Դիվանագիտական հաղթանակները պետք է իրավական ուժ ստանան
Միջազգային զլմ-ները ՀՀ անկախության 20-ամյակի երեւանյան զորահանդեսը համարեցին «Հայաստանի նորագույն պատմության ամենալայնամասշտաբ զորահանդեսը»: Իսկ «Օրուժիե Ռոսսիի»-ն հատուկ նշել է, որ զորահանդեսում ցուցադրվել են հ-300 զենիթա-հրթիռային, «Գրադ» հակազարկային, ինչպես նաեւ «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համակարգերը, որոնք ավելի վաղ հայկական զինված ուժերը չէին փորձում ներկայացնել: Ռուսաստանյան այս զլմ-ին շատ էր հետաքրել անգամ մարտական մեքենաների գունավորումը: Անկախության զորահանդեսը իսկապես շատ առումներով նախորդ զորահանդեսներից բացառիկ էր նաեւ այն բանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին: Սա հատկապես հանգստացնող «հաբ» կծառայի Ադրբեջանի ռազմատենչ նախագահի համար:
Հիշեցնենք, որ ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակեց ԼՂՀ՝ մարզի եւ Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով: Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես ԼՂՀ պետական եւ վարչական ժամանակավոր բարձրագույն մարմին: ԼՂ-ի՝ սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված հերթական այս քայլը հնարավոր դարձավ եւ միջազգային որոշակի իրավական կարգավիճակ ստացավ 1988թ. ի վեր Արցախյան կամ Հայոց համազգային շարժման ու պայքարի շնորհիվ: Իսկ այս 20 տարիներին արցախահայությունը հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ ապացուցեց անկախ պետականությամբ ապրելու ունակությունն ու անքակտելի իրավունքը: Բազմիցս նշել ենք, որ թերեւս միայն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը կարող է ի չիք դարձնել Արցախի անկախությունը՝ քանզի հայկական երկու պետությունների միավորումը հայտարարվել է 22 տարի առաջ, եւ փաստացի ամրագրումը միայն ժամանակի խնդիր է…
Իլհամ Ալիեւն էլ կարծես առաջվա պես վստահ չէ, որ ունակ է ԼՂ հարցը լուծել ուժային ճանապարհով. սա «WikiLeaks»-ը ներկայացրել է ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված «BAKU 00000776 003 OF 004» փաստաթղթում, որում ներկայացված են ԼՂ հարցի կարգավորման շուրջ պաշտոնական Բաքվում տիրող տրամադրությունները: 2008թ. ռուս-վրացական պատերազմն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արժեզրկեցին Երեւանի վրա ճնշում գործադրելու Բաքվի 2 հիմնական լծակները՝ նավթային գումարների հաշվին ադրբեջանական ռազմական ներուժի աճը եւ ՀՀ շրջափակումը: Փաստաթղթում ասվում է, որ ժամանակ առ ժամանակ Ալիեւն իրեն դրսեւորում է որպես շատ նեղ հայացքների տեր քաղաքական գործիչ, քանզի կարծում է, թե էներգակիրների միջոցով կարող է ներգործել ՌԴ-ի վրա, որպեսզի վերջինս ստիպի ՀՀ-ին զիջումների գնալ եւ վերադարձնել ԼՂ-ին հարող 5 շրջանները: Զեկույցի հեղինակը նշում է, որ եթե «ռուսներն ի վիճակի լինեին դա անել, վաղուց արած կլինեին»: 2008թ. ռուս-վրացական պատերազմը հստակեցրեց, որ Մոսկվան նպատակ ունի պահել Հարավային Կովկասում իր ուժային գերակայությունը, ինչը նորից թեւաթափ է արել Ադրբեջանին, քանի որ պաշտոնական Բաքուն վստահ է, որ ՌԴ-ն լիարժեք ռազմական աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին:
Համաձայն փաստաթղթի՝ Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որ ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան հանդես է գալիս որպես ԼՂ հարցի կարգավորման հիմնական խաղաղարար միջնորդ եւ վստահություն են հայտնել, որ երբեք չի սատարի հիմնահարցը ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի ցանկությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես հիասթափեցրել է Բաքվին, քանի որ կարծում են, թե ՀՀ շրջափակումը կարող է թուլացնել պաշտոնական Երեւանի դիրքերը ԼՂ շուրջ բանակցությունների ժամանակ:
