Երկոսու՞մ են, թե՞ խաղ են անում

Արժեզրկվող բանակցություններ

Բոլորի կողմից այդքան ողջունելի բանացությունների անհիմն դադարեցումից հետո ՀԱԿ-ը սկսեց շուրջօրյա հանրահավաքները: Եվ սա միայն մեկ նպատակ է հետապնդում, հավաքել-իմի բերել այն ընտրազանգվածը, որը մնացել է հավատարիմ ՀԱԿ-ին մասնատումներից եւ հետեւորդների զանգվածային կորստից հետո: Քննարկվել է նաեւ շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել 1 շաբաթ եւ իշխանությունների առջեւ դնել պահանջներ: Դրանք են՝ արտահերթ եւ նախագահական ընտրություններ մինչեւ 2012թ., ընտրություններից առաջ ԸՕ-ում կատարել էական փոփոխություններ, դրանցում ընդգրկել ՀԱԿ առաջարկները եւ այլն:

Իսկ ոստիկանները առայժմ առանց բարդություններ առաջացնելու, պահանջել են հեռանալ Ազատության հրապարակից՝ պատճառաբանելով, որ հանրահավաքներն ապօրինի են: Ոստիկանությունը առայժմ չի խոչընդոտում, ըստ երեւույթին քանի դեռ բողոքավորները իրենց հանգիստ են պահում: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ ՀԱԿ-ի կազմակերպած նստացույցը չի արդարացնում կոնգրեսի ղեկավարների սպասելիքները: Ազատության հրապարակում գտնվող ՀԱԿ-ի համակիրների թիվը չի ավելանում, եթե չասվի՝ պակասում է: Չնայած հին ու նոր պահանջներին, ՀԱԿ-ի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են իշխանությունների հետ շարունակել ընդհատված երկխոսությունը: Տարօրինակ է այս ամենը, քանզի նախկինում ոստիկանների հետ բախում հրահրողներից Տ. Առաքելյանը դեռ գտնվում է կալանքի տակ, որի պատճառով էլ իբր դադարեցվել էր բանակցությունները:

Ինչպես ասում են, ՀԱԿ-ը փոշմանել է, անգամ փորձել է օրեր առաջ կապվել իշխանության ներկայացուցչի հետ, բայց նա «անհասանելի» է եղել:…ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լ. Զուրաբյանը Ազատության հրապարակում հայատարարեց, որ ինքը փորձել է զանգել իշխանության աշխատանքային խմբի ղեկավար Դ. Հարությունյանին: Սակայն վերջինիս չի կարողացել գտնել: «Ուզում էի տեղեկացնել, որ կոնգրեսը պատրաստ է բանակցել իշխանության աշխատանքային խմբի հետ՝ ներկայացնելու համար հանրահավաքում հնչած պահանջները»,- ասել է Լ. Զուրաբյանը, ում հաջողվել է կապվել իշխանական պատվիրակության մեկ այլ անդամին՝ Գ. Մինասյանին, ով խոստացել է գտնել Դ. Հարությունյանին եւ փոխանցել ՀԱԿ առաջարկը:

Ահա այսքան «հետաքրքիր» ընթացքով են փորձում վերականգնել բանակցությունները կոնգրեսականները:

Սակայն մի բան հաստատ է. տեսնելով որ կոալիցիա-կոնգրես երկխոսությունը մասնատեց ՀԱԿ-ը եւ ի չիք դարձրեց ընդդիմության առաջնորդող ուժ լինելու հնարավորությունը, ՀԱԿ ղեկավարները որոշեցին երկխոսությունը դադարեցնելով նոր ընդդիմադիր ալիք սկսել ու ամրապնդելով իրենց դիրքն ու ուժերը, ավելի բարձրագոչ խոսել իշխանության հետ: Սակայն այդպես չեղավ: Ինչպես բանակցությունները գցեցին ՀԱԿ-ի վարկը, այնպես էլ բանակցությունների չհիմնավորված դադարեցումը խորացրեց նրանց քաղաքական անկումը: ՀԱԿ-ն այլեւս չունի առաջվա վարկանիշը ընդդիմադիր դաշտում, իսկ անվարկանիշ ավելի թույլ դիրքերում է կոալիցիայի հետ հարաբերություններում, քան ուներ երկխոսություն սկսելուց առաջ: Եվ դա էր պատճառը, որ կոալիցիան ձգձգում էր երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը:

Գ. Մինասյանը նշել է, որ նախ պետք է իրական պատասխան տրվի, թե ինչու՞ ընդհատվեցին բանակցությունները եւ արդյո՞ք դա կարող է կրկնվել: Որքա՞ն պատասխանատու է ՀԱԿ-ը մոտենում երկխոսությանը եւ եթե երկխոսությունը վերսկսվի, ապա արդյո՞ք այդ գործընթացին չեն խանգարի շուրջօրյա հանրահավաքները: Ճիշտ տարբերակ չէ միաժամանակ երկխոսել ու նստացույցեր անել:

Իսկ քաղաքական կոալիցիայի աշխատանքային խումբը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետեւողական հորդորներից հետո սկսած երկխոսության

գործընթացի՝ ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել»: Միեւնույն ժամանակ նրանք կարծում են, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ չի դարձնի, ուստի կսպասեն այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկեն ՀԱԿ ներկայացուցիչների հետ իրենց հանդիպման մանրամասները: Այսպես՝ կոալիցիան որոշեց, երկխոսությունը կշարունակվի միայն հանրահավաքները դադարեցնելու դեպքում:

Ավելին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանն ասել է, որ «ոստիկանությունը պետք է իր լիազորություններով հանդես գա ու արգելի ՀԱԿ հանրահավաքները, քանի որ ապօրինի են ու ժողովրդի համար բացասական հետեւանքներ կարող են ունենալ: Իսկ, եթե արտոնված լիներ, թող 10 օր մնային»: Նա նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո էլ իշխանությունները չկիրառեցին օրենքը ու «մենք ունեցանք անկառավարելի մի զանգված, որը ոչ մեկին չէր ենթարկվում ու արդյունքում՝ մարտի 1: Եթե Տեր-Պետրոսյանն ուզենա, կրկին կլինի մարտի 1»:

Սա  կարծես որպես ահազանգ է հնչեցվում իշխանությունների կողմից, որ եթե ՀԱԿ-ը նպատակ ունի մարտիմեկյան կրկնության, ապա դա անմիջապես կկանխվի: Նաեւ միջազգային հանրությանն են լսեցնում, որ այս անօրինականություններին սատարելով (իմա՝ Լ. Տեր-Պետրոսյանին աջակցելով) նպաստելու եւ հանգեցնելու են 2008թ. ողբերգության կրկնմանը…

ՀՀԿ կոշտ դիրքորոշումը ՀԱԿ-ի «մեղմ» սրտովը չեղավ, եւ կոնգրեսը ներկա պահին նորից անիմաստ է համարում երկխոսությունը… ՀԱԿ-ը հայտարարել է, որ այս լարված քաղաքական վիճակում պատրաստ է, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել բանակցությունները իշխանությունների հետ, եւ սա թելադրված էր այն գիտակցումով, որ երկխոսության ստեղծված ձեւաչափով բանակցությունների վերսկսումը կարող է ծառայել որպես ժողովրդի բարձրացրած պահանջների իրագործման ու ստեղծված քաղաքական հակամարտության անցնցում կարգավորման գործիք, թուլացնել առճակատման մթնոլորտը, եւ քաղաքական գործընթացները զերծ պահել երկրի կայունությունը խաթարելու վտանգից:

Նեղացած կոնգրեսականները կրկին անցել են բառաձեւակեպումային տեռորի. «Պետական եւ քաղաքական մտածելակերպից զուրկ եւ գավառամիտ լինելը սրանով ապացուցող իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ հասարակության հետ իրենց հակամարտության հիմքում ընկած է չընտրված լինելու փաստը: Փոխանակ փորձեն համարժեք գնահատել այս հիմնահարցը եւ, ժողովրդի, ինչպես նաեւ նրան ներկայացնող ընդդիմության հետ բանակցելով, գտնել հենց այս խնդրի լուծման ուղիները, իշխանություններն այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա. ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարդությունը…»:

Դե  ինչ, Ս. Սարգսյանին տակավին վերջերս նախագահ կոչած Լ. Տեր-Պետրոսյանը, որ արագ մոռացել էր գործող նախագահի «չընտրված լինելու փաստը», նորից անցավ հին ոճին… Սա արդեն հետաքրքիր չէ՜ բոլորովին:

ՀԱԿ  համակարգող Լ. Զուրաբյանը, ըստ էության, պատասխանելով կոալիցիոն աշխատանքային խմբի հայտարարությանը՝ տեղեկացրել է, որ ՀԱԿ-ը դադարեցնում է այս իշխանությունների հետ բանակցությունը. «Մենք պայքարը տեսնում ենք ժողովրդի մոբիլիզացիայի մեջ»,- ասել է նա, ինչը նույնպես երգվա՜ծ երգ է: ՀԱԿ պատասխանը կոալիցիային ընդդիմադիրները մեկնաբանել են այսպես. «Էժանագին խրատներով համեմված հայտարարություն», որից հետո նրանք  հետագա երկխոսության կգնան միայն իշխանության խնդրանքի դեպքում. «Մենք կքննարկենք եւ կորոշենք»…

Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ կադրային հարցում գործարքի չի գնալու (արդեն նախագա՞հ է), ինչպես 2008թ. արեց ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանը: Ինչեւէ, իշխանության գալուց հետո նա պետք է ստեղծի մերիտոկրատիա, այսինքն՝ արժանավորների իշխանություն. «Ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավելիի չի արժանանալու»,- բացատրել է ՀՀ 1-ին նախագահը:

