Ադրբեջանը էներգետիկ պատերազմները տանուլ տալու շեմին է

Եթե, իհարկե, Եվրոպան ցանկանա հաշտվել իրականության հետ  

Այն պահին, երբ Եվրոպան ցանկանա հաշտվել իրականության հետ, Ադրբեջանը կկանգնի էներգետիկ պատերազմները տանուլ տալու շեմին: Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը չի կարողանում լուծել նավթի ու գազի արդյունավետ արդյունահանման տեխնիկական խնդիրը: Այլ կերպ՝ քանր որ արդյունահանումն այլեւս արդյունավետ չէ (իսկ դա հավաստում են միջազգային արդյունահանողները), եւ՛ եկամուտներն են քիչ մնում, եւ՛ ոլորտում արտերկրի ներդրողներն են պակասում: Իսկ արդյունահանվող վառելիքն էլ, Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն, բավարարում է տվյալ փաստաթղթով սահմանված չափորոշիչները: Ասել է թե՝ այժմ այն խաղաքարտը, որն այդքան թափահարում են Բաքուն ու Անկարան, պատռվելու ճանապարհին է, քանի որ Եվրոպան վաղուց է հասկացել, որ այդ խաղաքարտը՝ «Նաբուկո» նախագիծը սպառում է իրեն կամաց-կամաց: Ադրբեջանը չի կարողանա լցնել «Նաբուկո»-ն (այս տեսակետին, ի դեպ, իրանական կողմն էլ է համաձայն): Ասել, թե Եվրոպան միամիտ է ու սա չի գիտակցում, ճիշտ չէ: Բոլորովին այլ խնդիր է, որ ցույց է տալիս, թե չի գիտակցում ու հավատում է թյուրքական տարրին, գուցե մեկ էլ հանկարծ «Նաբուկո»-ն կյանքի կոչվի: Իսկ «Նաբուկո»-ն այն խողովակաշարն է, որ կոչված է նվազեցնելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Երբ վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը գազային համաձայնագիր ստորագրեցին, թյուրքական (հասկանալ՝ թուրքական ու ադրբեջանական) մամուլը գրեց, որ դրանով իրենք «լավ նորություն են ասում Եվրոպային»: Բայց արի ու տես, որ Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Օտինգերը Բրյուսելում Ադրբեջանին պարզորոշ հասկացնել տվեց, որ չի հավատում նրան այլեւս: «Դա (համաձայնագրի ստորագրումը,-Ա.Ք.) բավարար չէ, մենք ուզում ենք տեսնել խողովակաշարը, որ կմիացնի Եվրոպան ու Ադրբեջանը: Այդ խողովակաշարը պետք է ուժեղ իրավական բազային հենքով գործի»:

Դիվանագիտական լեզվով սա հստակ նշանակում է՝ կասկածում ենք, որ խողովակաշարը կտեսնենք, բայց եթե մինչ այժմ մեզ չեք խաբել, ուրեմն արագացրեք: Ու քանի որ հենց այնպես ասված ձեր խոսքերին այլեւս չենք հավատում, ուրեմն պայմանագրով պետք է ֆիքսվի, թե ինչքան գազ եք մատակարարելու խողովակաշարով: Եվ եթե հանկարծ…, ապա իրավական ամուր հենքը կգործի: Կենցաղային լեզվով ասած սա նշանակում է՝ դե զզվացրիք էլի՛, ձեր պայմանագրերով, աչքներս տեսնի խողովակը, աչքներս:

Եվրոպայի աչքերը կտեսնե՞ն արդյոք «Նաբուկո»-ն: Առայժմ պարզ չէ: Բայց դատելով ներկայիս տեմպերից՝ ամենայն հավանականությամբ՝ ո՛չ: Մանավանդ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է էներգետիկ պատերազմներում ոչ թե տանուլ չտալու, այլ՝ հաղթելու համար: Մինչեւ թյուրքական տարրը Եվրոպայի հետ սիլի-բիլի կանի, ռուսական «Հյուսիսային հոսք»-ի առաջին ճյուղը գործարկվեց: «Հյուսիսային հոսքը»-ը Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանը միացնում է Գերմանիային: Գազամուղի առաջին ճյուղը 27,5 մլրդ խմ գազ կմատակարարի ԵՄ-ին, իսկ երբ կկառուցվի երկրորդ ճյուղը, համապատասխան ցուցանիշն արդեն 55 մլրդ խմ կլինի: Ի դեպ, կա նաեւ գերմանական ընկերություն «Նաբուկո»-ի մասնակից: Իրական է նաեւ «Հարավային հոսք»-ը, որը նույնպես կոչված է «Նաբուկո»-ի դեմն առնելու: Ավելի ստույգ՝ Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից չի նվազում, Ռուսաստանն էլ շարունակում է ամեն ինչ անել, որ դա երբեւիցե չնվազի: Այն է՝ ՌԴ-ն ադրբեջանական գազը գնում է‘ դրա դիմաց շուկայականից բարձր վճարելով, եւ Ադրբեջանն էլ հազիվ է կարողանում բավարարել ռուսական կողմին խոստացված ծավալները: Ուրեմն՝ «Նաբուկո»-ն լցնելու մասին այլեւս խոսք լինել չի կարող:

 Բրիտանական «Սանդի թելեգրաֆ» շաբաթաթերթը գրում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ «Հյուսիսային հոսք»-ը գազ կհասցնի Եվրոպա, եւ որ եվրատարածքում տնտեսական աճը բացակայում է, 10-15 տարի Եվրոպան «Նաբուկո»-ի կարիք չի ունենա: Թեեւ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աջակցում են «Նաբուկո»-ին, բայց այս ծրագիրը դեռ փաստաթղթերի մշակման փուլում է: Եվ դրա արժեքը շարունակում է թանկանալ, այժմ այն հասել է 20 մլրդ. դոլարի: «Նաբուկո»-ն հայտնվել է դժվարին իրավիճակում: Դրա անհրաժեշտությունը գնալով նվազում է»: Եվ դա ասում է այն երկրի մամուլը, որ մշտապես թյուրքական տարրի կողքին է եղել՝ քաղաքական եւ տնտեսական առումներով:

Այս ամենը մի բանի համար գրեցի. հայկական կողմը ճիշտ կանի, որ օգտվի ադրբեջանական այս թուլությունից: Չմոռանանք՝ այդ թուլությունը գուցեեւ ժամանակավոր լինի… Պահը բաց չթողնելը մեր ազգային անվտանգության շահերից է բխում:

Աստղինե Քարամյան

Ավելորդ սիրաբանությունը լավ բան չէ

Նյու Յորքում արած հայտարարության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մուհամեդ Ջեւադ Լարիջանին ասել էր, թե Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել Թուրքիային եւ նրան օգնել ատոմակայան կառուցելու հարցում:

Լարիջանին բառացի ասել էր. «Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել հարեւաններին: Թուրքիան տարիներ շարունակ փորձում է ատոմակայան կառուցել, իսկ արեւմտյան երկրները չեն ցանկանում նրան օգնել այդ հարցում»:

Իսկ ի՞նչ պատասխանեց Թուրքիան: «Մենք մտադիր չենք միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցել Իրանի հետ»: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այսպես ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով Լարիջանիի նյույորքյան հայտարարությունը:

Հասկանալի է, որ իրանցի պաշտոնյայի հայտարարությունը ընդդեմ Արեւմուտքի է, բայց նա պիտի լավ հասկանա, որ եթե աջակցում է Թուրքիային՝ հզորացնելով նրան, ապա դա վնաս է իր մյուս հարեւանին՝ Հայաստանին, որ այսօր աշխարհում Իրանի հետ ամենաանկեղծ հարաբերություն ունեցող երկրներից է: Այնպես որ, մի հարեւանի հետ ավելորդ սիրաբանելով՝ կարելի է կորցնել մյուս հարեւանի անկեղծությունը…

