Երկար ժամանակ մեր քաղաքական դաշտը սպասում է, թե ինչ վերջաբան կունենան ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Մենք ոչ մեկ անգամ նշել ենք, որ կոալիցիա-կոնգրես բանակցությունները առավելապես ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության էին նմանվում, քանզի ԲՀԿ-ն առավելապես չեզոք դիրքորոշում էր որդեգրել՝ ի տարբերություն ՕԵԿ-ի, որը միանշանակ ՀՀԿ-ի կողքին է: Անգամ տեսակետներ էին լինում, թե ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությանը կզուգորդի եւս մեկ իշխանություն-ընդդիմություն բանակցություն՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ այլ ընդդիմադիր ուժերի: Հատկապես, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն», չեն պատրաստվում հանդես գալ ՀԱԿ-ՀՀՇ-ի հետ: Արտախորհրդարանական ընդդիմությունները նույնպես նախընտրել են առանձին կամ համատեղ դաշինքներով հանդես գալը:
Այս հարցը անգամ քննարկվել է ՀՀԿ նիստում: Բայց մինչ տեսական վերլուծությունները, նշենք, որ ԲՀԿ-ում հայտնել են, թե որեւէ տեղեկություն չունեն, թե ՀՀԿ-ում նախագահ Սարգսյանի նախագահությամբ կայացած նիստում եղել են նման քննարկումներ: «Մեզ ոչինչ չեն ասել: Մենք որեւէ տեղեկություն չունենք»,- ասել է ԲՀԿ խոսնակ Խ. Գալստյանը: Իսկ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ս. Սարգսյանը քննարկել է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը, եւ Գ. Ծառուկյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել կողմնորոշվելու համար՝ առաջիկա ընտրություններին նա սատարելո՞ւ է նախագահ Սարգսյանին, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը վերջերս հարցազրույց է տվել եւ ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին ցուցակով, իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա, ԲՀԿ խոսնակը նշել է, որ այս հարցը իրենց կուսակցությունում դեռ չի քննարկվել եւ հիշեցրել է Ծառուկյանի վերջին հարցազրույցը, որտեղ նույն հարցին նա պատասխանել է. «Այդ հարցին՝ հաջորդ դասին»:
Մեկ այլ բարձրաձայնում. ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հ. Սահակյանը հայտնել է, որ ՀՀԿ գործադիր նիստում քննարկվել է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը եւ շեշտել, որ ԲՀԿ-ին նոր հուշագիր չեն առաջարկել: Նա անգամ նշել է, որ «թեժ աշուն» ասվածի կանխատեսումները որոշ չափով արդարացվեցին, եւ ՀՀԿ-ն իր քայլերը կարողացավ այնպես կատարել, որ թե՛ ՀԱԿ-ը, թե ժողովուրդը հասկացան, որ պետք է պատրաստվել ոչ թե արտահերթ, այլ պարզապես հերթական ընտրություններին:
Մեկ այլ ԱԺ պատգամավոր Վ. Խաչատրյանը, ով նախկինում «Ժառանգություն» խմբակցության անդամ էր, հետո էլ ՍԴՀԿ ներկայացուցիչ, կարծում է, որ «թեժ աշուն»-ը չարդարացվեց, քանի որ ՀԱԿ-ը չկարողացավ համախմբել ընդդիմադիր դաշտը, իսկ կոնգրեսականներն էլ տապալվեցին երկխոսության ընթացքում:
Ինչեւէ, Ս. Սարգսյանի նախագահությամբ կայացած ՀՀԿ գործկոմի նիստում քննարկվել է ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության հարցը, եւ ոմանք անընդունելի են համարել, որ կոալիցիոն հուշագիր ստորագրած ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը հրաժարվում է հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Ս. Սարգսյանին ու հայտարարում է, թե ինքնուրույն է գնալու ընտրության:
Լրացել է մեկ շաբաթվա ժամանակը, որը տվել են ԲՀԿ-ին՝ կողմնորոշվելու եւ նախագահ Սարգսյանին սատարելու մասին հայտարարելու համար: ՀՀԿ-ականները խուսափում են այլ մանրամասներ ասել:
ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովը նշել է. «Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Քննարկումները շարունակվում են»: Իսկ ԲՀԿ-ի հարցը քննարկվե՞լ է, ի պատասխան մամուլի խոսնակը երկրորդել է. «Քննարկումները շարունակվում են»: Ինչպիսին կլինի ԲՀԿ պատասխանը, դեռ հայտնի չէ:
Կարծում ենք՝ շատ ժամանակ չի պահանջվի, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն անեն համապատասխան հայտարարություններ: Իսկ ՕԵԿ-ի հարցը արդեն իսկ պարզ է: ՀՀԿ պատգամավոր Գ. Մելիքյանը եւ այլք փորձում են հերքել, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ խնդիրներ ունի, սակայն այս խմորը վաղուց է ջուր քաշում եւ առավել քան ակնհայտ է: Գ Մելիքյանը հայտնել է նաեւ, որ շուտով ՀԱԿ-ը կհրաժարվի նախագահի հրաժարականը պահանջելու մարտավարությունից, ինչպես հրաժարվեց արտահերթ ԱԺ ընտրությունների պահանջից: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բացի ՀՀԿ-ից, նա պատկերացնում է նաեւ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, իսկ «Ժառանգություն» խմբակցության ներկայությանը թերահավատորեն է մոտենում: ՀՀԿ պատգամավորներից շատերն են հաստատում, որ 1-ին եւ 2-րդ նախագահները «քաղաքական պասիվություն չեն դրսեւորել երբեք» եւ զարմանալի չէ նրանց «նորովի ակտիվացումը», ինչը, ինչպեսեւ այլ «կուսակցությունների ակտիվացումը առաջիկա ԱԺ ընտրություններից առաջ», համարում են տրամաբանական:
Ի դեպ, «168 ժամ»-ը գրել էր, թե «լավատեղյակ աղբյուրների համաձայն Լ. Տեր-Պետրոսյանն ու Գ. Ծառուկյանը հանդիպել են»: Հիշեցվում է, որ հոկտեմբերի 1-ի ելույթում ՀՀ 1-ին նախագահը հայտարարել էր, որ իրենք պետք է ավելի շատ հաշվի նստեն ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն կուսակցություն է, իսկ ՀՀԿ-ն օպորտունիստների խումբ, ոչ թե կուսակցություն: Նա ԲՀԿ-ն որակել էր «հայաստանածին» կուսակցություն (ԲՀԿ-ին զուգահեռ հարվածելով նաեւ ՀՅԴ-ին), որը ձեւավորվել է բնականորեն, «իր առաջնորդի տնտեսական կարողությունների եւ մի ռեգիոնալ հատվածում՝ Կոտայքի մարզում ունեցած ազդեցության շնորհիվ»: Տեր-Պետրոսյանը նաեւ ասել էր, որ ինքը չի կասկածում, որ կուսակցությունն անունը չի կապի Քոչարյանի հետ, «քանի որ ով իր անունը կապեց նրա հետ, իր վրա կվերցնի Մարտի 1-ի պատասխանատվությունը»: Այս հայտարարությունից հետո եւ «լավատեղյակ աղբյուրների համաձայն», տեղի է ունեցել ՀԱԿ եւ ԲՀԿ ղեկավարների հանդիպում:
Սա առավել մեծ սրում է մտցնում քաղաքական ոլորտում: Հատկապես զարմանալի է ՀՀ 1-ին նախագահի վերլուծությունը ԲՀԿ-ի ստեղծման առումով: Ամբողջ աշխարհը գիտի Ռ. Քոչարյանի եւ Գ. Ծառուկյանի կապը եւ ԲՀԿ-ի «առեղծվածը», իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հանկարծ հայտնություն է անում… Միակ հասկանալի պատճառը մեզ համար այն է, որ ՀՀ 1-ին նախագահը դեմ չէ, որ այլեւս ՀՀ 2-րդ նախագահը մտնի խաղի մեջ (բայց ոչ իր անունով) եւ թուլացնի գործող նախագահին: Քանզի նա կարծում է, թե իշխանության հետ երկխոսության դադարեցումից հետո իր հակառակորդը ՀՀ 3-րդ նախագահն է: Արդեն հայտնել է, որ «Քոչարյանն իր համար պրոբլեմ չէ»…
