Մենամարտը 1-ին եւ 2-րդ նախագահներն են սկսում


Ռուսաստանյան իրադարձություններն իր անձի հետ կապելու առնչությամբ Ռ. Քոչարյանի հայտարարությունը դրական է գնահատել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը. «Այն, որ ՀՀ 2-րդ նախագահը մեկնաբանելով ու հստակություն մտցնելով 2012թ. ՌԴ նախագահի պաշտոնում Վ. Պուտինի առաջադրվելու ու այն իր անձի շուրջ կապելու առնչությամբ քաղաքական դաշտում սկիզբ առած խոսակցությունների առիթով իր զարմանքն է արտահայտել, ինքնին դրական է»: Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, որով վերջինս չի բացառել իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում՝ պաշտոնաթող նախագահը, իրավունք ունի որոշելու իր քաղաքական ծրագրերը:

Իսկ Ռ. Քոչարյանն ասել է. «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը՝ ՌԴ-ում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում ՀՀ Անկախության 20-ամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից»:

ՀՀ 2-րդ նախագահը չի բացառել իր վերադարձը, սակայն, այդ քայլին նրան կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում «Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում», այլ հետեւյալ 3 գործոնները. 1. Երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, ու, որպես հետեւանք՝ փակուղային  տրամադրությունների եւ արտագաղթի աճը: 2. Հասարակության տարբեր շերտերի կողմից իմ՝ մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը: 3. Իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:

Եվ  արդեն իսկ հարց է ծագում՝ ո՞վ կպահանջի Քոչարյանի վերադարձը: Ոմանք դա կապում են ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի ակտիվացման հետ, ոմանք չեն դադարում պնդել ՀՅԴ-ի տարբերակը, քանզի դաշնակցականները դեռ պարտք են Քոչարյանին՝ ՀՀՇ-ական քաղաքական դատավարություններից ազատվելու համար: Նաեւ արդեն լուրեր են շրջանառվում, որ որոշ գործարարներ իրենց շրջանում ստորագրահավաք են նախաձեռնել՝ Քոչարյանի վերադարձի պահանջարկը արդարացնող:

Իսկ Տեր-Պետրոսյանի համար Քոչարյանը «պրոբլեմ չի»: ՀՀ 1-ին նախագահի համար «շինծու թեմա է Քոչարյանի քաղաքականություն վերադարձը… Քոչարյանը մարած քարտ է… Նա քաղաքական գործիչ չէ եւ չի եղել… Համակերպվել է համակարգին՝ սկզբում խորհրդային, ապա ՀՀՇ-ական»… Ահա թե ինչ է մտածում Լ. Տեր-Պետրոսյանը՝ վերջում խորհուրդ տալով մոռանալ Ռ. Քոչարյանին: Ի դեպ, Տեր-Պետրոսյանը կարծում է, որ միակ մարդը, ով այսօր հենարան կլինի Քոչարյանին, ԱԳ նախկին նախարար Վ. Օսկանյանն է:

Վստահ ենք՝ ՀՀ 2-րդ նախագահը դեռ կպատասխանի ՀՀ 1-ին նախագահին, ով իր վերադարձը չգիտես ինչու իրական է համարում, անգամ ընդունելի եւ սպասելի, իսկ իրեն հաջորդող նախագահինը՝ ոչ:

Գուցե «ահից է գոռում» տարբերա՞կն է…

Տեր-Պետրոսյանը Քոչարյանին «ոչնչացնելուց» հետո, անցել է գործող նախագահին: Ըստ նրա, իր այդ հավատամքը բխում է հետեւյալ սկզբունքային ելակետերի հստակ ըմբռնումից. 1. ՀՀ ներկա վարչախումբը իշխանությունը յուրացրել է ոչ թե արդար ընտրությունների, այլ լայնածավալ կեղծիքների, բռնությունների, սեփական ժողովրդի դեմ կազմակերպված սառնասիրտ սպանդի միջոցով:

2. Վարչախումբը ոչ միայն ընդունակ, այլեւ մտադիր էլ չէ փոխել իր հանցավոր էությունը եւ իրական բարեփոխումների միջոցով հաղթահարել երկրում առկա քաղաքական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչպեսեւ թեկուզ մասնակիորեն շտկել օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում տիրող անհանդուրժելի վիճակը: 3. Վարչախմբի հետագա գոյությունը խոչընդոտում է պետության բնականոն զարգացումը, ոչնչացնում ժողովրդի ստեղծագործ ոգին եւ, առանց չափազանցության, սպառնում երկրի ազգային անվտանգությանը:

ՀԱԿ-ը պահանջում է ՀՀ 3-րդ նախագահից՝ 1. Մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: 2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ՝ ընդգրկելով իրենց ներկայացրած հայտնի առաջարկները: 3. Առաջիկա 3 ամիսներին բացահայտել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ: 4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրգործերը: 5. Վերացնել Երեւանում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը: 6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը: 7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը: 8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների եւ ՏԻՄ ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան:

