Տեր կանգնելու կամքը

Ֆրանսիայի նախագահ  Սարկոզիի Հայաստան այցը դեռ քննարկում են աշխարհի զլմ-ները, փորձագետները, վերլուծաբանները: Այնքան միամիտ չեմ, որ ուրախանամ այն մտքից, թե Սարկոզին ՀՀ-ում էր պաշտոնական, իսկ Ադրբեջանում եւ Վրաստանում՝ աշխատանքային այցով: Քանզի աշխատանքային այցի ընթացքում էլ կարելի է հստակ պայմանավորվածությունների գալ, իսկ պաշտոնականի ժամանակ՝ ասել արարողակարգային բառեր, արտահայտություններ ու գնալ: Բայց եւ այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Սարկոզիի՝ Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լինելը, իսկ Բաքվում «Շեհիդների պուրակ» չգնալը քաղաքական նպատակ ուներ: Ասեմ, որ այդ պուրակում թաղված են այն բաշիբոզուկ շները, որոնք 1990թ. Բաքվի հայերի ջարդը կազմակերպեցին: Թյուրքական մամուլը վայնասուն բարձրացրեց: Թուրքավարի՝ Սարկոզիի գլխին բարդեցին ամբողջ Աֆրիկայի դժբախտությունների մեղքը, որպեսզի իրենք լուսապսակով երեւան: Բայց վայնասունի պատճառը իրականում Սարկոզիի՝ «Շեհիդների պուրակ» չգնալը չէր:

Բանն այն է, որ թյուրքական կողմը լավ հասկացավ, որ իրենք կորցրեցին իրենց մի այնպիսի հզոր խաղաթուղթ, ինչպիսին «Նաբուկո»-ն էր: Չէ՞ որ «Նաբուկո»-ն գազով լցնելու միակ նախապայմանը Արցախը հետ ստանալն էր: Վերջերս այս լամուկները արդեն անթաքույց էին խոսում այդ մասին՝ «գազ՝ Ղարաբաղի դիմաց» տարբերակը շրջանառելով: Դե, Եվրոպան էլ ձայն չէր հանում. ախր այնքա՜ն շատ է ուզում նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:   Բայց Սարկոզիի այցը «բացահայտեց». «գազ՝ Ղարաբաղի դիմաց»-ը փաստորեն բացառվում է: «Թուրքական շաբաթ»-ում քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Շուքանը գրել էր. «Ցավոք, բայց պիտի արձանագրենք, որ Ֆրանսիայի նախագահի հիմնական այցը, ինչպես նախապես կարծում էինք, նախընտրական չէր: Ավելի ստույգ՝ դա էլ կար, չէ որ Ֆրանսիայում բազմաթիվ հայեր են ապրում, այն էլ՝ պատկառելի, որոնց համակրանքը շահել էր պետք: Բայց Ֆրանսիայի նախագահն արեց ավելին, նա Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնել տվեց, որ «Գազ՝ Ղարաբաղի դիմաց»-ը այլեւս արդիական չէ: Ֆրանսիան հիմա բոլորվին այլ խաղաքարտեր է բացում, նա հասկացնել է տալիս տարածաշրջանին եւ Ռուսաստանին, որ Թուրքիային զսպող միակ ուժը ինքն է»: Ավելի բաց ու անկեղծ խոսեց «Թուրքական օրեր»-ը՝ նշելով, թե «Ադրբեջանի էներգակիրների լեգենդը իր ավարտին է մոտենում»,  Եվրոպայի աչքում Ադրբեջանը սկսում է կորցնել իր գրավչությունը (պատճառներին այստեղ չենք անդրադառնա), նա հետաքրքրվում է Հայաստանով:

