Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Արիշտան՝ իշխանի թանձրուկով

Բաղադրությունը

Արիշտա – 0.5 կգ

բուսայուղ – 150 գ

թթվասեր – 450 գ

իշխան – 1 հատ կամ 0.5 կգ-ի չափով

օսլա – 100 գ

ձկան գլխի արգանակ – 200 գ

աղ, սպիտակ պղպեղ

թարխուն

Պատրաստման եղանակը

Իշխանը փշազատել:

Ձկան գլուխն ու փշերը խաշել, պատրաստել արգանակ:

Իսկ ձուկը ձողաձեւ կտրատել, աղով եւ սպիտակ պղպեղով համեմել, օսլայով պատել:

Հետո այն բուսայուղի մեջ տապակել, վրան ավելացնել արգանակը, մի փոքր եփել, ավելացնել թթվասերն ու թարխունը:

Այնուհետեւ այս թանձրուկը լցնել խաշած արիշտայի վրա:

Վայելենք հայկական այս ուտեստը՝ հագեցնող, սննդարար:

Հիշեք՝ ճիշտ ու լավ սնվելը ցրտադիմացկունության կարեւոր նախապայման է:

Անու՛շ լինի:  

*  *  *

Ոգելից՝ սրտի աշխատանքի համար

Ամեն օր ոչ մեծ քանակությամբ ոգելիցի օգտագործումը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից: Այդպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները 30-ամյա հետազոտությունից հետո: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են բրիտանական բժշկական ամսագրում, որտեղ նշվում է, որ ոգելից օգտագործող մարդկանց մոտ սրտի հիվանդություններով տառապելը 14-25%-ով քիչ հավանական է, քան այն մարդկանց մոտ, ովքեր ընդհանրապես ոգելից չեն օգտագործել: Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտության, ոգելիցն օգնում է արյան մեջ՝ խոլեստերինի մակարդակը պահելով առողջ մարդու համար նորմալ մակարդակի վրա: «Եթե չեք խմում, ապա դա պատճառ չէ, որ սկսեք խմել: Ալկոհոլի օգտագործումից դրական արդյունք կարող է գրանցվել այն դեպքում, երբ պահպանվի դիետա ու ֆիզիկական ակտիվություն»,- ասել գիտնական Քէթի Ռոսսը՝ հիշեցնելով, որ ալկոհոլի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը եւ կարող է սրտային նոպա առաջացնել:

Սեռական կյանքը՝ առողջության համար

Ուսումնասիրությունների համաձայն, ՀՀ-ում նվազել է առաջին անգամ սեռական կյանքով ապրելու տարիքը: Ըստ այդ ուսումնասիրությունների, հարցվածների 60%-ն առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու համար վճարել է: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նա նշել է՝ որքան վաղ է սեռական կյանքի զարթոնքը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ անձը կունենա սեռական եւ առողջական խնդիրներ: Դպրոցներում անցկացվել են անանուն հարցումներ, արդյունքում պարզվել է, որ տղաների զգալի մասը 15-16 տարեկանում արդեն ունեն սեռական կյանքի փորձ: Մարզերում առաջին անգամ սեռական հարաբերությունը ունենալու տարիքը միջինում կազմում է 17 տարեկանը: Աղջիկները, ի տարբերություն տղաների, ավելի մեծ տարիքում են առաջին անգամ սեռական հարաբերություն ունենում՝ միջինում 17-18 տարեկանում:

Նշվել է, որ սեռական կյանքով պետք է սկսել ապրել 18 տարեկանը լրանալուց հետո, որպեսզի սեռական զարգացումը մոտեցած լինի իր ավարտին:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –
Միշտ  մի փոքր չի հերիքում

Ֆուտբոլի Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը Երեւանում ընդունեց Ուելսի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների թիմին եւ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0, ինչը ավելի ձեռնտու է խմբի առաջատարներ Չեխիայի հավաքականին, որը կորցրած միավորներով ավելի ամրապնդվեց առաջին տեղում: Եվ 4 խաղից հետո ունի 10 միավոր: Մյուս թիմերն անցկացրել են 5-ական խաղ, եւ Չեռնոգորիան ունի 9, Հայաստանը՝ 8, Ուելսը՝ 7 միավոր, իսկ Անդորրան միավոր չի վաստակել:

