Մինչեւ հիմա գիտեի, թե մարդահամար ասվածը պետությունն անում է այն բանի համար, որպեսզի ստույգ իմանա իր բնակչության թվաքանակը: Այս մարդահամարը եկավ ապացուցելու, որ այդ թվաքանակից զատ բազում ուրիշ հարցեր են հետաքրքրում, բայց ո՛չ թե մեր պետությանը, այլ՝ արտերկրին կամ արտերկրներին կամ այն կազմակերպությանը, որը ՀՀ-ում մարդահամար անցկացնելու համար գումար է տրամադրել:
Օրինակ՝ հարց է տրվում՝ ի՞նչ ազգություն ես քեզ համարում: Առաջին հայացքից կարող ես ծիծաղել, մտածել, թե զավեշտ է կամ բառացի ու հայերեն լեզվամտածողությանը ոչ հարիր է թարգմանված, բայց այդպես չէ: Այդ անհեթեթ հարցը շեղում է՝ նպատակայնորեն: Այն է՝ ՀՀ-ի մարդահամարի համար գումար տվողին հետաքրքիր է, թե ՀՀ-ում ով եւ ինչ ազգության ներկայացուցիչ է ուզում լինել: Իսկ սա մի տեղեկատվություն է, որին տիրապետողի առջեւ մեր երկրի շատ դռներ են բացվում, ավելի պարզ՝ շատ գոց դռների փականներ են թուլացվում:
Այս փաստը մեր ազգային անվտանգությանը հետաքրքրե՞լ է: Մի՛ շտապեք վստահաբար բացասական պատասխան տալ: Անշու՛շտ կհետաքրքրի, բայց միայն այն բանից հետո, երբ այդ կառույցը ասենք 50 հազար դրամ կաշառքի համար ինչ-որ կազմակերպության տեսուչի կբռնի կամ դասախոսի, կամ ուսուցչի, կամ… դե հո այս մեծամեծ գործերը թողած մի հարցաթերթիկի հարցի հետեւից չի՞ ընկնի:
Ի՞նչ կապ ունի մարդահամարի հետ մարդկանց կրոնական ուղղությունը: Մեզ համար՝ ոչ մի, ով ինչ ուղղության ուզում է լինի, կարեւորը ազա՜տ երկիր ենք, աշխարհում ինչքան կրոնախեղված կա՝ թող իր կրոնով մեր երկիր գա, հայ գլուխները շա՜տ, կամուրջները՝ բա՜րձր: Ու ցավալի է, որ մեզ համար կապ չունի, բայց մարդահամարի համար գումար տվողին շա՜տ են պետք այդ տվյալները:
Կամ՝ ի՞նչ կապ ունի մարդահամարի հետ, թե ես ինչքան խոզ կամ թռչուն ունեմ, ինչքան խոտհարք ու արոտավայր, ձկնաբուծությամբ եմ զբաղվու՞մ, թե՞ ձկնորսությամբ, ինչով եմ ջեռուցում բնակարանս, կամ՝ վառարանի մեջ փայտ եմ գցու՞մ, թե՞ աթար, կոյուղու ինչ համակարգ ունեմ, ինչո՞վ եմ կազմակերպում աղբահանությունը: Մեզ՝ մեր պետության համար կապ չունի, որովհետեւ մերոնք այս տվյալները այսպես թե այնպես ունեն, բայց այ մարդահամարի համար գումար տվողին այս տվյալները շա՜տ են պետք՝ մեկտեղ ու մի թերթիկում՝ անձը՝ իր ազգով-տակով, ունեցած-չունեցածով:
Իսկ որ մեզ համար կապ չունի, առնվազն վստահ կարող եմ լինել. այլապես պետությունը մարդահամարի ա՛յս ձեւը կանցկացներ բացառապես սեփակա՛ն միջոցներով՝ հենց ազգային անվտանգության շահերից ելնելով: Ինձ, իհարկե, կարող են հակառակը համոզելու փորձ անել, թե տվյալները ո՛չ մեկի չեն տրվի… Ես էլ, իհարկե, կհամոզվեմ, եթե հավատամ, որ աշխարհը մի գիշերում փոխվել է, եւ երաժշտություն պատվիրողը գումարը տվողը չէ:
Ի դեպ՝ աշխարհում վաղուց փորձված ու հաջողված մեթոդ է. այս կարգի գործերում անհեթեթություններ չկան: Դրանք անհեթեթություներ են հիմարներիս համար. մինչեւ զարմանում կամ ծիծաղում ենք, «անհեթեթության» հեղինակն իր գործը ավարտին է հասցնում:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
* * *
Որ խմբագիրները գրաքննիչների չվերածվեն
Հայաստանյան մի շարք թերթերի խմբագիրներ հայտարարություն են տարածել՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարելով հակասահմանադրական:
Սահմանադրական դատարանին կոչ է արվել մինչեւ ՄԻ պաշտպանի՝ ՍԴ ուղարկված դիմումի հարցով վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով: Ստորեւ ներկայացվում է հայտարարությունը.
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի:
Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք՝ ՀՀ-ում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է ՍԴ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ՍԴ-ին կոչ ենք անում մինչեւ վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու
նպատակով:
Ընդգծում ենք նաեւ, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական եւ այլ կարգի հետապնդումներից՝ հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, եւ հետեւողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաեւ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար»:
«Լուսանցք»
«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.



