրասիական միությունը հայտարարված է բաց նախագիծ, եւ ռուսները կողջունեն դրան այլ գործընկերների միանալը, իհարկե նախ ԱՊՀ երկրների մասին է խոսքը: Հասկանալի է, որ Եվրասիական միությունը կարող է Եվրոպական միության հակակշիռ ծրագիր լինել:

Արտակ Հայոցյան  

Բաքուն զայրացած է

Իրանական «Ղաֆղազ.իռ» կայքը ահազանգել է, որ «Ադրբեջանի Մեջլիսի իշխանամետ պատգամավորները բացահայտ միջամտում են Իրանի ներքին գործերին: Ադրբեջանցի անկարող պատգամավորները, չկարողանալով լուծել իրենց երկրում առկա խնդիրները, Ուրմիա լճի չորացման պատրվակով ծանր մեղադրանքներ են հնչեցնում Իրանի հասցեին»:

Ադրբեջանցի պատգամավորները Իրանի իշխանություններին կոչ են արել, որպեսզի դադարեցնեն Ուրմիա լճի չորացման դեմ պայքարող իրենց հայրենակիցների նկատմամբ կիրառվող ճնշումները, իսկ պատգամավոր Սիավոշ Նովրուզովը իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրել է, որպեսզի ապստամբեն եւ ավելի շատ պայքարեն, միեւնույն ժամանակ, նա կոչ է արել, որպեսզի «ԻԻՀ-ից ԼՂ ուղեւորվող մեքենաների ճանապարհը փակեն»……

Բաքուն զարմացած է

Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը փոխել է իր դիրքորոշումը Ադրբեջանի ընդդիմության նկատմամբ եւ Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում, Սիրիայում ընդդիմությանը սատարող Էրդողանը որոշել է լինել նաեւ Ադրբեջանի ընդդիմության կողքին:

Այս փոփոխությունը կապված է տարածաշրջանում ընթացող գործընթացների, հատկապես՝ Ադրբեջանի նկատմամբ Վաշինգտոնի ունեցած դիրքորոշման հետ: Անկարան երբեք էլ անկախ արտաքին քաղաքականություն չի վարել, իսկ դրա վերջին ապացույցը Սիրիան է, երբ Էրդողանը սկզբում եղբայրական հարաբերություններ էր խոստանում Բաշար Ասադին, իսկ հետո Վաշինգտոնի պահանջով հրետակոծում է նրան: Նույնը կարող է տեղի ունենում Ադրբեջանի նկատմամբ, ինչը սկսել է մտահոգել պաշտոնական Բաքվին:
Նարե Մշեցյան
 

*  *  *

Սպառնացել են Ադրբեջանին

Ստամբուլում տեղակայված Իսլամական արդարության եւ ազատության միջազգային կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը՝ անհապաղ ազատ արձակել այն անձանց, ովքեր մասնակցել են հեջաբ կրելու համար կազմակերպված ցույցերին եւ դատապարտվել: Այս կոմիտեն սպառնացել է, որ հակառակ դեպքում կդիմեն կտրուկ գործողությունների: Ադրբեջանում հեջաբի արգելքի դեմ բողոքելու համար դատապարտված մահմեդականների հետ համերաշխության նպատակով որոշել է մարդու իրավունքների պաշտպաններից, լրագրողներից, իրավաբաններից եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված միջազգային խմբով ժամանել Ադրբեջան. «Շուրջ 50 ավտոմեքենայից բաղկացած քարավանով ցանկանում ենք համաշխարհային հանրությանը ծանոթացնել Ադրբեջանում ճնշումների ենթարկվող մահմեդականների իրական վիճակը եւ ցուցադրել իրենց իրավունքների պաշտպանության համար դատապարտված մահմեդականների նկատմամբ մեր համերաշխությունը»,- ասվում է կոմիտեի հայտարարությունում: Եթե «քարավանի» մուտքն Ադրբեջան արգելվի, ապա դրա պատասխանատվությունը կդրվի այդ երկրի ղեկավարության վրա եւ կոմիտեն ավելի ազատ կշարունակի ապօրինությունների եւ ճնշումների դեմ իր գործողությունները. սպառնացել են իսլամիստները եւ զգուշացրել, որ փոխհատուցումը ծանր կլինի, եւ Ադրբեջանի դիկտատորները կարժանանան մահմեդական հավատացյալ աշխարհի զայրույթին:

Անի Մարության
Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը

Ռազմական եւ հետախուզական ոլորտներում Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ համագործակցության խորացումը հանգեցնում է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությանը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները է՛լ ավելի են լարվել:

Իսրայելը հակված է օգտագործել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի խոչընդոտի Իրանի միջուկային ծրագրերը:

Իրանն էլ իր հերթին անհանգստացած է Ադրբեջանում իսրայելական ԶՈւ դիրքերի ամրապնդման հեռանկարով եւ Իրանի դեմ դրանց հնարավոր գործադրման հնարավորությամբ:
Կարեն Բալյան
 