Հայաստանը կանցնի աշուն-գարուն մրցակարգին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի որոշմամբ գալիք տարի կփոխվի բարձրագույն խմբի
առաջնության անցկացման կարգը: 2012-2013թթ. անցկացվելու է անցումային առաջնություն, որը մեկնարկելու է 2012թ. մարտին, ավարտվելու է 2013թ. մայիսին: Այդպիսով, Հայաստանի առաջնությունը անցնելու է աշուն-գարուն մրցակարգին: Միաժամանակ որոշում է կայացվել 2012թ. սկսած ամբողջությամբ սահմանափակել օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը ՀՀ առաջնություններում:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում 1-3 տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները այսուհետ կպարգեւատրվեն համապատասխանաբար «ոսկե», «արծաթե» եւ «բրոնզե» խաղակոշիկներով, ինչպես նաեւ 10.000, 7.000 եւ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք չափով դրամով: Փոխվել է նաեւ բարձրագույն խմբի առաջնության եւ գավաթի խաղարկության հաղթող թիմերի պարգեւավճարների չափը: Գալիք տարվանից չեմպիոնը կստանա 10 մլն դրամ, իսկ գավաթակիրը՝ 6 մլն.:

Մինի ֆուտբոլի առաջնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը  Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:
Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաեւ գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին:

Այս անգամ՝ միայն բրոնզ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ փուլում, 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն, որն էլ նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 15 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը՝ 14 միավոր, իսկ մեր շախմատիստները 13 միավորով առաջնությունն ավարտեցին 3-րդ հորիզոնականում:

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին փուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Լեհաստանի ընտրանու հետ հանդիպումը եւ զերծ մնաց մրցանակային պարգեւներից:
Արոնյանը` Տալի հուշամրցաշարում

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ փուլում միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Այժմ նա 1 միավոր ունի եւ 4-7-րդ տեղերն է բաժանում Անանդի, Կարյակինի եւ Նակամուրայի հետ:
2-րդ փուլից հետո 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իվանչուկը, Նեպոմնյաշչին եւ Կառլսենը: Գելֆանդը, Կրամնիկն ու Սվիդլերն ունեն կեսական միավոր:

Հ.Գ. – Մոսկվայում շարունակվող շախմատի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մեր շախմատիստը վաստակեց 2 միավոր եւ միացավ մյուս 3 առաջատարներին` նորվեգացի Մագնուս Կառլսենին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն եւ Սերգեյ Կարյակինին:
Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ հաջորդ փուլում, ով ոչ-ոքի է ավարտել իր բոլոր խաղերը:
Հայ շախմատիստները` աշխարհի պատանեկան առաջնությունում

Հայաստանի 4 ներկայացուցիչներ կմասնակցեն նոյեմբերի 18-26-ը Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվելիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Աղասարյանը հանդես կգան մինչեւ 18 տարեկանների, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը` մինչեւ 16 տարեկանների մրցաշարերում:

3 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի` մեկնարկում

Հայ շախմատիստները գերազանց են մեկնարկել Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեկնարկային տուրում մինչեւ 16 տարեկանների մրցաշարում ընդգրկված Կարեն Հ. Գրիգորյանը պարտության է մատնել Ժանգին, Հովհաննես Գաբուզյանը` Վիզոտոյին: Մինչեւ 18 տարեկանների առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Կուտիպայի նկատմամբ, իսկ Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի է խաղացել Ստոկբանդի հետ:

* * *

Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը մասնակցում է Մագնիտոգորսկում ընթացող շախմատի ՌԴ գավաթի խաղարկությանը: Խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով, մրցակիցները միմյանց հետ 2 խաղ են անցկացնում: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է լրացուցիչ մրցախաղում:

Կանանց մրցաշարում հանդես է գալիս հայազգի շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան: Հայ շախմատիստները հաղթահարել են առաջին փուլի արգելքը եւ մտել կիսաեզրափակիչ:  

Աշխարհի առաջնությունից՝ 7 մեդալ

Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թ. առաջնությունից վերադարձավ հարուստ ավարով՝ 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով: Պատանիներից Գրիգոր Մխ
իթարյանին (48 կգ), ով 2010թ. աշխարհի չեմպիոնն էր, հաջողվեց հերթական ոսկե մեդալը նվաճել ու պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Վերադարձան առանց մեդալների

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այս անգամ անհաջող հանդես եկան եւ չկարողացան մեդալ նվաճել: Անգամ վարժություններում 0 ստանալու դեպքեր արձանագրվեցին, ինչը մարզիչների մեղքը կարելի է համարել նաեւ:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.