Թիկնապահներ ունեցե՛ք, բայց ոչ պետբյուջեի հաշվին

Ուրիշի կյանքը խլող մսագնդերին փոխարինեք սեփական կյանքը իրապես պահպանողներով   

Թիկնապահներ ունենալու մասին օրենքի քննարկումը մի քանի անգամ հետաձգվել է ԱԺ-ում: Բայց որպեսզի «հաստավիզ կաստալոմների» (թիկնապահը բոլորովին ուրիշ հասկացողություն է) խնդիրները եւ ամենօրյա «ապերոյական ռազբորկաները» ավարտվեն, պետք է հստակ օրենք լինի թիկնապահի մասին, որպեսզի մարդաջարդարարների եւ մարդաորսների տգետ ու ճղճիմ կամակատար «կաստան» ոչնչանա, եւ «լավ տղերքը» իրենց «տղայությունը» առօրյա կյանքում ապացուցեն անձնապես ու սեփական «շնորհքով»:

Պահնորդական ծառայության մասին օրինագծի 1-ին եւ 2-րդ ընթերցման ժամանակ կառաջարկվի հստակեցնել պահնորդների իրավունքներն ու պարտականությունները եւ սահմանել պատժամիջոցներ ու համապատասխան հոդվածներ հավելել վարչական օրենսդրությունում: Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի, տուգանքի չափը կլինի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ չբացառելով նաեւ որոշակի խստացումներ:

Օրենքը պարտադիր կլինի բոլորի համար եւ հատուկ վերահսկման կարիք չի լինի: Հակառակ դեպքում այլ մեխանիզմներ գործի կդրվեն, պատժամիջոցներից կարող է լինել նաեւ պահնորդական լիզենցիայից զրկումը: Պահնորդական մեքենաների քանակի եւ զենքի օգտագործման իրավասության հարցերը եւս կարեւոր են: Պատգամավորը նշել է, որ առաջարկների փաթեթում ընդգծվելու է, որ ուղեկցող մեքենան պետք է լինի մեկը, որի մասին կհայտնեն ոստիկանությանը, որին պետք է տեղյակ պահել նաեւ զենքի առկայության ու օգտագործման մասին:

«Երբ թիկնապահը կամ պահնորդը զենքը կիրառում է, նա պարտավոր է դրա մասին հայտնել եւ այն կազմակերպությանը, որտեղ նա աշխատում է, եւ անհապաղ՝ ոստիկանությանը»,- ասել է Հ. Սահակյանը՝ կարեւորելով թիկնապահների համագործակցությունը ոստիկանության հետ: Հստակեցվելու է նաեւ, որ պետական աշխատողները չեն կարող ունենալ թիկնապահ: Պետական բյուջեի հաշվին թիկնապահներ չեն կարող լինել:

Խորհրդարանում հարց ու պատասխանների ժամանակ էլի մի շարք բացեր ի հայտ եկան եւ, 2-րդ ընթերցման ժամանակ նոր լրացումներ եւս կլինեն: Անդրադարձ է եղել նաեւ դատվածություն ունեցող մարդկանց կողմից թիկնապահներ ունենալու հարցին:

Շատերի կարծիքով՝ ճիշտ չէ, որ դատվածությունն օրինական մարած մարդը առանձնացվի հանրությունից, քանի որ նպատակ պետք է դրվի նրանց եւս ներգրավել հասարակական կյանք, որպեսզի նոր հանցագործություններ չկատարեն: Եվ միգուցե այս հարցը հետագայում վերանայվի ծանր հանցագործությունների պարագայում քննարկվելիս:

Մի բաց է  մնում՝ օրենքի ընդունումից հետո թիկնապահներ չեն ունենա պետբյուջեի հաշվին: Կունենան սեփական գրպանի հաշվին: Չմոռանանք, սակայն, որ մեծամասամբ այդ գրպանները հենց պետբյուջեի հաշվին են լցվել: Ստացվում է շրջապտույտ, այսինքն՝ այսպես թե այնպես թիկնապահներ պահելու են… հարկատուներիս հաշվին:
Կարեն Բալյան
 

Պատժաչափ՝ պետական դավաճանության համար

Ադրբեջանի օգտին լրտեսած, պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 հայ երիտասարդների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է: Այդ մասին «Panorama.am»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը. «Այստեղ մենք գործ ունենք պետական դավաճանության հետ, որը առավել մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ, ընդհանրապես, պետության անվտանգության համար»:

Կարեն Մեհրաբյանը, ով լրտեսական ցանցի առաջնորդն ու կազմակերպիչն է եղել, Աշոտ Չտրկյանը եւ Ռոմիկ Մաթեւոսյանը մեղադրվում են առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի (Պետական դավաճանությունը) հատկանիշներով հանցանք գործելու համար: Դատարանում նրանց մեղքը հաստատելու դեպքում, ամբաստանյալներին սպասվում 10-15 տարվա ազատազրկում:

Մեղադրող դատախազի կարծիքով՝ պետական դավաճանության համար այս պատժաչափը քիչ է:

Նշված անձանց հետ միասին նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալ անցնում են նաեւ Կարեն Պետրոսյանը, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանները, ովքեր, ըստ մեղադրական եզրակացության, տեղյակ են եղել հանցանքի մասին, բայց չեն հայտնել իրավապահներին:

Դատախազ Ամիրզադյանը նշել է, որ պետական դավաճանության համար սա անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն 6-րդ գործն է: Մեկ գործ եղել է Թուրքիայի օգտին լրտեսության համար, որի շրջանակներում դատապարտված Մուրադ Բոջոլյանն արդեն ազատ է արձակվել:

«Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար Հայաստանը, մանավանդ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանությունը եւ զինվածությունը, ու ընդհանրապես՝ ԼՂ Պաշտպանության բանակի գործունեությունը մեծ հետաքրքրություն են ներկայացնում»,- հաստատել է դատախազը:

Մեր կողմից հավելենք, որ գալու է մի օր, որ զղջալու ենք, որ վերացրել ենք մահապատիժը…

Գոհար Վանեսյան  

*  *  *

Հետընտրական ռուսաստանյան կրքեր –

Ռուսական արջի «ամուր ձեռքի» խերն ու շառը

Արդեն քանի օր է Մոսկվայում ընդդիմության կազմակերպած զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ՌԴ Պետդումայի ընտրություններից անմիջապես հետո:

Ռուսաստանյան զլմ-ները պնդում են, որ ոստիկանությունը գործել է բավականին դաժան, իսկ ձերբակալվածներն էլ խոսում են ծեծի մասին. ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 300-ից ավելի «ազգայնական ու անհամաձայնություն հայտնող»: Իսկ ընդդիմության ներկայացուցիչներն էլ բացատրել են, որ ոչ մի ազգայնական հրապարակում չի եղել, իսկ բերման ենթարկվել է 500-ից ավելի ցուցարար, ովքեր բողոքել են Պետդումայի ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին իրականացված կեղծիքների դեմ:

«Ինտերֆաքս»-ը գրում է, որ ոստիկանությունում անանուն մի աղբյուր հայտնել է, թե իրականում բերման ենթարկվածների թիվը 300-ից անցնում է, փոխանցել են, որ ոստիկանության բաժանմունք է տարվել 569 մարդ՝ հրապարակում հավաքված մոտ 2000 մարդուց:

Նշվել է, որ ոչ մի ազգայնական կամ ազգայնամոլ չի եղել բողոքի ցույցի ժամանակ: Բայց դժգոհող ցուցարարների թիվը մեծացել է այնքան, որ իշխանությունները մայրաքաղաք են ուղղել ներքին զորքերի ստորաբաժանումներ ու ռազմական տեխնիկա, նախապատրաստել են նաեւ ջրցան մեքենաներ:

Միջազգային զլմ-ները ահազանգում են, թե Մոսկվայում անհանգիստ է, զորքը մտել է քաղաք: Զինծառայողներով լի բեռնատար մեքենաների ավտոշարասյունները ուղեւորվել են դեպի մայրաքաղաքի կենտրոն, ինչը հանրային անհանգստություն է առաջացրել:

Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը, ասել է. «Նրանք, ովքեր արտոնված ակցիաներ են իրականացնում, խնդիր չկա, ազատ են, եւ նրանց իրավունքները չեն սահմանափակվի: Իսկ չարտոնված գործողությունները պետք է համապատասխան ձեւով դադարեցվեն»: ԱՄՆ-ի պետքարտուղարության քննադատող հայտարարությանը ՌԴ վարչապետ Պուտինը պատասխանել է կտրուկ, որ ոչ մեկին, ոչ մի երկրի թույլ չեն տա խառնվել Ռուսաստանի ներքին գործերին եւ խժդժություններ առաջացնել:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրի առաջին տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը նշել է, որ ուղղակի հնարավոր չէր կտրվել ռադիոյից, երկրում վաղուց մոռացված ու հեռացված ինչ-որ բան է կատարվում: Չնայած «բեսպրեդելին, ինչ-որ կենդանի բան է վերածնվում»:

Այս ընդհանուր բողոքի ներքո անսպասելի հայտարարություն է արել Վլադիմիր Ժիրինովսկին: Նա ուզում է դառնալ վարչապետ: Ռուսաստանի ԼԴԿ-ն նորից Պետդումայում է եւ պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել իր ղեկավարին: Ի տարբերություն բոլոր այլ կուսակցությունների, ՌԼԴԿ-ն բոլոր հնարավոր պաշտոններում միշտ էլ իր թեկնածուներին առաջադրել է: Իսկ թե արդյո՞ք ՌԼԴԿ-ն կպաշտպանի Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը, կուսակցության պատասխանատուները անպատասխան են թողել:

Մոսկվայում վաղուց են խոսում «ամուր ձեռքի» վերադարձի մասին, եւ Վլադիմիր Պուտինի ՌԴ նախագահ ընտրվելու հնարավորությունը շատերին է անհանգստացրել եւ՛ Ռուսաստանում եւ՛ երկրից դուրս:

Ռուսաստանում վաղուց նաեւ ուժեղացվել է պայքարը ապօրինի ներգաղթյալների դեմ: Միգրացիոն օրենսդրության խախտումների համար միայն Մոսկվայից արտաքսվել է 5,4 հազար ապօրինի ներգաղթյալ, արգելվել է մոտ 9 հազարի մուտքը: Իրավապահները խոստովանել են, որ Մոսկվայում կա ապօրինի ներգաղթյալների խնդիր, նրանք փորձում են բնակվել դատարկ տներում եւ դրա համար գումարներ են տալիս բնակշահագործման ոլորտի պաշտոնյաներին: Ըստ զլմ-ների, ռուսաստանյան օրենքներով շատ խիստ պատիժներ են սահմանված այն իրավաբանական անձանց համար, որոնք կներգրավեն ապօրինի աշխատողների՝ մինչեւ 800 հազար ռուբլի տուգանք 1 մարդու համար:

Ըստ վիճակագրության, Մոսկվայում յուրաքանչյուր 5-րդ սպանությունը, 2-րդ բռնաբարությունը, 3-րդ կողոպուտը եւ 5-րդ գողությունը կատարում են օտարերկրացիները: Ահա եւ «ամուր ձեռքի» վերադարձի անհրաժեշտության փաստարկներից մեկը:

Հետաքրքիր է, որ ռուսաց լեզուն փորձում են դարձնել աշխատելու նախապայման՝ ներգաղթյալների դեմ պայքարում: Ռուսաստանում աշխատանք չեն գտնի այն ներգաղթյալները, ովքեր չեն տիրապետի ռուսերենին: Այսպիսի որոշում է ընդունել ՌԴ Պետդուման, որն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրինագիծը: Իսկ Հայաստանում դեռ այլալեզու կրթության դպրոցներն են բացում, այն էլ՝ հայալեզու կրթության հաշվին…

Համաձայն դրա՝ հատկապես  համատիրություններում եւ առեւտրի, սննդի արագ սպասարկման ծառայություններում աշխատողները պետք է փաստացի ապացուցեն, որ խոսում են ռուսերեն: Հակառակ դեպքում նրանք կզրկվեն աշխատանքից: Ըստ նոր օրենքի՝ ներգաղթյալները շտապ պետք է ռուսերենի թեստավորված քննություն հանձնեն, ստանան համապատասխան փաստաթուղթ՝ ՌԴ կրթության եւ գիտության նախարարության կողմից եւ հանգիստ վերադառնան իրենց աշխատանքին: Ի դեպ, ԽՍՀՄ տարիներին ստացած դպրոցական ավարտական վկայականը  նույնպես համարվելու է ռուսերենին տիրապետելու ապացույց: Ռուսաստանում կա 160 կենտրոն, որտեղ ԱՊՀ եւ օտարերկրյա քաղաքացիները կարող են քննություն հանձնել եւ ստանալ համապատասխան հավաստագրեր: Պետդումայի օրինագիծը առավելապես վերաբերում է նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Մինչ Ռուսաստանը պայքարում է ներքին խնդիրները կարգավորելու համար, Վրաստանի նախագահը հայտնել է, թե Վրաստանը այնքան կզարգանա, որ Ռուսաստանը կսարսափի: Միխեիլ Սաակաշվիլին Քութաիսիում տեղի ունեցած Վրաստանի կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել է, որ իր պետությունը առաջիկա 3-5 տարիների ընթացքում «կդառնա տարածաշրջանի Սինգապուրը, նոր Հոնկոնգը, զբոսաշրջության եւ տնտեսության կենտրոնը… եւ դա կընթանա Ռուսաստանի համար ամենասարսափելի սցենարով»: «Դուք տեսա՞ք, թե ինչպես սուլեցին Պուտինին: Դա ավտորիտար Ռուսաստանի վերջի սկիզբն է: Ես համոզված եմ, որ նրա օրերը հաշված են»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ադրբեջանում դեռ հետեւում են ռուսաստանյան դեպքերին, իսկ Հայաստանում անհանգստացած են, քանզի ի վերջո Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ շատ հայկական ներքին ու արտաքին հարցեր շաղկապված են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.