Անի Մարության
Կրթություն, տնտեսության եւ գալիք

Համալսարա՜ն է ու բարոյականության պակա՞ս

Կառավարության երեկվա նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների հարցերին,  ասաց, թե վերջին 3 տարիներին ոչ պետական բուհերի թվի կրճատման պատճառով դեռ ոչ մի ուսանող չի տուժել: Ինչ վերաբերում է «Գալիք» համալսարանի հետ կապված աղմկարահարույց պատմությանը.  «Գալիքի» դեպքը ցնցող է իր հանդգնությամբ, երբ 51 երիտասարդ երեխայի ճակատագրի հետ են պատրաստ խաղալ մարդիկ: Մի խոսեցրեք ինձ£ Եթե նրանք իրոք դատարան գնան, ես հաճույքով անձամբ կմասնակցեմ մի քանի նիստերի եւ բազմաթիվ ուրիշ բաներ նույնպես պատրաստ եմ հրապարակելու: Սա ոչ կրթական խնդիր է, ոչ իրավական, այլ բարոյական խնդիր է: Ուրիշի երեխայի ճակատագրի հետ ինչպես կարելի է խաղալ, ուղղակի սարսափում եմ: Այդքանից հետո խիզախություն ունեն՝ փորձում են արդարացնել իրենց ու մեղադրել նախարարությանը: Մենք նման դեպք չենք ունեցել, ես ուսանողներին ասել եմ, որ սա նաեւ իրենց մեղքն է, որ նախարարին չհավատացին, այլ հավատացին իրենց բուհի ինչ որ մի դեկանատի աշխատողի»:

Բանախոսը հավելեց, որ մինչ օրս կասեցված բուհերի 2500 ուսանողի տեղափոխել են այլ բուհեր եւ որեւէ խնդիր չի առաջացել:

Իսկ «Գալիք»-ի դեպքը նաեւ ահազանգ է մյուս կասեցված բուհերի ու ֆակուլտետների ուսանողների համար: Ու երբ նախարարությունն ասում է, որ այսինչ բուհը կամ այդ բուհի տվյալ ֆակուլտետը զրկված է լիցենզիայից, պետք է ուշադիր լինել: Թե չէ, եթե խնդիրը միայն դիպլոմ ստանալն է, տեսեք, որ թղթի այդ կտորն էլ կարող են չստանալ: Անկեղծ ասած՝ նախարարի գործունեությունն առանձնապես չեմ հավանում, բայց որ մասնավոր այս կամ այն բուհի մասով պարբերաբար զգուշացումներ եղել են, ճիշտ է:  

Գոհար Վանեսյան

Դասախոսները փաթեթի կարիք չունե՞ն

Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն 2012թ. բյուջեում ներառված սոցիալական փաթեթից: Սա, ըստ Արմեն Աշոտյանի, վերաբերում է հանրակրթական, հատուկ դպրոցների ուսուցիչներին եւ արհեստագործական ուսումնարանների ուսուցիչներին: Սակայն այն ուսուցիչները, ովքեր ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան:

Ինչ վերաբերում է պետական բուհերի դասախոսներին, ապա նրանք այս աջակցությունից չեն օգտվելու, քանի որ այդ բուհերն ունեն վճարովի կրթություն տրամադրելու հնարավորություն:

Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ 2012թ. պետական բյուջեում ներառվել է 180 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ, որը հավասարապես բաշխվելու է հանրային ոլորտի բոլոր աշխատակիցների միջեւ՝ անկախ  պաշտոնից եւ կոչումից:

Գումարը կարելի է օգտագործել 4 ուղղություններով՝ կրթություն, բուժապահովագրություն, հիփոթեքային վարկերի տոկոսավճարի մարում եւ ներգնա տուրիզմ:
Կարեն Բալյան
 

«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.