Բնության բացասական էներգիան –

Վիշապ, դեմոն, դեւ. գալու է սրանց քաղվելու ժամանակը

Դարձյալ նկատենք, որ ըստ ամենայնի, ամբողջական է Հայոց դիցարանը. նրանում ողջ բնությունը, բնական կյանքը իր բոլոր մասերով ու տիեզերական բոլոր զորությունները արտահայտված են: Արարչի կամքով բնությունը կազմված է չորս տարրերից՝ հուրից, օդից, ջրից եւ հողից: Եվ այդ տարրերի կենակից գոյությամբ է պայմանավորված բնական կյանքը: Ամեն մի տարր որոշակի՝ իրեն հատուկ էներգիա եւ դրանով պայմանավորված զորություն ունի: Բնության ամենազգացական տարրի՝ հուրի էներգիան, օրինակ, դրական էներգիա է, իսկ բնության ամենապասսիվ (ամենանյութական) տարրի՝ հողի էներգիան բացասական է: Համապատասխանաբար, մի էներգիայի հարուցած զորությունը արարող (ներգործուն, համակարգաստեղծ…) զորություն է, մյուսինը՝ չը-արարող (պասսիվ, մահաբեր, քաոսաբեր, կործանող, տրոհող…): 

Նկատվել է արդեն, որ Վահագնը տիեզերական հուրի, ասել է թե՝ տիեզերական դրական էներգիայի մարմնավորում Աստվածն է, իսկ Վիշապը տիեզերական հողի, ասել է թե՝ տիեզերական բացասական էներգիայի: Որն էլ պայմանավորում է նրանց զորությունների տարբերությունը. Վահագնը դրական զորության մարմնավորում է, Վիշապը՝ բացասական: Դա էլ իր հերթին պայմանավորում է տիեզերական ամբողջում արարչագործության համակարգությունում նրանց դերերի տարբերությունը. Վահագնը տիեզերական կենաց ջերմության ու լույսի տիրակալն է, Վիշապը՝ տիեզերական սառնության ու խավարի: Վահագնը արարող զորություն է, Վիշապը՝ չը-արարող (արարումը կլանող, ոչնչացնող): Վահագնը օրգանական համակարգություն պահպանող զորություն է, Վիշապը՝ դա քանդող: Վահագնը տիեզերական գարուն է բերում, Վիշապը՝ տիեզերական ձմեռ. մեկի պարագայում տիեզերական կյանքը ծնվում, զարթոնք է ապրում, մյուսի պարագայում՝ հակառակը: Երկուսի դերն էլ բնություն ամբողջության մեջ, ինչ խոսք, անհրաժեշտություն է: Բայց արիի համար պաշտելի է Վահագն Աստվածը, քանզի նա հրածին է, վահագնական հուրը՝ դրական էներգիան է նրանում գերիշխում:

Վիշապն ունի իր երկնային արբանյակը՝ հանձին Յահվայի՝ Ստորգետնյա Աստծո1, ով էլ, պարզ է, իրենում կրում է երկրային հողի բացասական էներգիայի խորհուրդը:

Այսօր՝ տիեզերական ձմռանը, երբ տիեզերական օրինաչափության բերումով վահագնական հուրից երկիր մոլորակի սնումը հասել է իր նվազագույն աստիճանին, երկրի վրա իշխում է վիշապային ու յահվեական բացասական էներգիան: Եվ այսօրվա համաշխարհային կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը, փաստորեն, վիշապականություն եւ յահվեականություն են:

Սակայն, ըստ հայկական ավանդության (տե՛ս «Արարատյան դիցաբանություն»), ամեն տիեզերական գարնանը, երկնի ու երկրի ահեղ երկունքից Վահագն է վերածնվում: Վերածնվում է չարի վիշապին քաղելու (որի հետեւանքով քաղվում է նաեւ նրա երկրային արանյակը), նրա գարշանքից երկիրը լվալու մեծ ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու արարչազարմ աստվածամարդկանց՝ արիների ցեղը: Գարուն է բերում Վահագնը աշխարհին, երկրի վրա նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Անցյալի գիրկն է անցնում Վիշապի ու Յահվայի՝ երկրում առաջ բերած ձմեռային (հունական դիցալեզվով ասած՝ երկաթե) դարաշրջանը2:

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

1 Սեմական հեթանոսական, ինչ-որ իմաստով նաեւ կրոնական ավանդույթներն էլ են վկայում, որ Յահվայը տիեզերական իմաստով աստված չէ, այլ երկրածին աստված է, այն ինչին հունական հեթանոսական ավանդույթները անվանում էին դեմոն, իսկ հայկական ավանդույթները՝ դեւ:

2 Շատ բան ասող է այն, որ այդ եզրակացությանն են հանգեցնում նաեւ վիշապա-յահվեական կրոնները, քանզի դրանցում խոսքը հողածինների ու նրանց աստծո՝ «մինչեւ աշխարհի վերջը» (հայ դիցալեզվով ասած՝ մինչեւ տիեզերական գարուն գալը) տիրապետության մասին է միայն:  

* * *
UNESCO-ում Հայաստանը կներկայանա հեթանոսական տոնով
 

Հայկական տոնակատարությու՞նը, մոնղոլական գեղագրությու՞նը, թե՞ ֆրանսիական ձիավարությունը:

UNESCO-ի ներկայացուցիչները  կհանդիպեն, որպեսզի որոշեն, թե 84 ավանդույթներից  որոնք ընդգրկեն պահպանվող «ոչ  նյութական ժառանգությանե ցանկում:

ՄԱԿ-ի մշակութային  գործակալությունը դադարեցրել էր աշխատանքն  այս ամիս, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորումը, սակայն պատվիրակները կհավաքվեն Բալի կղզում, նոյեմբերի 22-29-ին:

Այնտեղ նրանք կորոշեն, թե ազգային ավանդույթներից որն է  արժանի ընդգրկվելու միջազգային նշանակության ցանկում եւ պահպանվելու ապագա սերունդների համար:

Տվյալ ցանկում արդեն  կա 215 ավանդույթ:

Հայաստանը, օրինակ, ներկայանալու է Վարդավառով՝ Աստղիկ Սիրո Աստվածուհուն
նվիրված հայարիական-հեթանոսական  տոնակատարությամբ:

Գոհար Վանեսյան
 

«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.