2. Անահիտ՝ Աստվածամայր խորհուրդը
Հայ դիցաբանական համակարգությունում Գերագույն Զորությանը՝ Արային (Արարչին) կենակից Զորությունը Աստվածամայր Անահիտն է: Եվ ընդհանրապես էլ՝ բոլոր դիցաբանական՝ ազգային հավատքային համակարգերում կա այն բնական պատկերացումը, որ Աստվածների Հայրը՝ Արարիչը, անպատկերացնելի է առանց Աստվածների Մոր, ով տարբեր համակարգերում, պարզ է, յուրահատուկ ձեւով է ընկալվում:
Անահիտ անունը հայոց դիցական անունների համակարգությունում Արարչի՝ Արայի անունից հետո երկրորդ գխավոր անունն է: Այն կազմված է Ան (ծնունդ, պտղաբերում, նորոգում), Ահ (հզոր, զորություն, մեծ, մեծություն) եւ Իտ (տեղ, ամփոփում) բառարմատներով եւ նշանակում է Ծնող Զորություն, Զորություն, ումից ամեն Տիեզերական ու երկրային զորություն՝ Աստվածները, Աստվածամարդիկ են ծնունդ առնում:
Արիական մյուս լեզուներում, ինչպես նաեւ՝ այդ լեզուների ազդեցությամբ՝ սեմա-արիական խառնալեզուներում, Անահիտ անունը արտահայտվում է Արդվիսուրա-Անահիտա կամ Ան-Ահ (Աննա) բաղադրությամբ, ինչպես նաեւ՝ Իաննա, Անուանա եւ այլ ձեւերով:
Ենթադրելի է՝ նախասկզբնապես Անահիտ անունը տրվել է միայն արի ցեղի Բացարձակ Մորը՝ Աստվածամորը (մեր նախնիների համար ամեն անուն իր ստույգ որոշակի խորհուրդն է ունեցել): Հետագայում է միայն Անահիտ (Աննա) անունը տրվել ցեղում ծնված աղջիկներին (ինչպես նաեւ՝ արիա-սեմական խառնածինները՝ իրենց դուստրերին): Ահա թե ինչու այդ ժամանակներից ի վեր Աստվածամոր անվան հետ մեկտեղ գործածվել են նաեւ Մայր, Մեծամայր (Մերի, Մարիա), Աստվածածին բառերը: Օրինակ՝ Աստվածամայր Անահիտ կամ Մեծամայր Անահիտ, Մարի-Աննա, Աննա-Մարիա (չշփոթել Հիսուսի մոր՝ Մարիամի անվան հետ):
Ըստ այդմ, բոլոր արի ազգերի մեջ շրջանառվող այդ անվանումների մեջ թեեւ անգիտակցաբար արտահայտվում է Անահիտ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի եւ, հետեւաբար, մարդկային կյանքի վերարտադրության ու նորոգումի հովանավորողի պաշտամունքի արտահայտությունն են:
Ըստ հայկական ավանդության (տե՛ս «Արարատյան դիցաբանություն»), Անահիտն է Մայրը՝ Ծնողը1 բոլոր Աստվածների, Բնության, Տիեզերքի, Երկնքի, Երկրի եւ Արիների:
Նա՛ է մշտապես պահպանում ու հովանավորում ամեն մի բեղմնավորում, ամեն մի պտղաբերում ու ծնունդ:
Նա՛ է Արայի՝ Արարչի արարումը նորոգելով՝ այն պահպանում, ըստ այդմ հաստատելով Նրա բացարձակությունը: Ուստի՝ հայոց հավատքը, արտահայտելով բնական իրողությունը, Տիեզերական կյանքի օրինաչափությունը, երկսեռության խորհուրդն ունի (ի տարբերություն «միասեռական» կրոնների), որն է արտահայտում Արարչագործության խորհուրդը: Ըստ որի՝ «Արարչագործությունը մշտական ընթացք է եւ իրագործվում է Արարումի եւ Ծնումի միասնությամբ…
