Հավատամքի այբբենարանը Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34-39-ում

7. Նանե Աստվածուհին

Արդեն ասվել է, որ Արարիչը՝ Արան, տարբեր բնական որակներ ունի, եւ Աստվածները Արարչի այդ որակները կրող-մարմնավորող, նույնպես պարզ է, բնական՝ Գերագույն Զորություններ են: Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան Բացարձակ Զորություն է զգում ու դրանց հետ հարաբերվում: Հայ ազգի ճանաչած Բացարձակ Զորություններից է Նանեն՝ Ողջախոհության* Աստվածուհին:

Նկատենք, որ Նանե խորհուրդը հայ դիցագիտության մեջ գրեթե ուսումնասիրված չէ: Բառի իմաստն անգամ բացատրելի չէ: Բայց քանի որ Նանե հայ ընտանիքում անվանում են գերդաստանի ավագագույն կնոջը, դրանից, թերեւս, կարելի է ենթադրել, որ Նանե նշանակում է Մեծ Մայր (բառի խորհրդակիր արմատը ծնող իմաստն արտահայտող ան-ն է): Այդ բացատրությունը հիմք է տվել որոշ հետազոտողների Նանե խորհուրդը ածանցել Անահիտ խորհրդից:

Բնության մեջ ամեն բնական որակ Արարչից է բխում: Ինքը՝ բնությունը, բնական որակների բազմազանություն է: Իսկ Արարչից բխած ամեն մի բնական տեսակ որեւէ բնական որակի՝ աստվածության, աստվածամարդկայնության, մարդկայնության, կենդանության… կրող է: Եվ ամեն մի բնական տեսակ իրենով բնությունը լցնում, բնություն օրգանիզմում այս կամ այն դերը կատարում եւ բնական կյանքի լրիվությունն է ապահովում: Ըստ այդմ, ստացվում է՝ բազմազան ու անթիվ են Արարչից բխած տեսակները, եւ ողջը բնության համար անհրաժեշտ է, ոչ մեկը ավելորդ չէ: «Ուրեմն՝ բացարձակ նույնություն չկա: Եվ ամեն Տեսակ հատուկ Որակի կրողն է միայն: Ամեն մի Տեսակ իր առանձնահատուկ Որակը ունի եւ պետք է բնությանը հենց այդ Որակով: Եվ Որակների այդ բազմազանությունն է արարում Արա՜-ն եւ արարում է հենց այդ Որակները կրող Տեսակների մեջ» («Ուխտագիրք»): Եվ Արարիչը միշտ իմաստնորեն հսկում է, որ իր արարած ամեն մի բնական տեսակ բնության մեջ իր դերը կատարի (այն չչարաշահի կամ չնսեմացնի)՝ այդպես ապահովելով բնության կյանքի լրիվությունն ու ամբողջականությունը:

Արարչի արարումների ու արարված բնական տեսակների հսկումի այդ ողջ ընթացքում նրա մշտական ուղեկիցն է Բացարձակ Ողջախոհությունը՝ հանձին նրա դստեր Նանե Աստվածուհու: Ով էլ հաստատում, պահպանում ու հովանավորում է Արարչական Ողջախոհությունը՝ Բացարձակության ու Լրիվության զգացումը նրա արարած բնական տեսակների մեջ: Զի Արարիչը իր արարած բոլոր բնական տեսակներով է ամբողջանում, լրիվանում, այդ ողջը զգալով է հաստատում իր բացարձակությունը. ինչպես նաեւ՝ ամեն մի բնական տեսակ Արարչին, իրեն ու մյուս տեսակներին զգալով է իր ամբողջությունը, լրիվությունն ու բացարձակությունը հաստատում. եվ այդ ամենը իրագործվում է Նանեական Ողջախոհությամբ:

Նկատվել է արդեն, որ հայ դիցարանը երկսեռության խորհուրդն ունի: Եվ, այս առումով, եթե Տիր Աստվածը Արարչական Իմաստությունն է մարմնավորում, ապա Նանե Աստվածուհին՝ Արարչական Ողջախոհությունը, եւ մեկը պայմանավորում ու լրիվացնում է մյուսին (ի՜նչ իմաստություն առանց ողջախոհության եւ հակառակը):

Նանեական Ողջախոհությունը մարդկային ցեղերից հատուկ է միայն Արիին՝ Արարչի որդուն: Եվ նա միայն Արի ցեղի Աստվածուհին է: «Դասական հայի» (արտահայտությունը Հայկ Ասատրյանինն է), այսինքն իր՝ մաքուր հայկական որակներով ապրող հայ արիի Նանեական Ողջախոհությունը լավագույնս է նկատել հայ հանճարը՝ Նարեկացին. «Մարմնիդ (խոսքը հայի մասին է,- հեղ.) աշտանակի վրա իբրեւ ճրագ բազմականթեղյան՝/ Գլխիդ կլորությունը հաստատվեց,/ Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,/ Տեսնես Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես:/… /: Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր,/ Միացնելով նրանց քո մեջ պատշաճող թիվը հինգ զգայարանքների,/ Որպեսզի արտաքին առեւերույթ նյութեղեն շինվածքդ/ Չմնա մտքիդ տեսության կողմից անքննադատելի…»:

Հայի այդ, – շարունակում է ողջախոհ հային տեսանողը,- «Մարմնին պատվաստված աննշան անդամներից մեկն եթե կտրվի եւ կամ պակասի՝/ Կրճատված կլինի մարմնի կազմվածքը, որ զգայական սենյակն է մարդու,/ Որով եւ ահա՜, պատկերն ընտանի կենթարկվի անարգ մի փոփոխության»:

Մեր հանճարն, ինչ խոսք, իր ժամանակների հայի «մարմնի կազմվածքը» խիստ «կրճատված» ու նրա՝ ողջախոհ, իմաստուն, ասուն… «պատկերն ընտանի» անարգ փոփոխության ենթարկված էր տեսնում: Ի՜նչ իմանար մեր հուսառատ հանճարը, որ հայի այդ բնածին պատկերը եղծված էր մնալու մինչեւ մեր օրերը:  

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

*  Ողջախոհություն բառը կազմված է ողջ (նշանակում է լրիվ, ամբողջական, կենդանի) եւ խոհ (զգացում-մտածում) բառերից եւ նշանակում է լրիվ, ամբողջական (կենդանի) զգացում-մտածում:

«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.