(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Թթվասերով մսագնդիկներ
Բաղադրությունը
Թթվասեր – 500 գրամ
հավի կրծքամիս – 400 գրամ
սոխ – 300 գրամ
բուսայուղ – 100 գրամ
կարագ – 100 գրամ
ալյուր – 100 գրամ
սպիտակ պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Միսը մսաղացով սոխի եւ կարագի հետ անցկացնել, աղով եւ պղպեղով համեմել, թողնել սառնարանում 1 ժամի չափ հանգստանա:
Սառնարանից հանելուց հետո կլոր մսագնդիկներ պատրաստել, դրանք ալրապատել, դնել սառնարանը եւ թողնել այնտեղ 30 րոպե:
Հետո մսագնդիկները բուսայուղով տապակել:
Այնուհետեւ առանձին թավայում շարել, վրան լցնել թթվասերը եւ հասցնել եռման աստիճանի:
Կրակն անջատելուց հետո, ըստ ճաշակի, կրկին համեմել աղով եւ պղպեղով:
Մատուցել կարտոֆիլի խյուսի հետ:
Այս ուտեստը մի քիչ ժամանակատար է, բայց պատրաստելը դյուրին է, ճաշակելն էլ՝ իսկական վայելք:
Այնպես որ, անու՛շ արեք:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Բաքվում հայ չեմպիոն ունեցա՛նք
Բաքվում ավարտված օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի բռնցքամարտիկները չկարողացան մեդալներ նվաճել: 113 երկրի 570 բռնցքամարտիկ 10 քաշային կարգերում մեդալներից բացի 92 օլիմպիական ուղեգիր վիճարկեցին: Մեր ընտրանու 7 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 2009թ. աշխարհի փոխչեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ով գրավեց 5-րդ տեղն ու օլիմպիական ուղեգիր նվաճեց:
Գերազանց պատրաստակամությամբ առաձնացան ՌԴ-ի հավաքականի կազմում ընդգրկված եւ օլիմպիական վարկանիշի արժանացած 49 կգ քաշային, 28-ամյա Դավիթ Հայրապետյանն եւ 52 կգ քաշային, 23-ամյա Միշա Ալոյանը: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծնված Մ. Ալոյանը 1997թ. ընտանիքով տեղափոխվել է ՌԴ: Բաքվի խաղերում նա միակն էր, ով հռչակվեց աշխարհի չեմպիոն եւ՛ որպես ռուսաստանցի, եւ՛ որպես հայազգի մարզիկ, ինչը ընդգծված դուր չեկավ ադրբեջանցի մարզասերներին: Թիմային հաղթանակ տարավ Ուկրաինայի հավաքականը՝ նվաճելով 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Բռնցքամարտի հաջորդ օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի 2012թ. ապրիլի 13-22-ը՝ այս անգամ Թուրքիայում՝ Ստամբուլում:
Ադրբեջանական ստորությունը սահմաններ չունի
Մեր նախորդ թողարկման մարզական լուրերի բաժնում երկու նմանատիպ վերնագրեր կար՝ «Ադրբեջանական սադրանքն ամենուր է» եւ «Ադրբեջանական անհասկացողությունն անբուժելի է»: Եվ ահա, այսօր ավելացավ «Ադրբեջանական ստորությունը սահմաններ չունի»-ն, որը վստահաբար վերջինը չէ……
BBC-ն ապացույցներ է ներկայացրել բռնցքամարտի առաջնությունում Ադրբեջանի կողմից կաշառք տալու վերաբերյալ: Oլիմպիական խաղերում ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար՝ Ադրբեջանի իշխանության կողմից կաշառք տալու ապացույցները հրապարակվել են: BBC-ն հաստատել է, որ 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալի դիմաց միլիոնավոր դոլարներ փոխանցելու վերաբերյալ ապացույցները ներկայացրել է AIBA-ի պաշտոնյային եւ ՄՕԿ-ին: BBC-ն հայտնում է, որ հիշյալ փաստաթղթերը հանձնել է AIBA-ի պաշտոնյա Թ. Վիրգեթսին եւ փաստաթղթերի մեջ տեղ են գտել նաեւ Բաքվի պաշտոնական դեմքերի հետ գրագրությունները եւ գումարը տրվելու վերաբերյալ պայմանագրի նախագիծը: Վերջերս BBC-ն հայտնել էր, որ ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Ք. Հեյդարովն իր մարդկանց միջոցով 9 մլն. դոլար կաշառք է տվել Բռնցքամարտի ՄՕԿ-ին:
Հայաստանը չավարտե՛ց ֆուտբոլային հրաշքը
