ԲՀԿ-ն չարձագանքեց կարծիքներին, բայց կուսակցության ղեկավարը հայտնեց, որ մեծացնելու են իշխող կոալիցիայի դերակատարությունը: Ահա սա է ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի արձագանքի «մեխը»՝ իշխող կոալիցիայի ներսում անհամերաշխության շուրջ պտտվող խոսակցություններին: Բայց նա, դիմելով զլմ-ներին, նաեւ նշել է. «Այդ հարցն ինձ կամ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի իմ գործընկերներին չէ, որ պետք է ուղղեք: Առանձին լրատվամիջոցներ, թերեւս նաեւ ձուկ որսալու ակնկալիք ունեցող ջուր պղտորողներ «որոշեցին», որ ինչ-որ խնդիր կա, հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, իրենք ասացին, իրենք հավատացին, չեմ բացառում, որ հավատացրին նաեւ որոշ թվով մարդկանց: Իշխող քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներն այս ընթացքում մեկ անգամ չեն հրապարակավ բավականաչափ թափանցիկ ակնարկել, որ մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ՝ պնդելով, որ մեկնաբանում են միայն քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարությունները եւ ուշադրությունից դուրս են թողնելու ամեն տեսակ «խայծերը»: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը վաղուց արդեն կարողանում է տարանջատել իրական գործընթացները հնարովի ակցիաներից, եւ նման «նախաձեռնություններն» իրենց նպատակին հասնել այլեւս չեն կարող մեր երկրում»: Նրա խոսքով, ԲՀԿ-ն երկրի հզորացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունի, որ պետք է կյանքի կոչի՝ այդ թվում նաեւ օգտագործելով խորհրդարանական ամբիոնը:
ԲՀԿ խմբակցության անդամ Ա. Մելիքյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Ըստ Ն. Զոհրաբյանի, մանդատից հրաժարվելու պատճառ է պատգամավորի՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքը, սակայն կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը, միայն առաջիկայում պարզ կդառնա (ավելի ուշ նշվեց դասախոսական աշխատանքը): Ա. Մելիքյանը դեռ ԲՀԿ անդամ է: Հնարավոր է այս կարգի «ռակիրովկաներ» էլի լինեն եւ ոչ միայն ԲՀԿ-ում:
Իսկ ՀՀԿ-ն արագ կարգավորեց նաեւ Երեւանի քաղաքապետի հրաժարականի եւ նոր նշանակման հարցը: Նախկին քաղաքապետ Կ. Կարապետյանի հրաժարականից անմիջապես հետո, քաղաքապետի պարտականությունները ժամանակավոր կատարում է տեղակալը՝ Տ. Մարգարյանը՝ նախկին վարչապետ Ա. Մարգարյանի որդին:
Երիտասարդ ՀՀԿ-ականը հայտնել էր, թե կդառնա Երեւանի հաջորդ քաղաքապետը, եթե կուսակցությունը այդպես որոշի: Եվ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվեց Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել
Տ. Մարգարյանին, ով Կ. Կարապետյանի հրաժարականից հետո արդեն ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Նիստը վարել է կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Նիստին ներկա է եղել ՀՀԿ գրեթե ամբողջ վերնախավը՝ վարչապետի եւ ԱԺ նախագահ մասնակցությամբ:Հրաժարականնների շարքը շարունակվեց, եւ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը այսուհետ կաշխատի նախագահի աշխատակազմում, որպես խորհրդական: Չնայած արդեն խոսակցություններ կան, որ նախկին ոստիկանապետը կարող է փոխվարչապետ դառնալ՝ փոխարինելով Ա. Գեւորգյանին, ում հնարավոր հրաժարականի մասին նույնպես լուրեր են պտտվում: Իսկ ՀՀ ոստիկանապետին փոխարինեց պաշտպանության փոխնախախար Վ. Գասպարյանը:
