UNESCO-ի ներկայացուցիչները կհանդիպեն, որպեսզի որոշեն, թե 84 ավանդույթներից որոնք ընդգրկեն պահպանվող «ոչ նյութական ժառանգության» ցանկում:
ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը դադարեցրել էր աշխատանքն այս ամիս, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը, սակայն պատվիրակները կհավաքվեն Բալի կղզում, նոյեմբերի 22-29-ին:
Այնտեղ նրանք կորոշեն, թե ազգային ավանդույթներից որն է արժանի ընդգրկվելու միջազգային նշանակության ցանկում եւ պահպանվելու ապագա սերունդների համար:
Հայաստանը, օրինակ, ներկայանալու է Վարդավառով՝ Աստղիկ Սիրո Աստվածուհուն նվիրված հայարիական-հեթանոսական տոնակատարությամբ:
Գոհար Վանեսյան
Մեր փոստից – «Անհավատ» հայերս հայի՛ հավատով ենք
Եվ բռնի պարտադրված հավատին չենք տրվում
Շատ է խոսվել եւ գնալով է՛լ ավելի են բորբոքվում կրքերը մեր պատմական հուշարձանների շուրջ (ավելի շուտ՝ եկեղեցիների, քանզի եկեղեցիներից բացի պահպանված հուշարձաննների թիվը շատ չէ, եւ դրանց մասին գրեթե չի խոսվում): Եկեղեցիների քայքայված, անմխիթար վիճակի մասին տագնապները հնչում են հաճախակի, բայց դրությունը դեպի լավը չի փոխվում:
Ոմանք մեղադրում են պետությանը, որն իր սուղ միջոցներից բաժին չի հանում՝ նորոգելու կամ վերակառուցելու անխնամ վիճակում գտնվող բազմաթիվ եկեղեցիները:
Ոմանք մեղմորեն նշում են, որ եկեղեցական կենտրոնը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր «խոնարհված» եկեղեցիներին:
Իսկ վերջերս էլ որոշ մտավորականներ խիստ նախատինք են թափում այդ անխնամ եկեղեցիների մոտ բնակվող համայնքի վրա, որը, իբր թե, հոգատար վերաբերմունք չի ցուցաբերում իր տարածքում գտնվող «պատմական արժեքներին»՝ մեղադրելով հային անգամ անհավատության մեջ:
Որ պետությունը միջոցներ չունի ո՛չ միայն այդ քարուքանդ եկեղեցիների մասին հոգալու, այլեւ դեռեւս ի վիճակի չէ անտուն-անօթեւան հազարավոր հայերին բնակարանով ապահովելու (որն անշուշտ, ավելի կարեւոր է), այդ բոլորիս հասկանալի է:
Այն, որ եկեղեցական կենտրոնը մտահոգված չէ «լեռներում գտնվող օբյեկտների» նորոգման խնդրով, այդ էլ հասկանալի է: Եկեղեցին այդ «օբյեկտներից» ոչ մի շահույթ չի ակնկալում: Չէ՞ որ առավել կարեւոր ու եկամտաբեր են նոր կառուցվող եկեղեցիները, որոնց թիվն օրեցօր ավելանում է:
Իսկ ազգաբնակչությու՞նը, ասել է թե՝ հայ ժողովու՞րդը… ինչու՞ է այդպես «ոչ հոգատար», «անտարբեր», ինչպես որակում են մտավորականներից ոմանք: Մեղադրում են ու չեն ցանկանում խորանալ՝ տեսնելու դրա բուն պատճառը: Չե՞ն կարող, թե՞ չեն ուզում տեսնել: Գուցե չե՞ն ուզում շոշափել հարցի ցավոտ կողմը:
Նեղություն կրեք շրջելու մեր հայոց աշխարհում եւ ուր էլ գնաք, ամենուրեք կտեսնեք հին վանքերի ու եկեղեցիների ավերակներ, որոնք «մոռացված» են, «ուշադրությունից դուրս»: Ավելին, շատ ավերակների քարերը տեղի բնակիչները՝ հայերը, տարել ու տանում են իրենց տների, անգամ՝ անասնագոմերի կառուցման համար: Ո՞րն է պատճառը: Մի՞թե հայն այնքան սրբապիղծ դարձավ, որ չի հարգում իր «սուրբ կառույցները»: Ո՛չ եւ դարձյալ ո՛չ: Հայը միշտ էլ պաշտել ու պաշտպանել է այն սրբությունները, որոնք իրապե՛ս իրենն են, իրեն հոգեհարազատ: Նա դարերով պահպանել է (որքան կարողացել է) իր սրբություններն ու սովորությունները: Հայաստանի որ շրջանում էլ լինենք, նրա շրջակայքում անպայման կտեսնենք մի թուփ կամ սաղարթախիտ մի ծառ, որի ճյուղերից կախված կտեսնեք բազմաթիվ ժապավեններ, թաշկինակներ կամ, պարզապես լաթի կտորներ, որոնք ո՛չ մի առնչություն չունեն մոտակայքում գտնվող վանքի կամ եկեղեցու հետ:
Արդյոք խորհե՞լ եք, թե որտեղից է գալիս եւ ի՞նչ խորհուրդ ունի դա: Մի՞թե չեք նկատել, որ երբ որեւէ տեղում պատահաբար հայտնաբերված է հին հեթանոսական տաճարի կամ մատուռի հազիվ պահպանված մի հիմք, այդ «անհավատ» հայերը ինչպես են գնում՝ խոնարհվում դրան, փայփայում՝ ինչպես իրենց հարազատին: Արդյոք այդ եւ մեր ժողովրդի մեջ պահպանված անհամար սովորությունները, ավանդությունները չե՞ն համոզում, որ հայի հոգում դեռ կենդանի է նրա բուն հավատը, որ հայը երբեք չի տրվել իրեն բռնի պարտադրված հավատին, եւ հեթանոսական տաճարների (ավերա՛ծ տաճարների) հիմքի վրա կառուցած վանքերն ու եկեղեցիները դարեր անց էլ նրա սրտին հարազատ չեն, եւ որ այդ «թաղված» հիմքերն ավելի են պաշտելի, քան դրանց վրա նոր կանգնածները կամ «խոնարհվածները»:
Այն «անտարբերությունը», «հոգատարության բացակայությունը», որում մեղադրում եք հային, գալիս է ո՛չ թե նրա անհավատությունից, այլ, ընդհակառակը, գալիս է իրենց շա՜տ հարազատ հավատքից, հավատք, որը տ
ասնյակ հազարավոր տարիներ անթեղված է հայի հոգում ու կմնա այնտեղ, որքան էլ եւ ինչ կերպ էլ ջանան սպանել այդ հոգին հայի մեջ:
Խորքու՛մ փնտրեք պատճառը եւ մի՛ մեղադրեք հային անհավատության մեջ:
Արտավազդ Անտինյան
12 նոյեմբերի, 2011թ.
ԱԺ նոր նախագահ՝ դարձյալ ՀՀԿ-ական
Նոյեմբերի 21-ին, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է ԱԺ նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ:
Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ (104 կողմ ), կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները:
Հովիկ Աբրահամյանը, որն իր հրաժարականի մասին հայտարարել էր ավելի վաղ, այսուհետև ղեկավարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը:
Այսպես ԱԺ ընտրություններից առաջ Երեւանի նոր քաղաքապետ եւ ԱԺ նոր նախագահ ունեցանք, իհարկե երկուսն էլ ՀՀԿ-ական:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



