Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Մեր աշխարհը այդ շրջանում հայ-ասա էր՝ խոսք ասող

(Հայոց էթոնիմների իմաստաբանության շուրջ)

Հայ էթնոսի անվանակոչման վերաբերյալ մշտապես շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնք լեզվական մեկնաբանությունների, ենթադրություների եւ տեսակետների համալիրներ են՝ ուղիղ կապված Հայկական Լեռնաշխարհի եւ նրան հարակից տարածքների հետ: Այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարված, սակայն Ի. Դյակոնովի ստեղծած վարկածը առայժմ  գերակա է: Դյակոնովն իր աշխատանքներում, նաեւ եվրոպական լեզուներով պաշտպանում էր հայոց ծագման իր թերի տեսությունը, որն առայժմ հանդիսանում է արեւմտյան մասնագետների ուղեցույցը հայոց նախապատմության խնդրում: Ժամանակն է առհասարակ հրաժարվել Ի. Դյակոնովի թերի տեսությունից: Կարեւոր է նաեւ հրաժարվել «նախնական Հայաստան» ձեւակերպումից եւ նրա տեղայնացման հարցից, քանի որ ըստ հայկական ավանդույթի, Հայկի ոստանը համարվում է Հարքը՝ այսինքն, Արածանի գետի կամ Արեւելյան Եփրատի վերին շրջանը:

Մենք երկու հոդվածով կներկայացնենք Հայ, Էթուն (էտիուն) եւ Արմեն էթոնիմների ստեղծման գաղափարական հենքը՝ հենվելով մշակութային այն ամրագրումների վրա, որոնք տարածաշրջանում ակնհայտ են: Նշենք նաեւ, որ հիմնականում տեղյակ ենք այն ուսումնասիրություններին, որոնք արվել են հայազգի եւ օտար ուսումնասիրողների կողմից: Մեր խնդիրն է այս քննախուզությունում ներկայացնել այն, ինչ դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից:

Ավանդաբանությունից հայտնի է, որ Հաբեթի հինգերորդ սերունդ եւ մեր էթնոսի հիմնադիր նահապետ Հայկը հաստատվում է Միջագետքի բարձրադիր լեռներում, որը հետագայում պետք է կոչվեր Հարք: Բաբելոնից Միջագետքի բարձրադիր լեռներ կամ Հարք անցման ավանդույթը մեր կողմից ընկալվում է որպես ինքնուրույն պետականաստեղծ անցումի: Լեռնաշխարհում էթնիկական պետություն ստեղծելու անհրաժեշտությունը բխել է իրական այն պայմաններից, որոնք առնչվում էին ԱՐ քաղաքակրթության տրոհման խնդիրների հետ: ԱՐ քաղաքակրթության վերջնական տրոհումը, մեր կարծիքով, տեղի է ունեցել մ.թ.ա. III հազարամյակի սկզբին: Հայկը առաջնորդելով իրեն հավատարիմ ժողովրդին՝ ստեղծում է նոր իրավիճակ տարածաշրջանում: Այսպիսով, Հայկի առաջնորդությամբ ձեւավորված էթնոտեսակը հետագա պատմության մեջ հանդես է գալիս մի քանի հիմնական էթոնիմներով՝ Հայ, Էթուն, Արմեն: Հայկի մյուս ժառանգները նույնպես  ազգածին հիմնադիրներ են: Ասենք՝ Խոռը դարձավ խուռիների հիմնադիրը (սեպագիր hurri-xor,հայերեն խոռ, հուն. Χοραιος): Մանավազը, մեր կարծիքով, կարող էր Մանա կազմավորման հիմնադիրը լինել:

«Հայա» հատուկ անվան առաջին գրավոր հիշատակությունը շումերական մշակույթում է, եւ մեր կարծիքով այն մատնանշում էր իր ժամանակին արդեն Հայ տեսակի գոյությունը: Շումերական մշակույթում Հայա հատուկ անունը կարող էր փոխառված լինել եւ՛ մինչեւ այդ հիշատակությունը, եւ՛ կարող էր փոխառվել հետագայում նույնպես, որը քիչ հավանական է, սակայն այս պահին, փոխառության մասին գրավոր աղբյուր չունենալու պատճառով, կարող ենք մասնավորաբար բավարարվել շումերական աղբյուրով: Հատուկ անունները դժվար են ստուգաբանվում, ուստի եւ անհրաժեշտ են այլ տվյալներ, որոնք կարող են բացահայտել նրանց նախնական իմաստը: Մենք կարող ենք ընդգծել, որ հայոց հիմնադիր նախահոր անունը, ինչպես եւ կերպարը, ըստ շումերական ավանդապատումների, փոխկապված է մարդու արարման խնդիրների, նաեւ մեր էթնոսի եւ էթնոգիտակցության հետ: Հայ տերմինը մեր տեսակի էթնո-կենտրոն համակարգի հիմնական բաղադրիչն է: Մեր էթնոգիտակցության մեջ Հայա-Հայ-Հայկ-Հաիկը հիմնադիր նահապետ է, Հայկ անունը ժամանակակից ընկալումներով ավարտվում է նվազագույն-քնքշական «իկ» ածանցով, Հայ-իկ>Հայկ: Հայ էթնոկենտրոն երեւույթի մասին է խոսվում. Վանի թագավորության արձանագրություններից մեզ հասած Հալդի, Հալդայո տերմինները (հայերենում հոգնակի սեռականը հիմք է տալիս, կարծելու) կազմված են նույն լեզվամտածողության շրջանակներում, հնարավոր չէ, որ հայ տերմինը այդ հոլովմանը անցներ ուշ: Հայ-Հայա տերմինը հետագայում առնում է (i)yo-ածանցը, որը անպայման պետք է միացած լիներ արմատին նախաուրարտական շրջանում:

Հայ տերմինի մեկնաբանման համար սկզբունքային է Hatti տերմինը, որը հեթթերին է անցել Փոքր Ասիայի բնիկներից, այսինքն՝ Հայերից: Այստեղ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. գրվում է Hatti եւ կարդացվում է հատտի, այլ ոչ թե հաթթի, առավել եւս խատտի: Վերջինս Հայաստանում փոխառվել է ռուսերենից եւ կորցրել է իր իրական հնչյունաբանությունը, հայերենում միակ հնչեցումն է Հատտի: Մենք համոզված ենք, որ Hatti տերմինը հայերենում նույնպես պետք է գրել միայն տ տառով: Ինչպես հայտնի է պատմությունից, Հատտերից հետո առաջ են գալիս Հետտերը: Այս տերմինները հնարավորություն են տալիս տեսնել Հայա-Հայ-Հատտի-Հետտի անցումը: Շրջանցելով նեղ մասնագիտական մանրամասները՝ ասենք, Հատտի տերմինը, ըստ իր իմաստաբանության, նշանակում է« «մեկ միավոր լույս», իսկ Հետտի նշանակում է «միասին կամ վերջին լույս»: Հայտնի տեսությունների շրջանականերում առ այսօր հայերենը համարվում է հետտերենից հետո հաջորդ հնագույն պահպանված հնդեվրոպական լեզուն: Այստեղ եւս շտկման կարիք կա, ցեղանունը եւ լեզուն մատնանշում են շարժման ուղղությունը եւ ամրագրում են քաղաքակրթական անցումները: Տվյալ դեպքում հնագույն շումերական գրավոր աղբյուրները ամրագրել են Հայա տերմինը, իսկ մենք հստակ տեսնում ենք տերմինի անցումը Հայաստանից դեպի արեւմուտք, այլ ոչ թե հակառակը, ներառյալ՝ Հետտիտական ժամանակաշրջանը:

Հայ-Hatti-pHter-հայր տեր անցումը բավականին օրինաչափ է եւ ուղիղ համեմատական է տերմինի քաղաքակրթական անցումներին, այսինքն՝ շումերական մշակույթում Haya, հայկականում՝ Hayk, հատտիտականում՝ Hatti, ռոմանո-գերմանականում՝ pHter:

Գ. Ջահուկյանը իր՝ «Հայոց լեզվի պատմություն» ուսումնասիրության մեջ նշում է, որ հայերը, անցնելով Հայկական Լեռնաշխարհ եւ տիրելով տեղաբնիկ ուրարտացիներին, սկսել են կոչվել տեր՝ ի հակադրություն պարտված տեղացիների: Իհարկե, մենք չենք կարող համաձայնել մեծանուն հայագետի այս տեսակետի հետ, քանի որ հայ տեսակը չէր կարող անցել Հայկական Լեռնաշխարհ, այնուհետեւ գրավեր ինքն իրեն: Հայկից մինչեւ Ուրարտու ընկած է 2500 տարի, այսինքն՝ սկզբից հայի տեսակ, հետո միայն Ուրարտական կայսրություն, ի դեպ, որն էլ ստեղծվել է հայ էթնոտեսակի մասնակցությամբ: Հետեւաբար՝ հայերի կողմից՝ այսպես կոչված գոյություն չունեցող ուրարտներին գրավելը, մեղմ ասած անհեթեթություն է, քանի որ Ուրարտու անունը էթնիկական պատկանելություն չէ, այլ ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի հաջորդ կայսրությունը Ուրարտու անվան տակ:

Վերջ ի վերջո՝ որտեղ են թաքնված հայերը ուրարտական ժամանակաշրջանում. այս մասին կա որոշակի մոտեցում: Ներկայացնենք այն: Հայ էթոնիմի հնարավոր ձեւերից մեկը hat’iyo տերմինն է, հնդեվրոպական poti-yo-ն ծագում է hati տերմինից: Hat’iyo եւ Etiu տերմնինները, ըստ որոշ մասնագետների, նույնական են, վերջինս հայտնի է ուրարտական արձանագրություններից: Դյակոնովը այն ներկայացնում էր որպես Etio: Ուրարտական արձանագրություններում հայտանաբերված չէ հ-ին համարժեք սեպագիր, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հնչյունը անպայման ունեցել է իր տեղը լեզվի մեջ: Հայկական hat‘i(y)o-ն ուրարտական սեպագրում կարող էր գրվել որպես etio եւ կարող էր հնչեցվել (h)etio: Կայսրության գահակալներ Իշպուինի եւ Մենուա արքաները, մ.թ.ա. IXդ. վերջին հիշում են իրենց հակառակորդ ցեղերին օգնության հասած էթուհի արքաներին: Մենուա արքան etio արքաներից տարել է 50 atibi-հիսուն բյուր՝ կես միլիոն մարդ: Այս փաստը վկայում է Ուրարտական կայսրության ներսում տեղի ունեցող մասշտաբային տեղաշարժերը: Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645) Էթունին հիշում է թշնամիների շարքում, այսպիսով Ուրարտական կայսրության ներսում Էթունին հանդես է գալիս որպես կայսրության հիմնական կրող տարր: Փաստորեն՝ Ուրարտական կայսրության ներսում Էթունները հակադրվել են Վանի արքաներին, այսինքն ունեցել են ինքնություն եւ դիրքորոշում: Ըստ մեր ուսումնասիրությունների, հայերը Ուրարտական կայսրության մեջ բացահայտորեն նույնացված են լեռնաշխարհում բնակվող etio անվան տակ հանդես եկող էթնոզանգվածի հետ: Այս է պատճառը, որ մեր ընկալումների հայ տեսակը չի երեւում ուրարտական արձանագրություններում:

Հետաքրքիր է հասկանալ, թե ովքեր են այդ էթունները, որոնք հակադրվել են Ուրարտական կայսրության արքաներին, եւ եթե նրանք այդքան հզոր էին, ինչպե՜ս Մենուան կարողացավ կես միլիոն էթուն տեղափոխել կայսրության մեկ այլ հատված: Այս հարցադրումների միակ պատասխանը կարելի է գտնել գերմանո-սկանդինավյան ավանդազրույցներում, որտեղ Էթուն անունով հսկաները, Ասերի ղեկավարությամբ Վաների համար կառուցում են քաղաքներ: Այս երկու տեղեկությունների համադրությունը տալիս է հարցերի պատասխանը: Կարող ենք հստակորեն ասել, որ Ուրարտական կայսրությունը կառուցված էր որոշակի համակարգի շրջանակներում, որտեղ առաջնորդները Վանի արքաներն են՝ հիմնված Հայասա պետության արժեհամակարգի եւ նրա հիմնական էթնիկ տարրի՝ Հայի վրա, ով Ուրարտական կայսրության մեջ ընկալվում էր որպես էթուն: Ուրարտական աղբյուրերի Etiu-Etiuni կամ Etiuhi տարածքը հիմնականում համապատասխանում է Մեծ Հայքի Այրարատ նահանգին: Հայ էթնոտեսակը կամ Et‘io-ն, որպես լեռնաշխարհի հիմնական էթնիկ տարր, Ուրարտական կայսրության մեջ պետք է մնար հենց այդ միջանկյալ ձեւով: Այսպիսով՝ հայը եւ հայոց երկիրը Ուրարտական կայսրության ներսում ընկալվում է որպես Etiu-ni/hi: Ուրարտական կայսրության անկումը ուղղակիորեն կապված է Et‘io էթոնիմով հանդես եկող հայ էթնո զանգվածի գործունեության հետ: Ուրարտական կայսրության անկումից հետո որոշ արձանագրություններում պահպանված է հիշատակություն էթունացիների մասին, որոնք եւ կարելի է կարծել, կործանել են Ուրարտական կայսրությունը: Այդ դարաշրջանում չկա Et‘io անվանումով մեկ այլ էթնոս, որ կարողանար լուծարել այնպիսի հզորագույն մի կայսրություն, ինչպիսին էր Ուրարտուն: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ուրարտական կոչված ժամանակաշրջանում հայ էթնոսը հանդես է գալիս որպես Et‘io: Իսկ Ի. Դյակոնովը կարծում էր, որ Հետտական պետության անկումից հետո Եփրատի եւ Արածանիի միախառնման տեղից արեւմուտք ընկած շրջանի ողջ բնակչությունը կոչվել է hatti տերմինով: Հեղինակը կարծիք է հայտնում, որ ուրարտացիները, յուրացնելով մուշքերի լեզուն, hatti տերմինը դարձնում են իրենց ինքնանվանումը, hat‘iyos ածանցյալ ձեւով, որից եւ, ըստ Դյակոնովի, պիտի առաջանար հայ էթոնիմը: Անսահման տարօրինակ եզրահանգում՝ լեզուն մուշքերի, պետությունը ուրարտների, էթոնիմը Հատտերի,- իսպառ բացակայում է տրամաբանությունը: Հայ-խայ եւ Հատտի-Հետտի տերմինները պետք է ձեւավորված լինեն մեկ լեզվամտածողության շրջանակներում, հետո միայն կարող էին վերաիմաստավորել ըստ կրոնական գաղափարախոսության: Hay-Hatti ստուգաբանության համար այսօր արդեն անհրաժեշտ նախապայմանները կան, hatti-ի տեղական հնչողությունը պետք է լիներ ինչպես հատտի, այնպես էլ խատտի, տերմինի ներսում ներփակված «հատ լույս»-ը կամ բարբառային «խատ լույս»-ը հստակորեն մատնանշում է նրա ստեղծողին, որն է հայը եւ նրա լեզվամտածողությունը, հատտի եւ հետտի տերմինները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում:

Նորից անդրադառնանք Գ. Ջահուկյանին: Ըստ հեղինակի, վաղ հնագույն հայերենը մ.թ.ա. XIIդ. արդեն կար եւ պիտի որ ունենար խ հնչյունը, զարմանալի է, որ խ հնչյունի վաղնջենականությունը կասկածի տակ է դրվում, անտեսվում է հայոց լեզվի բարբառային հիմքը, որտեղ հստակ են հ-խ անցումները: Հայոց բարբառում խ եւ հ հնչյունները գործում են շատ հստակ, խ եւ հ հնչյունները հայոց լեզվի մեջ կանոնակարգվել են բավականին ուշ շրջանում:

Հայ էթոնիմը կապված է հետտիտական աղբյուրների Hayaša տերմինի հետ, հայերեն գրականության մեջ այն ներկայացվում է որպես Հայասա, որը ինքնին բխում է հայոց լեզվի օրինաչափությունից: (a)aša մասը հաճախ ենթադրվում է ածանց, որը սխալ է, Hayaaša տերմինը կազմված է Hay եւ aša երկու հիմքերից: Հայասայի Arhita տեղանունը համապատասխանում է ուրարտական ժամանակաշրջանի Arhi-ին տեղանվանը: Ուսումնասիրողների կողմից այն տեղայնացվում է Բարձր Հայքի Հարք գավառում, ասորական արձանագրություններում ներկայացվում է որպես Ar ašku, եւ հիմնականում նույնացվում է Արճեշի հետ: Հետտական դարաշրջանի անկումից հետո Հայասան ներկայացվում է որպես Դիաուխի կամ Դիաուհի թագավորություն: Hayaša -հայ կապի ուղղակի ներկայությունը մերժվեց Ի. Դյակոնովի կողմից: Գ. Ջահուկյանը Հայասա-Հայ կապի իրական հիմքը ապահովելու գործում 1987թ.-ից փոխեց իր տեսակետը եւ միացավ Հայասայի լեզուն հայերեն համարող ուսումնասիրողներին:

Հայասայի տեղայնացումը Հայոց Աշխարհի արեւմտյան սահմաններում, որպես Փոքր Հայք, ընդգծում է նրա ենթակայությունը Մեծ Հայքին: Փոքր Հայք անվանումը պետք է ձեւավորվեր Մեծ Հայքին զուգահեռ, որպես մեկ ամբողջական գաղափարախոսության մաս եւ ակնարկում է աշխարհաստեղծ հայոց հնագույն պատկերացումները: Հոգեբանական եւ բնական ընկալումները հուշում են, որ Մեծ մակդիրով պետք է կոչվեին այն տարածքները, որոնք ընդգծում էին կրողի սկզբնական իրավունքը, որը վերջում ամրագրվում է որպես հաղթանակ, իսկ Փոքր Հայքը պետք է ապահովեր այն քաղաքակրթական անցումը դեպի եվրոպա, որին մենք ականատես ենք դառնում հետագայում՝ համաձայն հունական ավանդապատումների: Հայոց ավանդության մեջ Հայասա տերմինի հիմնական դեր չունենալը եւ նույնիսկ չհիշատակվելը կապված է նրա իրական կարգավիճակի հետ, որն էր ուղիղ ենթակայությունը Մեծ Հայքին, aša տերմինը հարկավոր է դիտարկել որպես ենթակայության եւ պատկանելության տերմին, ինչպիսին նա հանդես է գալիս գերմանո-սկանդինավյան ավանդապատումներում:

Շեշտենք նորից այն երկիրը, ուր հետագայում պետք է մեկնեն Արգոնավորդները, հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում է Ai (Այա-Հայա):

Հայ եւ Hayaša, խայասա տերմինները հստակորեն կապված են իրար հետ, հետտական աղբյուրներում հայտնի Hayaša տերմինը ուղղակիորեն արտահայտում էր հայոց աշխարհի դիրքավորումը այդ ժամանակաշրջանի քաղաքականության մեջ որպես Հայ ասա – խոսք ասող:

Ամփոփելով կարելի է ամրագրել, որ Հայա տերմինը շումերական մշակույթում հայտի է Հետտական կայսրությունից առաջ, Հետտական կայսրության անկումից հետո Ուրարտական կայսրության դարաշրջանում հայ էթնոտեսակը ընկալվում է որպես Էթուն-Էտիօ, որը բառացիորեն նշանակում է էություն՝ լույս եւ ձայն:

Արամ Մկրտչյան

Գերմանիա, 14.09.2011թ.

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.