Դուբլինում կայացավ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի ավարտական՝ Իռլանդիա-Հայաստան խաղը, եւ բախտը ժպտաց տանտերերին՝ հաղթելով 2:1 հաշվով, նրանք 21 միավորով գրավեցին 2-րդ տեղն ու նվաճեցին փլեյ օֆֆում հանդես գալու իրավունք: 27-րդ րոպեին մեր տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ու կարմիր քարտի արժանանալով հեռացվեց խաղադաշտից, ինչը հոգեբանորեն ազդեց մեր թիմի վրա: Կարծում ենք՝ մրցավարը կարող էր եւ դեղին քարտով բավարարվել, բայց… Փորձառու Բերեզովսկուն փոխարինեց «Փյունիկ»-ի երիտասարդ ու անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Իսկ այդ ընթացքում ՀՀ ընտրանին 10 հոգով արժանապատվորեն դիմադրում էր մրցակցին, սակայն 43-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ պաշտպան Վալերի Ալեքսանյանը, եւ դա նույնպես ազդեց մեր ֆուտբոլիստների վրա: 60-րդ րոպեին օգտվելով դարպասապահի անվստահ խաղից՝ իռլանդացիները հաշիվը դարձրին 2:0: Թեպետ 2 րոպե անց Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն ավելին անել մարզիչ Վարդան Մինասյանի սաներին չհաջողվեց: Պաշտպանվելով իռլանդացիները պահպանեցին իրենց այդքան ձեռնտու հաղթական հաշիվը, որոնց նույնիսկ ոչ-ոքի հաշիվն էր ձեռնտու: Շրջափուլն այնուամենայնիվ վերելքով անցկացրած մեր ազգային հավաքականը 17 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը, որը մեր թիմի համար առայժմ ամենալավագույն արդյունքն է եւ արժանին պետք է մատուցել Հայաստանի հավաքականի պատասխանատուներին ու մարզիկներին: Չնայած իռլանդացիներին հաղթելու դեպքում հնարավոր է մեր թիմը հայտնվեր աշխարհի առաջնության եզրափակչում: Իսկ 23 միավորով 1-ին տեղը գրավեց Ռուսաստանը ու նվաճեց «Եվրո-2012»-ի եզրափակիչ մրցաշարում հանդես գալու իրավունք:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան այնուամենայնիվ (եւ իրավացիորեն) բողոքարկել է Հայաստան-Իռլանդիա խաղի գլխավոր մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի Հայաստանի հավաքականի նկատմամբ կայացրած որոշումները: Այս մասին «Fecebook»-ի իր անձնական էջում գրառում է տեղադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշել է, որ մեր տղաները արժանի էին հաղթանակի, բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները, «ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք նրա արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկիի կարմիր քարտը չեղյալ անելը»: ՀՖՖ նախագահը վստահ է, որ UEFA-ի կողմից պատվեր չի կարող լինել, Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել:
Շախմատի ուժեղագույնների մրցավեճում
Իսպանական Բիլբաոյում ավարտվեց 6 հեղինակավոր շախմատիստների մասնակցությամբ տղամարդկանց շախմատի «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարը: 15-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին Իվանչուկն ու Կառլսենը եւ նրանց միջեւ անցկացված կայծակնային խաղի լրացուցիչ մրցամարտում հաղթեց Կառլսենը, ով էլ նվաճեց գլխավոր մրցանակը: 12-ական միավորով Արոնյանը, Անանդն ու Նակամուրան բաժանեցին 3-5-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 4-րդը:
Շաշկու արժանի հերթափոխ
ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցավ Ռուսական շաշկու պատանիների մինչեւ 10 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ փայլուն հանդես եկավ Ա. Գրիգորյանը՝ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Նմանատիպ հաջողություն ունեցել ենք այս տարի Եվրոպայի պատանիների մինչեւ 10 տարեկանների առաջնությունում, որտեղ Ռ. Պետրոսյանը գրավել էր պատվավոր 2-րդ տեղը: Նշենք նաեւ, որ Ա. Գրիգորյանը ՀՀ չեմպիոնն է միչեւ 12 տարեկանների առաջնությունում, իսկ Ռ. Պետրոսյանը փոխչեմպիոնն է:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.



