Ներքաղաքական ոլորտում բոլոր զարգացումներն ընթանում են բնականոն. հայտնել է պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, թե բնական է, որ ընտրություններին ընդառաջ առկա է որոշակի լարվածություն, որը, սակայն, կապված չէ արտառոց որեւէ վիճակի հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է ավելի շատ ձայն ստանալ:
Սա հավաստում է, որ ԲՀԿ-ն ձգտելու է ցույց տալ ավելին, ինչը կարեւորվում է, անգամ եթե արդեն կան պայմանավորվածություններ: ԱԺ-ի՝ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ լինելը նույնպես խոսում է անզիջում պայքարի մասին: Հատկապես երբ ՀՀ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը պետք է օժանդակի ԱԺ նախկին նախագահին:
Մանրամասնենք պատգամավոր Բոստանջյանի խոսքը. «Բոլոր քաղաքական ուժերի նպատակ է իշխանությունում տեղ ունենալ, իսկ ավելի ուժեղ քաղաքական ուժերի նպատակը՝ ամբողջ իշխանությունն է»… Եվ սա կարող է նաեւ ընթացիկ խնդիր դառնալ, եթե ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները որոշեն «մարտնչել» երկրի նախագահի պաշտոնի համար:
Վերջին շրջանի կադրային փոփոխությունները, վերադասավորումները պայմանավորված են ինչպես այդ ոլորտների աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, այնպես էլ նախագահական «բախումները» կանխելու ձգտումով: Իսկ ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահների «բախումները» արդեն մի կարեւոր փուլ անցան եւ կոալիցիա-կոնգրես երկխոսության ընթացքում իրենց հիմնական հանգրվաններին հասան, չնայած այդպես էլ քաղաքական երկխոսությունը չստացվեց ընդդիմադիրների նախապայմանների պատճառով: Եվ այս հանգամանքը բախումների շարունակման դեպքում գործող նախագահ Սերժ Սարգսյանին տալիս է արտահայտվելու եւ մեղադրելու առավել մեծ պաշար:
Հետաքրքիր է, որ ռուսաստանյան ընտրությունները դեռ պահպանում են իրենց ազդեցությունը մեր ընտրական գործընթացների վրա: Անգամ եվրոպական համակարգին այսքան ձգտող
իշխանություններն ու ընդդիմադիրները առավելապես «որդեգրում» են ռուսաստանյան ընտրական մոտեցումները: Բայց եթե Մեդվեդեւ-Պուտին համագործակցությունը ըստ ամենայնի կավարտվի նախագահ-վարչապետ փոխատեղությամբ, ապա մեր երկրում դա հաստատ չի լինի՝ նախագահ Սարգսյանը վարչապետ Սարգսյանի հետ չի կատարի փոխատեղում… Ավելին՝ գործող նախագահն անգամ նոր նախագահ ընտրվելու դեպքում դժվար թե վարչապետ առաջադրի նախկին նախագահներ Քոչարյանին եւ Տեր-Պետրոսյանին: Գալով հոդվածի սկզբում արված ԲՀԿ-ական դիտարկումներին, հատկապես «ավելի ուժեղ քաղաքական ուժերի նպատակը՝ ամբողջ իշխանությունն է» ձեւակերպմանը, նշենք, որ չի բացառվում նաեւ Գագիկ Ծառուկյանի վարչապետության փաստացի առաջադրմանն ականատես լինենք…
Մի բան հնարավոր է ընդօրինակվի ՌԴ-ում դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններից: Պետական Դումայի ընտրությունների նախնական արդյունքները հնարավոր կլինի ստանալ կարճ հաղորդագրությունով՝ «sms»-ով: Բացի արդյունքներից, կարճ հաղորդագրությունից հնարավոր կլինի տեղեկանալ քվեաթերթիկում կուսակցությունների տեղակայման մասին եւս: Բնականաբար, ծառայությունը վճարովի է: ՌԴ ԿԸՀ-ն նիստում որոշել է ընտրողներին այդպիսի ծառայություն տրամադրել նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մինչեւ դեկտեմբերի 6-ը՝ նաեւ նախնական արդյունքների մասին:
Ինչեւէ: Նշեցինք ՀՀ-ում նախագահ-վարչապետ փոխատեղման բացառման մասին: Համապատկերում անդրադառնանք Տիգրան Սարգսյանի վերջին բացթողմանը՝ «խոտանով» ռեպորտաժին: Ն
րանք, ովքեր հավատացին, որ խոտան է, ասացին, թե վարչապետը ելույթ է ունեցել ոչ թե տրիբունայից, այլ՝ ճիշտ դիմահայաց մասից, ուստի տեխնիկապես նրա ելույթը ձայնային խոտանով է ստացվել (ի դեպ, դրան զլմ-ներից հավատաց կարծես միայն մեկը): Ովքեր չհավատացին, ասացին, որ վարչապետը հարբած է եղել: Երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց այստեղ այլ խնդիր կա. ինչու՞ էր տարածվել այդ «խոտան» ասվածը, այն էլ այն դեպքում, երբ մեր հեռուստաընկերությունները ինքնուրույն քայլեր համարյա չեն անում: Իհարկե, կառավարության ղեկավարը հերքեց իր հարբած լինելը. «Այն (հոլովակը,-հեղ.) ինձ եւս զվարճացրեց»: «Խոտանի» տարբերակին չհավատացողները զարմացան՝ իսկապե՞ս այդքան զվարճալի է վարչապետի պաշտոնում այդ կեցվածքով ելույթ ունենալը: Այստեղ էլ մեկ այլ հարց է ծագում՝ իսկ ինչու՞ վարչապետի աշխատակազմից որեւէ մեկը խորհուրդ չէր տվել նրան ելույթ չունենալ: Չէ՞ր համարձակվել…
