Որ սեփական պատմությունը ուրիշի՛ գրածով չսերտենք
1794թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական 1-ին պարբերականը՝ «Ազդարար»-ը: Այս փաստը մեզանում համարում են հայ տպագիր մամուլի պատմության սկիզբը: ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայկական մամուլի օրվա»:
Մենք պարբերաբար ընդգծում ենք այսօրինակ տոները եւ միաժամանակ հիշեցնում, որ մեր պատմությունը միայն հարյուրամյակների հետ չի առնչվում եւ դեռ սրբագրումների կարիք ունի…
Բայց քրիստոնեացման ճանապարհին ավերվեցին ոչ միայն հայոց արիական-հեթանոսական տաճարները, այլեւ ոչնչացվեցին քրմական մատյաններն ու հնագույն գրքերը: Անգամ հայոց տառերը հուդա-քրիստոնյաները «կորցրեցին»…
Դրանք հետագայում մեծն Մեսրոպ Մաշտոցը վերհանեց (բառի բուն իմաստով վերհանեց, եւ սրանից չի պակասում նրա փառքն ու արժանիքը), քանզի այլոց այբուբենով առաջնորդվող հայը կորցնում էր ինքնությունը, եւ ստիպված էին հայոց տառեր «ստեղծել»…
Քրիստոնեության ներխուժումից, ավեր-արյունից հետո ոչ միայն հայոց հեթանոսական տոներն ու ծեսերը քրիստոնեացվեցին (իբր նոր ստեղծվեցին), այլեւ՝ ամեն հայկական ազգային արժեք:
Առանց երկար մտածելու որոշ «պատմաբաններ» գրում են, թե հայերն ազգ են դարձել քրիստոնեության ընդունումից հետո, որպեսզի հայից հեռացնեն նրա փառահեղ ու իրական անցյալը:
Սակայն, սրանք չեն էլ պատկերացրել, որ այլոց ջրաղացին նոր ջուր են լցրել, քանզի մեր բարբարոս հարեւանները հե՛նց նրանց (որպես հայերի) մեջբերելով «հավաստում» են, թե հայերը չունեն հազարամյակների պատմություն եւ մինչ քրիստոնեությունը քոչվորներ են եղել…
Ինչքա՞ն կարելի է ավերել ու կեղծել սեփական ծագումն ու պատմությունը: Կեղտոտ ստերի պատճառը՝ քրիստոնեության արժեքը բարձրացնե՞լն է… Եվ մի՞թե կան մարդիկ, ովքեր այնքան թերհաս են, որ չեն հասկանում այն պարզ բանը, որ Իմաստության եւ Դպրության Տիր Աստված կամ Ողջախոհության Նանե Աստվածուհի ունեցող ազգը չէր կարող լեզու, այբուբեն, գիր-գրականություն, իմաստություն եւ արժեհամակարգ չունենալ եւ իբր այդ ամենը հրեական Եհովա աստվածն է «պարգեւել» առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած (բազմիցս ենք նշել, որ 301թ. հայերի առաջին ցեղասպանությունն է եղել) հայերին: Սրանով էլ «հավաստվում» է, թե իբր «ընտրյալ ժողովուրդ» հրեաների աստվածն է հայերին լեզու եւ գիր բերել…
Դեռ ինչքա՜ն բաներ կբացահայտվեն, երբ հայոց հին հավատը, հայկական արժեհամակարգը վերականգնի իր իրավունքները…
Ի դեպ, շատերն են վախենում այդ մտքից: Իզուր: Հայոց իրակա՛ն պատմությունը շարադրելու անհրաժեշտությունը օրախնդիր է այլեւս:
Վահագն Նանյան
Երեխաներին դպրոցներում չոքացնում են
Զարմուհիս մի օր ինձ պատմեց, որ իրենց դպրոցում «Հայ եկեղեցու պատմության» դասաժամին ուսուցչուհին ասում է. «Կչոքեք ու կաղոթեք, թե չէ Աստված ձեզ կպատժի»:
Աղջնակը վախեցել էր. «Երեկ բակ էի իջել, մոռացել եմ չոքել ու աղոթել, հիմա Աստված ինձ ի՞նչ է անելու»,-վախեցած հարցնում է:
«Ոչինչ, – հանգստացնում եմ, – Աստված ուղղակի ասելու է, որ ուսուցչուհիդ տխմար է»…
Անի Մարության
Չլինենք այն ստրուկը, ով ողջունում է ազատին
Բայց ինքն ազատության չի ձգտում
Հայաստանում նշվում են շատ միջազգային տոներ, ինչն իհարկե ողջունելի է, երբ խոսքը տարբեր մշակույթների ներկայացմանն է վերաբերում: Բայց բուն հայկական պատմա-մշակութային արժեքները դեռ մնում են ստվերում՝ չլուսաբանված: Մեր երկրում վերջերս նշեցին անգամ «Լեզուների եվրոպական օր»-ը: Դրան նվիրված ամենամյա տոնակատարություններ եղան, որի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեցան մտովի տեղափոխվել օտար երկրներ: Անգամ «Օտար լեզուների ուսուցման օպտիմալացումը» թեմայով գիտաժողով եղավ: Եվրոպային ցուցադրում էինք, թե «Մենք հարուստ ենք լեզուներով» եւ այս թեմայով գիտաժողով նույնպես եղավ:
Լա՛վ է, որ հարուստ ենք լեզուներով, բայց չգիտես ինչու դա անպայման կատարվում է հայերենի աղքատացման եւ անտեսման հաշվին: Ազգային եւ պետական մեր լեզուն ամենատարբեր փորձությունների է ենթարկվում, իսկ ՀՀ-ում անգամ մրցակիցներ ունի՝ ի դեմս անգլերենի ու ռուսերենի: Եթե այսպես ենք հարուստ լեզուներով, ապա մենք նման ենք այն ստրուկին, ով ողջունում է աշխարհի բոլոր ազատ մարդկանց…
Հայը պետք է իմանա՛ բազում լեզուներ, եւ դա
իրապես հարստություն է, բայց ո՛չ երբեք հայերենի անտեսման կամ մեր լեզվի իրավունքների ոտնահարման հաշվին: Հայերենը հայի ու Հայաստանի միա՛կ ազգային ու պետական լեզուն է եւ պե՛տք է անմրցակից լինի:
Իսկ եվրոպական ինստիտուտներում պաշտոնապես անցնում են հետեւյալ լեզուները՝ անգլերեն, հունարեն, իռլանդերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, նիդեռլանդերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, ֆիներեն, ֆրանսերեն, շվեդերեն եւ էստոներեն: Քեմբրիջյան Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կա 6000-ից ավելի լեզու:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.