Ըստ ամենայնի, ՀՀ 1-ին նախագահը կարծում է, որ ՀՀ 2-րդ նախագահին հեշտ ու հանգիստ «կծալի» միջազգային ասպարեզում օժանդակություն ստանալով, մարտիմեկյան ողբերգության շահարկումներով եւ առավելություն կստանա: Իսկ ահա, ՀՀ 3-րդ նախագահի առումով նա կասկածներ ունի, որ կարող է միջազգային աջակցություն ստանալ:
Նախկին նախագահների քաղաքական մենամարտը դիտող Ս. Սարգսյանն այլեւս պետք է ազդեցիկ միջոցների դիմի, քանզի այժմ կարող է նրանց համատեղ հարվածների թիրախը դառնալ: Կարծում ենք՝ գործող նախագահը կսկսի Ռ. Քոչարյանի մեկուսացման գործընթացը, քանզի նրանք առավել լավ են ճանաչում միմյանց եւ թիմակից կադրերն էլ գրեթե նույն «արխիվից» են: Տեր-Պետրոսյանի հարցը փոքր ի շատե կարգավորված է՝ կոալիցիա-կոնգրես երկխոսության տապալումը նրա վրա արձանագրելով, ինչը չի արժանացել արեւմտյան երկրների հավանությանը: Եվ ահա, կարծիք կա, որ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպմանը, որը պետական այցի կարգավիճակ ունի, կքննարկվեն այս հարցերը եւս: Իսկ եթե Մեդվեդեւը կազմակերպի Պուտին-Սարգսյան հանդիպումը, ապա դա կարող է չեզոքացնել Քոչարյանի նկրտումները:
Այս առումով նպաստավոր է նախագահ Սարգսյանի վիճակը նաեւ ֆրանսիական (թերեւս նաեւ ամերիկյան) ուղղության առումով: Սարկոզիի պետական այցը դա հուշեց: Հետո Ֆրանսիայի նախագահը անգամ նամակ է հղել Սարգսյանին, որում, մասնավորապես, ասել է. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է՝ Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը՝ հանուն Ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության՝ դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա»:
Եվրասիական համագործակցության շրջանակներում հանդիպել են նաեւ ՀՀ եւ ՌԴ վարչապետները եւ չի բացառվում, որ «մեսիջներ» ուղարկված լինեն: Բայց չանտեսենք այն հանգամանքը, որ վարչապետ Տ. Սարգսյանը հավասարապես եւ՛ Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի «մարդն» է, ուստի հայտնի չէ, թե Վ. Պուտինի հղումներն ում կհասնեն… Իսկ մեր կառավարությունը արդեն հայտարարել է, որ չի անտեսի օլիգարխներին: Փորձելու են 2012թ. եկամուտների 96%-ը հարկերով լրացնել՝ իհարկե «կտրուկ նվազեցնելով ստվերային տնտեսության չափաբաժինը»: Անհանգստություն կա, որ հատկապես նախընտրական տարում կառավարության համար բավականին բարձր նշաձող է սահմանված, եւ վարչապետը հրահանգել է եւս մեկ աստիճանով բարձրացնել մրցակցային դաշտ ստեղծելու պահանջը: Հիմա թե ո՜ր օլիգարխները կհամարվեն ստվերային, առավել վառ կերեւա նախընտրական ժամանակահատվածում…
Իսկ մինչ այդ նախկին պատգամավոր Հ. Հովհաննիսյանը հորդորել է կիրառել ռուսաստանյան փորձը: Հայաստանի քաղաքագետների միության նախագահը շատ կցանկանար, որ գործող կուսակցությունները կիրառեին «պուտինյան սկզբունք»-ը եւ «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով ընտրացուցակի 40%-ը տրամադրեին անկուսակցականներին: Այսպես նա չի բացառել, որ կարող է առաջադրվել ՀՀԿ ցուցակով ու չի էլ հերքել, թե կարող է նաեւ ԱԺ ընտրություններին մասնակցել ԲՀԿ ցուցակով:
Աշխուժացման փորձեր են անում նաեւ ընտրությունից ընտրություն գործող կուսակցությունները, որոնք գուցե նույնպես դեմ չեն լինի «պուտինյան սկզբունք»-ի կիրառմանը, «Քրիստոնեա դեմոկրատական» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը եւ այլք դեռեւս հայտարարություններ են անում: ՀԴԿ ղեկավար Ա. Սարգսյանը անգամ ՀՀ նախագահի ընտրությունների մասին է խոսել. «Ես մի քանի անգամ առաջադրել եմ իմ թեկնածությունը, բայց նաեւ նախաձեռնել եմ ազգային միասնության եւ միասնական թեկնածուով հանդես գալը: Եթե ես հանկարծ նորից որոշեմ գնալ ընտրությունների, ապա ոչ մեկի նախապատվություն չեմ տա: Բայց դա ասօրվա խնդիր չէ»: Իսկ «Միավորված աշխատանքային» կուսակցության նախագահ Գ. Արսենյանը քաղաքական ասպարեզ մտնելու եւս մեկ փորձ է արել այս անգամ դատական հայց ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ բողոքարկելով Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի որոշումը: Քաղաքապետի որոշմամբ՝ ոստիկանների ուղեկցությամբ ապահավաքակցվել են Մաշտոցի պողոտայում տեղադրված՝ կուսակցության ղեկավարին պատկանող 14 վահանակներից 10-ը, իսկ սրանք կարող են պետք գալ նախընտրական շրջանում: ՀՅԴ պատգամավոր Ա. Շահբազյանն էլ արծարծել է բանակում կատարվող ցավալի դեպքերը, ինչը նույնպես կարող է նախընտրական թեմա դառնալ եւ՝ այլեւս ոչ միայն ՀԱԿ-ի համար: Ակտիվացման փորձ է արվում նաեւ ՀՌԱԿ-ում: Բայց ատենապետ Հ. Առաքելյանի իրավական գրանցումը ձգձգվում է, եւ կարծիք կա, թե նախագահ Սարգսյանի փեսան է փորձում պաշտպանել նախկին ատենապետ Է. Անտինյանին: Իսկ «ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանը նորից խաղաղասիրական ելույթ է ունեցել. «Ոչ թե Րաֆֆին, Սերժը կամ Ռոբերտը, այլ ժողովուրդն է, որ պետք է կարգի հրավիրի մեր պետությունը: Անհրաժեշտ է, որ ժողովուրդն ինքը վերատիրանա իշխանություն ձեւավորելու իր իրավունքին»:
Այս քաղաքական թոհուբոհի մեջ օրերս, եւս մեկ անգամ հանդիպեցին ՀՀ ազգայնական քաղաքական ուժերը, եւ Հայ Արիական միաբանության նախագահությամբ անցկացված հավաքում որոշվեց շարունակել գրանցել ազգայնական ուժերի ընտրազանգվածի քանակն ու կարողությունները: Դեռ չի բացառվում ԱԺ ընտրություններին ինչպես առանձին Հայ ազգայնական (Հայ Արիական կուսակցության ցուցակով) դաշինքով հանդես գալը, այնպես էլ այլ ուժերի հետ համագործակցված կամ համատեղ ցուցակով: ՀԱՄ առաջնորդ Ա. Ավետիսյանը նշել է, որ բանակցում են նաեւ սփյուռքահայ եւ այլազգի ազգայնական կազմակերպությունների ու անհատների հետ:
Կլինի թեժ աշուն, թե ոչ, դա արդեն էական չէ, քանզի ծավալումները զարգանում են: Բայց հստակ է, որ եկող ձմեռը հաստատ այն ժամանակն է լինելու, երբ քաղաքական ուժերը կվերադասավորվեն ու գարնանը հանդես կգան նորովի, շատերն էլ՝ դաշինքներով: Իսկ ընտրությունների թափանցիկ եւ ազատ անցկացումը գուցե այս անգամ դառնա այն որոշիչ ուժը, որը հիմք կծառայի հայկական պետականության ամրապնդման եւ հայկականացման համար:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.



