Դդումով եւ սալորաչրով ապուր
Բաղադրությունը
Դդում – 1 կգ
սոխ – 300 գ
բուսայուղ – 80 գ
լոլիկի մածուկ – 1 ճաշի գդալ
ջուր – 1.5 լ
սալորաչիր – 200 գ
կարմիր պղպեղը եւ աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կտրատած դդումը մաքրել, խաշել եւ դարձնել խյուս:
Պատրաստել առատ սոխառած:
Խյուսի վրա ավելացնել սոխառածը, հետո՝ լոլիկի մածուկը, այնուհետեւ լցնել ջուրը եւ թողնել մարմանդ կրակի վրա:
Վերջում լցնել մանր կտրատած սալորաչիրը: Ապուրը համեմել աղով եւ պղպեղով:
Վայելելուց առաջ հիշեք նաեւ, որ դդումը շատ օգտակար է:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Վախթանգ Դարչինյանը պարտվեց
IBO-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին չհաջողվեց տիրել նաեւ WBA-ի չեմպիոնական գոտուն: ԱՄՆ-ում կայացած մենամարտում մեր բռնցքամարտիկը միավորներով պարտվեց Անսելմո Մորենոյին՝ 111:116, 110:117, 107:120:
Վախթանգը բավականին վստահ սկսեց մարտը եւ մինչեւ 8-րդ ռաունդը ամբողջովին տիրում էր նախաձեռնությանը: Մենամարտի վերջնամասում ավելի ակտիվ էր պանամացի բռնցքամարտիկը, որը աստիճանաբար միավորներ վաստակեց եւ ի վերջո հաղթանակ տարավ: Այդպիսով, Անսելմո Մորենոն 9-րդ անգամ պաշտպանեց WBA-ի չեմպիոնական գոտին, իսկ Վիկ Դարչինյանը 4-րդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Արթուր Աբրահամը պատրաստվում է
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012թ. հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում: Նրա մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է, ով անցկացրել է 19 մենամարտ եւ չունի ոչ մի պարտություն:
«Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշել է Արթուրը: Հայ անվանի բռնցքամարտիկը շարունակում է մարզչի՝ Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել:
Առաջին հաջողությունն ունիվերսիադայում
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգեւներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայի հայ մասնակիցներին: Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել եւ արժանացել ոսկե մեդալի, ինչը ունիվերսիադաների մասնակցության պատմության ընթացքում մեր երկիրը ներկայացնող մարզիկների առաջին մեծ հաջողությունն է: Մեր ծանրորդներից Հայկ Հակոբյանը գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի:
26-րդ համաշխարհային ունիվերսիադայում մրցանակային տեղեր գրավելու համար ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը դրամական պարգեւներ է հանձնել մարզիկներ Աղասի Աղասյանին, Հայկ Հակոբյանին, Զավեն Անդրեասյանին, մարզիչներ Երվանդ Կիրակոսյանին եւ Փաշիկ Ալավերդյանին:
Կպայքարեն «Ոսկե ճայի» համար
Հայաստանի մարմնամարզիկներն այս ամիս կմասնակցեն 2 միջազգային մրցաշարերի: Մեր մեծահասակ մարմնամարզիկները՝ Արթուր Դավթյանը, Վահագն Ստեփանյանը, ինչպես նաեւ պատանի Վիգեն Խաչատրյանը եւ Անուշ Մանուկյանը դեկտեմբերի 9-ին կմեկնեն Մերձմոսկովյան Օբնինսկ, որտեղ կմասնակցեն Լարիսա Լատինինայի մրցանակի՝ «Ոսկե ճայի» թվով 3-րդ միջազգային մրցաշարին:
Այնուհետեւ վերը նշված քառյակը ուժերը կփորձի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի թվով 18-րդ խաղարկությունում, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի 14-18-ը: Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների մարզիկ-մարզուհի
ներ:
Հայ ֆուտբոլիստը՝ առաջատար
Ռուսական «Սովետսկի սպորտ» օրաթերթը անակնկալի է եկել, երբ ամփոփել է Ռուսաստանի 2011թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի քվեարկության առաջին արդյունքները: Պարզվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում հարցմանը մասնակցած ընթերցողների մեծ մասը իրենց ձայները տվել են «Կրասնոդար»-ի հայազգի լեգեոնական Յուրա Մովսիսյանի օգտին: 2-րդ տեղը առայժմ զբաղեցնում է Մոսկվայի «Դինամո»-ի ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինը:
Օրաթերթի մասնագետների կարծիքով, Յուրա Մովսիսյանի 1-ին տեղում լինելու հանգամանքը նախեւառաջ կապված է Հայաստանի օգտատերերի ակտիվությամբ: Սույն քվեարկությունը տեւելու է ուղիղ մեկ ամիս եւ ավարտվելու է դեկտեմբերի 27-ին:
ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շոնրհվել
Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել Եվրոպայի մինչև 10 տարեկան շախմատիստների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.



