Վերջերս խիստ դատապարտելի մի հայտարարություն արեց նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարարը, որից հետեւում էր, որ «1915թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով կարող է լինել: Սա անհասկանալի է, քանզի Ֆրանսիան այն երկիրն է, որ փորձում է անգամ օրենքի ուժ տալ Հայոց ցեղասպանության հարցին: Իսկ արդյո՞ք այս նախարարը կդատապարտվի հե՛նց Ֆրանսիայում, հե՛նց նախագահ Սարկոզիի կողմից, թե՞ Թուրքիային սիրաշահելու մի հերթական փորձ էր սա, բայց շատ անհաջող եւ մերժելի:
Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար սպառնալիք է: Զլմ-ները անդրադառնալով Թուրքիայի «նոր օսմանիզմի» քաղաքականությանը՝ նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այդ քաղաքականության հիմնական ուղղվածությունն է: «Զրո խնդիր» հարեւանների հետ քաղաքականությունը դժվար է պահպանել, քանի որ Հայաստանը նույնպես համարվում է Թուրքիայի հարեւան պետություն, որի հետ Թուրքիան ոչ թե «զրո», այլ ամենաբարդ խնդիրներն ունի:
«Ի դեպ, ակտիվ ու հետեւողական քաղաքականություն է ցուցաբերում հայկական սփյուռքը, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Օսմանյան կայսրության կողմից կատարված 1915թ. Հայոց ցեղասպանությունը, ինչը հղի է Թուրքիայի տարածքային ամբողջականության համար վտանգավոր սպառնալիքներով»,- աղմկում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայում մշտապես տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ կարեւոր հարցն այն է, թե արդյո՞ք Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար: Եվ չնայած այլեւս բացահայտ արծարծվում է «Օսմանյան կայսրության կողմից 1915թ. իրականացված մասսայական ոչնչացմանը՝ ցեղասպանությանը զոհ գնացած ավելի քան 1,5 միլիոն հայերի մասին», միեւնույնն է թուրքերը մինչեւ օրս շարունակում են ժխտել, որ նրանք նման բան են կատարել:
Սակայն, հետեւելով Անկարայի ներկայիս քաղաքականությանը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է Թուրքիան հիմնվել արյան վրա՝ ցեղասպանության իրականացման հետեւանքով, ինչպես է առ այսօր մերժում իր տարածքում հայկական արմատների եւ պատմության արծարծումը, ինչպես է դեռ ներկայիս Թուրքիայում բնակվող հայերին համարում կրոնական, բայց ոչ ազգային փոքրամասնություն, որպեսզի Արեւմտյան Հայաստանի բնիկներին հեռու պահի ազգային արմատներից ու գաղափարներից, թե չէ՝ ստիպված կլինի նորից դիմելու ցեղասպանական ոճիրին, ինչն այս անգամ հաստատ չի հաջողի, բայց դիմակը կպատռի:
Իսկ թուրքերի ցեղասպան դիմակը պատռվել է արդեն՝ քրդերին անխնա կոտորելու դրսեւորումներով, ինչն իրականացնում են եւ Թուրքիայի եւ Իրաքի տարածքներում, իսկ Իրանի եւ Սիրիայի հետ ցանկանում են ընդլայնել այդ սպանդի տարածքները: Անգամ վերջերս Վանի տարածքում երկրաշարժի հետեւանքները ուշ սկսեցին վերացնել, այլ երկրների օգնություններից օգտվել, քանի որ հիմնականում տուժվել էին քրդաբնակ շրջանները, իսկ թուրքական հեռուստատեսությունից անգամ բարբաջում էին, թե քրդերին տեղն է, թող իմանան, որ անտեր են եւ սա իրենց երկիրը չէ… Կարծես Արեւմտյան Հայաստանը պապական թուրքական է եղել…
Իսկ երբ Անկարան մտածում էր արաբական հեղափոխական ալիքի ամենաթողության պայմաններում Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալել, այդ ժամանակ նույնպես պատռում էր իր բարբարոս դեմքը՝ սիրիացի հարյուրավոր փախստական կանայք բռնաբարվել էին հարավային Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարում, եւ դրանից հետո ստիպողաբար զբաղվել
մարմնավաճառությամբ… Այս խայտառակությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ բռնաբարված կանանցից 250-ի մոտ հղիության թեստը դրական արդյունքներ է ցույց տվել:
Այժմ էլ, սահմանամերձ շրջանում ապրող հազարավոր սիրիացիներ, անցնում են Թուրքիա սնունդ ու ապաստան գտնելու հույսով, ինչպես նաեւ զերծ մնալու հետապնդումից, բայց ընկնում են ավելի վատ վիճակի մեջ, քանզի թուրքերը երբեք չեն կարող գթասիրտ կամ անշահախնդիր լինել, երբ հատկապես անպաշտպան զանգվածների հետ գործ ունեն…
Արտակ Հայոցյան
Միջուկային այլընտրանքի խաչմերուկ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձեւ, որով դատապարտել էր Իրանի իշխանությաններին՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու մտադրության համար: Իհարկե, իրանական կողմը հերքել էր դա եւ ԱՄՆ-ին համարել սադրիչ: Բայց, միեւնույնն է, բանաձեւին կողմ է քվեարկել 40 երկիր, 9-ը քվեարկել են դեմ, իսկ 40-ը՝ ձեռնպահ: ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մուհամմադ Հազային հայտարարել է, թե բանաձեւը հիմնված է միայն «Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի՝ ոչնչով չապացուցված հայտարարությունների վրա»:
Հասկանալի է, որ Վաշինգտոնն ամեն քայլի դիմում է՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները խստացնելու եւ անգամ ռազմական միջամտության անհրաժեշտություն ստեղծելու համար: Այս մասին մերթ ընդ մերթ նաեւ Իսրայելն է խոսում:
Թեհրանի միջուկային ծրագիրը հանգիստ չի տալիս Արեւմուտքին եւ Իսրայելին: Իրանի նկատմամբ նաեւ այս հարցում է հերթական բանաձեւն ընդունվել: Թեհրանը հայտարարել է, թե ԱԷՄԳ-ի ընդունած բանաձեւն էլ ավելի է տրամադրում միջուկային ծրագրի զարգացմանը. ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլտանիեն: Նա նշել է, թե Իրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները՝ միաժամանակ սուր քննադատության ենթարկելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ամանոին՝ անվանելով վերջինիս «ոչ պրոֆեսիոնալ»: ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բանաձեւում կոչ էր արվում գործակալության փորձագետներին հնարավորություն ընձեռնել երկրի միջուկային օբյետներն ուսումնասիրելու համար: Բանաձեւին, որի նախագիծը պատրաստվել էր միջազգային միջնորդների «Վեցյակի» կողմից, որում ընդգրկված են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Միացյալ Նահանգները, սատարել էին գործակալության անդամ 35 պետություններից 32-ը:
Թեհրանը փորձելով ընդլայնել ինքնապաշտպանական քայլերը՝ Թուրքիային առաջարկել էր իր օգնությունը թուրքական ատոմակայանի կառուցման գործում, ինչը Անկարան մերժել էր եւ հասկացրել, որ այդ հարցում չի ցանկանում Թեհրանի հետ գործ ունենալ… Անկարան այս հարցում խուսափում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ առճակատվելուց, բայց Հայաստանի համար էլ տարակուսելի է իրանական կողմի այս կեցվածքը…
Իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հիմա նաեւ՝ Կանադան շարունակում են Իրանի մեկուսացմանն ուղղված միջազգային քայլերը: Ավելի խիստ են Ֆրանսիայի առաջարկները՝ արգելափակել ԻԻՀ միջազգային բանկային հաշիվները եւ դադարեցնել Իրանից նավթի ներկրումը Եվրոպա: Իսկ աշխարհամաս ներկրման նավթի ծավալներն Իրանից 12% է:
ԱՄՆ նախագահ Օբաման արդեն հայտարարել է Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ նոր տույժեր կիրառելու մասին: Իսրայելական «MIGNews» գործակալության Սպիտակ տան աղբյուրների փոխանցմամբ, կպատժվեն նաեւ բոլոր այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին՝ զարգացնել եւ ընդլայնել նավթային ռեսուրսները:
Նշենք, որ Հայաստանի ու Իրանի միջեւ գոյություն ունեն պայմանագրեր մի շարք էներգետիկ նախագծերի շուրջ, այդ թվում՝ Իրան-Հայաստան նավթամուղի եւ նավթավերամշակման գործարանի, ինչպես նաեւ Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Իսկ Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը նախատեսված է ավարտել 2014թ.: Իրանի հանդեպ պատժամիջոցները մտահոգիչ են, քանզի կարող են վնասել Հայաստանին, եւ առանց այն էլ տարիներ ձգձգվող ծրագրերը դարձյալ ձգձգվեն:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.



