Բաքուն մատների վրա խաղացրեց Եվրոպային

Բաքուն Եվրոպային անընդհատ հավաստեց, որ «Նաբուկո» գազատարը կլցնի գազով, բայց պարզվեց, որ «Լուսանցք»-ը ճիշտ էր՝ Բաքուն մատների վրա այս ամբողջ ընթացքում խաղացրեց Եվրոպային:

«Ադրբեջանը քաղաքականապես աջակցում է «Նաբուկո» ծրագրին, սակայն այս ծրագրում հաշվի չեն առնվել էներգիա արտադրող ընկերությունների շահերը»,-ահա թե ինչ է ասել Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանովը: Ու որպեսզի Եվրոպայի գլխի տակ դարձյալ փափուկ բարձ դնի, հավելել է. «Ադրբեջանը մշակել է սեփական ծրագիրը՝ էներգակիրներ մատակարարելու Եվրոպա»:

Սա նշանակոմ է, որ «Նաբուկո» ծրագրում ադրբեջանական գազ միանշանակ չի լինելու: Բայց չի լինելու ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի շահերը հաշվի չեն առնվել (ճիշտ հակառակը), կամ Ադրբեջանը չի ուզում լրացուցիչ շահույթ ունենալ, այլ որովհետեւ արդյունահանման հետ կապված խնդիրներ ունի, եւ առաջիկայում դրանք ավելի են բարդանալու:

Հիշեք, Բաքուն սկսելու է տանուլ տալ նաեւ էներգետիկ պատերազմները:  

Աստղինե Քարամյան

Ադրբեջանական գնահատականներ, որոնք «մառազմատիկ» որակեց նույնիսկ թուրքական կողմը

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը չի՛ խափանվի  

Այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարեց, որ այլեւս չի պատրաստվում հանդուրժել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մեր զինվորների սպանությունը ու այսուհետ ադրբեջանական կողմին մեր պատասխանը լինելու է անհամաչափ, թշնամին սկսեց անտրամաբանական արձագանքել: Նա հայկական կողմին պատասխանեց անհեթեթ ձեւակերպումներով, մի բան, որ իսկապես լիաթոք ծիծաղ առաջացրեց: Ադրբեջանի կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նարիման Ագաեւը արդեն չորս օր իրենց զլմ-ներով աղաղակում է, թե «իմացեք, Հայաստանը տանուլ է տվել Ղարաբաղյան պատերազմը»: Մեր փոխարեն թող «Թուրքական շաբաթ»-ը պատասխանի նրան. «Ալիեւը պետք է վերանայի իր կադրային քաղաքականությունը: Նա լուրջ կենտրոնների ղեկավարների է նշանակում այնպիսի մարդկանց, ովքեր անգործությունից արդեն մառազմատիկ մտքեր են դուրս տալիս»: Մեր կողմից հավելենք՝ Ն. Ագաեւը կամ հոմանիշներն ու հականիշներն իրար է խառնում, կամ՝ այդ բառերի հասցեատերերին:

Ու քանի որ այս թյուրքը «լուրջ կենտրոնի» «մառազմատիկ» ղեկավար է, փորձում է «ապացուցել» իր ասածները, այն է՝ Ղարաբաղյան պատերազմը Հայաստանի տանուլ տալու ապացույցը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հրաժարվելն է հայկական ատոմակայանից: «Հայկական ատոմակայանը կկանգնի, Հայաստանն այլեւ ատոմային էներգետիկա չի ունենա, այս երկիրը կթուլանա, ու մենք կվերագրավենք հողերը»: Ն. Ագաեւը բացի հոմանիշներն ու հականիշները խառնելուց, նաեւ անցյալ ու ապառնի ժամանակաձեւերն է խառնում: Թեպետ, գուցե չի էլ խառնում, ու սա հենց այն է, ինչ կոչվում է կայուն զարգացման հետազոտությունների ադրբեջանական կենտրոն:

Այս ամենից զատ, ադրբեջանական կողմը խառնում է նաեւ ռուսական ընկերությունների «վեր ու վարը»՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին ներկայացնելով իբրեւ «Հայկական ԱԷԿ-ը կառավարող «Ռոսատոմ»-ի փոխարինող», կամ‘«ՀԱԷԿ-ի անվտանգության պատասխանատու»:

Հայկական կողմն, իհարկե, ադրբեջանական «լուրջ» քաղաքական հայտարարություններին չի պատասխանի եւ ոչ էլ ԱԷԿ-ին վերաբերող թյուրքական հարցադրումներին ուշադրություն կդարձնի, քանզի մեր մասնագետները զբաղվում են ատոմային կայանի անվտանգությունն ապահովելով եւ երաշխավորելով, այլ ոչ թե ստի ու կեղծիքի վրա զուտ ժամանակ վատնելով: Ու որպեսզի մեր հանրությունը նույնպես կարողանա ճիշտ գնահատել ադրբեջանական արտահայտությունների արժեքը (հասկանալիորեն բոլորը չէ, որ պատկերացնում են, թե ինչ է ԱԷԿ-ը), մեր մասնագետների փոխարեն մենք կպատասխանենք՝ մի բան վերջնականապես ճշգրտելով. հայկական ատոմային կայանին վերաբերող ադրբեջանական հայտարարությունները՝ բոլոր մակարդակներով հնչեցրած, ցայսօր որակվում են մեկ բառով՝ «սադրանք»:

Այսպիսով, նախ ասենք, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը խափանվել չի կարող, քանի որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ազատվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումից: Բանն այն է, որ մեր ԱԷԿ-ում 2003թ. միջուկային վառելիքի գծով ռուսական մատակարարների հանդեպ պարտքեր էին կուտակվել՝ շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի կարգի (օգտագործվել էր կայանում էլեկտրաէներգիայի արտադրության համար 1995-2001թթ.): Ու որպեսզի վերսկսվեր վառելիքի մատակարարումը, իբրեւ նախապայման էր առաջադրվել պարտքերի մարումը: Սկսվեցին բանակցություններ: Դրանք հանգեցրին նրան, որ կազմվեց պարտքերի մարման ժամանակացույց: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, այդ ժամանակ որպես պարտավորությունների մարման երաշխիք ռուսական կողմը պահանջեց, որպեսզի ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի նկատմամբ ինքը վերահսկողության իրական
ացնի: Որոշվեց «ՀԱԷԿ»-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին: «Դա թույլ տվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին վճարել ՀԱԷԿ-ի պարտքերը «ՏՎԵԼ» կոնցեռնի հանդեպ, եւ հետագայում հետ ստանալ իր վճարած գումարները ՀԱԷԿ-ից: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն անցած տարիների ընթացքում, իրականացնելով հավատարմագրային կառավարչի գործառույթները, վերահսկում էր ընկերության բյուջեի ձեւավորման եւ կատարման գործընթացը: Հարկ է նշել, որ այդ մեխանիզմը թույլ տվեց առանց ժամանակացույցի խախտման ամբողջությամբ վճարել պարտքերը»:

Ի դեպ, հավատարմագրային կառավարիչը, այս տարիների ընթացքում, չի միջամտել տեխնոլոգիական գործընթացներին:  Նա զբաղվել է բացառապես իր առջեւ դրված խնդիրներով, այն է՝ ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարում, 2003-2004թթ. թարմ միջուկային վառելիքի մատակարարումների կազմակերպում եւ ֆինանսավորման ապահովում, կայանի ֆինանսատնտեսական վիճակի կայունացում եւ ընթացիկ վճարունակության ապահովում: Սա նշանակում է, որ այն, ինչի համար եկել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, արեց եւ կարող է գնալ: Այս պայմաններում մտածել, որ պայմանագիրը չշարունակելը ենթադրում է ՀԱԷԿ-ի աշխատանքի խափանում, ըստ նախարարության, տեղին չէ: Բացի այդ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ինքը սկսեց իր որոշ ծրագրեր փոփոխության ենթարկել. «Սկսեց ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից, ինչպիսին նաեւ ՀԱԷԿ ՓԲԸ-ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումն է»: Մի գործոն էլ կա. ՀԱԷԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարեցումը չի անդրադառնա ընկերության աշխատանքների վրա, քանի որ, պայմանագրի գործողության ընթացքում եւ դրանից հետո, ՀԱԷԿ-ի գործունեության կառավարումը փաստացի իրականացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Իսկ այն մասին, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, ինչպես գրել էր «Կոմերսանտը», դժգոհ է այն պայմաններից, որով կառավարում է հայկական ԱԷԿ-ը, եւ այդ պատճառով է վաղաժամ դադարեցնում  պայմանագրի գործողության ժամկետը, չենք խոսում, որովհետեւ խոսելիք չկա, քանզի՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ինքը, համենայնդեպս, մինչեւ այսօր որեւէ որոշակի, ընդգծում եմ՝ որոշակի դժգոհություն չի հայտնել պայմաններից: Կհայտնի՞ այն ժամանակ կտեսնենք՝ ինչից է դժգոհ, ինչու՞ է դժգոհ եւ որքանով է արդարացված կամ չարդարացված նրա դժգոհությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողության վաղաժամ դադարեցումը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից, ոչ մի կերպ չի ազդի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի վրա: Մանավանդ, որ հարցը կրում է զուտ ֆինանսական բնույթ, «առավել եւս, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ատոմային կայանի ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը այդքան էլ մեծ չէ», այլ կերպ՝ հայկական ԱԷԿ-ի անվտանգության վրա չի անդրադառնա այն հանգամանքը, եթե ներկայիս կառավարչին փոխարինի «Ռոսատոմ»-ը, եւ նույնիսկ եթե ֆինանսական հոսքերի այդ մասնաբաժինը կառավարի հենց ինքը՝ հայկական ատոմակայանը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 42 (218), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.