Բաքվեցի չենք, չե՜նք սիրում նրանց ու չե՜նք հանդուրժում

Ցավոք, ԼԳԲՏ-ներից մենք էլ զերծ չենք

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանը մամլո ասուլիսում նշել է, որ մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա: Այն զույգերը, ովքեր իրենց կյանքը կառուցում են մշտական սեռական հարաբերությունների վրա, մեծ տարիքում ավելի երկար են պահում ինչպես սեքսուալ, այնպես էլ վերարտադրողական գործառույթը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց կլիմաքսին, մասնագետն ասել է, որ վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել խոսել այդ մասին: Այն մի գործընթաց է, որը պայմանավորված է ֆիզիլոգիական, հորմոնալ տեղաշարժերով եւ միշտ չէ, որ կլինիկորեն արտահայտվում է:

«Ճիշտ ապրելակերպը, կանոնավոր սեռական կյանքը, հանգստի եւ աշխատանքի ճիշտ կազմակերպումը, կանխում են նման գործընթացների արտահայտվածությունը ու մինչեւ վերջ տղամարդը կարող է ունենալ առողջ սեռական կյանք եւ պահպանել այն բավարար մակարդակի վրա»,- ասել է սեքսապաթոլոգը:

Հոգեբան Լարիսա Պետրոսյանի կարծիքով՝ սեռական կյանքի անբավարար լինելու դեպքում՝ «զույգերի մոտ ագրեսիայի դեպքեր են նկատվում: Անձի վարքում զգացվում են ագրեսիայի դրսեւորումներ»: Ըստ նրա, սեռական խախտումները դասվում են 2 մասի՝ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական, որոնք անդրադառնում են զույգերի հարաբերությունների, հետեւաբար՝ սեռական կյանքի վրա:

Ի՞նչ անել անբնականների հետ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունն ու «Սոցիոսկոպ» ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոնը իրականացրել են սոցիոլոգիական հետազոտություն՝ «ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում»:

Այս հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպիսի՞ն է հանրային կարծիքը սեռական փոքրամասնությունների վերաբերյալ:

Արդյունքները հավաստում են, որ հասարակությունը հիմնականում կարծրատիպային վերաբերմունք ունի նման անձանց վերաբերյալ:

Հարցումները կատարվել են 1156 անձանց շրջանում եւ ըստ այդմ՝ հարցվողների 74,5%-ը համոզված է, որ պետությունն այս մարդկանց նկատմամբ տարվող քաղաքականություն չի իրականացնում:

Իսկ 71,5%-ը կարծում է, որ պետությունը պետք է այդ բացը լրացնի՝ նրանց դեմ պայքարելու միջոցով:

Մարդկանց կարծիքը նման անձանց նկատմամբ հետեւյալն է. ինչքանո՞վ է հանդուրժողական կամ ոչ նրանց վերաբերմունքը, որտեղի՞ց են տեղեկություններ ստանում նրանց մասին, ինչպե՞ս կպահեն իրենց՝ նրանց հետ շփման հնարավորության դեպքում:

Հարցվածների 18,6%-ը «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունենալը դիտարկում է որպես հիվանդություն, 12,7%-ը՝ արեւմտյան երկրների բացասական ազդեցության հետեւանք, 10,8%-ը՝ դաստիարակության արդյունք:

9,9%-ը հա համարում է ժամանակակից պայմաններում համացանցով շփման արդյունք, 9,7%-ը՝ համարել է ձեռքբերովի, 8,7%-ը՝ հորմոնների եւ քրոմոսոնների թվով պայմանավորված:

Հարցվածների 27,4%-ը վիրավորանքներով է խոսել ԼԳԲՏ անձանց մասին, 17,4%-ը բացասական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:

Միայն 11,5%-ն է հանդուրժող եւ դրական որակներով բնութագրել: 2,9%-ն անգամ կարեկցական արտահայտություններով է հանդես եկել: Հարցումներից նաեւ պարզվել է, որ մարդիկ պատրաստ չեն շփվել ԼԳԲՏ անձանց հետ, քանի որ բացասաբար են վերաբերվում նրանց՝ 72,1%-ը, 10,9%-ն անհանգստանում է, թե ինչ կմտածի շրջապատն իր մասին, 6,4%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձ լինելը դատապարտելի է: 10,6%-ը փորձում է դրանով այնպես անել, որ այդ երեւույթը չտարածվի: Հարցվածների 78,1%-ը չի շփվի ընկերոջ հետ, եթե իմանա, որ նա ԼԳԲՏ է, կշփվի միայն 21,9%-ը:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող են կանայք, քան տղամարդիկ: Եվ հարցին, թե կօգնե՞ք ԼԳԲՏ անձանց, եթե տեսնեք, որ նրանց բռնության են ենթարկում, հարցվածների մեծ մասը եւ մասնավորապես՝ տղամարդիկ նշել են, որ անտարբեր կանցնեն, սակայն կին սեռական փոքրամասնությունների նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքն առավել հանդուրժող է:

Հարցին, թե ինչքանո՞վ է անհրաժեշտ նման հետազոտությունը Հայաստանում, արդյո՞ք մեր երկրում այս խնդիրն այնքան խորն է, որ նման ուսումնասիրության տեղիք է տվել, հարցման կազմակերպիչները կարծում են. ամբողջ աշխարհում սա մեծ խնդիր է:

«Ճիշտ է, հետազոտություն չի արվել, թե Հայաստանում նման մարդկանց թիվն ինչքան է, սակայն մեր երկիրն էլ զերծ չէ նման մարդկանցից»,-նկատել են նրանք:

Գոհար Վանեսյան

Եվրոպացին իր չհասկացածը իբրեւ խնդիր է ընկալում

Մենք  էլ լուրջ-լուրջ գլուխ  ենք տմբտմբացնում

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը միջազգային փորձագետներին ներկայացրել է մի զեկույց, որում մատնանշված են հիմնական այն գործոնները, որոնք ազդում են տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում ծնելիության ցուցանիշների վրա:

ԱՎԾ-ի ներկայացուցչի տվյալները ներկայացվեցին Երեւանում «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ եւ հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական եռօրյա համաժողովում:

Կ. Կույումջյանի խոսքերով, վերջին տասնամյակում ծնելիության ցուցանիշը տարածաշրջանի երկրներում որոշակի աճ է արձանագրել 1990-ականների համեմատ, բայց դա էլ գոհացուցիչ ցուցանիշ չէ. «Բացի Ադրբեջանից ու Վրաստանից, տարածաշրջանային մնացած բոլոր երկրներում՝ Հայաստանում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Սերբիայում եւ այլն, 15-19 տարիքային խմբում ծնելիության մակարդակը վերջին տարիներին կտրուկ նվազման միտում է արձանագրել»:

Նշվեց, որ ծնելիության աճի վրա ազդեցություն ունեն բազմաթիվ գործոններ՝ սկսած երեխա պահելու ծախսերի ավելացումից, վերջացրած այն հանգամանքով, որ կանայք սկսել են ուշ ամուսնանալ:

Ծնելիության ընդհանուր գործակիցը, ըստ ԱՎԾ տվյալների, 2005թ. համեմատ աճ է արձանագրել: Այդ տարի գործակիցը եղել է 1,38, իսկ 2010թ.՝ 1,55:

Նվազել են տնային ծնունդները. 2010թ. դրանք կազմել են ընդհանուր թվի ընդամենը 0,6%-ը, մինչդեռ 5 տարի առաջ համապատասխան ցուցանիշը 2,2% էր: «Մեր կարծիքով, ծնելիության աճի վրա իր ազդեցությունն ունի նաեւ ապագա երեխայի սեռի վաղօրոք իմացությունը: Արդյունքում շատ երկրներում առկա է աղջիկների ու տղաների թվի անհավասարակշռություն (դիսբալանս)՝ հատկապես Կովկասի երկրներում ավելի գերադասում են տղա երեխա ունենալ, քան աղջիկ»,- ընդգծել է Կ. Կույումջյանը:

Մանրամասնելով այս տվյալները՝ նա շեշտել է, որ սեռերի այդ անհավասարակշռությունը շարունակում է աճել. դա են վկայում վերջին ուսումնասիրությունները: Սակայն հետազոտության վերջնական արդյունքները, որոնց վրա էլ կարելի է հիմնվել ու լուծումներ առաջարկել, կլինեն միայն տարեվերջին:

Այս ուսումնասիրությունները, սակայն, հազիվ թե խնդրի խորքային պատճառնեը վերհանեն. հայոց ընտանիքներում միշտ էլ, նույնիսկ դժվարին ժամանակներում, երեխայի ծնունդը ողջունվել է՝ կարեւորը առողջ բալիկ լինի: Այնպես որ, պետք չէ ամեն ինչ բարդել սոցիալական գործոնի կամ իբր կովկասյան մտածելակերպի վրա: Պարզապես արու զավակ ունենալու ցանկությունը վատ բան չէ. հայը ժառանգականության շարունակելիության, օջախը շեն պահելու խնդիր է լուծում: Մի բան, որ մեր խորհրդատու եվրոպացին իր ուղնուծուծով չի զգում ու անունը դրել է, թե հայերը աղջիկ երեխա չեն ուզում: Սա լուրջ թեմա է, այդ իսկ պատճառով այս շրջանակներում չենք ընդլայնվի ու մեր ազգին կմաղթենք բազմահազար առողջ, կայտառ երեխաներ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.