Հակված չեմ  նաեւ թուրքական կողմի տեսակետն իբրեւ  բացարձակ ճշմարտություն ընդունելու:  Բայց որ ճշմարտության հատիկ կա, դա միանշանակ է: Բայց դա այն չէ, որ Ադրբեջանը գրավչությունը կորցնում է, քանզի էներգակիրներ ունեցող երկիրը չի կարող գրավչություն չունենալ: Ճշմարտությունն այն է, որ Եվրոպան հասկացավ, որ Արցախը մենք չե՛նք խաղարկում: Իսկ ամենափոքր երկրի հետ անգամ հաշվի են նստում, եթե նա իր ունեցածին ոչ միայն ուզում է տեր կանգնել, այլեւ այդ տեր կանգնելու կամքը ունի (սրան, իհարկե, այլ գործոններն էլ են գումարվում):    

Ռուսաստանյան  քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը նկատել է, որ Բաքվում կարող էին հուսալ, թե «Նաբուկո» նախագծի վերակենդանացման հերթական փորձի հետ ԵՄ դիրքորոշումը կարող է փոխվել, բայց դա տեղի չունեցավ. «Ֆրանսիան մերժեց այդ տարբերակը եւ մերժեց սկզբունքորեն»: Ռուսական կայքերը «Նաբուկո»-ի հետ կապված նույնիսկ սարկազմով խոսեցին՝ թե ի պատասխան Բաքվի՝ «գազ՝ Ղարաբաղի դիմաց»-ի,  Երեւանը հիմա կարող է խաղարկել ատոմակայանի խաղաքարտը, քանզի Սարկոզին Երեւանում ասել էր, թե Ֆրանսիան հետաքրքրված է ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցմամբ:

Թյուրքերն այստեղ էլ աղաղակ էին արձրացրել, թե ինչ է՝ Ֆրանսիան ուզում է, որ տարածաշրջանում ատոմակայան միայն Հայաստանի Հանրապետությու՞նը ունենա: Ստացվում է՝ Թուրքիան Ադրբեջանին լա՜վ խաղացրեց, բայց չկարողացավ տեր կանգնել, ու հիմա Ադրբեջանին մնում է «Նաբուկո»-ի հերթական վերակենդանացման նշաններ ցույց տալու ծրագրեր մտածել, այլապես ԵՄ-ն կսկսի կասկածել՝ արդյո՞ք Բաքուն ունի այդքան էներգակիրներ, որչափ ներկայացնում է:

Արմենուհի Մելքոնյան

Իրավիճակը՝  մեկ օրինակով –

Հարկայինի վարչարարության հիմունքները. Հարկատուներն ուզում են հարկ վճարել, այլ ոչ թե ստրուկ լինել

«Լուսանցք»-ի նախորդ համարում գրել էինք, որ 2012թ. պետբյուջեի նախագծում ընդհանուր եկամուտներում հարկային եկամուտների աննախադեպ չափ է ընդունվել՝ 96 տոկոս, եւ հարց էինք բարձրացրել՝ ու՞մ հաշվին: Ճիշտ է, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ փաստացի՝ հարկերն ավելանալու են խոշոր բիզնեսի համար, իսկ ֆինանսների փոխնախարար, երկրի գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանն էլ պնդել էր, թե հարկերն ավելանալու են ստվերային տնտեսության հայտնաբերման եւ վարչարարական միջոցառումների շ
նորհիվ, բայց մենք, այնուամենայնիվ, այս «վարչարարական» ասվածին կասկածանքով վերաբերեցինք:

«Լուսանցք»-ի խմբագրություն էր եկել մի հարկատու, ով ներկայացրեց, թե ինչպես է այդ «վարչարարական» ասվածը զգացել իր մաշկի վրա: Հետաքրքիր մեխանիզմ է. հարկահավաքները իբր անօրինականություն չեն անում, սակայն իրականում նրանք հենց դրանով է որ զբաղվում են:

Ահա թե ինչ պատմեց այդ հարկատուն: Նա տարիներ առաջ գործ է սկսել, փոքրիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ունի: Արդեն երեք տարի աշխատում է ու դեռ ոչ մի կոպեկի օգուտ չի տեսել, բայց հավատում է, որ լավ գործ է անում ու բերքի ամբողջ եկամուտը դնում է մի կողմ, որ իր այս ընկերության հարկերը եւ աշխատողի աշխատավարձը կարողանա տալ: Վերջերս հարկայինից զանգում են, թե ընկերության՝ տվյալ ՍՊԸ-ի երկու բաժնետերերից մեկը մեկ այլ ընկերությունում էլ բաժնետոմսեր ունի, փոխկապակցված անձ է: Այդ «փոխկապակց-վածը» զարմանում է՝ ինքը ոչ մի ընկերությունում էլ բաժնետոմսեր չունի: Գնում է հարկային եւ ի՞նչ պարզի: 10 տարի առաջ մի ընկերություն է ստեղծել, հետո փակել: 10 տարի ձայն չեն հանել, հիմա թե՝ 10 տարի առաջ մի գործ ես արել եւ հարկայինին էլ ավելացված արժեքի հարկ ես պարտք, վարչարարական միջոցառում ենք անում, մուծի, որ տույժ ու տուգանքները չհաշվենք: Բաժնետերը զարմանում է, որ պարտք էր, բա ու՜ր էր հարկայինը այդ 10 տարվա ընթացքում: Բայց տանում է, արագ մուծում է արհեստածին հարկերը, որ իր «պատճառով» ընկերոջ գործի վրա բիծ չընկնի, մուծում է ու զգուշացնում հարկայինին՝ լուծարեք, որ մի 10 տարի հետո չգաք ու կրկին հարկ չուզեք (թեեւ 10 տարի առաջ իբր լուծարել էին): Բայց ընկերոջը՝ ՍՊԸ-ի տնօրենին կանչում են, թե՝ քանի որ փոխկապակցված անձ ունես քո ընկերությունում, ուրեմն դու սխալ հարկման դաշտ ես ընտրել եւ ՓՄՁ լինելու փոխարեն պետք է խոշոր ընկերություն լինես ու ավելացված արժեքի հարկ վճարես: Ընկերության ղեկավարը բացատրում է, որ իր շրջանառությունը տարեկան ոչ միայն 58 մլն դրամը չի գերազանցում, այլեւ 2 մլն դրամի շեմն էլ չի անցնում, ինչպե՜ս կարող է ԱԱՀ-ի դաշտ մտնել: Չէ որ չէ,-ասում են,-խոշոր ես ու վերջ, նաեւ տուգանք կվճարես՝ հարկման դաշտը սխալ ընտրելու համար: Ընկերության ղեկավարը զարմանում է՝ «Արդեն 2 տարի ՓՄՁ-ով եմ աշխատել, ինչու՞ հանկարծ հայտնաբերեցիք մի մեռած ընկերություն, որտեղ իմ ընկերության բաժնետերը բաժնետոմսեր ունի: Ստացվում է՝ ձեր սխալի՝ մեռած ընկերությունը իբր չլուծարելու պատճառով ես տուգա՞նք պետք է մուծեմ»: Այո,-պատասխանում են: Ու քանի որ տուգանքի չափը դեռ պետք է որոշեն, հարկատուն հասկանալով գլխին գալիքը, ասում է՝ ինչքա՜ն պիտի մուծեմ, միայն թե ձեզնից պրծնեմ: Հաշվում են, հաշվում, օրենքների «դավթարներից» մեջբերումներ անում, կանգնում 90 հազար դրամի վրա: Հարկատուն, որ այլեւս հարկատու չէ, այլ՝ ստրուկ,  վճարում է գումարը ու վարչապետի անունով համապատասխան գրություն ուղարկում՝ ներկայացնելով հարկահավաքների գործելաոճն ու հարկատուների ողբալի վիճակը:

Ցայսօր, սակայն, պատասխան չի ստացել: Անցել է երեք ամիս: Հիմա հարկատուն, որ որոշել է չհոգնել ու պայքարել, ինքն է գնում հարկային ու ասում թե՝ եթե ես ԱԱՀ-ի դաշտում եմ աշխատում ու ԱԱՀ չունեմ, ասել է թե՝ զրոյական եմ, ուրեմն հետ տվեք իմ այս երկու տարիների հարկերը (հասկանալի է՝ սոցապվճարի մասին չէ խոսքը), որ մուծել եմ, բայց չպիտի մուծեի, ու այս անգամ ինքն է հանում օրենքների «դավթարը» ու մի քիչ էլ արդարացիորեն սպառնում հարկայինին թե՝ եթե հետ չտաք գումարներս, ապա մամլո ասուլիս կհրավիրեմ ու ձեզ խայտառակ կանեմ: Հարկայինում պարտավորվում են վճարել, բայց… միայն պարտավորվում են: Նախ՝ հարկատուին կանչում են հարկային ու մտերմիկ խնդրում, որ գումարի վերադարձ չանեն, որովհետեւ բյուջեն պետք է լցնեն: Հարկատուն մերժում է՝ մեռնեմ օրենքին, դուք ձերն արեցիք, ես էլ՝ իմը: Ճիշտ է՝ նրան դեռ գումարը չեն վերադարձրել, բայց հարկատուն որոշել է ստանալ դա: Իսկ խմբագրություն եկել էր, որպեսզի պատմեր հարկայինի «վարչարարության հիմունքները»: Առայժմ խնդրեց սեփական տվյալները չտպագրել, որպեսզի հարկայինի զայրույթը չհարուցի, քանի դեռ խնդիրները չի կարգավորել: Չկարգավորվելու պարագայում որոշել է վարչարարության հիմունքների մասին պատմել նախագահին:

Ի դեպ, վարչապետին հասցեագրված նամակում իր տվյալները չի թաքցրել, նույնը կանի եւ նախագահին ուղղվելիք նամակում:

Աստղինե Քարամյան
Ճանապարհային  միջանցք, որ շատ բան  կփոխի
 

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքի կառուցման նպատակն է Հայաստանի Հանրապետության հարավային սահմանային հատման կետից (ԻԻՀ սահման) մինչեւ վրացական նավահանգիստները 556 կմ ընդհանուր երկարությամբ բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխանող՝ արագընթաց, բետոնյա ծածկով ճանապարհ ունենալը:

Մեր կողմից հա
վելենք, որ ճանապարհը բետոնյա է լինելու, շինանյութի 95-97 տոկոսը տեղական է լինելու, ասել է թե՝ ընդլայնվելու են ցեմենտարտադրության ծավալները, դրան զուգահեռ աշխատելու են ավազահանքերը, հավելած՝ աշխատատեղերի ավելացումը:

Հոկտեմբերի 10-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցավ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»՝ Ծրագիր 1 եւ Ծրագիր 2-ի՝ «Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի Կմ 29+ 600-ից մինչեւ Կմ 71+ 500 /Հատված 1/, Երեւան-Արարատ Մ2 ճանապարհի Կմ 9+ 312-ից մինչեւ Կմ 47+ 400 /Հատված 2/ եւ Երեւան-Աշտարակ Մ1 ճանապարհի Կմ 18+ 370-ից մինչեւ Կմ 29+ 773 /Հատված 3/ վերակառուցում եւ բարելավում», կապալառուների բաց

միջազգային մրցույթի մրցութային առաջարկների բացումը: Մրցութային փաստաթղթերի փաթեթները ստացել են  միջազգային եւ տեղական 28 կապալառու կազմակերպություններ, սակայն հայտ են ներկայացրել 6-ը՝ 4 չինական եւ 2 իսպանական ընկերություններ: Մրցութային փաթեթները բացվեցին հրապարակային. 6 ընկերությունների ներկայացուցիչներն էլ ներկա էին, նրանց ներկայությամբ բացվում էին փաթեթները, ընթերցվում հայտի, զեղչի ու հայտերի երաշխիքի գումարը ու դրանք գրանցվում բոլորին տեսանելի ձեւով:

«Կոնստրուկտորա Սանխոսե» իսպանական ընկերության ներկայացրած հայտի գինը 255.657 մլն դոլար էր, զեղչը՝ 10.18%, հայտի երաշխիքի գումարը՝ 5 մլն դոլար:

«Քովեգ Գրեգ կոնսորցիում» չինական ընկերության հայտի գումարը 217.367 մլն դոլար է, զեղչ նախատեսված չէ, իսկ հայտի երաշխիքի գումարը 4 մլն 600 հազ դոլար է:

«Չայնա սիվիլ էնջիներինգ քորփորեյշն» չինական ընկերության ներկայացրած հայտի գումարը 261.229 մլն դոլար է, զեղչը՝ 3.5%, հայտի երաշխիքի գումարը՝ 6 մլն 500 հազ դոլար:

«Չայնա րոըդ ընդ բրիդջ քորփորեյշն» չինական ընկերության հայտի գինը 308.866 մլն դոլար է, զեղչ չի նախատեսում, իսկ հայտի երաշխիքի գումարը 8 մլն դոլար է:

«Սինոհիդրո քորփորեյշն» չինական ընկերությունը հայտ էր ներկայացրել 236.325 մլն դոլարի՝ առանց զեղչի: Երաշխիքի գումարը 6 մլն դոլար է:

«Քորսան Քորվիամ կոնստրուկցիոն» իսպանական ընկերությունը հայտ է ներկայացրել 275.800 մլն դոլարի չափով: Զեղչեր կան տարբեր սեկցիաների համար: Երաշխիքի գումարը 5 մլն 800 հազ դոլարի է:

Ի դեպ, Մանուկ Վարդանյանը կարեւորեց այն, որ չեն սպասի մինչեւ այս 2 տրանշներն ավարտվեն եւ նոր միայն իրենք սկսեն 3-րդի ու 4-րդի մասին մտածել, ուստի վերջիններիս մասով բանակցություններն արդեն սկսվել են: Տրանշ 1-ի եւ տրանշ-2-ի իրագործման ընթացքում երթեւեկությունը չի կանգնելու:

 «Հյուսիս-հարավ»-ը այն ծրագրերից է, որի ծնունդին շատերը մինչեւ հիմա էլ չեն հավատում, բայց որն արդեն գործնական փուլ է մտնում ու շա՛տ կարեւոր է մեր երկրի համար:

Աստղինե Քարամյան
Շաքարավազի  քաղաքական հետեւանքերը
 

Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ արե՞լ է: Երեկ պետական այս կառույցի նախագահը վստահեցրեց, թե շաքարավազի թանկացումը օգոստոսին պայմանավորված էր ձեռքբերման գնաճով: «Մենք եւ՛ տնտեսվարողներից ենք համապատասխան տեղեկանքներ պահանջել, եւ՛ պետական ատյաններից: Արտերկրներում ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերից երեւում է, որ այդ գները համահունչ են միջազգայինին»: Արդյո՞ք այս իրավիճակը նշանակում է, որ նախկինում շաքարավազի շուկայի մենաշնորհատեր «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներմուծված շաքարավազը մաքսազերծում էր արհեստական ցածր գնով (1կգ-ի համար՝ 120 դրամով), ու քանի որ որեւէ այլ ընկերության համար նման արտոնյալ վիճակ ստեղծված չէր, «Ալեքս Գրիգը» կարողանում էր ներքին շուկայում ավելի էժան իրացնել շաքարավազը: Իսկ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է (հասկանալ՝ թանկացել է շաքարավազը), քանի որ 2011թ. հուլիսից հետո «Ալեքս Գրիգին» ստիպել են մաքսազերծումն իրականացնել 1 կգ-ն 300 դրամով, հետեւաբար՝ ընկերությունն էլ շաքարավազը թանկացրել է մոտ 20%-ով: Ի պատասխան բանախոսը կրկնեց, թե «շաքարավազը թանկացել է միջազգային գներին համահունչ»:

Բայց քանի որ ՀՀ-ում միջազգային գներին համահունչ չեն վարձատրվում, ծնվում է դժգոհությունը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.