Ջավախքը՝ հայ-վրացական հարաբերությունների հենակետ

Վրաստանը վերջին ժամանակներս փորձում է կարգավորել «եղբայրական» հարաբերությունները Հայաստանի հետ: Կարծում ենք՝ թուրք-ադրբեջանական դաշինքի առճակատումները Մոսկվայի եւ Թեհրանի հետ որոշակի զգուշության է մղել Թբիլիսիին, եւ այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ պաշտոնական ու գործնական այցեր են լինում:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի  ունեցավ հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ: Քննարկվեցին տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցեր: Անգամ նշվեց, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45%-ով: Այլ հարցերի հետ քննարկվեցին նաեւ նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը եւ այլն: Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքներն էլ շուտով կամփոփվեն: Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթեւեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը եւ այդ սահմանին կստուգվեն մեկ անգամ:

Վրաստանի վարչապետն էլ կարեւորել է Երեւան-Բաթումի ավիաչվերթերը հաճախականացնելու, դրանց սակագները նվազեցնելու եւ հայ-վրացական սահմանային անցակետերն

արդիականացնելու հարցերը:

Բաթումում ՀՀ վարչապետը  հանդիպել է Աջարիայի հայ համայնքին: Պարզվել է, որ Աջարիայի հայերը խնդիրներ ունեն եւ դրանք ազգային, հոգեւոր, կրթական ու այլ բնույթի են եւ դժվար թե կարգավորվեն կարճ ժամանակում, ինչքան էլ խոստումներ տրվեցին պաշտոնապես:

Իսկ Ջավախքի ու ջավախքահայերի մասին որեւէ հարց չի քննարկվել, քանզի դա կարող էր վնասել հայ-վրացական «դարավոր բարեկամությանը»… Սակայն, այս հայկական եւ հայերով բնակեցված տարածքում նույնպես առկա են ազգային, հոգեւոր, կրթական, կենցաղային եւ այլ խնդիրներ, ինչպես հայերով քիչ բնակեցված Աջարիայում:

Հայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի քաղբանտարկյալ լինելն էլ խիստ զգուշացում է ջավախքահայերին՝ հեռու մնալ հայկական ու հայեցի ամեն բանից…

Համապատկերում նկատենք, որ Երեւանում «Սարդարապատ» շարժման անդամները նոր միջոցառում են կազմակերպել ի պաշտպանություն ջավախքահայ գործչի եւ հայտնել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկություն է հայտնել այցելել Վահագն Չախալյանին՝ կալանքի վայր: Կազմակերպության անդամները վստահ են, որ «կարճ ժամանակ անց Վահագնը կլինի ազատության մեջ»:

Չնայած վերջերս եվրոպական կառույցների ներկայացուցիչները նույնպես այցելել էին հայ ազգային գործչին եւ առաջարկել «ընդունել մեղքը» ու արժանանալ համաներման… Իսկական եվրոպական մարդասիրության դրսեւորում… Վերոնշյալ քննարկմանը մասնակցել է նաեւ Չախալյանի մորեղբայրը, ով նույնպես խոսել է այս մասին. «Վահագին առաջարկել են գործարքի գնալ վրացական իշխանությունների հետ»: Խոսել է նաեւ Չախալյանի պապը, ով պատմել է ջավախքահայ երիտասարդության ու ժողովրդի վիճակի մասին:

Չնայած օրակարգում չկա Հայաստանին Ջավախքի վերամիավորման հարց, ինչպես Արցախի դեպքում, բայց տեղի հայ բնակչության իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել դրան:

Վերջերս այդ առումով հայտարարություն էր տարածել Հայ Արիական միաբանությունը (Հայ Ազգայնականների համախմբման հետ համատեղ)՝ արծարծելով ինչպես մյուս հայկական տարածքների (Արցախ, Ուտիք, Նախիջեւան, Արեւմտյան Հայաստան…) փուլային վերատիրման, այնպես էլ Ջավախքի՝ ՀՀ հետ վերամիավորման ու Միացյալ Հայաստանի վերակերտման հարցը:

Հայ արիները նույնպես կարծում են, որ Վահագն Չախալյանի հարցը դարձել է Ջավախքի եւ ջավախքահայերի ազատության խորհրդանիշը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.