Եվրոպական ճանաչման յուրահատկությունը


Կշրջվի՞ Արեւմուտքը դեպի Արեւ – ելք՝ Հայաստան

Մոսկվայում հանդիպել են ՌԴ  եւ ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը: Արդեն ասվել է, որ Մոսկվան մինչեւ ՌԴ-ում նախագահի նոր ընտրության ավարտը, գուցե արցախյան խնդրի կարգավորման գործընթացը զիջի Փարիզին, եւ այս հանդիպումը թերեւս քննարկումների նոր առիթ էր:

Իսկ ԵԽԽՎ 32 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են ԼՂՀ անկախությունը եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ: Հայտարարության մեջ ասվում է. «20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենսդրության հիման վրա անկախություն հայտարարելու մասին որոշում կայացնելով, մեր տարածաշրջանում ի հայտ եկան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային Միությունից անջատվելու իրավունքից օգտվեցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այլեւ Լեռնային Ղարաբաղը»:

Նշվում է, որ այս 4 «քաղաքական սուբյեկտները հայտարարել են իրենց անկախության մասին մոտավորապես նույն ժամանակահատվածում»: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է՝ ԵԽ անդամ են, իսկ Արցախը դեռեւս չի ընդգրկվել ԵԽ կազմում: Եվրոպացի այս պատգամավորները նշում են, որ չնայած չճանաչման փաստին եւ բարդ իրադրությանը՝ Արցախը, այնուամենայնիվ, ընդունել է եւ հետեւողականորեն իրականացնում է պետականաշինության ուղին, որը «համապատասխանում է Եվրոպայի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին»:

«Արցախում ժողովրդավարական մոդելի զարգացման գործընթացը եւ արդյունքները» բարձր են գնահատվել եւ գիտակցելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցություններին Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը, 32 պատգամավորները շնորհավորել են ԼՂՀ-ին 20-ամյակի կապակցությամբ եւ կոչ արել սերտորեն համագործակցել ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունների հետ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության անդամները, ֆրանսիացի, անդորրացի, բրիտանացի, շվեյցարացի, ավստրիացի, բելգիացի, սերբ, սլովակ, իտալացի պատգամավորներ:

Այս անգամ էլ «եղբայրական» Ռուսաստանի ու Վրաստանի պատվիրակները հեռու են պահել իրենց…

Արցախի խնդրում պատրաստակամություն է դրսեւորում նաեւ հարեւան Իրանը:

ԻԻՀ նախագահ Ահմադինեժադը ասել է, որ «Իրանը բարեկամական հարաբերություններ ունի եւ՛ Հայաստանի եւ՛ Ադրբեջանի հետ», եւ կողմերին խորհուրդ է տվել, որպեսզի արդարության հիմամբ ու երկխոսության ճանապարհով լուծեն առկա խնդիրները, որ այսպես գործելու դեպքում ոչ մի խնդիր գոյություն չի ունենա: Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ նա հայտարարել է, որ կա բազմավաստակ իրանահայ համայնք, որն ունի իրավունքներ Իրանում՝ միմյանց կողքի ապրող մյուս ազգերի հետ: Եվ չնայած բնակչության համեմատ հայերի թիվը քիչ է, սակայն վերջիններս մեջլիսում մի քանի պատգամավոր ունեն:

Արցախի հարցը հնարավոր է նոր փուլ է տեղափոխվում, որտեղ հայերի իրավունքները, ազգերի ինքնորոշման եւ միջազգային այլ հիմնարար իրավունքներով կարգավորված, գուցե հասնեն Արցախ-ԼՂՀ անկախության ճանաչմանը: Նորանկախ պետությունների ճանաչման գործընթացը նույնպես հուշում է այս հնարավորությունը, ինչը պետք է դառնա հայկական դիվանագիտության հաստատուն գործելաոճը:

Արեւմտյան դրական դիրքորոշումն այս հարցում վստահաբար կքաջալերի նաեւ ռուսաստանյան կողմին, իսկ թուրքական խառնակչությանը կարելի է հակադրել իրանական հանդուրժողականությունն ու իրատեսությունը:

Արցախի իշխանությունները պետք է առավել աշխույժ ձեռնարկեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես դա արեցին Պաղեստինի ներկայացուցիչները՝ երկրե-երկիր այցերով:

Արման Դավթյան

«Վախի պատ»՝ ադրբեջանցիների համար

Ադրբեջանը Արցախի Պաշտպանության բանակի զորքերի հետ շփման գծի երկայնքով «պաշտպանական պատ» է կառուցելու: Այս խնդիրը նախկինում արդեն աղմուկ էր առաջացրել, բայց ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ ԼՂՀ Մարտակերտի շրջանին սահմանակից Չըրաղլի գյուղի մոտ արդեն 3 մետր բարձրությամբ 700 մետրանոց պատ է կառուցվել:

Իբր թե հայ դիպուկահարներից պաշտպանվելու նպատակով, շփման գծի երկայնքով պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006թ.-ից եւ կառուցման կողմնակիցները կարծում են, որ այդ քայլը հոգեբանական նշանակություն կունենա ու «կստիպի ադրբեջանական հասարակությանը հիշել, թե ո՞վ է իր հարեւանը»: Երեւի ադբեջանցի կոչված թյուրք-թաթար խաժամուժը պարբերաբար մոռանում է, որ ապրում է «իր» հայրենիքում (ալթայներն են հոգում կանչում…) ու երեւի մտածում է՝ հայերը ե՞րբ են հեռացնելու իրենց՝ Ադրբեջան հորջորջվող՝ հայերից գրաված բուն հայկական բնական ու պատմական տարածքներից…

