Արցախը՝ թուրք-ադրբեջանական կոկորդում

ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրվել է համագործակցության 2012-2013թթ. ծրագիր, հստակեցվել են ՀՀ-ՀԱՊԿ հետագա փոխգործակցության նոր ուղիները: Հավաքական անվտանգության հարցն առավել արդիական է այժմ՝ Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում նոր քաղաքական սրացումների հետեւանքով: Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ ԱՊՀ երկրների հավաքական անվտանգության ծրագիրը խնդիրներ են առաջ բերել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ծրագրերում:

Ադրբեջանը, դեռ հայ-թուրքական առնչություններում խաղարկելով արցախյան խնդիրը, այնուամենայնիվ, չկարողացավ տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքը պարտադրելի դարձնել հայկական կողմի համար, քանզի միջազգային փաստաթղթերում դա զուգահեռաբար եւ համահավասար արծարծվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:

Բաքուն ցավագին ընդունեց հայ-ռուսական ռազմական պայմանագրի երկարաձգումը եւ փորձեց դա օգտագործել Արեւմուտքի հետ նոր հարաբերություններ ծավալելով, ինչը, սակայն, հաջողություն չունեցավ: Արեւմուտքն ըմբռնումով մոտեցավ ՀՀ-ՌԴ համագործակցությանը, ինչը նաեւ ԱՊՀ շրջանակներում է տրամաբանական դիտվում արեւմուտքում, ուստի սա չխանգարեց ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ հայ-եվրոպական համագործակցության համաչափ զարգացմանը: Իսկ ահա Ադրբեջանը հայտնվեց Վաշինգտոնի ու Բրյուսելի քննադատության կենտրոնում՝ ներքին եւ արտաքին վտանգավոր քաղաքականությունների համար:

Եվ Բաքուն, իհարկե, այդժամ փորձեց դա էլ գործածել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դա եւս չհաջողեց: Հիմա բարձրացրել է Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալության վճարի չափը եւ Մոսկվայից պահանջում է 15 միլիոն դոլար: Պահանջում է Ռուսաստանից վճարել 2 անգամ ավելի շատ, ինչը հաստատ ձեռնտու չէ Մոսկվային. «Գումարը, որը պահանջում է Ադրբեջանի ՊՆ-ն, իսկապես շատ մեծ չափի է հասնում: Դրա համար պետք է բանակցություններ սկսել»,- հայտարարել է ՌԴ ՊՆ Անատոլի Սերդյուկովը: Ռուսական կողմը ցանկանում է երկարացնել վարձակալության ժամկետը մինչեւ 2025թ.:

Հակառակ ադրբեջանական կողմի ձախողումների, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով եղավ Մոսկվայում, որտեղ անվտանգության խնդիրների քննարկումից բացի, ՀՀ ԱԱԽՔ-ը հանդիպեց ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրեւին, Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուին եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ադրբեջանի անհաջողությունները՝ արեւմտյան եւ հյուսիսային ուղղություններով, մտահոգել են Թուրքիային, եւ այստեղ կրկին փորձում են շահարկել հայկական գործոնը: Եվ ահա «Սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցը եւ միջազգային ժամանակաշրջանը» միջազգային համաժողոցի բացման ժամանակ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է առերեսվել սեփական անցյալի եւ պատմության հետ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի՝ իր պատմության հետ առերեսման խնդրին՝ նա ասել է, որ թուրքերի՝ Անատոլիայում գտնվելու հազար տարվա ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, որոնք հպարտանալու տեղիք են տալիս: Սակայն, ըստ Չիչեքի, եղել են նաեւ ժամանակաշրջաններ, որոնք ամբաստանությունների առիթ են տվել. «Մենք առնչվում են միջազգային մակարդակի մեղադրանքների, հատկապես 1915թ. հետ կապված: 1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ: Մենք բացել ենք մեր արխիվները եւ պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները: Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմության հետ, եւ եթե կան սխալներ, ապա ուսումնասիրել դրանք՝ հանուն ապագայի կերտման:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Իսրայել հակասությունների ընթացքում, երբ իսրայելական կողմը Կնեսեթում եւ միջազգային ասպարեզում սկսեց քննարկման դնել Հայոց ցեղասպանության հարցը, անգամ որոշ իսրայելական զլմ-ներում քարտեզներ տպագրվեցին, որոնցում Արեւմտյան Հայաստանը հենց Հայաստան էլ նշված էր, Անկարան ընդվզեց եւ անուղղակի հասկացրեց, որ կբացի իր արխիվները եւ դա հաստատ ձեռնտու չի լինի նաեւ Իսրայելին… Միանշանակ ակնարկ կար երիտթուրքերի ղեկավար կազմի ծպտյալ հրեաներ լինելու (հենց «թուրքերի հայր» Աթաթուրքի գլխավորությամբ) եւ սիոնիստական նպատակներով Սալոնիկից Թուրքիա գալու առումով, որից հետո էլ կազմակերպվեց եւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը…

