Շահերի բախու՞մ, թե՞ փորձարկում

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վարդան Խաչատրյանը խոսելով ռուսաստանյան ընտրությունների արդյունքների մասին՝ նշել է, որ դրանք հետեւանք են լուրջ, կայացած միջին խավի: Բայց մեր մոտ նույնը տեղի կունենա, թե ոչ՝ դժվարացել է ասել, քանի որ մեզ մոտ հանրությունը դեռ «ամորֆ» վիճակում է: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հայտնել է, որ «եթե Ռուսաստանում դասակարգերը կայացել են, մտածել, որ այդ երկրում միջին խավը ձեւավորված է եւ այդ հիմքի վրա է կուսակցությունների պայքարը, այդպես չէ»: Նրա կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համեմատ ժողովրդավարության առումով անգամ մի քայլ առաջ է:  

Ռուսաստանյան ընտրությունները լայն միջազգային արձագանք ունեցան, եւ Մոսկվայում իրավիճակը դեռ լարված է: Ինչպես արաբական հեղափոխությունների դեպքում, Արեւմուտքը փորձեց այս անգամ էլ Ռուսաստանում կիրառել «ֆեյսբուքյան» հեղափոխությունը՝ «Վկոնտակտե» ցանցում եւս արծարծվել էին ընտրական գործընթացները, ընտրակեղծիքներ էին ներկայացվել եւ այլ իրավիճակներ:

Ընդհանրապես համացանցում հանրահավաքների համար տեղեր եւ տեղեկատվություններ էին նշվում, ինչը շատ արագ իրականություն էր դառնում: Անգամ ՌԴ դատախազությունը սկսեց զբաղվել այդ գործերով, քանի որ Կրասնոյարսկում, Բարնաուլում, Չիտայում, Խաբարովսկում, Բլագովեշչենսկում, Ուլան-ուդեում եւ այլուր կազմակերպվող հանրահավաքները մոտեցան նաեւ Մոսկվային:

Ռուսաստանի մայրաքաղաքում վերջին 10 տարիների ամենազանգվածային ցույցը տեղի ունեցավ, որի մասնակիցների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, անցնել է 30 000-ը, չնայած որ մարդկանց այսքան թվաքանակ է թույլատրել Մոսկվայի ղեկավարությունը: Հանրահավաքը վերահսկել է 50 հազար ոստիկան. տեղեկացնում է BBC-ն՝ ստացվում է, որ յուրաքանչյուր ոստիկանին մեկ ու կես ցուցարարի հսկողություն է բաժին հասել:

Զլմ-ները գրում են, որ անգամ ՌԴ Ալթայի մարզում, որը համարվում է ռուսական քաղաքակրթությունից դուրս մի վայր, 1000 հոգի փողոց են դուրս եկել՝ իրենց դժգոհությունը արտահայտելու ՌԴ խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

Վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց նույնպես փորձ եղավ ցույց անցկացնելու՝ «ի պաշտպանություն Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական ձերբակալությունների զոհ քաղաքացիների»: Դա Մարդու իրավունքների պաշտպանության օրն էր, բայց հայ ոստիկանները թույլ չեն տվել ՀՀ 20 քաղաքացիներին մոտենալ ՌԴ դեսպանատանը եւ այնտեղ բողոքի ցույց անցկացնել:

Ցուցարարներին ստիպել են անցնել փողոցը եւ այնտեղից ներկայացնել իրենց պահանջները, բայց նաեւ խոստացել են՝ եթե նամակ կա, այն հանձնել դեսպանատուն: Ցուցարարների մեջ եղել են իրավապաշտպաններ, հրապարակախոսներ, ուսանողներ:

Ռուս իրավապաշտպանները նույնպես բողոքում են, եւ հայտնել են, թե չեն ցանկանում աշխատել նախագահ Մեդվեդեւի հետ, ով չի հարգում մարդու իրավունքները:

Սակայն ինչպես նախագահ Մեդվեդեւը, այնպես էլ վարչապետ Պուտինը հայտարարել են, որ Արեւմուտքին թույլ չեն տա խառնվել երկրի ներքին գործերին, առավել եւս՝ ապակայունացնել իրավիճակը:

Այս պայմաններում նաեւ արմատական ուժերն են աշխուժանում, եւ ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արդեն հայտնել է իր վարչապետ դառնալու ցանկությունը: Ռուս մեծահարուստ Միխայիլ Պրոխորովն էլ ակնարկել է նախագահության թեկնածու առաջադրվելու որոշման մասին: Կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովն էլ անցել է հանրահավաքների կազմակերպմանը եւ փորձում է ընդդիմադիր զանգվածների ներգրավել:

Իսկ Մոսկվայում ընդդիմացողների ցույցերին հակառակ՝ հակացույց է կազմակերպվել: «Եդինայա Ռոսիյա»-ն Մոսկվայի «Մանեժնի» հրապարակում կազմակերպել է մոտ 15 հազարանոց հանրահավաք՝ որպես աջակցության վկայություն վարչապետ Պուտինին եւ նախագահ Մեդվեդեւին: Միջոցառումը կրել է «Փառք Ռուսաստանին» խորագիրը: Հանրահավաքի մասնակիցները պարզել են նաեւ անգլերեն լեզվով պաստառներ հետեւյալ բովանդակությամբ՝ «We PUT IN our Votes!»,-«Մենք քվեարկել ենք եւ հաղթել», որպեսզի Արեւմուտքում կարդան եւ հասկանան:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը արագ արձագանքել է ռուսական կողմի պաշտոնական մեղադրանքներին եւ նշել է, որ ոչ առանց հիմքի է անհանգստանում ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Նա միաժամանակ ժխտել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մեղադրանքը, ով հայտարարել է, որ Վաշինգտոնն իր գործողություններով սադրել է զանգվածային բողոքի ցույցեր, իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը «ազդանշան են տվել» ռուսական ընդդիմությանը:

Պուտինը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շտապել է դումայի ընտրությունների գնահատականների մեջ:

Ինչեւէ, կրքերը գնալով հանդարտվում են, եւ ՌԴ նորընտիր պետդուման շուտով կանցնի աշխատանքի:

Մոսկվայում վերջնականապես հերքել են, թե ընտրություններն անազնիվ են անցել եւ անարդար, իսկ ՌԴ վարչապետը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը ընտրություններին ոչ մի գնահատական չի տալու:

Արման Դավթյան

Սեւամորթը՝ Մոլդովայի նախագա՞հ

Մոլդովայի նախագահի ընտրությունը կկայանա դեկտենբերի 16-ին՝ երկրի խորհրդարանում: Առաջադրվել է 2 թեկնածու՝ օրենսդիր մարմնի նախագահ Մարիան Լուպուն եւ սեւամորթ լրագրավաճառ Ջոն Օնոժեն: Վերջինը Մոլդովայում ապրում է արդեն 11 տարի, ունի քաղաքացիություն եւ Սահմանադրությամբ երկրի նախագահ լինելու իրավունք: Նրա նախընտրական ծրագրի առանցքը՝ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերումն է, եւ Մոլդովան Ռումինիային միացնելու գաղափարը:

Նախագահի սեւամորթ թեկնածուն՝ Սիերա-Լեոնիից, Մոլդովայում եւ հարեւան Ռումինիայում թիվ 1 նորությունն է նաեւ այն պատճառով, որ հայտարարել է. «Ես առաջադրվել եմ որպես ապաքաղաքականացված թեկնածու, քանի որ մեր երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ՝ մաֆիա եւ ծայրահեղ աղքատություն: Ես ուզում եմ, որ մենք վերադառնանք դեպի մեր արմատներ՝ եղբայրական ռումին ժողովրդի ու Ռումինիայի կազմ (ընդգծումը՝ Վ.Ն.-ի)»… Աֆրիկացի փախստականը Միխայ Գիմպուի՝ Լիբերալ կուսակցության համակիրն է:

Եթե օտարների ելումուտն ու հավեսը Հայաստանում էլ բացվի (իսկ թե ինչքան օրինական կամ ապօրինի, տարբեր գույների ու ռանգի երեխաներ են ծնվել ՀՀ-ում՝ դեռ հայտնի չէ), ապա մենք էլ հնարավոր է մի օր կանգնենք այսօրինակ փաստի, գուցե՝ «փոստի» առաջ…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.