Անկախ Արցախի տոները՝ նաեւ Ֆրանսիայում

Արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման փաստով արձանագրվեց մեր տարածաշրջանում hայկական 2-րդ պետության կայացումը: Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.«Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի կյանքում հիշարժան օր է, որը նշանավորվում է միանգամից երկու պատմական իրադարձություններով: 1991թ. այդ օրը արցախցիները մեկ մարդու պես գնացին համաժողովրդական հանրաքվեի՝ իրենց ձայնը տալով հօգուտ ազատ ու անկախ պետության, եւ ձեռնամուխ եղան դրա կերտման չափազանց բարդ ու դժվարին գործին: Անցած 20 տարիները եկան ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր ու արդարացի: Դեկտեմբերի 10-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրն է, որն արդեն 5 տարեկան է: Այն դարձավ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի հետագա զարգացման ու առաջընթացի հիմնական ուղենիշը»:

Արցախի անկախության հանրաքվեի 20-ամյակը նշել են Ֆրանսիայի ԱԺ-ում՝ տեղի է ունեցել ԼՂ-ի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Հիշեցնենք, որ մինչ այս, Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներ եղել են նաեւ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում:  

Անի Մարության

Բազմաբեւեռությունը՝ արտաքին հաջողությունների գրավական

Կովկասյան տարածաշրջանի խնդիրները շաղկապված են ոչ միայն գերտերությունների, այլեւ հարեւան Մերձավոր Արեւելքի երկրների շահերին, եւ միշտ խաչվում են Եվրոպա-Ասիա, նաեւ այդտեղ հատվող Եվրոպա-Աֆրիկա ու Ասիա-Աֆրիկա ճամփաբաժաններում:

Իսկ վերջին ամիսների Վրաստան-Հայաստան մերձեցումները մի նոր որակ են հաղորդել տարածաշրջանին, ինչն առավել ակնառու է երեւակվում հատկապես թուրք-ադրբեջանական նկրտումների համապատկերում: Եվրոպական «սանձերը» Թբիլիսիին «քշեցին» դեպի Երեւան, եւ սա ինչքան անցանկալի էր Անկարայի ու Բաքվի համար, այդքան էլ ցանկալի եղավ Արեւմուտքի եւ Հայաստանի, անգամ՝ որոշակիորեն Ռուսաստանի համար:

Հայ-վրացական բարձրաստիճան եւ այլ կարգի այցերն ու հանդիպումները պարզապես զայրացրել են թուրք-ադրբեջանական դաշինքին: Բայց Վրաստանն այլ ելք չունի, նաեւ թուրք-ադրբեջանական եղբայրներին ասելիք էլ չունի, քանզի պետք է կատարի Արեւմուտքի պայմանները. Հայաստանը, բացի Իրանից, պետք է արտաքին աշխարհի հետ կայուն ելումուտ ունենա: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները փակ են, իսկ Վրաստանը ժամանակին հաստատուն չէր ապահովում այդ արտաքին կապը՝ սիրաշահելով Թուրքիային ու Ադրբեջանին: Սակայն, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է ակամա շրջափակման օղակի մեջ գցել Հայաստանին, ինչն Արեւմուտքի ծրագրերում գոնե առայժմ չի նախատեսվում:

Ոչ մտերիմ հարեւաններ (Ադրբեջանի հետ վրացական կողմը եղբայրություն է անում) Վրաստանի ու Հայաստանի նախագահների փոխադարձ այցերից հետո վրաց նախագահը չի այցելի Բաքու: Այդ այցը հետաձգվել է եւ կկայանա 2012թ., իսկ պատճառների մասին մանրամասներ չեն նշվում:

Լիբանանի նախագահի այցը Հայաստան եւս անցանկալի էր թուրք-ադրբեջանական դաշինքին, որն ամեն կերպ սիրաշահելով արաբական եւ իսլամական աշխարհներին, անգամ ստորանալով արեւմտյան պարտադրողականության առաջ, փորձում է մեկուսացման տանել Հայաստանին: Ինչը սակայն վերջնականապես դեռ չի հաջողվում: Ավելին, արաբական եւ իսլամական աշխարհների հետ Հայաստանն իր հարցերը կարգավորում է հենց Լիբանանի, ինչպեսեւ՝ Սիրիայի ու Իրանի հավասարակշռված քաղաքականության շնորհիվ:

Եվ չնայած Թուրքիան ամեն ճիգ գործադրում է, որ արաբական ու իսլամական երկրներին ցույց տա իր՝ իբր հակաիսրայելական եւ հակաարեւմտյան դեմքը, բայց դեռ չի հաջողում: Ավելին, գործընկեր Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմա-քաղաքական համագործակցություն է սկսել եւ փորձում է կարգավորել հարցերն Արեւմուտքի հետ:

Սա նկատում են եւ՛ արաբական եւ՛ իսլամական աշխարհներում: Ավելին՝ Իրանը ադրբեջանական որոշ գործողություններ անջատողական եւ թշնամական է որակում: Վերջերս էլ մեծ աղմուկ եղավ Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցի գտնվելու առումով: Անգամ նշվեց, թե «Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցի անդամները գործում են Ադրբեջանի ուժային կառույցների համաձայնությամբ»: Ժամանակին նույնիսկ Թուրքիան էր մեղադրում Ադրբեջանին՝ քրդական զինյալներին տեղ տալու եւ սատարելու համար: Իսկ ադրբեջանցի փորձագետ Աքեֆ Համիդովն ասել է, որ «Մոնաֆեղին» խմբավորման անդամները, տարբեր միջոցներով շահագրգռելով Բաքվում բնակվող իրանցիներին, փորձում են վերջիններիս միջոցով հետախուզական տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ: Խմբավորման հետաքրքրության ոլորտում է գտնվում Իրանի Ուրմիա, Արդեբիլ եւ Թավրիզ քաղաքներում գործող գիտնական
ների վերաբերյալ տեղեկություններ հավաքելը, որոնք ամենայն հավանականությամբ կգործածվեն ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Փորձագետը նշել է, որ ԻԻՀ ՊՆ Ահմադ Վահիդին վերջերս Բաքու այցի ընթացքում վերոնշյալ ահաբեկչական խմբավորման ձեռնարկած գործունեության մասով խիստ նախազգուշացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին:

Եթե ադրբեջանա-իրանական հակամարտությանը

գումարենք թուրք-սիրիական հակասությունները, նաեւ՝ ռուս-վրացականը, ապա կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանների հակամարտությունները կարող են նաեւ ի նպաստ հայկական շահերի ազդեցություններ ունենալ:

ՌԴ եւ ԱՄՆ շահախնդրություններից բացի կա նաեւ ընդգծված եվրոպականը, եւ սրանք նույնպես ասպարեզներ են, որտեղ հայկական քաղաքականությունը վերջին տարիներին առաջընթաց է ունեցել:

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան միշտ պայքարել են եվրոպական բեւեռին տիրելու համար: Եթե հաճախ Գերմանիայի ու Ֆրանսիայի շահերը համընկել են, ապա Մեծ Բրիտանիան միշտ մնացել է Եվրոպայում ԱՄՆ-ի խոսափողը եւ հակառակ բեւեռ է ձեւավորել:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի վերջին հանդիպումն էլ անարդյունք է եղել: Փորձը՝ ընդհանուր հայտարարի գալ ԵՄ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու շուրջ, որոնք ենթադրում են խիստ վերահսկողություն սահմանել անդամ երկրների բյուջեների ծրագրման ու կատարման նկատմամբ, հակառակ դեպքում պատժամիջոցներ սահմանել օրինախախտ երկրների հանդեպ, չի հաջողվել:

Նախապես հաղորդվել էր, թե նոր համաձայնագրին պետք է միանան եվրագոտու բոլոր երկրները, ինչպես նաեւ, ԵՄ այն երկրները, որոնք համապատասխան ցանկություն կհայտնեն: Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է իր երկրի համար ԵՄ լիիրավ անդամ մնալու անհրաժեշտությունը, չնայած այն հանգամանքին, որը ինքը Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ վետո էր կիրառել ԵՄ պայմանագրում բարեփոխումներ կատարելու նախաձեռնության վրա: Եվրոպական մամուլը  քննարկում է Բրյուսել-Լոնդոն հարաբերություններում արձանագրված վերջին զարգացումները՝ նշելով, թե Բրիտանիան (Անգլիան) հետզհետե հեռանում է ԵՄ-ից միության համար օրհասական պարտքային ճգնաժամի պարագայում, ինչն ընդհանրապես կարող է հարցականի տակ դնել թագավորության հետագա անդամակցումը եվրոպական այս կառույցին:

Սակայն նման հարց առաջանալու դեպքում ԱՄՆ-ն հաստատ կմիջամտի: Հիշեցնենք, երբ Ֆրանսիան ու Գերմանիան, թերեւս նաեւ Իտալիան (առավել համերաշխ եռյակը), երբ փորձում են կարգավորել հարցերը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հովանավորությամբ մի ճակատային գիծ է մոգոնում Եվրոպայում եւ Եվրոպա-Ռուսաստան համագործակցությունը վտանգվում է, անգամ բարդանում, որպեսզի ԱՄՆ-ի կարիքն զգացվի……

Այսպես, վերջին անգամ դա եղավ Հարավսլավիայի մասնատման ժամանակ, երբ Եվրոպան ու Ռուսաստանը գրեթե համաձայնության էին գալիս խաղաղ ճանապարհով հասնել մասնատմանը, բայց «վրա հասան» անգլո-ամերիկյան ռմբահարումները, եւ Սերբիային պաշտպանող Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերը բախվեցին հերթական անգամ:

Այս գործելաոճը Հայաստանում եւս ու անպայման պետք է հաշվի առնեն:

ՀՀ նախագահի այցերը եվրոպական ուղղությամբ պետք է որ նպատակային ու նպաստավոր լինեն: Հատկապես կարեւոր են վերջին այցերը Ֆրանսիա եւ Իտալիա: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաեւ Վատիկան, որի արդյունքները կարող են երեւալ միջկրոնական հնարավոր բախումների ժամանակ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից հետո, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի եւ Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ հանդիպումները պետք է դիտարկել հենց այս համապատկերում:

Այս հանդիպումները, նաեւ ջերմացումները ամերիկյան կողմի հետ, կարող են նպաստավոր լինել Սերժ Սարգսյանի ոչ միայն արտաքին քաղաքականությունում՝ որպես ՀՀ նախագահ, այլեւ ներքին քաղաքականությունում՝ նաեւ նախագահական գալիք ընտրությունների ժամանակ:
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 44 (220), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.