Կեղծ ժպիտներին խաբվել պետք չէ՛

 

Չնայած վրացական խոստումներին, Ջավախքի շարունակական հայաթափումը կանգ չի առնում, քանի որ այդ հայկական եւ հայաբնակ երկրամասի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ ազգային խնդիրները լուծումներ չեն ստանում: Սա «սպիտակ ցեղասպանության» նման մի բան է, որի դեմը չառնելու դեպքում՝ հետեւանքները ծանր են լինելու հայության համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցից հետո ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշել էր, որ «Հայ-վրացական հարաբերությունները պարտավոր են լինել բարեկամական, բայց պետք է հասկանանք, որ առանց Վրաստանի հայության ու հատկապես ջավախքահայության խնդիրների լուծման, դա հնարավոր չէ»: Հայ-վրացական հարաբերությունները պիտի կառուցվեն առանց որեւէ նախապայմանի:

Լինելով ջավախքահայ, պատգամավորը խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին, անհրաժեշտ է համարել ջավախքահայ պատգամավորների թվի ավելացումը ՀՀ ԱԺ-ում: Իրականում քանակը կապ չունի, բայց կարեւոր է, որ խորհրդարան գան այնպիսի մարդիկ, ովքեր անշահախնդիր բարձրաձայնեն Ջավախքի խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ ժամանակին այդօրինակ քայլ արվեց Արցախի ու արցախահայության օգտին, եւ անգան ԽՍՀՄ տարիներին անկախության գնացող Արցախը պատգամավորներ ուներ ՀՀ Գերագույն Խորհրդում:

«Ջավախքը ջավախահայությանը չէ, այլ ամբողջ հայությանը, սխալ է կարծիքը, որ մենք չպետք է պայքարենք նրա շահերի համար: Դա նույնն է, որ ասենք՝ Արցախը արցախցիներինն է ու վերջ: Ջավախքը ազգային, համահայկական խնդիր է, մինչդեռ ականատեսն ենք Ջավախքի շարունակական հայաթափման, ինչը հեռանկարում ուղղակի ողբերգական է լինելու մեզ համար»,- նշել է Շ. Թորոսյանը:

Իսկ վիրահայերը ամեն դեպքում ինչ-որ առաջընթաց նկատում են ՀՀ նախագահի՝ Վրաստան յուրաքանչյուր այցից հետո: Ջավախքի հայությունից զատ, տասնյակ հազարավոր հայեր են բնակվում այլ տարածքներում, միայն Թբիլիսիում շուրջ 80 հազար ազգությամբ հայ է ապրում: Եվ սա պետք է հաշվի առնեն Հայաստանի ու Վրաստանի իշխանությունները, այլապես պետք է հայությանը համախմբել եւ նրանք հենց տեղերում կպահանջեն իրենց իրավունքների ճանաչումը:…

Հատկապես այժմ, երբ Վրաստանին անգամ Արեւմուտքն է պարտադրում պատշաճ եւ կայուն հարաբերություններ պահպանել հայաստանի հետ, պետք է լրջորեն եւ հիմնավորապես արծարծել վիրահայերի եւ ջավախքահայերի խնդիրները:

Սակայն անգամ այս հարաբերական նորմալ իրավիճակում Վրաստանի հատուկ ուժերը հայատյաց գործունեություն են ծավալում, գրում է «Առավոտ»-ը (aravot. am): Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը լրատվամիջոցին ասել է. «Վրաստանում կան հատուկ ուժեր, որոնք վրացական իշխանություններին լարում են հայկական իշխանությունների դեմ: Այդ լարող տարրերը կան ինչպես վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների, այնպես էլ մտավորականների մեջ: Նրանք շատ վատ առաքելություն են իրականացնում, նրանք հայության նկատմամբ ատելությամբ են տրամադրված ու հայատյաց գործունեություն են ծավալում»:

Ահա թե ինչու, եւս մեկ անգամ պետք է կարեւորենք՝ այսօր, հենց հիմա հայության կարգավիճակի եւ իրավունքների պաշտպանությունն ու ճանաչումը վրացական ազգայնամոլական իշխանությունների կողմից (այդ թվում՝ ազգային գործիչ վահագն Չախալյանի ազատման հարցը):

Կեղծ ժպիտն  ու ամպագոռգոռ հարաբերությունների խաղարկումը չպետք է հանգստացնի ոչ հայությանը, ոչ էլ առավել եւս ՀՀ իշխանություններին:  

Վահագն Նանյան
Լռությունն էլ լուծում չէ՛
 

Թուրքիայում շարունակվում է երկրի գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին հայ անվանած գրող Սուլեյման Յեշիլյուրթի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Յեշիլյուրթը հեղինակել էր «Դերսիմցի հայուհի Յեմուշի տղա, ինժեներ Քեմալ» վերտառությամբ գիրքը, որտեղ ներկայացնում էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագումը:

Թուրքական «Զաման» օրաթերթը հայտնում է, որ Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել հերթական դատալսումը, որի ժամանակ Յեշիլյուրթը առարկել է իր դեմ ներկայացված մեղադրանքը, թե իբր անձնական վիրավորանք է հասցրել Քըլըչդարօղլուին: «Ես այս գրքում վիրավորական ոչինչ չեմ տեսնում,- ասել է Յեշիլյուրթը,- Քեմալ Քըլըչդարօղլուն օրեր առաջ թուրք դատավորներին ու դատախազներին այնպիսի ծանր խոսքեր ասաց, որ ասելու չի:

Մինչդեռ իմ օգտագործած «ինժեներ» բառը Թուրքիայում բրենդային համարվող արտահայտություններից մեկն է ընդամենը, որը այս գրքից հետո կիրառում են նաեւ քաղաքական գործիչները»:

Մեղադրող կողմը դատարանից պահանջում է ազատազրկել Սուլեյման Յեշիլյուրթին: Պե
տական պաշտոնյայի ինքնությունը վիրավորելու մեջ մեղադրվող Յեշիլյուրթը, եթե մեղավոր ճանաչվի, ապա նրան կսպառնա 1 տարի 2 ամսից մինչեւ 2 տարի 4 ամսվա բանտարկություն:

Թուրքիայում քաղաքական գործչին հայ անվանելու գործով այս դատը շարունակվում է:
Նարե Մշեցյան
 

«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.