Լուրեր են սպրդում նաեւ ՊՆ Ս. Օհանյանի եւ տեղակալ Յու. Խաչատուրովի հրաժարականների մասին: Դրանք առայժմ հերքվում են, ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրաժարականի մասին լուրերը: Գլխավոր դատախազի հրաժարականի արծարծում եղավ նաեւ ԱԱԾ պետ Գ. Հակոբյանի հրաժարականի մասին տեղեկության հետ, եւ իբր վերջինիս կփոխարինի ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ պետի տեղակալ Ա. Հարությունյանը: Չնայած արծարծվում է նաեւ նախկին մաքսայինի պետ Ա. Ավետիսյանի անունը եւս:
Խոսակցություններ են սկսել այն մասին, թե Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ե. Ազարյանը, եւ իբր այս նշանակումից է կախված նախկին քաղաքապետ Կ. Կարապետյանի թիմակիցների՝ կրկին քաղաքապետարանում աշխատանքի անցնելը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանը աշխատասենյակից իր անձնական իրերն է հավաքել, ինչը ենթադրել է տալիս նրա հնարավոր հրաժարականի մասին (հետո հերքվեց): Կարծիք կա, որ սա կարող է լինել ներԲՀԿական խնդիր, քանի որ նախարարության աշխատակիցները ԲՀԿ նախագահին բողոքել էին Ա. Պետրոսյանին կարգի հրավիրելու համար:
Ահա այսպես, քաղաքական թեժացմանը զուգահեռ, ներպետական թեժացումներ են լինում, ինչը հաճախ վերլուծաբանները մեկնաբանում են նախագահ Սարգսյանի կողմից նախկին նախագահների կադրերց ազատվելու կամ ինչ-որ բաներ «հասկացնելու» տրամաբանությամբ:
Հրաժարական կտա նաեւ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը (դա կանի նոյեմբերի 14-ի նիստում), որը սակայն այլ նպատակ է հետապնդում: Նա Աժ ընտրություններից 5 ամիս առաջ պետք է ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը, ուստի հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա: Մինչեւ նոյեմբերի 20-ը խորհրդարանը նոր նախագահ կունենա:
Արդեն ընտրացուցակների քննարկման եռուզեռ է սկսել: ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին հետեւելով, այդ խնդիրներով զբաղված է նաեւ ՕԵԿ-ը: Ըստ տեղեկությունների, այստեղ խուճապ է սկսվել, քանի որ երկրի նախագահը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակներում գործարարներ չպետք է ընդգրկվեն: Եվ ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը հայտնվել է դժվարին վիճակում, քանի որ նա վաղուց Է. Մադաթյանին (Խուճուճ Էդո) եւ Ա. Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել իրենց համամասնական ցուցակում, ինչի դիմաց նրանք ֆինանսական օգնություն պիտի տրամադրեն նախընտրական փուլում:
Բավականին կտրուկ եւ անսպասելի սկսվեցին փոփոխություններն ու զարգացումները, ուստի քաղաքական դաշտը մինչեւ տարեվերջ, ըստ ամենայնի, պետք է որ արդեն կողմնորոշումներն ու ձեւավորումները ավարտած լինի: Քանզի հունվար-փետրվար ամիսները հանրային կյանքում պասիվ վիճակներ են արձանագրում եւ նախընտրական արշավներին ու տարաբնույթ քայլերին քիչ ժամանակ կմնա 2012թ.-ին:
Քաղաքական սրացումները ստիպեցին, որ վերաբացվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման ծառայությունը, որ փակել էր ՄԻՊ Կ. Անդրեասյանը, ինչը ժամանակին առաջ էր բերել բուռն դժգոհություն: Նոյեմբերի 1-ից գործարկվեց նաեւ շուրջօրյա օպերատիվ 116 եռանիշ հեռախոսահամարը, բայց ներկայումս պետբյուջեից դեռ գումարներ չեն հատկացվում ծառայության համար: «Թեժ գիծ»-ը գործելու է նաեւ ոչ աշխատանքային օրերին, զանգերը անվճար կլինեն երկրի բոլոր մարզերից:
ՄԻՊ-ից բացի գործելաոճը բարեփոխման է ենթարկել նաեւ ՊՆ-ն: Ս. Օհանյանը ասել է. «Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար»: Այս քայլին նախարարը գնացել է, քանի որ Ադրբեջանում եւ այլ թշնամական երկրներում շահարկվում է հայկական բանակում ծառայողների պաշտպանվածության հարցը:
Մենք անդրադարձել ենք այս խնդրին եւ նշել, որ անթույլատրելի դեպքերը պետք է խստագույնս պատժվեն եւ նախապես կանխվեն, բայց ընդհանուր բանակի թուլացմանն ուղղված շահարկումները պետք է դադարեցվեն: Հայկական բանակը մեր միակ եւ հուսալի պատվարն է այս աշխարհում եւ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ չպետք է ձեւավորել ոչ միայն ներսից, այլեւ դրսից՝ փնովելով բանակն ամբողջապես:
Պաշտպանության նախարարը նշել է, որ հասկանում եւ սգում են որդեկորույս ծնողների հետ, իսկ դեպքերի մեղավորները պատժվում են միանշանակ, բայց իրենց «համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք եւ ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց»: Նա ցավալի է համարել, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեեւ շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր եւ փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձեւավորել: «Եթե նախկինում խուսափում էի ասել, ապա հիմա թերեւս հարկ է նշել, որ նրանք, ովքեր տարբեր դրամաշնորհների ազդեցության տակ այսօր կուրծք են ծեծում բանակի համար, հայրենասիրության դրսեւորման բացառիկ հնարավորություն ունեին արցախյան պատերազմի ժամանակ, սակայն, չգիտես ինչու, մենք այդ մարդկանց չենք տեսել մարտի դաշտում…»,- ասել է ՊՆ նախարարը:
Հատկապես բանակի հարցը պետք է հանվի քաղաքական շահարկումներից, քանզի մոտենում է առաջիկա ընտրությունների թոհուբոհը: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում պետք է հասկանան այս հարցի լրջությունը:
Այս խնդիրը քննարկումների է ենթարկվում նաեւ համացանցում, որին կարող են աննկատ մասնակցել նաեւ մեր թշնամիները: Իմիջիայլոց, տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ համացանցում գործում են նաեւ տարաբնույթ գործիչներ ու պաշտոնյաներ, եւ առկա է ցանցային անգրագիտություն:
Ըստ նրա, քաղաքական գործիչներն ունեն իրենց պաշտոնական կայքէջերը, որոնք օգտագործվում են նաեւ «PR» նպատակներով, նրանք ունենում են նաեւ իրենց անձնական օգտագործման էջերը սոցցանցերում, քանի որ հիմա նորաձեւ է դարձել բացել «ֆեյսբուքյան կամ օդնոկլասնիկյան եւ այլ էջեր», սակայն դրանք հետագայում դժվար են վերահսկվում: Մասնագետը զգուշության կոչ է արել, քանի որ շատ հաճախ «ֆեյսբուքում հայտնվում են ադրբեջանական ու թուրքական կեղծ պրոֆիլներ», այսինքն՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անվան տակ գաղտնի տեղեկատվություն հավաքելու փորձ ձեռնարկել, ուստի նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է «կրթել չինովնիկներին, քանի որ ՀՀ-ում գոյություն ունի ցանցային անգրագիտություն»:
Սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը կարծում է, թե չնայած չեն կատարել ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա իմանալ՝ պաշտոնյաների քանի տոկոսն է օգտվում սոցցանցերից, բայց ողջունելի է այն փաստը, որ պաշտոնյաներն ունենում են անձնական էջերը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց հուզող հարցերը գոնե այդ ճանապարհով հասցնել տվյալ պաշտոնյային:
Ամեն հարցում կարեւոր է փոխադարձ եւ հետադարձ կապը, բայց պետք է հստակ գիտակցել, որ դրանից օգտվողները ո՛չ միշտ են մեր շահերով առաջնորդվում կամ մեր բարձրացրած հարցերը հետապնդու՛մ իրականում…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.



