Լուսնահաչ՝ գայլային ոռնոցից առաջ

Հայ-ադրբեջանական եւ հայ-քրդական հարաբերությունները՝ թուրքական հոգսե՞ր
 

Ֆրանսիայի նախագահի այցը խառնեց թուրքերի ու ադրբեջանցիների սպասումները: Նախագահ Սարկոզին շատ կտրուկ արտահայտվեց ինչպես Արցախի չլուծվող կարգավիճակի վտանգավորության, այնպես էլ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների սառեցման հետեւանքների մասին: Անկարային նույնիսկ մտածելու սահմանափակ ժամանակ տրվեց:

Ադրբեջանում, այս հարցում թերեւս նաեւ Վրաստանում, եւս մեկ նախանձի առիթ եղավ Հայաստանի հանդեպ, քանզի Սարկոզին կովկասյան տարածաշրջան՝ պաշտոնական 2-օրյա այցով եղավ Հայաստանում, իսկ Ադրբեջանում ու Վրաստանում՝ ընդամենը մի քանի ժամով եւ՝ աշխատանքային այցով: Բաքվում անգամ ժամերն էին հաշվել՝ թե ամենակարճ այցն էր երբեւէ, որը տեւել է 2.5 ժամ…

Այս դիտարկումներն իրապես կարեւոր են նաեւ մեզ համար, քանզի մինչ ՌԴ-ում զբաղված են երկրի ապագա նախագահի ընտրության հարցերով, արցախյան հիմնահարցի կարգավորումը, գոնե առժամանակ, Մոսկվայից անցնում է Փարիզին, եւ նախագահ Սարկոզիի դիրքորոշումները կարեւոր են այս առումով:

Ինչպես եւ սպասվում էր, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն արագ արձագանքել է Ն. Սարկոզիի՝ երեւանյան այն հայտարարությանը, թե՝ եթե Թուրքիան չառերեսվի իր անցյալի հետ ու քայլեր չանի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա Ֆրանսիան կգնա ավելի հեռուն՝ կքրեականացնի ցեղասպանության ժխտումը: «Նմանատիպ հայտարարությունները դիտում եմ որպես քաղաքական օպորտունիզմ: Ցավոք, Եվրոպայում նախընտրական փուլում սովորաբար այս քաղաքական օպորտունիզմները ի հայտ են գալիս: Սա սխալ հայտարարություն է եւ կապված է ֆրանսիայի ներքաղաքական կյանքի հետ»,- նշել է Դավութօղլուն՝ հայտնելով, թե «1915թ. ողբերգությունը մեր բոլորի ողբերգությունն է»:

Անկարան հայտարարել է, որ Սարկոզիի հայտարարությունը նաեւ բացասական ազդեցություն կունենա հայ-թուրքական գործընթացի վրա, քանի որ այդ կարգի հայտարարությունները չեն կարող աջակցել խաղաղ գործընթացին: «Մենք կառերեսվենք մեր պատմության հետ: Միայն թե մեր պատմությունը միեւնույն ժամանակ հայերի ու թուրքերի դարերով կողք կողքի ապրելու պատմությունն է: Ապրել են նույն քաղաքներում, միեւնույն թաղամասերում, շնչել են նույն մշակույթը: Մեր հայ եղբայրները մեծ ներդրում են ունեցել մեր ճարտարապետության մեջ: Այս պատմության հետ մենք կառերեսվենք: Խնդիր չկա: Սակայն իրենց պատմության հետ պետք է առերեսվեն նրանք, ովքեր դարերով գաղութացման քաղաքկանություն են վարել՝ չմիաձուլվելով իրենց ղեկավարած հասարակությունների հետ: Ցանկացած մի երկիր, ով գաղութարարի անցյալ է ունեցել, Թուրքիային պատմության հետ առերեսվելու հարցում դասեր տալու իրավունք չունի»,- ասել է նախարար Դավութօղլուն, ով շեշտել է, որ, եթե Ֆրանսիան առերեսվի իր պատմության հետ, Աֆրիկյան ժողովուրդները մեծ օգուտ կքաղեն դրանից:

Այս թուրքը նույնպես հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի, որը թյուրքական հիվանդություն է դարձել… Ֆրանսիային գաղութարար պետություն համարող Դավութողլուն հիմարաբար կամ միտումնավոր անտեսում է, որ ներկայիս Թուրքիան առհասարակ պիտի տարածաշրջանում գոյություն չունենար (ինչպեսեւ՝ Ադրբեջանը) եւ ալթայների ու տափաստանների քոչվորները առհասարակ Հայկական լեռնաշխարհում ապրելու իրավունք չունեն, ուր մնաց՝ պետություն ունենան: Այլոց հողերը զավթած-սեփականացրած պետության ԱԳ նախարարը ցինիկաբար դասեր է տալիս «գաղութարար Ֆրանսիային»՝ նաեւ մոռանալով իր «ազգի» արյունարբու եւ ցեղասպան դեմքը…

Այսքանից հետո, Անկարան դեռ հայ-թուրքական բարեկամության մասին է խոսում, հայ-թուրքական հորջորջվող արձանագրությունների վավերացումն է կրկին արծարծում:

Իսկ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ սա Թուրքիայի քաղաքական վերնախավի էժանագին հնարք է, որովհետեւ միջազգային հանրության սպասելիքը դա չէ: Հայ-թուրքական արձանագրությունների՝ Թուրքիայի խորհրդարան վերադարձի հարցը մի նոր խաղ է, քանի դեռ թուրքերը չեն հրաժարվում նախապայմաններից: Հայ-թուրքական կոչված արձանագրությունների վերադարձը դեռ վավերացում չի նշանակում, ինչն էլ իր հերթին կնշանակի իրականացնել պարտավորությունները: Հստակ է՝ մինչեւ թուրքական խորհրդարանը չվավերացնի, Հայաստանը եւս չի վավերացնի այդ արձանագրությունները: Վերլուծաբանները կարծում են՝ Թուրքիան ստիպված է անդրադառնալ արձանագրություններին, քանի որ միջազգային հարաբերություններում Թուրքիայի համար նպաստավոր չի լինի ընդհանրապես հրաժարվել դրանցից: Այնուհանդերձ, Անկարան ամեն ինչ կրկին տանում է հին՝ իր նախապայմանների ուղիով, եւ ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ում նույնպես արծարծեց այդ խնդիրը: Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն մատնացույց է անում Թուրքիային մարդու իրավունքների վե
րաբերյալ իր երկրում տիրող ճգնաժամը կամ նմանատիպ այլ հարցեր, Անկարայում հանկարծ հիշում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին եւ փորձում բուռն գործունեության ցուցադրումով թոզ փչել միջազգային հանրության աչքերին: Սա արդեն հասկանում են բոլորը:

Իրապես Թուրքիան հետաքրքրված չէ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, եւ չվավերացված արձանագրությունները նման են պահուստային խաղաքարտի, որն առայժմ նրա համար ոչ մի քաղաքական ու տնտեսական խնդիր չի առաջացնում ներքին քաղաքական եւ միջազգային ասպարեզներում: Քանի դեռ արձանագրությունների տակ հայկական կողմի ստորագրությունը կա, այդ խաղաքարտը ուժեղ հաղթաթուղթ է, իսկ հայկական կողմի համար ստորագրված, սակայն չվավերացված արձանագրությունները միայն լրացուցիչ բարդություններ են ստեղծում եւ՛ երկրի ներսում եւ՛ դրսում: Ուստի Երեւանը գոնե հիմա պետք է օգտվի առկա վիճակից եւ մի կարճ ժամանակ տա Անկարային, եթե այդ ընթացքում չվավերացվեն արձանագրությունները, ապա ՀՀ-ն իր ստորագրությունը պիտի հետ վերցնի:

Չնայած հայ-թուրքական խորհրդակցությունները ԱԳՆ-ների մակարդակով շարունակվում են՝ այս անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարության միջնորդությամբ, սակայն դա չպետք է լրացուցիչ պարտավորություններ դնի Երեւանի վրա: Իսկ Անկարան այլ քայլերի է դիմում, հայաստանյան 5 հկ-ների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ արդեն նոր հայտարարությունների տեղիք է տվել. «Սփյուռքը նաեւ մերն է» արտահայտությունը լայնորեն լուսաբանվեց հայկական եւ թուրքական մամուլում: Հիշեցնենք՝ այդ հկ-ների ղեկավարների այցը հովանավորել ու ֆինանսավորել էին ԱՄՆ-ի պետքարտուղարությանը կից հիմնադրամները:

Իսկ Թուրքիայի Դիարբեքիրի (Տիգրանակերտի) քաղաքապետ Օ. Բայդեմիրը Ֆրանսիայի հայերի կողմից ստեղծված «Երկիր» միության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ճանապարհային քարտեզ ստեղծել եւ ընդունել Դիարբեքիրից հեռացած հայերի ժառանգներին. «Հեռացած ցանկացած հայի ժառանգներ իրավունք ունեն ապրել Դիարբեքիրում: Ինչքան ես իրավունք ունեմ այս հողերում ապրելու, այնքան էլ հայերը, եզդիներն ու ասորիներն ունեն: Դիարբեքիրը բոլոր էթնիկ ինքնությունների եւ կրոնների համատեղ քաղաքն է: Հայերը 1914-ականներին մեծ ցավ են կրել եւ ստիպված են եղել հեռանալ այս քաղաքից: Հայերը գնացին՝ մենք կորցրեցինք, մեկուսացանք եւ աղքատացանք: Երբ մենք միասին էինք, հարուստ էինք: Սա միայն իմ տեսակետը չէ, այլ այս տարածաշրջանում ապրող բնակչության մեծամասնության տեսակետն է»: Քուրդ քաղաքապետը հիշեցրել է, որ հոկտեմբերին ավարտվում է Դիարբեքիրի հայկական  Սբ. Կիրակոս եկեղեցու վերանորոգումը եւ շեշտել, որ եկեղեցու վերաբացմանը սպասում է հայերին: Ճանապարհային քարտեզի գաղափարը կարծես լրացնում է այն մտայնությունը, որ Արարատը ՀՀ-ի քարտեզում ներառած թուրքական հրատարակության հետ մեկտեղ, մի նոր փորձ է արվում հայերի ու թուրքերի (գուցե նաեւ քրդերի) արձագանքներն իմանալու համար…

Թուրք-քրդական լարված հարաբերությունները նույնպես կարող են նոր զարգացումներ ունենալ: Երկխոսության ճանապարհով դրանք դեռեւս չեն կարգավորվում: Չհայտարարված թուրք-քրդական պատերազմն էլ ընթանում է: Եթե քրդական ընդվզումները առժամանակ դադարել են Իրաքում, ապա Իրանում ու Սիրիայում որոշակիորեն լինում են: Չնայած Սիրիայում քրդերին մեծ մասշտաբներով քաղաքացիություն է շնորհվում, դիմումատուների թիվը հասել է ավելի քան 50 հազարի: Սիրիայի իշխանությունների կողմից այդ երկրում բնակվող քուրդ բնակչությանը նման մասշտաբներով քաղաքացիություն շնորհելու գործընթացն, ըստ երեւույթին, պայմանավորված է երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին քրդերի մասնակցությունը նվազեցնելու նպատակով:

Իսկ քրդերի ընդվզումներն Իրանում դեռ կարող են ծավալվել: Այս առումով թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությունը փորձեց սրել հայ-իրանական հարաբերությունները՝ տարածելով, թե իբր քրդական գրոհայինները մարզվում են ՀՀ-ում, անգամ ԼՂՀ-ում: Խայծը կարճ ժամանակով կուլ տվեցին որոշ իրանական զլմ-ներ: Թեեւ պաշտոնական Թեհրանը լավ հասկանում է, որ վտանգը ՀՀ-ից չէ, իսկ ահա Ադրբեջանի տարածքից Իսրայելը կարող է նախազգուշական հարված հասցնել ԻԻՀ միջուկային հաստատություններին, եւ դա ակնհայտ է:

Այսպես Անկարան հայերի հետ հարաբերություններ խաղալով միաժամանակ քրդերի որս է սկսել իր տարածքում եւ փորձում է քուրդ գրոհայիններին կապել Հայաստանի հետ՝ հայ-քրդական ահաբեկչական տեսություն մոգոնելով, փորձելով սա եւս դարձնել նախապայման, ինչպես Արցախի (հայ-ադրբեջանական) հարցը հայ-թուրքական հարաբերություններում:

Արամ Ավետյան

Ցեղասպանության հարցը «սեղմում» է

Ըստ թուրքական «Դողան» գործակալության, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, «Խաղաղություն եւ ժողովրդավարո
ւթյուն» քրդամետ կուսակցության անդամ Ալթան Թանը, Մարդինի «Արթուքլու» համալսարնում կազմակերպված գիտաժողովին անդրադարձել է 1915թ. հայերի ջարդերին, դրանց տվել Ցեղասպանություն բնորոշումը: «1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները ես՝ որպես քաղաքական գործիչ, բնութագրում եմ որպես Ցեղասպանություն,- ասել է Թանը՝ ավելացնելով.- Ինչպես էլ մենք այդ իրադարձությունները բնութագրենք՝ Ցեղասպանություն, Գենոցիդ, Մեծ Եղեռն, փորձենք պարզել՝ այդ իրադարձությունները ծրագրվա՞ծ են եղել, թե՞ ոչ, ո՞վ է իրականացրել՝ «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցությո՞ւնը («Միություն եւ առաջադիմություն»), թե՞ բոլոր թուրքերը, քրդերն ու մուսուլմանները, ամեն դեպքում, կարեւորը հետեւանքն է: Իսկ այդ իրադարձությունների հետեւանքն այն է, որ այդ տարածաշրջանը ժամանակին ուներ 13 միլիոն բնակչություն, որից 1,2 միլիոնը (՞՞՞…, – խմբ.) հայեր էին: Իսկ այսօր Թուրքիայի Հանրապետության բնակչությունը կազմում է 75 միլիոն, սակայն հայերն ընդամենը 40 հազար են»:

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ Արեւմտյան Հայաստան այցելած ուխտավորների խումբը Դերսիմի Խոզաթ (Հոզաթ) քաղաքում պատահաբար հանդիպել է մի երիտասարդ ու գեղեցիկ հայուհու՝ Ջանը Քափլային, ով հայկական խմբին հայտնել է, թե ինքը երկկողմանի հայ է, բնակվում է Դերսիմի Մազկերտ (Մազգիրթ) քաղաքում, սովորում Մանիսայի համալսարանում: Մի դեպք է պատմել իր համալսարանական կյանքից՝ թեեւ հայ լինելու պատճառով ոչ մի խնդիր չի ունեցել ընկերների շրջանում, քանզի վերջիններս հարում են սոցիալ-դեմոկրատական գաղափարներին, սակայն համալսարանում մի անգամ վեճի է բռնվել դասախոսի հետ, որովհետեւ սա փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:  

Կարճ ժամանակ առաջ «The New Zealand Herald» թերթն անդրադարձել էր Կարսում տեղադրված «Բարեկամության հուշարձանի» ապամոնտաժմանը եւ նշել, որ հայերի ու թուրքերի միջեւ առկա խնդիրը կապված է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում 1,5 մլն. հայերի կոտորածին, ինչն աշխարհն անվանել է ցեղասպանություն, բայց ինչը Թուրքիան շարունակում է չընդունել որպես այդպիսին, որդեգրելով մերժողական քաղաքականություն…  

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.