Հարց է առաջանում՝ ինչու՞ մեր օրերի զանգվածային հայը՝ քրիստոնյա հայը, թողած իր՝ իր լեզվում, էլ չասած դիցաբանությունում պարզորոշ արտահայտված հարուստ ու վեհ դիցաբանական խորհուրդները, ոչ աստծուն՝ «մարդու որդուն» (որպիսին այդ «մարդու որդին» իրեն ճանաչում էր) է աստվածացնում ու պաշտում: Գլխավոր պատճառներից մեկը ճանաչողականն է. նա չի ճանաչում իր դիցաբանական խորհուրդները եւ չճանաչելով՝ իր համար աստված է հռչակում նրան, ում հրեածին համաշխարհային եկեղեցին ու դրա մաս կազմող հայաստանյայցը դարերով փորձում են որպես այդպիսին ներկայացնել (ճանաչողությունից զուրկ հայը,- ասում է Կոստան Զարյանը, – նման է կապկի. նա ամեն ինչին ու ամենքին կապկում է):
Ուստի նշված մասսայական՝ ամենից շատ տարածված, բայց բուն աստվածաճանաչողությունից լրիվ հեռու հային է ավելի շատ ուղղված սույն հոդվածաշարը («Լուսանցք»-ի ընթերցողը ինչ-որ չափով ճանաչ է հայ դիցաբանական խորհուրդներին):
Արա խորհուդրը հայ դիցաբանական ընտանիքի գլխավոր՝ Արարող Գերագույն Զորությունը արտահայտող խորհուրդն է: Արա անունը հայ տիեզերաընկալումը տվել է Արարչին՝ Գերագույն Զորությանը: Ասել է թե՝ Արարիչ լինելն է արտահայտում Արայի էությունը, որակական հատկանիշը՝ արարող, իրենից սերող լինելը:
Արա՜ խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Ար (սերում, արարում) եւ ահ (զորություն, հզոր) բառարմատներից (հ-ն բառակազմության ընթացքում սղվել է) եւ նշանակում է Արարող Զորություն: Ար-ը Արա բառ-խորհրդում խորհրդանշում է այն, որ ամենայնի՝ Աստվածների, Աստվածամարդկանց, Բնության, Տիեզերքի, Երկնքի ու Երկրի՝ արարումը, սերումը (ծագումը) կապվում է Արայի հետ: Նա է այդ ամենի նախապատճառը (նախասկիզբը): «Ար-ն է ի զկզբանե1 եւ Արա՜ն էր Արարիչ: Արարիչը անսկիզբ է ու բացարձակ: Եվ անսկիզբ ժամանակում է նա աշխարհն արարել: Ուստի աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ»,-կարդում ենք «Ուխտագրքում»: Արարիչը մեկն է: Եվ չի կարող մեկից ավելի լինել, քանզի այդ դեպքում Տիեզերքը (Բնությունը) կպառակտվեր ու ինքն իրեն կկործաներ: Իսկ Աստվածները՝ Արարչի Գերագույն Զորությունը իրենցում կրող, մարմնավորող արարածները շատ են: Հայոց դիցարանը, ինչպես ընդհանրապես ամեն մի ազգային դիցարան, բազմաստված է, քանի որ Արարիչը տարբեր բնական որակներ ունի՝ Սիրո, Հուր զորության, Իմաստության… որոնք եւ մարմնավորում են նրանից սերված Աստվածները: Ըստ այդմ, Արարիչ խորհուրդը պետք է տարբերել Աստված խորհրդից, այնպես ինչպես մարդկային ընտանիքում հորը տարբերում ենք զավակներից: Արարիչը Աստվածների հայրն է, իսկ Աստվածները Արարչի որդիներն ու դուստրերն են եւ նրա կամքը հաստատողն են ամբողջ Տիեզերքում ու երկրի վրա, հովանավորողն են ամեն արարման, կառավարողն են ամեն մի շարժման, օրենք-օրինաչափության, հարաբերության, սիրո: Բացարձակ է Արարիչը, եւ բացարձակ են նաեւ նրա զավակները:
Արան բացի տիեզերական Աստված Զորություններից, նաեւ մարդկային ցեղերից մեկի՝ մերինի (Արիի) երկնային հայրն է: Ինչպես եւ արիները իրենց ճանաչում են՝ Արորդի կամ Արեւորդի2, որը նշանակում է Արայի որդի, Արարչածին: Ըստ այդմ էլ արիները Արային դիմում են՝ Հայր մեր Արա, ինչպես նաեւ նրա, որպես բացարձակ նախահոր, անվամբ կնքում իրենց երեխաների անունները եւ միմյանց դիմելիս ասում Արա (ոչ այժմյան «իմացությամբ»): Դա նշանակում է նաեւ, որ արիները Աստվածներին հարազատ, նրանց պես Բացարձակ ու անմահ են, երկրածին աստվածամարդիկ են:
Արարիչ խորհուրդը ստեղծող խորհրդից պետք է տարբերել: Ստեղծողը (բառը կազմված է ըստ /աստ՝ բացարձակ խորհուրդ նշանակող բառարմատից եւ եղծ(ել)-ից…) ստեղծում է մի բան իրենից դուրս, նրա ստեղծածը նրա հետ սերումային, որակական կապ չունի: Իսկ Արարողը Արարում է մի բան, որը նրանից է բխում, նրա հետ ժառանգականորեն կապված է ու նրա որակական հատկանիշներն է արտահայտում: Հայրը որդու Արարիչն է, քանզի նա նրան իրենից է արարում ու նրան ժառանգաբար փոխանցում իր որակները: Արիներիս պարագայում հայր-որդի ժառանգական կապի հետեւյալ պատկերն ենք տեսնում. իմ Արարիչը իմ հայրն է, նրա Արարիչը՝ նրա հայրը՝ եւ այդպես խորանալով մինչեւ Բացարձակը՝ կհասնենք Արա-ին՝ Տիեզերքի Արարող Զորությանը, ով եւ իմ երկնային հայրն է: Հողածինները երկնային հայր Արարիչ չունեն, քանզի նրանց Արարի՛չը չի արարել: Նրանց նախնուն՝ Ադամին, աստվածներից մեկը՝ Յեհովան ստեղծել է հողից: Եվ հետեւաբար, Յեհովան Ադամի հայրը չէ, այլ՝ ստեղծողն է («շինողը»՝ ինչպես կարդում ենք եբրայական Բիբլիայում): Դրանից հետեւում է, որ հողածինները Արարիչ խորհուրդը չունեն, քանզի նրանց զգացողությունը հասնում է մինչեւ իրենց ստեղծող Աստվածը (ասել է թե՝ նրանք բուն իմաստով Աստծո զգացողությունն էլ չունեն):
Նկատենք, որ արիական դիցալեզվի Արա անունը հնչյունափոխվելով անցել է սեմականներին եւ դարձել Ալլահ ու Էլոհիմ: Իսկ ժամանակին հին եգիպտացիները, Արա խորհուրդը վերցնելով արիներից, դրան տվել են Րա ձեւը:
Արա խորհրդի հետ ծագումնաբանական կապ ունեն նաեւ հինդուսների Վարունան (Վ-Ար-ուն-ան), Բըրահման (Բ-Ըր/Ար-ահ-ման) եւ հին ռուսների Պէրունն (Պ-Էր/Ար-ուն) ու Յարիլան: Պարսիկների մոտ Արա խորհուրդը պահպանվել է Արա-Մազդա ձեւով, որում Մազդա-ն մակդիր է, որ նշանակում է պաշտելի կամ իմաստուն: Ուստի պարսկական ազդեցության հետեւանք է հայոց մեջ Արային Արամազդ ասելը: Բայց հայը Արային պետք է ասի Հայր Արա կամ պարզապես Արա:
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
1 Հողածինների հավատքներում Բանը՝ ծնող (մայրական) սկիզբն է համարվում «ի սկզբանե», որն, ինչ խոսք, բնականության խախտում է:
2 Միջնադարյան հայ Արեւորդաց շարժումը հենց այդ գիտակցումից էր ելնում:
«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.