Առանց Արարումի չի կարող լինել Ծնում, իսկ եթե Ծնում չլինի՝ Արարումը չի նորոգվի, ուստիեւ՝ կոչնչանա» (տե՛ս «Ուխտագիրք»): Մեկ այլ ձեւով ասած՝ Արարչագործությունը իրականանում է ոչ այլ կերպ, քան Հոր եւ Մոր միասնությամբ. Հայրը արարում է, իսկ Մայրը՝ ծնում, այդպես միասին ապահովելով հավերժական կյանքի ընթացքը:
Հայոց մեջ հատուկ Անահիտին նվիրված տոներ կան (ասում եմ՝ հատուկ, քանզի Աստվածներին նվիրված տոներն էլ են նրա տոները): Հայը ավանդաբար մինչեւ հիմա ամեն տարի տոնում է Բնության բեղմնավորումի ու պտղաբերումի տոներ: Գարնանը տոնում է բեղմնավորումի տոնը՝ Զատիկը, իսկ աշնանը՝ պտղաբերումի տոնը՝ Խաղողօրհնենքը (այս տոները, նկատենք, քրիստոնեական՝ նույն օրերին տոնվող տոների հետ ոչ մի կապ չունեն):
Հայ գրականության մեջ Մայր խորհրդի հաճախակի արծարծումները (Նարեկացի, Վարուժան, Սիամանթո, Շիրազ, Թումանյան, Նժդեհ…) վկայությունն են հայ հոգեւոր կյանքում Անահիտի պաշտամունքի պահպանման: Դրա մասին չի՞ վկայում նաեւ խորհրդային՝ հայ հավատքային կյանքի համար ստեղծված այդ ամենադժնդակ ժամանակներից մեկում, Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստանի (ով, թեկուզեւ անգիտակցաբար, Աստվածամորն է խորհրդանշում) արձանն է:
Հայոց մեջ Անահիտը անվանվել է նաեւ Երկնային Տիրուհի, Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի, Ոսկեմատն… Օրինակ՝ Տրդատ արքան, մինչեւ 301-ը իր աշխարհի գլխին Գրիգորիսի բերած եղեռնը, երկրի բնակչությանն ուղղած իր հրովարտակում Աստվածամորն անվանում է «Հայոց աշխարհի սնուցող ու պահապան»:
Սեմական կրոններում, դրանք կրողների եւ Աստվածամոր ժառանգական կապի բացակայության պատճառով, Անահիտ խորհուրդը ժխտվում է: Դրա արտահայտություններից
է, ասենք, Ղուրանում ասվածը, թե «Ալլահը ո՛չ կին ունի եւ ո՛չ էլ ընկերուհի»: Կամ Հիսուսի՝ իր մորն ուրանալը: Կամ էլ՝ նույն եբրայական Բիբլիայում հողածինների նախնի մորը՝ Եվային Ադամի մեղսագործության դրդիչ ներկայացնելը: Սեմականները դարեր ի վեր, փորձելով հային իրենց կրոնները պարտադրել, դրանով իսկ փորձել են նրա միջից հանել նրա սիրելի Աստվածամոր պաշտամունքը:
Բայց չե՛ն կարողացել. Հայը մի՛շտ էլ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, իր Մեծամոր պաշտամունքով է ապրել:
Եվ ապրելով՝ իրենում բորբոքել, նորոգել իր Անահտական որակները՝ ընտանիքի, տուն ու տեղի, ծննդյան, կյանքի նորոգումի պաշտամունքը2, բեղմնավորումի ու պտղաբերումի խանդը, կենսասիրությունը, բնապաշտությունը…
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
1 Մերօրյա՝ իր բնական խորհուրդներից հեռացած հայի համար Մայրն էլ, Հայրն էլ ծնող են համարվում: Սխալ է. ծնողը Մայրն է միայն, իսկ Հայրը արարողն է:
2 Արիաց, այդ թվում հայոց աշխարհին ծանոթանալով՝ Հերոդոտոսը զարմացել է, որ այդտեղի մարդիկ շատ են սիրել ծնունդ՝ Աստվածների, երեխայի… տոնելը:
«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.