Բաքվում «մոռացել» եւ մոռացնել են տալիս սա, բայց ալիեւյան ռազմատենչ հայտարարություններն անգամ չեն օգնում հիշողության ադրբեջանամետ փոփոխմանը: Եվ ահա, պատի կառուցմամբ են փորձում հիշեցնել, թե կա Ադրբեջան, եւ ադրբեջանցիներ կան Հայաստանի ու հայերի կողքին…

Բայց չեն հիշեցնում իրենց արդեն իսկ վախեցած հասարակությանը, որ ադրբեջանցի դիպուկահարներն են օրվա մեջ հարյուրավոր անգամներ խախտում հայկական կողմնի անդորրը: Չեն հիշեցնում, որ պատի գաղափարը հակառակը՝ մի նոր վախի մթնոլորտ կարող է ստեղծել: Այդ դեպքում ինչու՞ հայերը «վախի պատ» չեն կառուցում:

Հակամարտ երկրներին պատով անջատելու-մեկուսացնելու կամ հակառակորդներից պաշտպանվելու նպատակով, երկրի սահմանները պարսպապատելու նախադեպեր հայտնի են հնագույն ժամանակներից: Հին աշխարհի նման ամենահայտնի օրինակը Չինական մեծ պատն է, որ պահպանվել է առ այսօր: Նոր ժամանակներից ամենահայտնին՝ «Սառը պատերազմ»-ի տարիներին կառուցված Բեռլինի պատը, քանդվել է դեռ 1989թ.:

Նման խնդիր  էլ առաջացել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետեւանով: Իսրայելը շարունակում է 2003թ. սկսած մինչեւ 8 մետր բարձրությամբ պատի շինարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափին, որով փորձում է պաշտպանվել պաղեստինյան արաբներից: Պատը փաստացի սահման է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ:

Եվ ահա Ադրբեջանը պատակառուցման մի նոր փուլ է սկսում: Բաքուն այս հարցում մեղադրում է ՌԴ-ին եւ ԵԱՀԿ-ին՝ հայամետ քաղաքականություն վարելու համար, քանի որ նրանք ընդդիմանում են Ադրբեջանի կողմից սահմանի երկայնքով պատի կառուցմանը:

Համեմատությունը համարժեք չէ, բայց սա կարող է նմանվել հրեական «Լացի պատին», որի մոտ իսրայելցիները հիշում են Հոլոքոսթի զոհերին: Գուցե ադրբեջանցիներին էլ «վախի պատ» է պետք՝ իրենց բնակիչների վախը չափելու եւ դա չափելուց հետո աղեկտուր լացելու համար… Բայց «խեղճ» պատը կդիմանա՞…

Արտակ Հայոցյան

Ծովու՞մ էլ կկառուցվի պատ

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է, որ «Աշգաբադը պատրաստվում է իր դիրքերն ամրապնդել Կասպից ծովի տարածաշրջանում»: Թուրքմենստանը որոշել է կարեւոր դիրք ստանալ եւ ձգտում է ռազմածովային նավատորմի համար գնել ռազմական նավեր ու սպառազինություն:

Թուրքմենստանի նախագահ  Բերդիմուհամեդովը ռազմական նավաստիների առջեւ հայտարարել է. «Կասպից ծովը միշտ էլ պետք է լինի բարեկամության եւ համաձայնության ծով»: Բայց փորձագետները նշում են, որ Աշգաբադի որոշումը՝ ստեղծել ռազմական բազա, վկայում է, որ տարածաշրջանում առկա են խնդիրներ, քանի որ զինվում են ոչ միայն Թուրքմենստանը, այլեւ Կասպից տարածաշրջանի բոլոր պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը եւ Իրանը:

Մերձավորարեւելյան վերջին դեպքերը եւս հավաստում են, որ միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքը ուժի կիրառումն է՝ ուժն է ծնում իրավունք: Եվ բոլոր երկրները մտածում են անվտանգության մասին, Թուրքմենստանն էլ բացառություն չէ:

Սա կարեւորվում է, քանզի այս երկիրը Կասպից ծովի շրջանում նավթաբեր տարածքների համար վեճ ունի Ադրբեջանի ու Իրանի հետ:

Կարեն Բալյան

Թուրքի կնիկը՝ նախագա՞հ

Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում:

«Ազադլըգ»-ը գրում է, որ նախիջեւանյան կլանը լրջորեն անհանգստացած է, պատճառն այն է, որ նրանք կարծում են, թե Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:

«Նախիջեւանի կլանն այդ մտահոգությունն ուներ դեռ 2008թ., բայց երբ Իլհամ Ալիեւը 2-րդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, լայնորեն սկսեց քննարկվել, որ Մեհրիբան Ալիեւան կդառնա Ադրբեջանի նախագահ 2013թ.: Բաքու-Շիրվանյան կլանն այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում, փոխարենը նախիջեւանյան կլանը հարկադրված էր համապատասխանաբար գործել: Արդյունքում, 2009թ. մարտի 18-ին անցկացված հանրաքվեի շնորհիվ Փաշաեւների ծրագիրը լիովին ձախողվեց: Բայց այժմ, երբ Իլհամ Ալիեւն աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ, շատ հավանական է, 2013թ. նախագահի պաշտոնը զբաղեցնի Մեհրիբան Ալիեւան: Ավելին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին այցից եւ դրա ընթացքում Մեհրիբան Ալիեւայի հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքից հետո, նախիջեւանյան կլանը իսկապես մտահոգվելու լուրջ պատճառներ ունի»,-եզրափակում է թերթը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ միակ նշանակալից իրադարձությունը եղել էր Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մ. Ալիեւային Պատվո Լեգիոնի շքանշան շնորհելը: Սարկոզիի նվերը մտորումների տեղիք է տվել Ադրբեջանում: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը չէր արժանացել այդ պարգեւին:  

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.