Հա՜, ինչ չի արել իր նախագահական տարիներին, խոստանում է անել, եթե իրեն «ազգովի խնդրեն դառնալ նախագահ»… Նա չի մոռացել նշել, որ չնայած Ս. Սարգսյանը իր հին ընկերն է եղել, բայց ինքը երբեք որեւէ խնդրանքով նրան չի դիմել:

Իմիջիայլոց, կոնգրեսականները փորձում են նաեւ պառակտում մտցնել կոալիցիայում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ա. Սարգսյանը խորհուրդ է տվել ժողովրդին լուրջ չվերաբերել հանրապետականների խոսք ու ասածին, քանի որ «նույն Հանրապետական կուսակցությունը չէր կարողանա 7 օր շարունակ նստացույց անել ժողովրդի հետ»… Ի դեպ, նա հայտնեց, թե իր ԲՀԿ-ական ընկերն ասել է՝ որքան ՀՀԿ-ականներն անդամատոմսեր են հանձնում ՀԱԿ-ին, մի քանի անգամ ավել՝ հանձնում են իրենց…

Կարծում ենք՝ այլեւս ժամանակն է, որ մյուս ընդդիմադիր ուժերը, տեսնելով այս ամենը, համախմբվեն եւ ընդդիմադիր ճակատ կազմելով փրկեն ժողովրդի այն հույսերը, թե մեր երկրում իրապես կա ընդդիմություն եւ կարող է դիմակայել ցանկացած իշխանության: Այլապես այս «դիմություն-ընդդիմություն» խաղը կհուսալքի մեր հանրությանը վերջնականապես: 

Արման Դավթյան  
 
Հանրապետական կրոնապետության հետեւանքները

Եկեղեցին երբեք չպետք է դառնա պետության գործիքը.- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը: Հայաստանը աշխարհիկ պետություն է, իսկ եկեղեցին անջատ է պետությունից. «Ես կերազեի, որ եկեղեցին ազատ լիներ պետությունից: Եկեղեցին չպետք է դառնա պետության գործիքը, ինչպիսինն այսօր դարձել է»,- նշել է նա:

Այն, որ եկեղեցին Հայաստանում միշտ է եղել իշխանությունների հետ (անգամ տնտեսական ոլորտների բաշխման առումով), փաստ է: Անգամ ա՛յն ժամանակ, երբ ՀՀ նախագահը Լ. Տեր-Պետրոսյանն էր: Անգամ ա՛յն ժամանակ, երբ անկախության համար մղվող շարժումն էր սկսվել Խորհրդային Հայաստանում, եւ երջանկահիշատակ Վազգեն Ա-ն հրահանգում էր (հասկանալի է՝ ում ճնշմամբ) ժողովրդին դադարեցնել պայքարը եւ տուն գնալ…

Դեռ ժամանակ առաջ ազգագրագետ Հ. Խառատյանը հայտնել էր, որ «այսօր եկեղեցին բավական սերտաճած է իշխանության հետ»: ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախկին պետը առավել մոտիկից է նկատել այս կապը, ինչի մասին համարձակ բարձրաձայնել էր. «Նախ, եկեղեցին՝ որպես կրոնական ինստիտուտ, դեռեւս բազմաթիվ խնդիրներ ունի. հոգեւորականների պակաս, իր պատկերացմամբ՝ եկեղեցիների սակավություն, այդ հոգեւորականների վարքի ընդհանրության խնդիր, բնակչության կրոնականության հարցը հասկանալու պրոբլեմ եւ այլն: Հետո՝ կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին իր համար ուրիշ առաջնահերթություններ է որդեգրել, եւ դրանց մեջ իր պրեստիժայնությունը համապատասխանեցնում է այսօրվա իշխանությունների պրեստիժայնության տարբերակին, այսինքն՝ որքան ինքը թելադրող լինի, այնքան, թվում է, այս պահի եւ իրավիճակի համատեքստում ավելի շահեկան դիրք ձեռք կբերի»…

Այսօր տասնյակ աղանդավորական կազմակերպությունների ազատ վխտումը մեր երկրում նույնպես եկեղեցու եւ իշխանությունների սերտաճման պատճառով են, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ու նախեւառաջ՝ եկեղեցու համար…

Անի Մարության

Հ.Գ. – Գաղտնիք չէ, որ աղանդավորական կազմակերպությունները ոչ միայն հոգեխեղ գործունեությամբ են զբաղված եւ օտար երկրների ու այլեւայլ կազմակերպությունների գործակալների համակարգ ունեն, այլեւ՝ որպես կայուն ընտրազանգված են ծառայում յուրաքանչյուր իշխանական համակարգում: Եթե պետությունը կարծում է՝ այդ կազմակերպություններին ընտրությունից ընտրություն ծառայեցնելով քավում է դրանց «պետական գրանցում տալու» իր մեղքը, ապա չարաչար սխալվում է՝ այդ կառույցները ներսից խարխլում եւ այնուհետեւ վաճառքի են հանում (հանել տալիս) այն երկիրը, որի նախագահն իբր ընտրվել է նաեւ աղանդավորականների «ջանքերով»…

 

«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.