Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը երեւի չեն հասցնում հակահայկական եւ հակաարցախյան իրենց «բոցաշուչ» ելույթներով «շեղել» միջազգային հանրությանը, ուստի գործի են դրել նաեւ երկրի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովին, ով ավելի հեզաբարո (այլ նկատառումներով) ելույթներ է ունենում: «Փոխզիջումային որոշումը չի նախատեսում որեւէ տարածք զիջել Հայաստանին»,- ասել է նա՝ հավելելով, թե Բաքուն այլեւս չի ցանկանում ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների սկզբունքին: «Փոխզիջում կարող է համարվել երկու համայնքների համատեղ բնակությունը»,- հայտարարել է փոխնախարարը եւ նշել, որ այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռեւս չի հասել որեւէ հաջողության:
Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի խաղաղասիրական ձգտումների մասին այլ կարծիք ունեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի նախագահն ինչպես միշտ խեղաթյուրում է իրականությունը, ավելին, ինքը համոզված է, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրը խաղաղ քաղաքական լուծում չունենա: Ադրբեջանի նախագահի ԼՂ հարցի վերաբերյալ հնչեցրած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը ջանքեր է գործադրում հիմնախնդիրը հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ, հավատ չի ներշնչում հայկական կողմին, իսկ մամեդյարովների ու ազիմովների հայտարարությունները արդեն հայտարարվածի կրկնություններ են: Ըստ հայ պատգամավորի, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանար, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծում ստանար, ապա նա առաջնային կարգով դուրս կբերեր իր դիպուկահարներին առաջնային գծից, ռազմական սադրանքների չէր գնա, կբացառեր ռազմական հռետորաբանությունը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չէր հրահրի, կընդուներ, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, եւ ի վերջո կհասկանար, որ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ ժողովուրդների ինքնորշման իրավունքի իրացման հարց:
Քանի դեռ արցախյան խնդիրը ադրբեջանական քաղաքականության միակ չլուծված տարածքային թեման է, Արցախի անկախության ճանաչումը կձգձգվի:
Մեր վերլուծություններում միշտ շեշտել ենք, որ Հայաստանը հնարավորություն ունի (այլ երկրների օժանդակությամբ եւս) Ադրբեջանում նոր տարածքային հարցեր առաջացնելու: Ժամանակին նման մի խնդիր եղավ Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակումը, ինչը կարճ կյանք ունեցավ:
Ադրբեջանում այժմ էլ թալիշները զրկված են իրենց տարրական իրավունքներից: Ադրբեջանի ղեկավարությունն իր համաթուրանական գաղափարախոսությամբ թալիշներին զրկում է ազգային արմատներից: Իրանցի թալիշ մտավորական, գրականագետ Յասեր Քարամզադեն ասել է. «Ադրբեջանում թալիշագիտությամբ զբաղվելը եւ թալիշերենով խոսելը հանցագործություն է համարվում, եւ այն անձինք, ովքեր զբաղվում են թալիշների հարցերով, գտնվում են անվտանգության ուժերի վերահսկողության ներքո: Ադրբեջանի ոչ ժողովրդավարական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում թալիշ մտավորական Նովրուզալի Մամեդովը միայն այն բանի համար, որ զբաղվում էր թալիշագիտությամբ, բանտ նստեցվեց, որտեղ էլ 2 տարի առաջ մահացավ»: Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո թալիշները 1993թ. հռչակեցին իրենց անկախությունը, սակայն «Ադրբեջանի պանթյուրքիստական ղեկավարությունը ոչնչացրեց նոր կազմավորված Թալիշ-Մուղանյան հանրապետությունը»:
Թալիշ մտավորականը, անդրադառնալով արցախյան պատերազմին, նշել է, որ թալիշները Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունների կողմից ստիպված են եղել կռվել հայերի դեմ, սակայն ներկայում թալիշները հայերին ընկալում են որպես իրենց բարեկամների եւ ողջունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստը ու հույս ունեն, որ մի օր էլ իրենք կհռչակեն իրենց անկախ հանրապետությունը:
Վերջերս Երեւանում կայացավ թալիշագիտության համաժողով: Քարամզադեն, անդրադառնալով թալիշագիտական այդ 2-րդ համաժողովին, ասել է, որ ՀՀ-ի պես ժողովրդավարական երկրները չեն կարող անտարբեր մնալ այդ ազգերի ճակատագրի նկատմամբ, ուստի նմանատիպ համաժողովները նպաստում են, որպեսզի թալիշներն ավելի լավ ծանոթանան իրենց լեզվին ու մշակույթին:
Հայաստանում իրենց գիտա-մշակութային խնդիրներն են կազմակերպում նաեւ ասորիները, եւ միջա
զգային ծրագրեր են ցանկանում իրականացնել մեր երկրում: Նրանց ընդունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եթե ասորական գործոնը չի կարող թալիշականի պես ազդեցություն գործել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վրա, ապա լեզգիների, քրդերի, թաթերի եւ այլոց հարցերը կարող են որոշակի խնդիրներ առաջացնել: Իսկ սա պետք է հետաքրքրի նաեւ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին:
Իհարկե, այս հարցերում կբախվեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը եւս, ինչը չի կարող նշանակություն չունենալ: Եվ այստեղ է, որ կարող է մրցակցություն ծավալվել ԱՊՀ ՀԱՊԿ-ի եւ Արեւմուտքի ՆԱՏՕ-ի միջեւ:
Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ ԽՎ նիստերը: Հատկապես կարեւոր էին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունքները՝ ՀՀ-ն այս ձեւաչափում թերեւս ամենաակտիվ անդամ երկիրն է, քանի որ տրամադրված եւ նպատակաուղղված է մասնակցում ՀԱՊԿ ձեւաչափում ստորագրվող պայմանագրերին: «Կառույցն իր ամեն ինչով ձգտում է հասնել ՆԱՏՕ-ին»,- ՀԱՊԿ մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը:
«Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» ռազմավարական կենտրոնի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերին էլ այցելել է Արցախ: Նրան ընդունել է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ով հյուրին ներկայացրել է արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները:
Մտքերի փոխանակման ընթացքում անդրադարձ է եղել ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման ուղիներին, ինչպես նաեւ հակամարտող կողմերի միջեւ հաշտության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությանը: Քննարկվել են նաեւ Հարավային Կովկասին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 40 (216), 2011թ.



