Եվրոպա՞, թե՞ Եվրասիա. հայկական գործոնի ժամանակները

Միացյալ Հայաստան՝ «Մեծ Թուրանի» եւ «Մեծ Ադրբեջանի», նաեւ Արեւմտյան Հայաստանում Քրդստանի ստեղծման դեմ

Նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա եւ Լիտվա, հանդիպեց վերոհիշյալ երկրների իր գործընկերներին, իսկ Բրյուսելում մասնակցեց ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստին: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Արաբական աշխարհում կտրուկ փոփոխությունները, հեղափոխություններն ու հեղաշրջումները նոր լիցք են հաղորդել տարածաշրջանային հարցերին: Նաեւ գերտերություններն են փորձում վերադասավորումներով ամրապնդվել այս կամ շրջանում եւ իրենց շահերին հետամուտ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնել:

Առաջնային խնդիրների շարքում Իրանի հարցն է, որն առավելապես սրվեց իրանական միջուկային ծրագրի պատճառով: Այս առումով գերտերությունները գործածեցին նաեւ ՄԱԿ-ի լծակները, սակայն պատժի կիրառումը դեռ թերի են համարում, եւ Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ:

Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները վերաբերում են Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, թե նոր պատժամիջոցներն ուղղված են լինելու ԻԻՀ տնտեսությանը՝ զրկելով երկրին մի շարք ֆինանսական միջոցներից: Բացի այդ, պատժամիջոցները տարածվելու են մի քանի ֆինանսական հաստատությունների, ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց հետ արգելվելու է ցանկացած գործարքի կնքումը:

Լոնդոնն իր հերթին հայտարարել է երկրի ֆինանսական հաստատությունների ու իրանական բանկերի, այդ թվում երկրի կենտրոնական բանկի միջեւ գործարքների ամբողջական դադարեցման մասին: Բրիտանական թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորն ընդգծել է, թե այդպիսով հնարավոր կլինի զերծ պահել երկրի ֆինանսական համակարգը Իրանի միջուկային ծրագրում ներգրավումից:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը կրկին սրվեց Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հերթական զեկույցի հրապարակումից հետո, որում նշվում է, թե Իրանը շարունակում է ուրանի հարստացման ծրագրերը, որի վերջնական նպատակն է լինելու միջուկային զենքի ստեղծումը:

Սակայն Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել իր ծրագրերից, ինչը կարող է առճակատումն ավելի խորացնել: Այս առումով կարող են սրվել նաե իրանա-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ Բաքուն պատրաստակամ է Իսրայելի ու Արեւմուտքի հետ համագործակցել ընդդեմ Իրանի՝ հուսալով, որ կարող է իրականացնել իր երազանքը՝ «Մեծ Ադրբեջան»-ի ստեղծումով՝ իրանական երկու Ադրբեջանների հաշվին…

Եվ ահա իրանական զլմ-ները այս մասին շեշտելով, նաեւ գրում են, որ Ադրբեջանը հովանավորում է ահաբեկիչներին: Ինչու՞ է Բաքուն հովանավորում հարյուրավոր իրանցի երեխաներ սպանած ահաբեկչական խմբավորումներին, հարցնում է «Թաբնաք.իռ» կայքը եւ նշում, թե «Քրդական «Փեժակ» խմբավորումը պատմական եւ քաղաքական ինչ առնչություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, որ հաստատվում է Գյանջա քաղաքում ու ֆինանսական աջակցություն ստանում վերջինիս ղեկավարության կողմից»: Նաեւ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները, հարթակ տրամադրելով «Մոնաֆեղին» եւ «Փեժակ» խմբավորումներին, այդ կերպ փորձում են ճնշում գործադրել Իրանի վրա:

ԻԻՀ ԱԳ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, վերջերս անդրադառնալով Ադրբեջանում պատսպարվող ահաբեկիչների գործունեությանը, հայտարարել էր. ««Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ այդ ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետեւանքով 12.000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը»:

Այսպես Բաքուն փորձում է դառնալ տարածաշրջանային խաղացող, սակայն չի էլ պատկերացնում, որ աջակցելով Թել Ավիվին եւ Վաշինգտոնին, կարող է հայտնվել իրանական ռազմական հարվածների եւ իսլամական աշխարհի պատժամիջոցների աքցանում:

Չի  պատկերացնում եւ պատերազմի պատրվակ է փնտրում նաեւ Հայաստանի հետ:

Իսկ ԼՂ հակամարտության ոլորտում Արեւմուտքը հաստատ չի սատարի Բաքվի նկրտումներին, քանի որ խաղաղասիրական գործընթացներին ուղղված վերջերս մասնագիտացած Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Սաբինա Ֆրայզերը անգամ ողջունել էր ֆրանսիացի համանախագահին Եվրամիության ներկայացուցչով փոխարինելու գաղափարը: Սակայն հայկական կողմի համար ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունը համարվում է ամենաընդունելին:  Եվրամիության հնարավորությունները մեծ չեն, քանի որ ԵՄ-ն սեփական բանակ չունի: Իսկ ԵՄ մոտեցումները դժվար թե տարբերվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի մոտեցումներից, ուստի ավելորդ մի օղակի ստեղծումը հաստատ նպատակահարմար չէ: Ի վերջո, 20 տարում ՄԽ-ն բացի «ստատուս-քվոն» պահելը, որեւէ այլ առաջընթաց չի արձանագրել, եւ մեկ այլ  խմբի ստեղծումը ամեն բան նորից սկսելու պատճառ չի դառնա……

«Ստատուս-քվոն» միայն տարածաշրջանային բաղադրիչներ չունի, նաեւ միջազգային քաղաքականության տարրերն են առկա, որոնք փոփոխվում են որոշակիորեն: Թուրքիայի անդամությունը ՆԱՏՕ-ին, Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, Թուրքիայի հետ փակ սահմանը, Ռուսաստան -Իրան, Իրան-Ադրբեջան հարաբերությունները եւ էլի նման խնդիրները նույնպես «ստատուս-քվոյի» տարրեր են եւ դրանցից որեւէ մեկի փոփոխությունը եւս կնշանակի «ստատուս քվոյի» փոփոխություն: Հիշեցնենք, Աբդուլահ Գյուլը Երեւանից հեռանալուց հետո հայտարարեց. «Հայաստան գնալով՝ ես վերջ դրի «ստատուս-քվոյին»: Սա ճշմարտություն է: Կմտնի՞ ԵՄ-ն ԼՂ կարգավորման գործընթացի մեջ, իրավիճակը տարածաշրջանում կրկին կփոխվի: Իսկ արցախյան հակամարտության գոտում «ստատուս-քվոն» պահպանելու համար պետք է հօգուտ մեր շահերի փոխենք միջազգային բաղադրիչները, որպեսզի պահենք  ԼՂ-ում առկա «ստատուս-քվոն», մինչեւ հարմար լինի Արցախի անկախության միջազգային ճանաչումը կամ Հայաստանի հետ վերամիավորվելու հարցը:

Իրանի համար էլ թյուրքական գործոնը սպառնալիք է, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իհարկե Թուրքիայի հարցում առկա է նաեւ տարածաշրջանային գերտերություն դառնալու հարցը: Եվ սա լրջորեն նպաստում է հայ-իրանական հարաբերությունների բարելավմանը եւ հակաթուրքական քայլերի առաջացմանը: Անգամ Արցախ-Իրան հարաբերություններ կարող են ձեւավորվել Բաքվի հակաիրանական գործունեության դեպքում:

Ազդեցիկ գործոն կարող է լինել նաեւ արաբական երկրների ուժը: Բայց հեղափոխական ալիքները առայժմ թմրեցրել են համաարաբական նպատակները: Եգիպտոսի եւ Լիբիայի դերի նվազեցումը ակնհայտ է, եւ այսօր Իրանի հետ, որպես տարածաշրջանային գործոն, մնացել է Սիրիան:

Անկարան փորձեց հեղափոխական ալիքի ընթացքում լուծել Սիրիայի խնդիրը եւս, բայց չկարողացավ եւ առժամանակ ձգտեց նոր խաղի՝ միջնորդության, որը նույնպես ձախողվեց: Այժմ այս խնդիրը նորից առկա է՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին դադարեցնել հակակառավարական ելույթների ճնշումը: Նա հայտարարել է, որ անընդունելի է համարում կառավարության նմանատիպ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

Դամասկոսն էլ իր հերթին, ինչպես Թեհրանը, փորձում է քրդական գործոնը աշխուժացնել Թուրքիային «կարգի հրավիրելու» համար: Այստեղ էլ, ինչպես Իրանի դեպքում, չի բացառվում հայկական գործոնի կարեւորումը եւ հայկական շահերի արծարծումը:

Հատկապես Կովկասի տարածաշրջանը միշտ եղել է Եվրոպա-Ասիա հարաբերությունների կիզակետում, եւ Արեւմուտքի դերակատարությանը հակակշիռ լինելու համար Մոսկվան փորձում է Եվրասիական ծրագրերն առաջ քաշել: Եվրասիական ինտեգրման մասին հռչակագիրը բաց է բոլոր երկրների համար, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն իսկ ստորագրել են Եվրասիական միություն ստեղծելու համաձայնագիրը: Խոսվում է նաեւ Հայաստանի՝ այդ միությանը հնարավոր միացման մասին:

Եվ չի բացառվում, որ մեր տարածաշրջանը շուտով դառնա Եվրոպա-Եվրասիա (Ասիան չկարողացավ լինել Եվրոպային հակակշիռ) հակամարտության նոր թատերաբեմ: Հատկապես, որ 2012թ. հունվարից երեք երկրների ստեղծած Եվրասիական հանձնաժողովը զբաղվելու է միության իրավասությունների, կառուցվածքի եւ այն հիմնական նպատակային խնդիրների որոշակիացմամբ, որոնք պետությունները զիջելու են նոր ստեղծվելիք Եվրասիական միությանը: Իսկ մինչեւ 2015թ. պիտի ձեւավորվի եվրասիական տնտեսական միությունը:

Ինչ մնում է հայ-թուրքական կոչված հարաբերություններին, դրանք առ այսօր առաջ չեն գնացել եւ անմիջական կախում ունեն հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչը միջազգային ասպարեզում եւս կարող է ընդգծել հայկական գործոնի դերը: Հատկապես, որ Երեւանը կարողացավ հիմնավորել հայ-թուրքական արձանագրությունների տապալումը՝ Անկարայի եւ Բաքվի համատեղ ջանքերով: Չնայած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի նոր ճիգ է անում հիմնավորելու, թե տարածաշրջանում Անկարան գաղտնի ծրագրեր չունի: Նա այդ մասին ասել է Լոնդոնում, անդրադառնալով նաեւ սիրիական խնդրին: Բայց ստիպված է եղել անդրադարձել օսմանյան Թուրքիան վերականգնելու թուրքական գաղափարին եւ նշել. «Մենք, իհարկե, հպարտանում ենք մեր պատմությամբ, բայց միեւնույն ժամանակ շատ իրատես ենք: Տարածաշրջանում գաղտնի օրակարգ չունենք»:

Այսպես ակնհայտ է, որ ոչ Եվրոպային, ոչ Եվրասիային կամ Ասիային, եւ մասնավորապես ոչ արաբական կամ իրանական կողմերին, առավել եւս ոչ էլ Հայաստանին ձեռնտու չեն համաթրքական ծրագրերի առաջխաղացումն ու նպատակները, ավելին՝ մտահոգիչ են: Եվ սա կարող է լուրջ խթան լինել հայկական գործոնի նշանակության ու դերի բարձրացման համար՝ Եվրոպական ու Եվրասիական կամ Արեւմուտքի եւ Արեւելքի շահերի կիզակետում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 41 (217), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.