Զեկույցում նաեւ կասկած է հայտնված, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ գաղտնի պայմանավորվածություն կա առ այն, որ թուրքական մեջլիսը չի վավերացնի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, մինչեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի: Այդ նամակում նշվում է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի հասարակությունը գտնվում է Ալիեւի կառավարության կողմից իրականացվող թշնամանքի քարոզչության ազդեցության ներքո, եւ ադրբեջանական որոշումները թելադրվում են վերեւից ներքեւ սկզբունքով, մինչդեռ Հայաստանում հասարակությունը շատ ավելի մեծ դեր է խաղում քաղաքական որոշումների ընդունման հարցում: Վերջում շեշտվում է, որ եթե Ալիեւն իսկապես ցանկանում է լուծել ԼՂ հարցը, նա պետք է փոխի Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող քարոզչության բնույթը:
Մոսկվան թույլ չտալով պատերազմի հրահրում՝ այնուամենայնիվ չի ճանաչում ռազմավարական գործընկեր Հայաստանի շահերը եւ չի ճանաչում Արցախի անկախությունը՝ ինչպես դա արեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեպքում: Ռուսաստանյան զլմ-ները գրում են, թե «Ռուսաստանը Ղարաբաղը չի ճանաչում, սակայն հաշվի է առնում հայկական կողմի դժգոհությունը»: Այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն Երեւանում գտնվող Վրաստանի դեսպանին իր դժգոհությունն էր արտահայտել սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի հնչեցրած մեկնաբանությունների համար, փորձագետները կարծում են, որ նույնպիսի դժգոհություն կարող է արտահայտվել նաեւ ՌԴ-ի նկատմամբ: Ըստ «Ռեգնում»-ի, հավանաբար, պաշտոնական Երեւանը ռուս դաշնակցին արդեն հասկացրել է, որ անընդունելի է համարում ադրբեջանական գնահատականին համահունչ մոտեցումների արտահայտումը: Եվ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը անհրաժեշտ է համարել եւս մեկ անգամ հանդես գալ նոր հայտարարությամբ, որ Մոսկվան ԼՂՀ-ն չի ճանաչում որպես անկախ պետություն, սակայն միաժամանակ հավելել է. «ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԼՂՀ-ում անցկացված ՏԻՄ ընտրություններն ուղղված են եղել բնակչության համար նորմալ կենսապայմանների ստեղծմանը», իսկ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակը պետք է որոշվի «ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտող կողմերի միջեւ տարվող քաղաքական բանակցությունների արդյունքում, որը հիմնված է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:
Ամեն դեպքում հստակ է, որ, գոնե առայժմ, ՌԴ-ն Կովկասում պատերազմ թույլ չի տա եւ պատրաստ է հանդես գալ Հարավային Կովկասի խաղաղության երաշխավոր: Մոսկվան կարծում է, թե այս հարցում կստանա ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այսօրինակ հայտարարությունը ռուսական զլմ-ները մեկնաբանել են որպես «Հարավային Կովկասում ՌԴ դերակատարության եւ պատասխանատվության գոտու ամրապնդման փորձ»: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը Հարավկովկասի երկրները տարբեր են արձագանքել՝ «Վրաստանն արձագանքել է սարկազմով, Ադրբեջանը՝ ըմբռնումով, բայց չթաքցնելով դժգոհությունը ԼՂ հարցի կարգավորման գործընթացից, Հայաստանը՝ զուսպ-դրական»,- գրում է « Նեզավիսիմայա Գազետա»-ն, շեշտելով, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է տարածաշրջանում ռազմական գործողությունների եւ ուժի կիրառման միտումները կանխելու ուղղությամբ, «ցանկացած կողմից ուժի հակաօրինական կիրառման դեպքում ՌԴ-ն ամեն ինչ կանի տարածաշրջանում խաղաղություն սահմանելու համար»,- մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ելույթը՝ գրում է թերթը:
Գուցե սա է պատճառներից մեկը, որ վերստին սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները, այս անգամ էլ «գազային» նոր առճակատման դրսեւորումներով, նույնիսկ թուրքական կողմից փոքրիկ շանտաժով: Մոսկվան հասկանում է, որ Անկարան փորձում է Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով ամրապնդվել Հարավկովկասյան տարածաշրջանում, ինչը թույլ կտա թուրքերին հաստատվել նաեւ Միջինասիական թյուրքական երկրներում եւ Մերձավորարեւելյան տարածաշրջանում՝ գործածելով իսլամական եւ արաբական որոշակի լծակներ: Այս առումով փոքրիկ առճակատումներ են լինում նաեւ իրանա-թուրքական հարաբերություններում:
Մոսկվան պետք է այլեւս զգոն լինի ոչ միայն Կովկասում, ուստի, ըստ որոշ մեկնաբանների, ՌԴ-ն կարող է Արցախի հարցում իր առաքելությունը հանձնել ԵԱՀԿ ՄԽ մեկ այլ անդամ Ֆրանսիային, որպեսզի առավել անկաշկանդ զբաղվի իր տարածաշրջանային շահերով: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ ՌԴ-ում իշխանությունը Դ. Մեդվեդեւից Վ. Պուտինին անցելու ընթացքի հետ: Իսկ իշխանափոխությունից հետո ռուսական շահերը գուցե ավելի ընդգծվեն: ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում որոշակի փոփոխություններ նույնպես հնարավոր են: Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա ու առաջիկայում Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան, Վարշավայում համանախագահների հանդիպումը Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահների հետ, նույնպես կարող է ազդակ լինել միջնորդական առաքելության ֆրանսիական փոփոխության համար:
ՌԴ նախագահի ընտրություններից հետո Մոսկվան կվերսկսի իր դերակատարությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մեկնաբանները կարծում են, որ ՌԴ-ում նախագահների փոփոխության դեպքում ՀՀ-ի ներքին քաղաքական կյանքում փոփոխություններ չեն լինի, դա որեւէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:
Իր մտահոգությունները Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին է հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր եւս: Միջազգային ասպարեզում այլեւս քննարկման թեմա է նոր պետությունների ճանաչման գործընթացը, որը չի կարող շրջանցել Արցախը: Ստեփանակերտը ողջունել է Ուրուգվայի նախաձեռնությունը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին: Վերջերս Ստեփանակերտ էր ժամանել Մոլդովայից առանձնացած, անկախության ուղին բռնած Մերձդնեստրի պատվիրակությունը, որը մասնակցել է Արցախ-ԼՂՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությանը: Իսկ Արցախի նախագահը ողջունել էր վերջերս Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունները:
Ադրբեջանական հերթական փորձերը՝ ՌԴ միջոցով Արցախի խնդրին լուծում տալուն ուղղված, կրկին ձախողվել են: Հայտնի է, որ Բաքուն առաջարկել էր Մոսկվային միջնորդելու, որ Արցախը ազատագրված տարածքները հանձնի Ադրբեջանին, իսկ փոխարենը ՌԴ-ն հնարավորություն կստանա վերականգնել իր ռազմավարական ներկայությունը, այդ թվում՝ նաեւ ռազմական հենակայանների ցանցի ստեղծման միջոցով, ինչը կկանխի նաեւ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա խորացումը:
Բաքվին միշտ թվում է՝ ՀՀ-ն ՌԴ-ի ենթական է, ուստի պետք է հայկական կողմի հետ խնդիրները լուծել Մոսկվայում: Թերեւս այս կարծիքը ստեղծվել է վաղուց, երբ ռուսաստանյան ռազմա-տնտեսական համակարգը գերակշռում էր ՀՀ-ում (տնտեսությունում ռուսական մասնաբաժինն այսօր էլ որոշիչ է,-խմբ.), ինչը նաեւ թելադրող էր: Սակայն այսօր այդ համակարգը չկա այլեւս, անգամ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք հիմնարկների հանձնումը Մոսկվային («գույք՝ պարտքի դիմաց») ոչինչ չվերականգնեց ռազմա-տնտեսական համակարգում եւ այդպիսի կախվածություն (խորհրդային շրջանին համարժեք) չկա: Անգամ հակակրանք առաջացավ, երբ Մոսկվան միլիարդների հասնող պարտքերը ներեց աֆրիկյան որոշ երկրների, բայց ՀՀ-ին ոչ միայն չներեց, այլեւ «թավանի» տակ դրեց ռազմավարական գործընկերոջը…
Մի կողմից սա նաեւ դրական ազդեցություն գործեց՝ «չկա չարիք՝ առանց բարիքի», եւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաբեւեռ արտաքին հարաբերություններ ծավալեց՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի, առանձին նաեւ Եվրոպայի կառույցների, անգամ Թուրքիայի եւ այլ երկրների հետ:
Սա հաստատ բարձրացրեց ՀՀ միջազգային վարկը: «Wikileaks»-ը զեկույցներից մեկում նշել էր, որ «Ալիեւը իր դժգոհություններն է հայտնել Սեմնեբիին, որ Արեւմուտքի երկրները անտեսում են Ադրբեջանին»: «SECTION 01 OF 02 BAKU 000787» փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ դեսպանությունը Մեծ Բրիտանիայի դեսպանից եւ Ֆրանսիայի փոխդեսպանից տեղեկացել է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը հայ-թուրքական գործընթացի հետ կապված դժգոհություն է արտահայտել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին: Բաքվում կարծում են, թե «Արեւմուտքի երկրները առաջ մղելով Թուրքիային եւ Հայաստանին՝ անտեսում ու վնասում են Ադրբեջանի շահերը: Եվ եթե Ադրբեջանի շահերն անտեսվեն Արեւմուտքի կողմից, ապա կարող են գազը վաճառել Հյուսիսի, Հարավի, անգամ Արեւելքի երկրներին, բայց ոչ Արեւմուտքին»: Ըստ փաստաթղթի՝ դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Թուրքիան՝ հմուտ դիվանագիտական հնարքների եւ հավաստիացումների միջոցով կանխել է Ադրբեջանի տաքարյուն արձագանքը եւ անհեռատես քայլերը: Ահա նման անցանկալի եւ անկանխատեսելի քայլերը բացառելու համար էլ Մոսկվան փորձում է փոխել Անդրկովկասում ռազմական ուժերի հավասարակշռությունը: Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հենց այդ հարցն է քննարկվել: Մոսկվան որոշակի քանակությամբ ռուսական զինված ուժեր է բաշխելու ԱՊՀ երկրներում, ինչը բավարար կլինի որպեսզի ՌԴ-ն լիովին գերիշխող լինի տարածաշրջանում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ առաջարկել է օգտագործել ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերը՝ հեղաշրջումները կանխելու համար, որի վտանգը կա «արաբական հեղափոխական ալիքից» հետո: Բելառուսի ղեկավարը ակնարկել է, թե հեղափոխությունների սպառնալիքն առավել լուրջ է, քան արտաքին ներխուժումը. «Ճակատով պատերազմի ոչ մեկ մեզ դեմ դուրս չի գա, իսկ սահմանադրական հեղաշրջում իրականացնել շատերը կցանկանային»:
Ադրբեջանը հասկանալով պատերազմի վերսկսման անհեռանկար լինելը՝ միեւնույնն է, զինվում է: ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրում հայտնվել են 2010թ. միջազգային զինամթերքի շուկայում կայացած գործարքների մասին տվյալներ, համաձայն որոնց այդ տարի Թուրքիան Ադրբեջանին վաճառել է մեծաքանակ զենք-զինամթերք, զինտեխնիկա: Հիմա ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը խախտել եւ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրով նախատեսված քվոտաները, բայց ոչ մի բան չի ձեռնարկվում: Դրանից հետեւություն, որ Հայաստանը նույնպես պետք է զինվի եւ այնպիսի զինտեխնիկայով, որ եթե անգամ դրանք զորահանդեսներին չցուցադրվեն (հասկանալի պատճառներով), ապա հաստատ թշնամիների ականջներին կհասնեն լուրերը…
