Չեղածը չի՛ գտնվի…

Ադրբեջանական  սին եւ ծիծաղելի պրպտումներ

Ադրբեջանցիները մոլորվելով իրենց չեղած ազգային ինքնության փնտրտուքներում՝ շարունակում են տարածաշրջանի «տերերի» մասին անմիտ հայտարարություններ անել: Կովկասի թաթարներին «ադրբեջանցիների հայր»-ը՝ Հեյդար Ալիեւը, հայտարարեց թուրք եւ սկսեց քարոզել (Թուրքիայի հետ) «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը:

Մինչ այդ՝ Ադրբեջանի պատմաբանները համառորեն պնդում էին, որ իրենք Կովկասի աղվանցիներն են: Այժմ էլ մեկումեջ այդ թեման արծարծում են: Չի բացառվում, որ իրենց հանկարծ հայտարարեն ույղուրներ եւ փորձեն ալթայա-ույղուրական մեծ Ադրբեջան հիմնել Ռուսաստանի ու Չինաստանի հաշվին…

Ադրբեջանական զլմ-ներում արդեն հոդվածներ կան, ուր առաջարկվում է ստեղծել Աղվանական եկեղեցի: Սրանք չեն հասկանում, որ այդ եկեղեցին պիտի լիներ… որ ստեղծեն նաեւ: Այն պետք է պատմականորեն գոյություն ունենա եւ ճանաչված լինի աշխարհի հիմնական քրիստոնեական եկեղեցիների՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հույն եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների, Բողոքական եկեղեցու, Ասորական եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու  կողմից: Եթե այս 5 եկեղեցիները չճանաչեն որեւէ եկեղեցու գոյությունը, ապա նա կարող է ունենալ միայն կրոնական կազմակերպության կարգավիճակ ու չի կարող հավակնել համաշխարհային եկեղեցական ընտանիքում որեւէ դիրքի: Ադրբեջանական քարոզչամեքենայի տկարամատությունը նոր անփառունակ արկածախնդրության է գնում:

Իսլամական աշխարհն անգամ չի հավատում ադրբեջանական մահմեդական կերպարին, եւ հիմա էլ սրանք քրիստոնեական խաղեր են սկսել…

Վահագն Նանյան

Դարձ  ի շրջանս… ո՞ր  յուր

Համացանցում վերջերս տեղեկատվություն տրվեց, որ գրավաճառների մոտ մի խումբ «հայեր» փնտրում էին ռուսերեն հրատարակված մի գիրք (հետո ճշտվեց՝ «Ուպանիշադի»), որում հին հնդկական աղոթքներ են: Բայց այդ «հայերը» նշել են, թե հիշյալ գրքում նաեւ կան հստակ տեղեկություններ Հայ Աստվածների՝ Վահագնի, Անահիտի, Աստղիկի եւ մյուսների մասին, հայկական այլ ավանդական արժեհամակարգերի մասին: Զրույցներում անգամ նշվել է, թե փաստեր կան գրված, որոնք ապացուցում են, թե այդ հնդկական հին աղոթքները «եկել» են Հայկական լեռնաշխարհից:

Գաղտնիք չէ, որ հավատքի եւ առասպելաբանության, դիցային տարրերով հագեցված գրականության մեջ է թաքնված տվյալ ազգի ոգին ու էությունը, եւ հենց դիցաբանության մեջ է արձանագրված (հաճախ էլ՝ թաքնագիտորեն) բնական ազգի առաքելության մասին տեղեկատվությունը:

Ինչեւէ, գրավաճառներն ասել են, թե այդպիսի գրքեր, նաեւ հայերեն ու հայ հեղինակների հրատարակած, ունենում են երբեմն, սակայն աղանդավորները պարբերաբար այցելում են իրենց ու անմիջապես գնում «բոլոր այդ, նաեւ Հայկական լեռնաշխարհի լեգենդներին ու համակարգերին առնչվող ցանկացած մի այլ գիրք»: Այն հարցին՝ ինչու՞ են գնում, տրվել է զարմացած պատասխան. «Ո՞նց՝ ինչու, տանում, ոչնչացնում են, որ մենք չկարդանք, չիմանանք մեր անցյալն ու պատմությունը»:

Ի՞նչ է, կրկի՞ն վերադարձ է լինում հայոց պատմությունը ջնջելու շրջանին, մի նո՞ր հոգեւոր եղեռնագործություն, ու՞մ չէ ձեռնտու, որ հայն իմանա իր իրակա՛ն պատմությունը, հավատը, հիմա էլ դա աղանդավորականների միջոցո՞վ է արվում:

Շատ հնարավոր է եւ այդպես է, հատկապես, որ գրավաճառները դա հավաստում են, բայց գուցե այլե՞րն են աղանդավորականների անվան տակ դա անում, թեեւ սրանք էլ մեկ այլ աղանդավորական են: Չնայած աղանդավորական կազմակերպությունների շատ հետեւորդների փողոցում դեմքով են նաեւ ճանաչում, հոգեչորսվածները հոգեորսներին գիտեն արդեն:

Իսկ աղանդավորական կազմակերպությունների՝ օտար երկրներին եւ գաղափարներին ծառայելու հանգամանքը, նույնպես չի խոսում նրանց օգտին, որը կարող է նաեւ դրսեւորվել ազգի բնական հավատի ու պատմության ոչնչացման քաղաքականությամբ:

Եվ ի վերջո, Հայաստանում ու Սփյուռքում շատ հայորդիներ են հետաքրքրվում եւ դառնում հին հավատին՝ արիադավան-հեթանոսությանը, ինչը ներքին եւ արտաքին թշնամիների սրտովը չէ հաստատ…

Վահագն Նանյան

«Նարեկացու հետ»

Մեր աչքի առաջ է իր տեսակի մեջ եզակի գիրք՝ Յուրի Պետրոսյանի կազմած «Գրիգոր Նարեկացի: Նարեկացու հետ (հանրագիտակ)» գիրքը:

Նարեկացու ընթերցողն ու ուսումնասիրողը վաղուց կարիքն ուներ հայ հանճարի զարմանահրաշ աշխարհի՝ հետագայում ունեցած պես-պես ներկայացումների, մեկնությունների, հայ մշակութային կյանքի վրա թողած զորեղ ազդեցությունների՝ հնարավորինս ամբողջականորեն ներկայացնող նմանատիպ հանրագիտակ գրքի: Այդ կենսական պահանջը բավարարելուն է միտված «Նարեկացու հետ» գիրքը:

Այն կազմողը անհրաժեշտ բարոյական ճաշակ է ունեցել, որպես գրքի առանցք, ներկայացնելու իր՝ Նարեկացու գործերը (բնականաբար՝ հատվածաբար)՝ դրանով ընթերցողին հնարավորություն տալով գիրքը ըմբոշխնել նախ  իրենով՝ Նարեկացիով: Այնուհետեւ հեղինակը այդ առանցքի շուրջը նրբաճաշակորեն հյուսել է այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին հնարավորինս լրիվորեն զգալ, հասկանալ մեր «լուսապսակ ճակատին» ու ապրել նրանով:

Գիրքը կազմողը, լայն  մտահորիզոն ու խորը զգացականություն ունենալով, կարողացել է Նարեկացու աշխարհը ընթերցողին ներկայացնել ամենաբազմազան կտրվածքներով ու իմաստավորումներով (դրա հիմքը իր՝ Նարեկացու գործերը տալիս են)՝ բանարվեստային, իմաստասիրական, գրականագիտական, գեղանկարչական, հավատքային…, անգամ՝ միմյանց հակադիր: Եվ դա է այսօր Նարեկացու հետ լինելու այն ձեւը, որը հայ ընթերցողին հնարավորություն կտա պարզելու իր Նարեկացուն:

Գրքի արժեքավորությունը կայանում է հատկապես այն բանում, որ նրանում մեկտեղված ենք տեսնում Նարեկացուն ազգայնորեն (հեթանոսաբար), ասել է թե՝ հայ հանճարին հարազատորեն ընթերցելու ու մեկնելու փորձերը (Արշակ Չոպանյան, Պարույր Սեւակ…):

Գիրքը կազմվել ու ձեւավորվել է բարձր ճաշակով: Այն կարող է դառնալ Նարեկացու ընթերցողի սեղանի գիրքը:

Սերգեյ  Մանուկյան

«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.