Հիմա Անկարան կրկին փորձում է շահարկել հայկական գործոնը, իհարկե առավելապես սադրանքների նպատակով: Հայաստանն էլ իր աջակցությունը առաջարկեց Թուրքիային՝ երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Այդ նպատակով Հայաստանը ծախսել է 74 մլն. դրամ (մոտ 200 հազ. դոլար): Գումարները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից: Որպես մարդասիրական օգնություն Թուրքիային տրամադրվել են հիմնականում վրաններ, քնապարկեր, ծածկոցներ ու սավաններ:

Իհարկե, այս օգնությունը բացի մարդասիրական կողմից, նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, ինչի համար էլ Անկարան սկզբում մերժեց Հայաստանի օգնությունը: Բայց հետո ակնհայտ էր, որ երկրաշարժի գոտին հիմնականում քրդաբնակ շրջաններն էր ներառում եւ թուրքերը նաեւ միտումնավոր ձգձգեցին օգնության հատկացումը, եւ՝ ոչ միայն Հայաստանի կողմից առաջարկված: Բայց միեւնույնն է, շատերս հիմա էլ հիշում ենք, թե Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ինչ ցնծություններ էին կազմակերպվում Ադրբեջանում եւ Թուրքիայում, իսկ Ռուսաստանից եկած օգնության գնացքների վագոնների վրա Ադրբեջանում ռուսերեն գրում էին՝ «կեցցե երկրաշարժը, փառք երկրաշարժին, շնորհավոր» եւն… Եվ, իմ կարծիքով, կարիք չկար թշնամական Թուրքիայի հանդեպ մարդասեր երեւալ, ինչը չպետք է անել նաեւ, եթե Ադրբեջանում երկրաշարժ կամ մեկ այլ բնական աղետ լինի… մարդասիրական լինում են մարդասեր ազգերի նկատմամբ, այլ ոչ մարդակեր:

Դառնալով Բաքվի միջազգային անհաջողություններին, պետք է նշել, որ

ադրբեջանցիների համար անսպասելի եւ խիստ տհաճ հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ քաղաքացիներն ազատորեն կարող են այցելել Լեռնային Ղարաբաղ: Նման պնդման համար առիթ է դարձել Բաքվի դժգոհությունը՝ կապված ԱՄՆ-ի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գծով ռազմավարական կենտրոնի փորձագետ Ուեյն Մերիի Ստեփանակերտ կատարած այցի հետ: Սակայն ի պատասխան ադրբեջանցիների, դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինն ասել է, որ իր երկրի քաղաքացիները կարող են օգտվել տեղաշարժվելու իրենց իրավունքից եւ ազատ այցելել այն երկրները, որտեղ ցանկանում են: Եվ այդ երկրներից մեկը, փաստորեն Լեռնային Ղարաբաղն է, ինչպես կարելի է հասկանալ ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղարի խոսքից:

Այսպես կամա, թե ակամա Արցախի անկախությունը հաստատող հայտարարություն է եղել, ինչն ավելի է կատաղեցրել Բաքվին:

Եվ վերջերս սահմաններում կրկին ուժգնացել են ադրբեջանական սադրանքները: Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) կրկին հայ զինվոր է զոհվել: «Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետեւանքով զոհվեցին 2 հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից եւ չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ պատասխանատուներից նախկինում հայտարարել էին, որ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի դիմաց մի քանի «ասկյար» կպատժվեն եւ ահա, այժմ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հայտարարում, որ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ: Սա պետք է ավելի շուտ լիներ եւ հայ դիպուկահարներից հիմա ադրբեջանական զինվորները պիտի հանգստություն չգտնեն: Կամ էլ… մշտական հանգստություն գտնեն:

Բաքուն չի հասցնում նաեւ համացանցում պաշտպանել իր «տարածքային ամբողջականությունը»: Ինտերնետային հսկաներից «Google»-ը իր «Google Voice» էջում Լեռնային Ղարաբաղը վաղուց Հայաստանի մաս է համարում: Սա, բնականաբար, Ադրբեջանում մեծ բողոք է առաջացրել: Մասնավորապես «News.az» կայքը նշում է, որ «չնայած Ղարաբաղը իրեն հռչակել է անկախ պետություն, այն չի ճանաչվում այլ պետությունների կողմից եւ համարվում է Ադրբեջանի տարածք»: «Google Voice»-ը համակարգչի վրա հիմնված հեռախոսային ծրագիր է, որ հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար: Օգտատերերը այս ծառայության միջոցով զանգեր են կատարում տարբեր երկրներ:

Հիշեցնենք, որ համացանցային հաղորդակցման ոլորտում առաջատարներից համարվող «Skype»-ը նույնպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքի մի մաս է համարում: Ադրբեջանցիները դեռ նամակներ են հղում «Skype»-ին՝ պահանջելով դադարեցնել այդ շրջան զանգերի տրամադրման ծառայությունները եւ հեռացնել Ղարաբաղը Հայաստանի սակագնային ցանկից:…

Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Եվրոպայում շրջագայությունն ավարտելուց հետո եղավ նաեւ ԱՄՆ-ում: Նա հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանին եւ Դենիս Զայնին: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Վստահ ենք՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Արցախի նախագահը քննարկել է նաեւ Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչը պետք է օրակարգային դարձնել միջազգային առաջնային հարցերի շրջանակում:
Հայկ  Թորգոմյան
Մեր կոկորդում էլ՝ մեր 5 քաղաքական  անխելքները
 

Նոյեմբերի վերջերին Ադրբեջանում պահվող 3 հայ ռազմագերիների եւ 5 քաղաքական անձանց հետ (այսքանն են ներկայացրել) հանդիպել են «Կարմի խաչ» միջազգային կոմիտեի ներկացուցիչները եւ ծանոթացել գերիների պայմաններին:

Ըստ «Կարմիր խաչ»-ի ՀՀ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Ռուզաննա Վարդանյանի, ռազմագերիները՝ Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանը եւ Կարեն Հարությունյանը կոմիտեի ներկայացուցիչներին հանձնել են նամակներ՝ ուղղված իրենց ընտանիքներին:

Այժմ, ըստ ադրբեջանական «վստահեցումների», Ադրբեջանում գերության մեջ պահվում են նշված 3 ռազմագերիներն ու 5 հոգուց բաղկացած մի ընտանիք՝ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:

Ընտանիքն Ադրբեջանում է հայտնվել Եղիշե Գեւորգյանի պատճառով:

Վերջինս 8 անգամ դատապարտվել է եւ ներկայումս հետախուզվում է սպանության կասկածանքով:

Ընտանիքի հետ Եղիշե Գեւորգյանը Ադրբեջան է փախել 2010թ. հունվարի 10-ին:

Տեսնես թշնամու դուռը գնալուց առաջ ի՜նչ է մտածել այս ընտանիքը:

Կարեն Բալյան
Լափող-թրքող տեսակը՝ հավանական դավաճան
 

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «մինչդատական վարույթում ձեռքբերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ՝ Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ»: Մասնավորապես՝ նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի, դրանց հրամկազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ: Բացի այդ, պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն): Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը): 2011թ. նոյեմբերի 15-ին քրգործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Նարե  Մշեցյան
 

«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.