Մի հետաքրքիր դեպք էլ մեր հարեւան երկրից մեջբերենք: Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն պարզաբանումներ է տվել նախագահի՝ «EurActiv»-ի լեհական լրատվական ծառայությանը տված հարցազրույցի մասով, որտեղ Սաակաշվիլիի հետագա քաղաքական ճակատագրի վերաբերյալ դիտարկումները ներկայացվել են թերի: Նշված հարցազրույցում Վրաստանի նախագահն անդրադառնալով նախագահությունից հետո իր ծրագրերին, ասել էր, թե իրեն «խորհրդարանից կախում ունեցող վարչապետի պաշտոնը չի հետաքրքրում»: Սա էլ երեւի ռուսաստանյան փոխատեղման հետեւանքներից է…
Սակայն այս խոսքը հասկանալիորեն վատ անդրադարձեր է ունեցել, եւ մամուլի քարտուղարը փորձել է շտկել վիճակը. «Ցանկանում ենք պարզաբանել, որ հարցազրույցի այդ հատվածը թերի է եւ չի փոխանցում ճշտությամբ այն, ինչի մասին խոսել են նախագահը եւ լրագրողը: Սաակաշվիլիի համար կարեւոր է ոչ թե այն, թե որտեղ է ինքը գտնվելու 2013թ. հետո, այլ այն, թե ինչպիսին է լինելու մեր երկիրը 2 տարի անց եւ ինչպես են ընթանալու այն բարեփոխումները, որոնք երկրի իշխանություններն անցկացնում են այսօր: Նախագահը կողմնորոշված է Վրաստանի եւ վերջին տարիներին սկիզբ առած նախագծերի զարգացման ուղղությամբ: Նա մեկնաբանություններ չի տալիս իր ապագա կարիերայի վերաբերյալ, այդ իսկ պատճառով ցանկանում ենք պարզաբանել, որ տվյալ հարցի շուրջ խոսակցություններն ընդամնեը շահարկումներ են»… Նախագահ Սաակաշվիլիի համար արված բացատրությունը հաստատ ավելի թույլ է, քան վարչապետ Սարգսյանինը: Սաակաշվիլին էլ պիտի ասեր. «Լրագրողն ինձ եւս զվարճացրեց» ու՝ վերջ:
Թե՞ Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի օրինակով կարելի է սահմանադրական փոփոխություններ անել եւ ընդմիշտ առաջադրվել նախագահ:
Այսպիսով էլ խուսափել նախագահ-վարչապետ ու նաեւ հակառակ փոխատեղումներից:
ՀՀՇ-ն չկարողացավ, ուրիշից է ուզում
Տերպետրոսյանական քարոզչությունն անող թերթերից մեկում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր եւ ներկայիս ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանի ստորագրությամբ հոդվածում ՀԱԿ-ը հերքեց ՀՀ «մուբարաքացման» վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի թեզը՝ նշելով, թե հեղափոխությունը Հայաստանում պետք է իրականցվի ոչ թե ներքեւից վերեւ, այլ՝ հակառակը: «Գոլոս Արմենիի»-ն նշում է, որ դատելով նյութում ներկայացված գաղափարներից՝ հոդվածի իրական հեղինակը ոչ թե կոնգրեսական Ոսկերչյանն է, այլ նույն ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նշվում է, որ վերեւից հեղափոխություն իրականացնելու Կոնգրեսի գաղափարը փոքր-ինչ ուշացած է, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն սկսել է այդ հեղափոխությունը: «Հեղափոխական բարելավումներն արդեն սկսվել են. այդ մասին է վկայում ՀՀ նախագահի ելույթը արդյունաբերողների համագումարի ամբիոնից, ուր ՀՀ նախագահը հստակ շեշտեց, որ գործարարությունը պետք է հետեւողականորեն մեկուսացվի պետական համակարգից: Կոռուպցիոն սկանդալների քանակը նույնպես դրա վառ ապացույցն է. դեռ երբեք Հայաստանում այդքան հետեւողականորեն չէին հետապնդում կաշառակեր չինովնիկներին: Եվ վերջապես, ՀՀ նախագահը հստակ հասկացրեց, որ 2013թ-ի խորհրդարանում չեն լինելու Ռուբեն Հայրապետյան (Նեմեց), Էդուարդ Մադաթյան (Խուճուճ) եւ նմանատիպ այլ մականունավոր եւ ոչ թափանցիկ անցյալով անհատներ»,- գրում է թերթը: Նշվում է նաեւ, որ 90-ականների սկզբին իշխանության եկած ՀՀՇ-ն ինքը հենց չկարողացավ ստեղծել իրավական, ժողովրդավարական պետություն:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



