Այս օրերին շարունակվեցին պաշտոնյաների հրաժարականները, եւ դեռ նրանց շարքերը կհամալրվեն ըստ ընտրաթեժացումների: Առաջիկայում փոխվարչապետի լիազորությունները կարող են սահմանափակվել՝ առանձնացնելով տարածքային կառավարման նախարարությունը: Նշվում է, թե դրանք միավորվել էին Հ. Աբրահամյանի համար, ինչի անհրաժեշտությունը հիմա չկա: Ա. Գեւորգյանը կդառնա փոխվարչապետ, իսկ տարածքային կառավարման նախարար կնշանակվի մեկ այլ անձ: Հրաժարական ներկայացրած ԱԺ նախագահի փոխարեն ոմանք տեսնում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանին, ով սակայն հերքել է դա՝ ասելով, որ երբ իրեն առաջարկել են, ինքը միշտ հրաժարվել է: Իսկ Գ. Սահակյանին առաջարկել են, քանի որ ինքն ունի մի շարք առավելություններ. «Դա իմ գաղափարն է, իմ սկզբունքը եւ իմ խոսքը: Այս գործիքներին տիրապետում եմ միայն ես»:
Ընդդիմադիր որոշ ուժեր համարում են, որ ՀՀ ԱԺ-ն իշխանության ինքնուրույն ճյուղ չէ, քանի որ ՀՀ նախագահը որ պահին ցանկանա, ԱԺ նախագահները հրաժարական կտան: Առավել մեծ դժգոհություններ կան դատական իշխանության կախյալ համակարգից, ինչը վկայում է սահմանադրական կարգի վտանգվածության մասին:
Այս ամենը իշխանությունները պետք է ոչ միայն նախընտրական «հարձակումներ» դիտարկեն, այլեւ ճշմարտության հատիկ ունեցող իրողություններ, որոնք բացասական ազդեցություն ունեն հանրային կյանքում:
Կոալիցիոն ուժերից բացի մարդկանց հետ հանդիպումներ են սկսել նաեւ ընդդիմադիր ուժերը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱՄ-ը եւ այլք:
Մայրաքաղաքից զատ հանդիպումներ լինում են մարզերում, դպրոցներում, այլ կրթօջախներում: Բայց այս առումով էլ դժգոհություններ կան: Երբ ռուսաստանյան զլմ-ները գրեցին մի գաղտնի փաստաթղթի մասին, որում նշված էր, թե ընտրությունից առաջ Մոսկվայի մանկապարտեզների վարիչները ինչ հատուկ առաջադրանք են ստացել «Եդինայա Ռոսիա»-ից, Հայաստանում էլ սկսեցին ման գալ «գաղտնի փաստաթղթեր»: ՌԴ-ում պետք է նշյալ կուսակցությանը ներկայացնեն ցուցակ, թե իրենց մանկապարտեզից քանի ծնող է պատրաստ ձայն տալ իրենց, անգամ փաստաթուղթն է հրապարակվել մամուլում: Սա իհարկե նորություն չէ մեր իրականությունում, բայց արձագանքները ստիպեցին նորովի նայել այսօրինակ հարցերին:
ՀՀ նախագահի կեցվածքը երեւի թե նախընտրական ահազանգ է եղել նաեւ գործարար շրջանակների համար, որոնց «հասկացրել» են, թե լավ կլինի գալիք խորհրդարանում չլինեն օլիգարխներ: Եվ անմիջապես լուրեր սպրդեցին, թե «Ալրաղացի Լյովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լ. Սարգսյանը, վաճառում է ունեցվածքն ու հեռանում երկրից»՝ եվրոպական որեւէ երկրում հանգրվանելու համար: Իբր նա բանկերից մեծ վարկեր է վերցրել, եւ հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ վարկերը մարելու հետ: Ինչ են մտածում մյուս օլիգարխները, հայտնի չէ:
«Կադրային ջարդ» է շարունակվում ոստիկանական համակարգում՝ նորանշանակ պետի պաշտոնավարման առաջին օրերից սկսած: Իսկ դեռ սեպտեմբերին վնասազերծված բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանելու մեջ կասկածվող ավազակային բանդայի հետ կապված հարցերը մնացել են անպատասխան: ԱԺ նախկին պատգամավոր Ն. Ազիզյանը, ով նույնպես բանդայի զոհերից է, նշել է, թե առաջընթաց չկա եւ իր առանձնատնից գողացված իրերը գտնված չեն:
Հանդիպումները չի դադարեցրել ՀԱԿ ղեկավարը: Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպել է նույնիսկ ԱՄՆ նոր դեսպանին, խոսել «Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, ժողովրդավարական ազատությունների բացակայության, կեղծված ընտրությունների, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների» մասին, ինչը վտանգ է դիտարկել ՀՀ-ին սպառնացող լրջագույն մարտահրավերների համապատկերին: ՀՀ 1-ին նախագահը ներկայացրել է ՀԱԿ մոտեցումները Արցախի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր այս կառույցի պատասխանատուները դժգոհել էին, թե ՀՀ նախագահ Սարգսյանը ՌԴ նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը, ինչը անընդունելի էին համարել, այն է՝ ինչպես կարելի է օտար երկրի նախագահի հետ քննարկել մեր ներքին հարցերը: Հիմա ի՞նչ իրավունքով է երկրի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը քննարկել մեր ներքաղաքական վիճակը, այն էլ՝ ընդամենը ԱՄՆ դեսպանի մակարդակով: Ավելին՝ անգամ Արցախի խնդրի քննարկում է կազմակերպվել: Քավ լիցի, մենք դեմ չենք, որ հայ քաղաքական ասպարեզի ներկայացուցիչները քննարկեն եւ ներկայացնեն իրենց տեսակետները ներքին եւ արտաքին աշխարհների ներկայացուցիչներին, պարզապես հիշեցնում ենք, որ քննադատելուց առաջ եւ հետո հստակ բացատրություններ տրվեն նաեւ…
