Արմատական հայի սպասումով՝ հանուն մեր արմատների

Միջազգային ասպարեզում պարտությունները միշտ ցավագին են ընկալվում: Եթե նախկինում դրանց արձագանքելը անհետաքրքիր էր, որովհետեւ նման դեպքեր պարբերաբար եւ տարբեր ոլորտներում էին լինում, ապա այժմ, երբ հայկական գործոնը լուրջ զարգացումների փուլ է մտել եւ անգամ ռազմա-քաղաքական հաջողություններ կան, բարձրաձայնելը դառնում է պարտադիր: Քանզի հաջողության հասնելու համար այլեւս գիտակցել է պետք, որ ազգային ու պետական գործերում մանրուքներ չկան:

Այս առումով առավել անմիջական են զգացական դրսեւորումները մշակույթի եւ ավանդույթի ոլորտներում: Օրինակ՝ վերջերս հայկական հարիսան ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես թուրքական ազգային (խմբ.-՞) ուտեստ: ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ պատասխանատուներին չենք հարցնում, թե ի՞նչ է նշանակում «Ազգ», քանի որ այդ կազմակերպության անդամներն իրենց մոլորակի բնակիչներ համարելով՝ պատկերացում չունեն անգամ «Ազգ» բնարմատի մասին, բայց զազրախոսում են ազգային ավանդույթներից, որոնք … 10, 100 եւ ամենաշատը մի 1000 տարվա կյանք ունեն … ու այն «ազգերից» են խոսում, որոնք անգամ 1000 տարվա կյանք չունեն…

Իսկ թե այս դեպքում մի քանի հազար տարվա ուտեստը կամ կացութաձեւային ավանդույթը ինչպես է դառնում այդ մի քանի հարյուր տարեկան «ազգի» սեփականությունը, կրկնենք մեր՝ վերեւում արված դիտարկումը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ պատասխանատուներին չենք հարցնում, թե ի՞նչ է նշանակում «Ազգ»…

Ինչեւէ, նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ, Թուրքիան հասել է այն բանին, որ հարիսան քեշքեք անունով մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ՝ իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ:

Հարիսա նշանակում է հարի՛ սա, այսինքն՝ խառնի՛ր սա-խառնելով եփիր, իսկ թուրքերը դա չեն կարող բացատրել իրենց լեզվով, ուստի ինչ-որ քեշքեք են հորինել: Ցորենի հայերնիքը Հայկական լեռնաշխարհն է, հայերն առաջինն են ցորեն մշակել, ու դրա մշակումից ձավարեղեն ստացել, ձավարն էլ հարելով եփել, շիրա տվել ու հարիսա ստացել: Թե քոչվոր թյուրքերը այդ ինչպես պետք է մշակեին ցորեն, ստանային ձավար եւ այլն… ՅՈւՆԵՍԿՕ-ի մոլորակային մտածողությանը հասու չէ… Իսկ նաեւ այն փաստը, որ այսօր աշխարհում միայն Հայաստանում է պահպանվել վայրի ցորենը… էլի հասու չէ…

Ըստ «Վիքիպեդիա» համաշխարհային էլեկտրոնային գրադարանի, հարիսան հայկական ծիսական կերակուր է, որ հնում պատրաստվել է հարսանիքների, ժողովրդական տոների ժամանակ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նույնպես զարմացել է, որ հարիսան համարել են իբրեւ թուրքական ճաշատեսակ, այն դեպքում, երբ այն բնորոշ է տարածաշրջանի այլ ժողովուրդների նույնպես: Հարիսան մեր մշակույթում, սննդի համակարգում կարեւոր տեղ ունի, բայց դրանով որեւէ մեկի հավակնություններն այդ ուտեստի հանդեպ երբեք հայը չի սահմանափակել, բայց արի ու տես, որ այլեւս սահմանափակել է պետք: Դրա համար ազգային մտածելակերպ պիտի ունենալ ՀՀ կառավարությունում եւ խորհրդարանում, որպեսզի համապատասխան օրենսդրական նորմեր մտցվեն ամենուր, անգամ՝ ազգային ուտեստներն ու ճաշատեսակները գրանցելու վերաբերյալ: Այդ ինչու կարելի է հայկական գամփռ շնատեսակը գրանցել, ուտեստները կամ այլ բաները՝ ոչ:

Մինչ մենք հպարտանում ենք մեր մշակութային հարուստ ժառանգությամբ, պատմությամբ ու ավանդույթներով, Թուրքիան, Ադրբեջանը կամ Վրաստանը իրենցով են անում բուն հայկական տարածքները, տոներն ու ծեսերը, երգերն ու արվեստի այլ գործերը, ազգային ուտեստները…

Հիշեցնենք, որ անգամ Ադրբեջանում են սկսել պետական մակարդակով մարտի 21-ը նշել որպես գարնան տոն եւ ամանոր՝ նոր տարի: Այս թյուրքախառը քոչվորներն էլ, հաստատվելով հայկական տարածքներում, իրենցով են անում նաեւ բուն հայարիական նոր տարին, որը նաեւ Վահագն Աստծո վերածնունդն է խորհրդանշում, ու դա անում են երկրի նախագահի մասնակցությամբ: Այսպիսով՝ ադրբեջանցի հորջորջվողները պաշտոնական Երեւանին ու Էջմիածնին հասկացնում են, որ արիական տոներն ու ծեսերը ադրբեջանական են եւ ընդամենը 1700 տարվա քրիստոնեական Հայաստանն անելիք չունի տարածաշրջանում… Սրանք վաղը Հայ Աստվածներին էլ «տեր կկանգնեն»… Հայկական լեռնաշխարհն էլ թուրքական կկոչեն:

Տխրահռչակ այս ՅՈւՆԵՍԿՕ-ն եւս մեկ ոչ հայանպաստ որոշում է կայացրել: Գոյություն ունի նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մշակութային ժառանգություն»: Այս ցանկում ընդգրկված են անգամ պատմական եւ արժեքավոր 900 վայր: Վերջերս էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամները քննարկել են աշխարհի 35 տեղավայրեր այդ ցանկում ընդգրկելու հարցը:

Այլ ասպարեզներում էլ է հավաքվում մշակութային ժառանգություն: 2011թ. համալրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել եւ ներկայացրել է հայ ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկը՝ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը՝ ներկայացուցչական ցանկում ընդգրկելու համար: Իսկ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ցանկում ընդգրկելու նպատակով ներկայացվել էր աշուղական սիրավեպը եւ Վարդավառի ծեսը:

Վարդավառի ծեսը պահպանվել է, չնայած մի շարք բաներ մոռացության են մատնվել, բայց ծեսը ներկայացվել է տոնն իր ամբողջության մեջ պահպանելու նպատակով:

 ՅՈւՆԵՍԿՕ-ն Վարդավառի ծեսն առայժմ չներառեց անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ցանկում, ինչը նրանց «կողմնորոշման» դեպքում այլեւս զարմանալի չէ: Բայց ասենք նաեւ, որ ՀՀ ներկայացուցիչը՝ մշակույթի նախարարությունից Արեւ Սամուելյանը, իր ելույթի մեծ մասը օգտագործել է ոչ թե Վարդավառի ծեսի կարեւորությունը ներկայացնելով, այլ՝  Բալիի բնակիչներին ողջունելով… Հետաքրքիր է, նա դրա՞ համար էր գործուղվել:

Իսկ գուցե արիա-հեթանոսական ծեսը ոմանց քիմքին հարիր չեղա՞վ, չէ որ հայությունն առ այսօր այն տոնում է որպես Աստղիկ Աստվածուհու տոն, եւ ավանդական ջրոցին էլ հաստատ եկեղեցական ծիսակարգին հարիր չէ…

Ինչեւէ, քանի դեռ Հայաստանն ու հայությունը չեն հասկացել, որ հայն իր արմատներին կառչած պիտի մնա, ոչ մի միջազգային հարթակ հային ու հայկականին հենց այնպես տեղ չի տալու…
Նարե Մշեցյան
 

«Լուսանցք» թիվ 43 (219), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.