Եվ ինչի՞ է ձգտում Վրաստանը

ՎՀ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ամերիկյան «The Daily Beast» կայքին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է իր հակահրթիռային պաշտպանության ռադարը տեղակայի Վրաստանում, ոչ Թուրքիայում: Նա պարզաբանել է, որ Թուրքիան պատրաստ է տեղակայել ռադարը միայն այն ժամանակ, եթե ԱՄՆ-ն չի պարտադրի պաշտոնական Անկարային Իսրայելի հետ կիսվել ռադարի միջոցով ստացված տեղեկություններով, իսկ Վրաստանը պատրաստ է կիսել ստացված տեղեկությունները, այդ թվում՝ Թուրքիայի եւ Իսրայելի հետ:

Ըստ Սահակաշվիլու, ԻԻՀ-ի հրթիռների վերահսկումը վրացական տարածքից ավելի հեշտ կլինի, քան թուրքական տարածքից: ԱՄՆ սենատորներ Ջոն Կաիլը եւ Մարկ Կիտը պահանջում են Թուրքիայի կողմից հակաիսրայելական պայմաններ առաջ քաշելու կապակցությամբ չեղյալ հայտարարել այդ երկրում ռադար տեղադրելու մասին որոշումը, եւ Սահակաշվիլին հույս ունի օգտվել ստեղծված վիճակից՝ ամրապնդել ռազմական գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ-ից պաշտպանվելու համար: Թուրքիայում արդեն իսկ մտահոգություն կա, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը առաջինը իրանական հրթիռների հարձակման թիրախ կարող են դառնալ, ինչը կարծես Վրաստանի նախագահին չի հուզում:

ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալը նշել էր, որ Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կկանգնի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջեւ, որոնք  ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում են:

Արտակ Հայոցյան

Վրաստան. – Վ. Չախալյանը հացադուլ է հայտարարել

Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որին Վրաստանի իշխանությունների դատապարտել էին 10 տարվա ազատազրկման եւ ով գտնվում է Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հոկտեմբերի 5-ից սկսել է անժամկետ հացադուլ: Չախալյանը դիմել է հացադուլի ի նշան բողոքի, իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Նա պահանջում է դադարեցնել անօրինական ճնշումները եւ բարելավել բանտային պայմանները:
Վահագն Չախալյանը նաեւ տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների, բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը: Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 14-ին, Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախքահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` բանտային պայմանների էական խստացման միջոցով:

Վրիպա՞կ, թե՞ փորձնական  փուչիկ

Հետաքրքիր բաներ են կատարվում Թուրքիայում: Վերջերս հայտնի դարձավ, որ թուրքերը «հասկացել» եւ Արարատ լեռը «հանձնել» են Հայաստանի Հանրապետությանը, բայց առայժմ միայն քարտեզի տեսքով: Ստամբուլի «Գյուրբյուզ Յայընեւի» հրատարակչությունը կրտսեր եւ միջին տարիքի դպրոցականների համար հրատարակել է այդ երկրի ֆիզիկական քարտեզը, որտեղ Արարատ լեռը ներառված է մեր պետության կազմում: Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում՝ հրատարակչության արարքը գնահատվում է իբրեւ հայրենիքի դավաճանությանը հավասարազոր քայլ: Բայց հատկանշականն այն է, որ ըստ ուսումնասիրությունների, Թուրքիայում մեծ է նրանց թիվը, ովքեր կարծում են, որ «Արարատ լեռն իսկապես Հայաստանում է»:

Որ Հայաստանում է՝ դա հաստատ է, թեկուզ այն այսօր Արեւմտյան Հայաստան է կոչվում: Բայց հետաքրքիր է, որ Արարատ լեռը (ճիշտը՝ Մասիսի լեռները, քանզի Արարատը լեռնաշխարհ է՝ Արարատյան կամ Հայկական) թուրք հրատարակիչների ջանքերով «հայտնվել» է Հայաստանի Հանրապետության կազմում: Ինչ վերաբերում է «փորձնական փուչիկ»-ին. «Նոր Մերձավոր Արեւելք» ամերիկյան ծրագրում տարածաշրջանի վերաբաժանումների քարտեզում Մեծ եւ Փոքր Մասիսները ներգրավված են ՀՀ-ի կազմում, իսկ ազատագրված տարածքներն ու Նախիջեւանը՝ «Մեծ Ադրբեջանի» կազմում (նաեւ իրանական Ադրբեջանները):

Եվ գուցե թուրք-ամերիկյան  փորձարարական մի հնարք է արվել՝ տեսնելու եւ՛ թուրքերի եւ՛ հայերի վերաբերմունքը՝ «Արարատը հանձնելու» դեպքում…
Վահագն  Նանյան
 

«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.