Իսկ ընտրություններին պատրաստվելու համար կուսակցությունները մարզային կառույցներն են թարմացնում: Ուշադրության է արժանացել այս հարցում ՕԵԿ-ը, քանի որ ԱԱԽՔ Ա. Բաղդասարյանը զբաղվում է ՕԵԿ-ի քարոզչությամբ: ԱԱԽ-ն մամլո հաղորդագրություն էր տարածել, որում անդրադառնում է ԱԱԽ քարտուղարի Բելգիա այցին, որը որեւէ առնչություն չունի ԱԱԽ գործունեության հետ: Եվ հարց է ծագում, թե ինչո՞ւ է ԱԱԽ-ն նախընտրական ոճով մի հաղորդագրություն տարածում եւ որքանո՞վ է դա համապատասխանում իր լիազորություններին, եթե ՕԵԿ-ն ունի լրատվական վարչություն: Բացի այս, Ա. Բաղդասարյանը մասնակցել է ԵԽ քաղաքական համաժողովին, որտեղ քննարկվել է ՕԵԿ անդամագրումը ԵԺԿ-ին:
Բրյուսելում է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանը, ով ԵԺԿ գրասենյակում պաշտոնական հանդիպում է ունեցել այդ կուսակցության նախագահ Վ. Մարթենսի հետ: ԵԺԿ քաղաքական համաժողովի օրակարգի հարցերից մեկը ՀՀ փաստահավաք առաքելություն ուղարկելն է եւ 4 դիմորդ կուսակցությունների («Ժառանգություն», ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ) անդամակցության մասին եզրակացություն ներկայացնելն է եղել:
Հայաստանում էլ շարունակվում է ներկուսակցական անդամակցության հարցը: Կուսակցությունները նորից գլխաքանակի խնդիր են լուծում: Վերջերս «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Թ. Պողոսյանն անդամագրվել է ԲՀԿ-ին ու նշանակվել Գ. Ծառուկյանի մշակութային հարցերով խորհրդական:
Մարզերում նույնպես կուսակցական վերակազմավորումներ են կատարվում: Տարբեր մարզերում տարբեր կուսակցական իշխանություններ են հաստատված, ինչը չի կարող իր կնիքը չթողնել նաեւ նախընտրական ընթացքում: Կոտայքի մարզում ազդեցություն ունեն ԲՀԿ-ականները, Շիրակի մարզում՝ ՕԵԿ-ականները, երկրի հարավային հատվածը՝ մինչեւ Այունիք՝ ՀՀԿ-ինն է, Լոռին թերեւս ամենաանկուսակցական մարզն է, որտեղ որեւէ կուսակցություն մեծամասնություն չունի:
Հայ ազգայնականները՝ ի դեմս Հայ Արիական միաբանության, եւս մարզային հանդիպումներ են ունենում ու թեեւ լիարժեք զուտ ազգայնական մարզ չունեն, սակայն համազգայնացման համընդհանուր նպատակ ունեն:
ՀԱՄ առաջնորդ Ա. Ավետիսյանի խոսքով՝ «ամեն դեպքում ցանկալի եւ նախընտրելի է ունենալ բազմակուսակցական Ազգային Ժողով, քան թե կուսակցությունից կուսակցություն թռչող եւ եսակենտրոն օլիգարխներով համեմված խորհրդարան: Խորհրդարանը խորհելու եւ խորհրդակցելու, խոհերը խորհրդի վերածելու տեղ է եւ պետք է իր բուն նպատակին ծառայի: Իսկ երբ տալիս ենք նաեւ Ազգային Ժողով սահմանումը, ապա այդ խորհումները ու խորհուրդները պետք է ավարտվեն ժողովականների ազգային մտածելակերպից բխող որոշումներով՝ թե՛ ներազգային, թե՛ միջազգային հարցերում»:
Հայ ազգայնականների ներկայությունը կարեւոր ենք համարում ոչ միայն իրապես ազգային ժողով ունենալու, այլեւ ապազգային երեւույթներից հնարավորինս խուսափելու համար: Փակագծերում տեղեկացնենք, որ օրերս Լեհաստանում նոր խորհրդարան է ձեւավորվել, որտեղ ընդգրկվել են նաեւ սեռական փոքրամասնություններ: BBC-ն անգամ զարմացած տեղեկացրել է, որ պահպանողական համարվող Լեհաստանում սա առաջին խորհրդարանն է, որի պատգամավոր է դարձել հոմոսեքսուալ 57-ամյա Ա. Գրոդսկան, որը նախկինում կրել է Քշիշտոֆ անվանումը. Թաիլանդում արված վիրահատությունից առաջ նա տղամարդ է եղել:
Նրա հետ միասին պատգամավորական մանդատ կհանձնվի բացահայտ հոմոսեքսուալ Ռ. Բեդրոնին: Եվրոպական վերլուծաբանների կարծիքով, լեհական խորհրդարանում այսպիսի պատգամավորների հայտնվելը վկայում է հռոմեակաթոլիկական եկեղեցու դիրքերի թուլացման մասին:
Արման Դավթյան
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 39 (215), 2011թ.



