«Ռազմական ոստիկանության իմ աղբյուրները փոխանցում են, որ Ձեզ ճանաչողները վստահ են, որ Դուք կհաջողեք Կոմայգին վերադարձնել երեւանցիներին: Կհաջողե՞ք արդյոք, ե՞րբ կսկսեք». «Լուսանցք»-ի այս ահազանգին ի պատասխան երկրի գլխավոր ոստիկանապետը ընդգծեց. «Անկեղծ ասած՝ Կոմայգու խնդրին դեռ չեմ հասել: Բայց եթե ասում եք՝ անպայման ուշադրություն կդարձնեմ»:
Գործընկերներս նույնիսկ կատակեցին. «Եթե այդ խնդիրը լուծեք, պարոն Գասպարյան, կմնաք պատմության մեջ»:
Անհաջող կատակ՝ անհամություն արեց իմ մեկ այլ գործընկեր, ով նկատեց. «Բայց ինչպե՞ս եք նրանց հանելու այդ այգուց, դա մարդու իրավունքների խախտում է»:
Նկատե՞լ եք, երբ մեր հանրությունում ասում են մարդու իրավունքներ, չգիտես ինչու միշտ փորձում են պաշտպանել հոգեխեղվածներին, սեռախեղվածներին, աղանդավորներին, հանցագործներին: Նորմալ մարդու մասին մտածող չկա:
Դրա համար էլ ոստիկանապետին ասում եմ՝ ես, որպես նորմալ մարդ, Ձեզանից՝ որպես երկրի գլխավոր ոստիկանապետի, խնդրում եմ պաշտպանել իմ՝ նորմալ մարդուս իրավունքները:
Ոստիկանապետը խոստացավ. «Խնդիրը վեր հանեք, հնչեցրեք, ես կլինեմ Ձեր կողքին»:
Խնդիրը կրկին ու ավելի «շոշափելի» վեր հանելու համար էլ այս երեկոյան, երբ թերթն արդեն կուղարկեմ տպարան, կգնամ Կոմայգի:
Շարունակությունը, ինչպես ասացի, առաջիկայում:
Արմենուհի Մելքոնյան
«Ես «Կարտոլին» չեմ ծեծել»
Մամուլում երկու օր առաջ հրապարակվել էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորին՝ «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին:
Եվ դա արել է այն բանից հետո, երբ ենթակաները ոստիկանապետին ասել են, որ «Կարտոլը» հայհոյել է իրեն:
Ճի՞շտ են արդյոք այս լուրերը: «Կարտոլի՞ն: Ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Անհեթեթություն է: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ կարտոլը՝ բանջարաբոստանային կուլտուրա, ինչպես կարող եմ ծեծել:
Ընդհանրապես, ես իմ տեսակով այդպիսի բան չեմ անում, համենայնդեպս՝ վերջին 15 տարում»,-ասաց ոստիկանապետ Վ. Գասպարյանը:
Որ չասեն միլիցա-պեպելնիցա
Ոստիկանի պատիվը վերադաձնելը Վլադիմիր Գասպարյանին մտահոգող առաջնային խնդիրն է: Երեկ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց նա:
«Ասում են՝ ոստիկանապետն ասել է՝ միլիցա-պեպելնիցա… Գիտե՞ք ինչքան եմ խոսել, ասում եմ՝ տղերք, կորցրել ենք մեր պատիվը, հեղինակությունը, երեխեքն էլ են ծաղրում, ոստիկանությունը վերածել ենք, կրկնում եմ, զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, քյոխվաների ապարատի: Այդպես չի կարելի, մեր երեխաների մասին մտածեք, մեր երեխաներին ծաղրում են՝ ասում են գործ չունեք, միլիցու երեխեք են, վատություն կանեն: Սթափվելու ժամանակն է: Ոստիկանությունը պետք է վերադարձնել ոստիկաններին: Ոստիկանությունում պետք է ոստիկաններ լինեն: Իսկ ոստիկանը տեսակ է, մարդը ոստիկան չի աշխատում, մարդը լինում է ոստիկան, ում մեջ զարգացած է արդարության գիտակցումը, արդարությունը վերականգնելու գիտակցումը»,-մտահոգությունները լրագրողներին փոխանցեց բանախոսը եւ միաժամանակ հավելեց. «Ես հասնելու եմ այդ ամենին ու դա անելու եմ կադրային կտրուկ ու խիստ փոփոխություններով»:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.