Պատերազմին պատրաստվել միշտ պետք է:
Չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են զուգահեռ քայլեր ձեռնարկել նաեւ հակամարտության գոտում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին: «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին ընդունված եզրափակիչ համատեղ հռչակագիրը նույնպես կետ ունի, որը վերաբերում է Հարավային Կովկասին, ըստ որի՝ այս տարածքում առկա խնդիրները, այդ թվում արցախյան հիմնախնդիրը, պետք է լուծվեն խաղաղ պայմաններում՝ հաշվի առնելով միջազգային նորմերը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, իսկ այդ նորմերը ներառում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:
Իսկ Ստրասբուրգում հայ-ադրբեջանական նոր կրքեր բորբոքվեցին հայկական կողմի բոյկոտի պատճառով: «Չմասնակցելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի նիստին՝ Հայաստանը խախտում է Բյուրոյի որոշումը»,- հայտարարել է ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը:
Նա առաջարկել է հայկական պատվիրակության բոյկոտի հարցը քննարկել Բյուրոյում. «Եթե ենթադրենք, որ բյուրոն չի արձագանքի հայկական պատվիրակության որոշմանը՝ կապված նիստին չմասնակցելու հետ, դա կնշանակի, որ ընդունվում է, որ Բյուրոյի որոշումները կարող են բյուրոյի մասնակից երկրների կողմից պարզապես մի կողմ շպրտվել»,- ասել է ադրբեջանցի պատվիրակը: Իսկ խոսելով այն մասին, թե արդյոք դա հնարավորություն է ընձեռում ճնշում գործադրել հայաստանյան պատվիրակության վրա, հայ լրագրողին ասել է. «Ավելի շուտ կազմակերպությունը կփակվի, քան կարող են ձեր Հայաստանի վրա ազդել»:
Այսպես արտաքին քաղաքական ասպարեզում կարծես անցնում են թուրք-ադրբեջանական ցնծությունների ժամանակները, եւ այլեւս պետք է դրանց դիմակայել առավել կազմակերպված եւ հայկական շահերին միշտ հետամուտ:
Ամեն դեպքում տարածաշրջանում առկա ռուս-թուրքական, իրանա-ադրբեջանական, թուրք-իսրայելական, անգամ Սիրիայի եւ Իրանի հակասությունները Թուրքիայի հետ կարող են նպաստել Հայաստանի եւ հայության նպատակների հաջողմանը:
Արամ Ավետյան
Ստատուս-քվոն մղում է վրեժխնդրության
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով Երեւանում է: Նա արցախյան խնդրի առումով նշել է, որ միջնորդները կարող են օգնել, բայց ոչ խաղաղություն հաստատել. «ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծեն հայերն ու ադրբեջանցիները… Եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն եւ ամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները»: Ֆրանսիացիները լավ են պատկերացնում Արցախի արժեքը Հայաստանի համար. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը… Այս նույն հորդորը կփոխանցեմ նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո»:
Ն. Սարկոզին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կվերսկսվի, այսօր փակուղում է, ինչը հարուցում է Փարիզի ափսոսանքը: Իսկ Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը պետք է կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է օրենքի ուժով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Ն. Սարկոզին նշել է. «Մեր բարեկամությունն իր արմատներով խորացած է պատմության մեջ… Իսկ այս այցը միջոց է արտահայտելու Ֆրանսիայի երախտագիտությունը «հայկական արմատներ ունեցող հարյուր հազարավոր ֆրանսիացիների հանդեպ, առանց որոնց Ֆրանսիան չէր լինի այն Ֆրանսիան, ինչպիսին այսօր է»…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.