Այսքանից հետո, ՀԱԿ-ՀՀՇ-ական պարագլուխները գրեթե հայտարարում են, թե անկախությունն էլ է իրենց մենաշնորհը, ինչպես Արցախի ազատագրումը… Ազգի անունից ու ազգի արյունը իրենց վերագրելը նախկին հհշականների կամ ներկայիս կոնգրեսականների համար այլեւս դարձել է խրոնիկ հիվանդություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վ. Կարախանյանը (հին Հանրապետականներից) այս առիթով ասել է. «Երբ ՀՀԿ-ն պայքարում էր Հայաստանի անկախության համար, ամեն ինչ անում անկախ Հայաստան ունենալու համար, Տեր-Պետրոսյանը նույնիսկ չէր երազում քաղաքական կարիերայի մասին»: Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն եւ շատ այլ կազմակերպություններ ոչ միայն մեծ ներդրում են ունեցել Հայաստանի անկախության, այլ նաեւ երկրի սահմանների պաշտպանության ու պետականության ամրապնդման համար:

Վստահ ենք՝ ՀՀ 3-րդ նախագահն էլ իր պատասխանները կհնչեցնի, երբ Քոչարյանն իր խոսքը Տեր-Պետրոսյանի մասին ասած կլինի: Ամեն դեպքում հանրությունը կսպասի պատասխանների:

Վահագն Նանյան

*  *  *

Ոտգցոցի՞ Դաշնակցությանը

Ըստ «Wikileaks»-ի, 1993-95թթ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորը 1993թ. հուլիս 27-ին թվագրված եւ պետդեպ ուղարկված նամակում խոսում է «Հայաստանի հետ PKK-ի (ՔԲԿ-Քրդստանի բանվորական կուսակցության) հնարավոր կապերի մասին:

Դեսպանը գրում է, որ իրենք բարձրացրել են հարցը այն ժամանակվա ԱԳ նախարար Վահան Փափազյանի մոտ, որը պատասխանել է. «PKK-ի եւ ՀՀ կառավարության միջեւ որեւէ կապ չկա: Բայց չի բացառվում, որ նման կապ կարող է լինել որոշ ընդդիմադիր խմբերի, ինչպես, օրինակ, դաշնակների միջեւ»…

Հարցին՝ թե խոսքը Հայաստանի դաշնակցականների, թե Աթենքում գտնվող կենտրոնական գրասենյակի դաշնակցականների մասին է, նախարար Փափազյանը պատասխանել է. «Տարբերություն չկա»:

Նամակում դեսպանը խոսում է նաեւ այն մասին, որ դեսպանատունը փորձել է ստուգել, արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Թուրքիայում տարածված լուրերը, որ Հայաստանում PKK-ի ամսագիր է հրատարակվում:

Պարզվել է, որ ամսագիրը ընդամենը 2 համար է թողարկել, իսկ ամսագրի գլխավոր խմբագիրը պարզաբանել է, որ Հայաստանում PKK-ն գործունեություն չի ծավալել:  

Ոտգցոցի Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Հայաստանին

Ըստ «Wikileaks»-ի  մի փաստաթղթի, որում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին ԱՄՆ պետքարտուղարությանն ուղարկված նամակում (2008թ. սեպտեմբերի 26) վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է X), նշվում է, թե «Իրան-Ղարաբաղ-Հայաստան-Սեւ ծով երթուղով Ադրբեջան մտնող իրանական թմրանյութերից շահույթ են ստանում նաեւ հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները եւ կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը… Ադրբեջանցի պաշտոնյաները Տեր-Պետրոսյանին մեղադրում են իրանական թմրանյութերի առեւտրից շահույթ ստանալու համար»,- նշվում է փաստաթղթում:

Կարեն Բալյան

Բամբասանք եւ իրականություն –

Բախտի, անբախտի, թե՞ յաբախտի…

Նորանոր լուրերը չեն թողնում, որ զարմանքը երկար սպասեցնել տա մեր քաղաքական ոլորտում: Մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները երբեմն տարօրինակ դրսեւորումներ ու սովորույթներ են ցուցաբերում:

Դրանց հաճախ են անդրադառնում հատկապես սոցիալական կայքէջերը, օրինակ նշում են, որ «նրանցից մեկը տուն է կառուցում Ազգային ժողովի շենքի նմանությամբ, մյուսը մի ամբողջ գազանանոց է պահում՝ կազմված վայրի գազաններից, մեկ այլը տան մոտակայքում եկեղեցի է կառուցում, որ թաքուն ապաշխարի, հաջորդը մարդկանց նստացնելուց ազատ ժամերին ծաղիկներ է լուսանկարում…»:

Իսկ վերջերս «Հրապարակ»-ը հավելելով գրել էր, որ «որոշ բարձրաստիճան անձինք ու օլիգարխներ էլ հաճախակի այցելում են աստղագուշակների ու բախտ նայողների: Ըստ տեղեկությունների՝ աստղերի միջոցով իրեն սպասվող իրադարձությունները պարբերաբար ճշտելու սովորույթ ունի նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.