Քաղաքական սպասում՝ հայացքներ Հայաստանից դուրս

Ս. Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ կառավարության նախագահ Վ. Պուտինի հետ, շնորհավորեց նրան ծննդյան 59-ամյակի կապակցությամբ: ՀՀ նախագահը կարեւորելով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը՝ արժեւորեց ՌԴ վարչապետի անձնական ներդրումը: Ռուսաստանի ուղղությամբ ամեն բան թերեւս խաղաղ էր, ՀՀ եւ ՌԴ նախագահների հարաբերությունները քաղաքական ասպարեզում համարվում էին երկկողմանի նպաստավոր, սակայն երբ վերջերս Մեդվեդեւը հայտարարեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում աջակցելու է Պուտինին, Ռուսաստանի ուղղությամբ նոր հետաքրքրություն առաջացավ՝ հաշվի առնելով Պուտին-Քոչարյան ցայսօր գործող կապը:

Բայց  ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանը կարողանում է ելքեր գտնել դժվարին իրավիճակներում, ինչը հակամարտության նոր հեռանկարներ է բացում  Սարգսյան-Քոչարյան հարաբերություններում:

Հնարավոր է այս հարաբերությունները անգամ ինչ-որ տեղ գերազանցեն Սարգսյան-Տեր-Պետրոսյան բանակցությունները՝ առավել հետաքրքրություն բորբոքելով քաղաքական ասպարեզում:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներն արագ արձագանքեցին: Ա. Մարտիրոսյանը անդրադարձավ Ռ. Քոչարյանի վերադարձին քաղաքականություն՝ նշելով, որ «նրա հենարանը կարող են լինել միայն այն ուժերը, որոնք իր ժամանակաշրջանում ծաղկել են», որին Ա. Բախշյանը հավելեց՝ «բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդկանց մասին է խոսքը»: Իսկ Լ. Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ 2-րդ նախագահը չի էլ հեռացել, որ վերադառնա. «Այն թիմը, որ եկել է ղարաբաղյան ալիքի վրա, բոլոր լծակներն օգտագործել է սխալ ձեւով: Այդքանից հետո կարող է հասարակությունը սթափվի ու բերի նոր ուժեր, քանի որ ՀՀ 3 նախագահներն էլ ինքնազմայլմամբ են խոսում իրենց կառավարած տարիների մասին»: Այսպես՝ ՀԱԿ-ից հետո, ՀՀ 2-րդ նախագահի վերադարձին կտրուկ արձագանքեց նաեւ խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն»-ը:

ՀՀ հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խ. Հարությունյանն էլ շարունակել է ՀՀ 1-ին նախագահի դեմ հանդես եկողների քաղաքականությունը: «ՀԱԿ-ը փորձում է հանրային գիտակցության մեջ ձեւավորել այն, որ ընդդիմությունը միայն ու միայն ինքն է»: Նա նկատել է, որ դա ավելի շատ ուղղված է ոչ թե իշխանության, այլ՝ մյուս ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք նույնպես պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը նշել է, որ ըստ տեղեկությունների՝ Ս. Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Ա. Գեղամյանը եւ ՀԴՔՄ ղեկավար Խ. Հարությունյանը: «Այս հանդիպումից հետո Գեղամյանը սկսել է իր միջավայրում լուրեր տարածել, թե ինքն առաջիկայում ՀՀԿ ցուցակի «գոլդ» տեղերով պատգամավոր է դառնալու»,- գրել է թերթը:

Վաղուց չերեւացող ԱԺՄ-ն նույնպես քննարկել է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ խորհրդարանական ընտրություններին: Հանրային խորհրդի եւ ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը սակայն դեռ մտորումների մեջ է: Այստեղ եւս սպասումներ կան՝ թերեւս եվրոպական ուղղություններից:

Իսկ ՀՀ 3-րդ եւ գործող նախագահը ներքաղաքական կարգավորումներին զուգընթաց զբաղվում է նաեւ սփյուռքով՝ նշելով, որ իր գոյությամբ հայկական սփյուռքը Հայաստանի համար անփոխարինելի է: Պետք է հաշվի առնել, որ զգալի ընտրազանգված կա նաեւ սփյուռքում, իսկ սփյուռքահայերի քաղաքական դիրքորոշումները միշտ ազդեցություն են ունենում հայաստանյան ընտրողների վրա, հատկապես, երբ դրանք նյութական օժանդակության (թեկուզ բարեգործական առումով) հետ են առնչվում:

Հետաքրքիր է, որ ինչպես Ռ. Քոչարյանն է մի պահ «զինադադարի» կարգավիճակ ընդունել, այնպես էլ Լ. Տեր-Պետրոսյանը:

Բոլորը սպասում են Քոչարյան-Պուտին բանակցություններին, որին գուցե նաեւ Տեր-Պետրոսյանն է սպասում՝ ժողովրդին ուղարկելով տուն, հանրահավաքներին դադար տալով: Բայց չի մոռացել հայտարարել, որ «այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Ս. Սարգսյանի անհապաղ հրաժարականը»: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ հույս ունի այս ընթացքում վերստին ստանալ Արեւմուտքի աջակցությունը:

Իսկ ՀԱԿ-ը նաեւ բանաձեւ է ընդունել, որում կրկին առաջ են քաշվել մարտիմեկյան բացահայտումների, սահմանադրական կարգով արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության ու բազմիցս արծարծված այլ թեմաներ: ՀԱԿ-ը դադարեցրեց նստացույցն ու հավաքները, քանզի, ըստ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի, ստեղծված իրավիճակը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, չնայած «բռնապետական այս համակարգը այլեւս երբեք չի համարձակվի Մարտի 1-ի նման ոճիր իրագործել սեփական ժողովրդի դեմ»:

Սակայն նստացույցը դադարեցնելն առավելապես իշխանությունների դիրքորոշման հետեւանք էր, երբ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը հայտարարեց, թե չեն հանդուրժի անօրինականությունները Ազատության հրապարակում:

Ընդդիմադիրները հասկացան, որ ոչ միայն իշխանությունները չեն համարձակվի «Մարտի 1-ի նման ոճիր իրագործել սեփական ժողովրդի դեմ», այլեւ արտաքին՝ արեւմտյան ուժերը չեն համաձայնի, որ իրենք էլ «Մարտի 1-ի նման ոճիր» ծրագրեն հանուն իշխանափոխության……

Զինադադար է՝ սպասումներով լեցուն, սակայն ցավոք, դրանք կապված չեն հայաստանյան իրականության հետ, արտաքին ազդակներով են պայմանավորված, քանզի ընտրությունները մեր կյանքում որոշիչ լինելով հանդերձ՝ մեր որոշումով չեն իրականացվում… Դեռեւս:

Մեր կարեւորագույն ձեռքբերումը կլինի հենց այն, որ հայաստանյան բոլոր ընտրությունների տերը լինի ՀՀ բնակչությունը, այնժամ արդեն կարեւոր էլ չէ՝ թե ով կլինի իշխանության վերնախավում:

Արտակ Հայոցյան

* * *

Երկխոսությունը արվեստ է, ոչ թե արհեստ

«Երբ ընդդիմությունը փոքր ինչ սթափվի եւ ավելի հստակ գիտակցի քաղաքական իրողությունները, այդ ժամանակ նոր միայն կարող ենք անդրադարձ կատարել երկխոսությանը»,- հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը: Այսօրվա վիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, եթե մի կողմը պահանջում է, որ մյուս կողմը խնդրի երկխոսություն:

Իշխանությունները կարծում են, որ միշտ էլ կան երկխոսության համար թեմաներ, որոնք ունեն կարեւոր նշանակություն երկրի համար: Սակայն չեն պատրաստվում խնդրել երկխոսության շրջանակներում դա քննարկել, քանզի երկխոսությունը պետք է լինի երկու կողմի գիտակցված կամքը եւ ցանկությունը, այլ ոչ թե մի կողմը պետք է գա խնդրի, եւ մյուս կողմը սկսի մտածել՝ արդյոք երկխոսել, թե ոչ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին իշխանական պատվիրակությունը հայտարարեց, թե կվերսկսի երկխոսությունը, եթե ՀԱԿ-ը դադարեցնի «ապօրինի հանրահավաքները», իսկ Կոնգրեսն էլ պատասխանեց, որ երկխոսելու հարցը իրենք կքննարկեն միայն այն դեպքում, երբ իշխանությունը խնդրի իրենց այդ մասին:

ՀԱԿ ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանը երկխոսությունը վերականգնելու հնարավորությունը վերջին հանրահավաքում համարել էր շատ քիչ՝ նշելով, որ այդ երկխոսությունն էլ՝ «կարծեք, դադարել է այժմեական լինել»: Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել, քանզի «մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Ս. Սարգսյանի անհապաղ հրաժարականը»:

Արձագանքելով ՀԱԿ ղեկավարի այս հայտարարությանը՝ կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, թե մասամբ համաձայն է Կոնգրեսի հետ, որ արտահերթ եւ խորհրդարանական ընտրությունները այժմեական չեն, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նոր պահանջին՝ նախագահ Սարգսյանի անհապաղ հրաժարականին, ապա, դա նույնպես այժմեական չէ:

Իսկ ՀԱԿ-ի համակարգող Լ. Զուրաբյանը համամիտ չէ այն քաղաքական ուժերի տեսակետին, թե ՀԱԿ-ն իր շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելով՝ համակիրներ է կորցրել, նա կարծում է, որ 8 օրյա հանրահավաքի ընթացքում ՀԱԿ-ը կարեւոր ձեռքբերումներ է ունեցել:

Անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Մ. Մինասյանի այն հայտարարությանը, թե նախագահ Սարգսյանի հրաժարականի մասին ՀԱԿ-ի պահանջը որեւէ կերպ չի կարող քննարկման առարկա լինել՝ Լ. Զուրաբյանն ասել է. «Լրիվ համաձայն եմ այդ պատգամավորի հետ: Ս. Սարգսյանի հրաժարականը չի կարող դառնալ որեւէ քննարկման թեմա: Քննարկումներ կարող էին լինել, եթե մենք իշխանությունների հետ համաձայնեցնեինք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման պայմաններն ու ժամկետները: Մենք այլեւս անիմաստ ենք համարում այս իշխանությունների հետ որեւէ քննարկումը: Նրանք ցույց տվեցին, որ ի վիճակի չեն ընդդիմության հետ միասին կառավարել անցումը դեպի ժողովրդավարությունը»:

ՀԱԿ համակարգողը հայտնել է, որ ՀԱԿ-ը պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը, եւ իշխանություններն այլեւս որեւէ մասնակցություն չեն ունենալու այդ գործընթացում. «Ժողովուրդն է ասելու իր խոսքը»:

Իսկ ժողովուրդը հաստատ կասի՛ եւ չի՛ էլ ուշացնի:
Կարեն Բալյան
 

«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.